Մայիսի 26-ին Երեւանի «Gala Art Gallery»-ում բացվեց հերթական ցուցահանդեսը: Ներկայացված էին Ժորա Հայրապետյանի եւ Վարդան Գաբրիելյանի աշխատանքները: Այս անգամ եւս արվեստագետների աշխատանքները հիմնովին տարբեր երկու աշխարհ են ներկայացնում:
Ժորա Հայրապետյանը ժամանակների ճամփորդ է՝ կերպարվեստի բարդ (միջնադարյան պոետ, երաժիշտ, քնարերգու): Արվեստագետի կտավներն ասես միջնադարյան էպոսի կամ ասքի հատվածներ լինեն, որոնք պատմում են տրուբադուրների արկածախնդիր ճանապարհորդությունների մասին: Այս կերպարները դիտողին կարող են հիշեցնել հայտնի բրեմենյան երաժիշտներին, որտեղ նվագախմբի անդամներից միայն շունն է կենդանի մնացել: Նկարչի պատկերները, որքան էլ որ իրապաշտական են, զուրկ չեն նաեւ որոշակի աբստրակտ տարրերից: Իրականությունը հորինվածքից բաժանում են կուբիստական, ասես խճանկարային եղանակով արված մանրամասներ, որոնք նկարչի գործերը հեքիաթային ելեւէջներով են օժտում: Հետաքրքրական է, որ եթե այսօրինակ աշխատանքներում նման լուծումներն անրջային տրամադրություն են ծնում, ապա նկարչի նմանատիպ մոտեցումները չեն խանգարում նրա այն բնանկարներին, որտեղ նա պատկերում է Կոնդի հին թաղամասերը: Սակայն այս առանձնահատկությունը երեւում է նկարչի մեկ այլ աշխատանքում, որտեղ մի խումբ մարդիկ իրենց հետեւից մի հսկա նավ են քարշ տալիս, մինչ շրջակա բնությունն ասես խճանկար լինի, որը լուռ հետեւում է նրանց ճանապարհորդությանը (համատեքստը թողնենք ընթերցողին)…
Վարդան Գաբրիելյանի աշխատանքներն աշխարհն ամբողջացնում են գունային կոկիկ լուծումներով: Լինի ծառ, շինություն, երկինք, ժայռանկար, թե պարզապես որեւէ անցողիկ օր, արվեստագետը գտնում է այդ ամենն արտահայտելու ամենաճշգրիտ եղանակը: Որոշ դեպքերում բուն պատկերները հեշտ են նշմարվում, մի քանիսում դիտողը պետք է ավելի խորաթափանց լինի:
Հարկ է նշել, որ արվեստագետն իրեն փորձել է ամենատարբեր ուղղություններում, սկսած իմպրեսիոնիզմից վերջացրած սյուրռեալիզմով: Պատկերել է ինչպես դինամիկ, այնպես էլ պարզ ու աշխարհիկ թեմաներ ներկայացնող կտավներ:
Երկու արվեստագետներն էլ «Աբստրակտի Ճամփորդ» են դարձել, ու այս ցուցադրությամբ, որը գործելու է մինչեւ հունիսի 6-ը, բացել են իրենց աշխարհի վարագույրները «Gala Art Gallery»-ում:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ