Մեկ շաբաթ առաջ, երբ Ադրբեջանն ամեն օր իրար ետից կեղծ տեղեկություններ էր հաղորդում՝ իբր հայկական զինուժը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, ռուսական շատ լրատվամիջոցներ հենց այդ վերնագրով հրապարակումներ էին անում, փաստորեն տարածելով, տիրաժավորելով տվյալ ապատեղեկատվությունը: Նման դրսեւորումները, որոնք ընդհանուր առմամբ, ցավոք, նորություն չեն մեզ համար, կարծում ենք՝ հիմնականում պայմանավորված են երկու հանգամանքով: Մեկը՝ այդ երկրի նկատմամբ Ռուսաստան պետության վարած քաղաքականության ուղղվածությամբ, մյուսը՝ Ալիեւի վարչակարգի չդադարող ակտիվ աշխատանքով այդ ԶԼՄ-ների հետ, դրա համար նաեւ գումարներ չխնայելով:
Իսկ թե պաշտոնական Բաքվի ու նաեւ ՌԴ տարածքում գտվող ադրբեջանցիների խմբերի կողմից բուն Ռուսաստանի նկատմամբ ինչպիսի վերաբերմունքի դրսեւորումներ են լինում, մանավանդ այս վերջինների առումով շատ բան կարելի է պատմել:
Ռուսաստանյան երեւի ոչ առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ինտերեսնայա Ռոսիա» ցանցային հրատարակությունը, ամսույս 13-ին հանդես է եկել «Ալիեւը մարտահրավեր է նետում Մոսկվային. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը» ինտրիգային վերնագրով մի հրապարակմամբ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ է արել, որոնք սուր արձագանք են հարուցել Ռուսաստանում,- կարդում ենք հոդվածի սկզբում:- Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասին նրա խոսքերը, որոնք հնչել են Բաքվում՝ միջազգային համաժողովում, կասկածի են ենթարկում Մոսկվայի եւ Բաքվի դաշնակցային հարաբերությունները, որոնք ամրագրված են Դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում»:
Ըստ հրապարակման, ելույթ ունենալով համալսարաններից մեկում՝ Ալիեւը հայտարարել է, թե չի հավատում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը: «Մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք եւ կշարունակենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», – ընդգծել է նա՝ Ուկրաինայում իրավիճակը համեմատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում տուժել է «օկուպացիայից», ինչը Բաքվին իբր բարոյական իրավունք է տալիս աջակցելու Կիեւին:
Այս խոսքերը, հոդվածագրի պնդմամբ, տարակուսանք են առաջացրել Մոսկվայում: Ռուսաստանը, ինչպես նշվում է, չեզոք դիրք էր գրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. չէր ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 2020 թվականին Հայաստանի կողմից չէր մասնակցել ռազմական գործողություններին եւ հանդես էր եկել որպես միջնորդ եռակողմ համաձայնագրի ստորագրման հարցում, որը ներառում էր կետ Սյունիքով
( ՞- Գ. Մ.) տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին եւ այլն:
Ալիեւն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով. «Ես տեսանելի ապագայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հեռանկար չեմ տեսնում: Ռուսաստանը բռնազավթված տարածքները հայտարարել է Ռուսաստանի մաս: Ուկրաինան եւ ամբողջ աշխարհն այդ տարածքները համարում են Ուկրաինայի մաս: Ադրբեջանը նույնպես դրանք համարում է Ուկրաինայի մաս»: Նա ավելացրել է, թե պատերազմներն ավարտվում են միայն «կապիտուլյացիայի ակտով»՝ օրինակ բերելով 1995 թվականի «Օլույա» (երեւի՝ «Փոթորիկ» – Գ. Մ.) օպերացիան, որի ընթացքում Խորվաթիան ՆԱՏՕ-ի աջակցությամբ լիկվիդացրել է Սերբական Կրաինայի Հանրապետությունը՝ արտաքսելով մոտ 250,000 սերբերի: Նման զուգահեռները Մոսկվայում գնահատել են իբրեւ Ղրիմի եւ Դոնբասի ռուսական տարածքների համար ցանկալի սցենարի ակնարկ:
«Եթե Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է մեր հակառակորդին՝ անտեսելով ստորագրված պայմանագրերը, դա հիմք է համագործակցության մոտեցումները վերանայելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա կարծիքով՝ Բաքվի նման հռետորաբանությունը կարող է թելադրված լինել Արեւմուտքի կամ Թուրքիայի աջակցությունն ապահովելու փորձով, սակայն նման քայլերը հղի են լուրջ հետեւանքներով:
Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ հարցի տնտեսական կողմին, միգրանտների եւ բիզնեսի հետ կապված հնարավոր քայլերին: Նրա հավաստմամբ՝ Ռուսաստանում դիվանագիտական սկանդալի ֆոնին գնալով հաճախ են հնչում հարցեր, թե որքանով է նպատակահարմար Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ներկայիս միգրացիոն քաղաքականությունը: ՌԴ ՆԳՆ 2025 թվականի սկզբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է Ադրբեջանի 331 727 քաղաքացի՝ չհաշված Ռուսաստանի քաղաքացիություն ստացած տասնյակ հազարավորները եւ անլեգալ միգրանտները: Միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի վկայակոչվող տվյալների, Ռուսաստանից այնտեղ փոխանցվել է 410 մլն դոլար: Մեկ տարվա ընթացքում այս գումարը կարող է գերազանցել կես միլիարդը:
Ադրբեջանական սփյուռքի զգալի ազդեցությունը, ինչպես նշվում է, առկա է նաեւ բիզնեսում: Մոսկվայի խոշորագույն առեւտրի կենտրոնները՝ «Մոսկվա» կենտրոնը, «Սադովոդ» եւ «Ֆուդ սիթի» ընկերությունները, գտնվում են Ադրբեջանից եկածների հսկողության ներքո: Դեռ 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը այս օբյեկտների ամսական ստվերային շրջանառությունը գնահատել էր 600 միլիարդ ռուբլի, եւ այդ ժամանակվանից այդ թվերը հավանաբար աճել են:
Փորձագետները հարցնում են՝ այդ միջոցների ո՞ր մասն է գնում Ադրբեջան եւ արդյո՞ք չի օգտագործվում Բաքվի հակառուսական քաղաքականությանն աջակցելու համար:
«Ինտերեսնայա Ռոսիա»-ի աղբյուրների տվյալներով՝ անդրկովկասցի մարդիկ ակտիվորեն մասնակցում են նաեւ շինարարական պայմանագրերին, ինչը հարցեր է առաջացնում դրանց բաշխման թափանցիկության վերաբերյալ՝ ուղղված առանձին ռուս պաշտոնյաներին եւս:
Ալիեւի հայտարարություններն իրո՞ք Մոսկվայում ընկալվում են որպես ուղիղ մարտահրավեր: «Վլադիմիր Պուտինն իրեն երբեք թույլ չի տվել նման հայտարարություններ անել Ադրբեջանի կամ նրա ժողովրդի մասին: Ռուսաստանը միշտ հանդես է եկել իրավահավասար համագործակցության օգտին»,- ըստ հրապարակման՝ ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: Իսկ փորձագիտական շրջանակներում քննարկվում են հնարավոր քայլերը՝ միգրացիոն քաղաքականության խստացումից մինչեւ Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսների գործունեության ստուգում: Հարաբերությունները սրվելու դեպքում, կարծում է հոդվածի հեղինակ Իվան Սմիռնովը, Ռուսաստանը կարող է վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, ինչը կհարվածի Բաքվի շահերին:
Ի ամփոփումն վերլուծաբանն ասում է հետեւյալը. «Իլհամ Ալիեւն իր հայտարարություններով վտանգի է ենթարկել տարիներով կառուցված ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Մոսկվայում սպասում են պարզաբանման, բայց համբերությունը սահման ունի: Թե ինչպիսին կլինի Կրեմլի արձագանքը՝ ժամանակը ցույց կտա, բայց արդեն պարզ է, որ Ռուսաստանն այս մարտահրավերն անպատասխան չի թողնի»: Ճիշտն ասած՝ այս վերջին պնդմանն առայժմ կասկածելու հիմքերը, թվում է, ավելի շատ են:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ