Վերջին մի քանի օրերին տեղի ունեցած արտաքին-քաղաքական երկու տարամետ իրադարձությունները՝ Բայդենի վարչակարգի հեռանալուց առաջ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական փաստաթղթի ստորագրումը, ապա Մոսկվայում դրան հաջորդած բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ, կարող են տարբեր չափով իրենց կնիքը դնել մեր երկրի կյանքի հետագա ընթացքի վրա:
Դրա հետ կապված հարցերին տարբեր հրապարակումներով անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները: Ստորեւ՝ երկու հրապարակման մասին հունվարի 21-ի լրահոսից:
Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը ԱՄՆ-ի նոր նախագահից
Այս հարցին իր հրապարակման մեջ փորձել է կարճ պատասխանել «Տովարիշչ գեներալ» («Товарищ генерал ») տելեգրամյան ալիքը: Նախ, նշում է հոդվածի հեղինակը, քաջ հայտնի է, որ Թրամփը վիրավորվող է եւ հիշաչար: Չնայած նրա պաշտոնակալման արարողությունից լուսանկարում այդ հանդիսությանն ի պաշտոնե մասնակցող դեսպան Լիլիթ Մակունցի երջանիկ ժպիտին, Նիկոլ Փաշինյանը թրամփիստների «սեւ ցուցակում» է՝ որպես Բայդենի վարչակազմի համար ջանասիրաբար աշխատած կերպար:
Միայն Աստված գիտե եւ Փաշինյանը, թե ինչո՞ւ պահանջվեց Բայդենի կառավարման ամենավերջին պահին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը: Թրամփի թիմը Հայաստանի վարչապետին… լուրջ չի վերաբերվի, կարծում է հոդվածագիրը:
Երկրորդը, որ նշվում է, այն է, թե Հայաստանն ակնհայտորեն Թրամփի ուշադրության կենտրոնում չէ: Այն կարող է այդտեղ հայտնվել միայն ադրբեջանական լայնածավալ ներխուժման դեպքում: Ինչը Միացյալ Նահանգների աչքում ամենեւին էլ ճակատագրական իրադարձություն չէ, քանի որ կարող է արագ փոխարկվել հենց այն հաղթական խաղաղության, որը Թրամփին այնքան անհրաժեշտ է մոլորակի բոլոր անկյուններում:
Երրորդ, կա Իրանի խնդիրը: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Ուոլցը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ որոշումները կկայացվեն հաջորդ ամսվա ընթացքում: Ընդսմին Ուոլցը նշել է, թե Իրանը թուլացած եւ «անբարենպաստ վիճակում է» Նեթանյահուի վարչակազմի շնորհիվ, որը չվախեցավ ոչնչացնել «Հըզբոլլահի» ղեկավարներին: Կարծիք է հայտնվում որոշակի սցենարների դեպքում Իրանի դեմ ամերիկյան հարձակման համար՝ անգամ Հայաստանի տարածքի օգտագործման մասին, ինչի հնարավորությունը, մեր կողմից նկատենք, անկասկած պետք է ամեն կերպ կարողանալ բացառել…
Չորրորդ, Հայաստանն ակնհայտորեն «հավակնում է» դառնալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կամ Ռուսաստանի միջեւ գլոբալ սակարկության առարկա: «Ու քանի որ Հայաստանի արտաքին-քաղաքական սուբյեկտայնությունը զրոյական է, ուրեմն այս «բացատում» մնում է միայն սպասել, թե առանց մեզ (Ռուսաստանի- Գ.Մ.) ինչի՞ շուրջ կպայմանավորվեն»:
Վերջապես հինգերորդը, ըստ հրապարակման, Հայաստանն ամենայն հավանականությամբ կենթարկվի Եվրոմիության կողմից ամենաարագ եւ կոշտ քաղաքական յուրացման, քանի որ այն ԵՄ ներկայիս սակավաթիվ «կամավոր գաղութային ակտիվներից մեկն է»: Եվ այն, ըստ այդմ, կարելի է փոխանակել արժեքավոր ինչ-որ բանի հետ: Այդ պատճառով էլ, ասվում է թե, կլինեն ե՛ւ եվրոպական հանրաքվե, ե՛ւ ԵՄ առաքելության երկարաձգում, ե՛ւ «Զանգեզուրի միջանցքը» ԵՄ-ի հետ կապված ուժերի վերահսկողության ներքո դնելու փորձեր:
Ահա այսպիսի անուրախ կանխատեսումներ, որոնք հնարավոր խելամիտ հակազդման լրջագույն ջանքեր կպահանջեն Հայաստանը կառավարողներից…
Մոսկվան կփորձի տանուլ տվածը ետ բերել
2025 թվականի սկզբից Երեւանի կատարած երկու քայլերը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին կառավարության հավանություն տալը եւ ԱՄՆ-ի հետ հիշյալ փաստաթղթի ստորագրումը, Մոսկվան ակնհայտորեն ընդունել է որպես մարտահրավեր: Սակայն, ինչպես կարծում է ռուս քաղաքագետ, հետխորհրդային տարածքի մասնագետ Կիրիլ Կրիվոշեեւը, դա թեկուզ Ռուսաստանից մի կողմ կանգնելու եւս մեկ քայլ է, բայց բոլորովին ոչ այնքան դրամատիկ, որքան շատերը կարծում են: Հենց այդ պատճառով էլ Կրեմլում կարգին չգիտեն՝ ինչպես դրան արձագանքել:
Փոխվել է ամեն ինչ եւ ոչինչ չի փոխվել. այս դրույթով է իր վերլուծականը «ՌԹՎԻ» («RTVI») լրատվամիջոցի կայքում սկսում քաղաքագետը: Ռուսաստանից Հայաստանի հեռանավելու թեման այնքան երկար է եղել հանրային տարածքում, որ դրա մասին լուրերն այլեւս չեն ընկալվում նույն ինտենսիվությամբ, նկատում է նա: Եվ դա՝ ոչ միայն ամեն ինչին ընտելանալու մարդու ունակության պատճառով: Պարզապես դրամատիկ վերնագրերի եւ ամենատարբեր փորձագետների զայրույթի ետեւում թաքնված է շատ ավելի պակաս դինամիկ փոխվող մի իրականություն: Հայաստանն արդեն հասցրել է վավերացնել Հռոմի ստատուտը, հայտարարել ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին, քննադատել Ռուսաստանին որպես դաշնակցի, սկսել է ակտիվորեն զենք գնել Ֆրանսիայից եւ Հնդկաստանից, Եվրոմիության դիտորդներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին: Նա քաղաքավարությամբ խնդրեց ռուս սահմանապահներին ամռանը հեռանալ՝ Երեւանի օդանավակայանից, իսկ այժմ Իրանի հետ սահմանի Ագարակի անցակետից: Եվ այլն, եւ այլն: Բայց մյուս կողմից՝ արդյո՞ք այս ընթացքում այդքան փոխվել է այն, ինչն ունի իրական, այլ ոչ թե խորհրդանշական նշանակություն Մոսկվայի ու Երեւանի հարաբերությունների համար:
Եվ Կրիվոշեեւը թվարկում է: Հայաստան առաջվա պես դեռ կարելի է թռչել (ՌԴ) ներքին անձնագրով եւ գումար հանել «Միր» քարտից: Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զանգահարում են միմյանց ու նաեւ հանդիպում: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը աննախադեպ բարձունքներ է նվաճում: 2024 թվականին դեռ ճշգրիտ չի հաշվարկվել, հնարավոր է հասնի 12-14 միլիարդ դոլարի, երբ 2019 թվականին եղել է ընդամենը 2,5 միլիարդ:
«Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը ներկայումս օրակարգում չէ»,- պարբերաբար հանգստացնում են հայ պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին: Ու առավել եւս՝ Հայաստանը չի նախատեսում դուրս գալ իր համար այնպիսի հարմար ու շահավետ կառույցից, ինչպիսին Եվրասիական տնտեսական միությունն է:
Այս ամենը, նկատում է սյունակագիրը, սոսկ իներցիա չէ: Հայաստանը, ըստ նրա, այն ամենը, ինչ իրեն տալիս է Ռուսաստանը, շատ հստակ եւ գիտակցաբար բաժանել է լավի ու վատի եւ որոշել է օգտվել միայն դրականից: Մոսկվայի հետ նման փոխշահավետ հարաբերություններ ունենալն ու միևնույն ժամանակ Արևմուտքի հետ այդքան դինամիկ հարաբերություններ զարգացնելը հայ պաշտոնյաների երազանքն է, որը նախկինում անհասանելի էր համարվում: Իսկ Մոսկվայի գործելակերպը չի փոխվել, նա «գռմռում է», բայց չի «կծում»: Պատճառը ե՛ւ Մոսկվայի հատուկ վիճակն է, երբ գործընկերներին քոռուփուչ չեն անում, ե՛ւ ճնշման հիմնական լծակի՝ Ղարաբաղի կորուստն է, ե՛ւ հատկապես բարդ ու դանդաղ «սալյամի մարտավարությունը» (երբ մեծ նպատակը փոխարինվում է նպատակների հաջորդականությամբ): Բայց հասկականալի է, ինչը հիմա չի արվում, դա դեռ չի նշանակում, թե չի լինելու հետագայում: Հենց որ հնարավորություն ներկայանա, ասվում է հոդվածում, Մոսկվան իհարկե, կփորձի տանուլ տվածը ետ բերել, բայց ոչ թե «վատ վարքի համար ԵԱՏՄ-ից վտարելով», ինչն ակնարկում են հիմա, այլ ավելի նուրբ մեթոդներով: Օրինակ՝ առջեւում Փաշինյանի իշխանության համար կարեւոր 2026-ի խորհրդարանական ընտրություններն են…
Իսկ այն հարցում, թե Արեւմուտքն էական ի՞նչ կարող է տալ Հայաստանին, որն անշուշտ, առանձին խնդիր է, հասկանալի է՝ ռուս վերլուծաբանը բնավ լավատես չէ:
Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ