RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան

ԼՐԱՀՈՍ


«ԱԶԳ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ

- Հարգարժան պարոն Աբրահամյան, հունիսի 16-ին դուք տոնեցիք «Ռուսաստանի հայերի միության» ստեղծման 20-ամյակը: Շնորհավորում եմ: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում այս տարիներին ՌՀՄ գործունեությունը և ի՞նչ նոր խնդիրներ են դրված՝ հաշվի առնելով նոր, այդ թվում աշխարհաքաղաքական իրողություններն ու զարգացումները:

- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: 2000 թվականի հունիսի 16-ին կայացավ Ռուսաստանի հայերի միության հիմնադիր համագումարը, և մենք նշել ենք այդ օրը՝ բնականաբար հաշվի առնելով COVID-19-ի հետ կապված սահմանափակումները: Մեր կազմակերպության 20-ամյակի տոնական միջոցառումները չեն սահմանափակվում միայն այդ օրով: Ամբողջ տարվա ընթացքում Մոսկվայում և Ռուսաստանի տարածաշրջաններում, իսկ ՌՀՄ-ն գործնականորեն բոլոր 85 տարածաշրջաններում և գրեթե 650 քաղաքում ստորաբաժանումներ ունի, տեղի են ունենում հազարավոր բազմաբովանդակ միջոցառումներ՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, մշակութային-լուսավորչական բնույթի իրադարձություններ:

ՌՀՄ կազմավորման պահից մեր աշխատանքը կառուցվում է երեք հիմնական առաջնահերթություններով.

• Ռուսաստանյան հայության համայնքային կյանքի ինքնակազմակերպում հանուն էթնոմշակութային ինքնության պահպանման ու զարգացման և ի նպաստ Ռուսաստանի պետականության և հասարակության,

• Մեր պատմական հայրենիքին բազմավեկտոր օգնության ցուցաբերում և Ռուսաստանի ու Հայաստանի միջև ստրատեգիական կապի ամրապնդում,

• Համաշխարհային հայկական սփյուռքի տարբեր մասերի միջև բազմատեսակ կապերի հաստատում և զարգացում:

Պետք է նշեմ, որ բոլոր այս ուղղություններով շոշափելի արդյունքներ ունենք և շարունակում ենք դրանք լրացնել ժամանակակից մարտահրավերներին ու զարգացումներին համարժեք նոր բովանդակությամբ:

Ռուսաստանի հայերի գործունեությունը միշտ էլ նպաստել է Ռուսաստանի պետականության ամրապնդմանը, երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանը: Հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմության ընթացքում մեր ժողովուրդը Ռուսաստանում ունեցել է ազատ և առաջընթաց զարգացման բոլոր պայմանները, մենք դարձել ենք ռուսաստանյան հասարակության, բազմազգ ժողովրդի և մշակույթի ամենաինտեգրված մասերից մեկը, իսկ Հայերի միությունը, ՌԴ բազմազգ գունապնակում զբաղեցնելով իր ուրույն տեղը, հաճախ օրինակելի է մյուս ազգային միավորումների համար:

Ռուսաստանի հասարակական-քաղաքական դաշտն այսօր դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի հայերի միության: ՌՀՄ-ն հսկայական աշխատանք է տանում ոչ միայն հայկական ինքնության պահպանման, այլև քաղաքացիական հասարակության և ՌԴ բոլոր մակարդակների՝ դաշնայինից մինչև տարածաշրջանային և տեղական, պետական կառույցների հետ համագործակցության համար: 20 տարվա ընթացքում մեծ ստեղծարար աշխատանք են տարել մեր տարածաշրջանային ու տեղական ստորաբաժանումները և նրանց ղեկավարները: Այս ամենը հավաքականորեն նպաստում է, որպեսզի Ռուսաստանի հայ համայնքը դրականորեն ընկալվի:

Մեր ձեռքբերումները ճանաչման են արժանացել պետության և հասարակության կողմից: Հայերի միության միջոցառումներն իրենց ներկայությամբ պատվել են երկրի նախագահ Վ.Պուտինը, խորհրդարանի նախագահները, մարզպետները, տեղական վարչակազմերի ղեկավարները: Մեր կողմից Մոսկվայում կազմակերպվող միջոցառումներից մեկի՝ Ծիրանի տոնի ժամանակ, երկու տարի առաջ ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ծանոթացել են Ռուսատանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

ՌՀՄ ձայնը ճանաչելի է Ռուսաստանում և Հայաստանում, մեր կարծիքը հասնում է որոշումներ կայացնողներին, մենք մասնակցում ենք սահմանադրական փոփոխությունների, ազգամիջյան հարաբերությունների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդության դաստիարակության, եվրասիական ինտեգրացիայի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերի հասարակական քննարկումներին:

Մեր կազմակերպությունը մշտապես հանդես է գալիս նոր գաղափարներով և նախաձեռնություններով, որոնք արձագանք են ստանում և իրականացվում են ողջ երկրում: 2000-ական թվականներին մենք ակտիվորեն նշում էինք ազգամիջյան հարաբերությունների ոլորտում համառուսաստանյան պետական կառույցի ձևավորման, ՌԴ հանրային խորհրդի կազմավորման անհրաժեշտությունը, հայեցակարգային փաստաթղթերում ազգերի բարեկամության գաղափարների ներառումը, բազմազգ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ էթնոմշակութային երկխոսության կարևորությունը:

Տարիների ընթացքում ՌՀՄ-ն հայ-ռուսական միջպետական հարաբերություններում ակտիվ կոմունիկացիոն դերակատարում է ունեցել: Ամենամյա «ՌՀՄ օրերը Հայաստանում և Արցախում», որ անցկացվում են 2000 թվականից, իրենց մշակութային, տնտեսական և քաղաքական բովանդակալից օրակարգով հայ-ռուսական բարեկամության իրական տոնակատարության են վերածվել:

Ռուսաստանի հայերի միությունը դարձել է Մոսկվայում և Երևանում անցկացվող համահայկական համաժողովների ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչը: ՌՀՄ-ն գործուն մասնակցություն է ունեցել Հայաստան-Սփյուռք հաժողովներում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման Պետական հանձնաժողովում, բազմաթիվ համահայկական կոնֆերանսներում (երիտասարդների, լրագրողների, պատմաբանների), Համահայկական մարզական խաղերում: ՌՀՄ-ն Մոսկվայում և Երևանում կազմակերպել է մի շարք միջազգային գիտաժողովներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, զարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, համաշխարհային հայության ինքնակազմակերպմանը, մասնակցել է համահայկական կառույցի՝ Համաշխարհայաին հայկական կոնգրեսի հիմնադրմանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որ ՌՀՄ-ն կազմակերպել էր Մոսկվայի կառավարության և մի շարք պետական կառույցների հետ, ՌԴ նախագահ Վ. Պուտինի ուղերձը աննախադեպ էր ձևակերպումների խորությամբ և ուժով, ինչը Թուրքիայի ԱԳՆ սուր արձագանքն առաջացրեց: Այդ առիթով պետք է հատուկ նշեմ Մոսկվայում Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի դերը, որը գործում է ՌՀՄ կից, և որը երկար տարիներ ղեկավարում էր իրավաբանական գիտությունների դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը: Մենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնարար գիտական հետազոտություններ ենք կատարել, վերլուծել արխիվային նյութերի հսկայական ֆոնդեր աշխարհի հինգ երկրում, հրատարակել ենք մի շարք գիտական աշխատություններ, կազմակերպել գիտաժողովներ (սեմինարներ, համաժողովներ, կլոր սեղաններ): Հիմա աշխատում ենք Յու. Բարսեղովի եզակի գիտական ժառանգության ուսումնասիրությամբ, ու նրա ձեռագրերի հիման վրա պատրաստվում ենք հրատարակել «Հայաստանը՝ ծովային մեծ տերություն» պատմական աշխատությունը:

Ասածն ամենևին էլ չի ենթադրում, որ մենք դժվարություններ չենք ունեցել, և որ մենք սպառել ենք մեր հնարավորությունները: Վստահ եմ, որ Ռուսաստանի հայերի միության, ինչպես և հայկական սփյուռքի ներուժը դեռ ամբողջովին չի օգտագործված, և մենք դեռ տարածվելու տեղ ունենք: Հենց մեր մտավոր, կազմակերպչական, նյութական և այլ ռեսուրսների միավորման ճանապարհով ենք կարող իրականացնել նոր բովանդակալի միջոցառումներ ի նպաստ հասարակության և պետության, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համաշխարհային հայկական սփյուռքի կազմակերպությունների միջև հորիզոնական կապերի: Սրանց և մեր ապագա հեռանկարների մասին կխոսենք Ռուսաստանի հայերի միության առաջիկա 6-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին:

- Անցյալ տարի Ռուսաստանի հայերի միության 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարած և Ձեր գլխավորությամբ անցկացված գիտաժողովի մասնակիցներին հեռուստակապի միջոցով ողջունեց Սփյուռքի գործերով նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, Ռուսաստանի հայ համայնքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում կլինի և իմ առաջին այցը կլինի Ռուսաստանի Դաշնություն»: Զարեհ Սինանյանը կատարեց իր խոստումը, ՌԴ մայրաքաղաք այցելության օրերին նրա հետ հանդիպումներ ունեցաք նաև Դուք և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ի՞նչ տվեցին այդ հանդիպումները, ինչպիսի՞ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, և այսօր, մեկ տարի անց, ինչպիսի՞արդյունքներ և առաջընթաց է գրանցվել:

- Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին իսկ օրերից իր ուշադրությունն ուղղեց պատմական հայրենիքի և Սփյուռքի հարաբերություններին: Սփյուռքի նախարարությանը փոխարինեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Համաժողովին, որը դուք հիշատակեցիք, մասնակիցների բարձր մակարդակ էր ներկայացված, ինչպես ՌԴ պետական իշխանություններից, այնպես էլ հայկական հասարակական, գիտական և գործարար շրջանակներից: Զարեհ Սինանյանն իր առաջին այցը կատարեց Ռուսաստան և նրա առաջին հանդիպումը կայացավ Ռուսաստանում և աշխարհում խոշորագույն ազգային կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության գրասենյակում: Մասնակցում էին ՌՀՄ գրեթե բոլոր բաժանմունքների ներկայացուցիչները՝ Մուրմանսկից մինչև Կամչատկա, Եկատերինբուրգ, Կրասնոդար և Դոնի-Ռոստով: Նա հանդիպեց նաև մեր տեղական կազմակերպությունների ակտիվի հետ, օրինակ՝ Սոչիի: Ե՛վ այն ժամանակ, և՛ այս տարվա փետրվարին Սինանյանի Մոսկվա կատարած երկրորդ այցի ընթացքում տեղի է ունեցել անկեղծ և կառուցողական խոսակցություն: Բարձրաձայնվել և փոխանցվել են համագործակցության բազմաթիվ առաջարկություններ:

- Իսկ ո՞րն է այդ առաջարկությունների էությունը, կմանրամասնե՞ք:

Այո, իհարկե: Դրանք ժամանակին հրապարակվել են ՌՀՄ կայքէջում: Այնտեղ 8 հիմնական կետ կա.

Ստեղծել գործուն կոլեգիալ խորհրդակցական մարմին, որի կազմում կընդգրկվեն սփյուռքյան առաջատար կառույցների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները:

Քննարկել համահայկական համագործակցության քաղաքական մեխանիզմը և ՀՀ ԱԺ-ում ստեղծել համապատասխան բարձրագույն մարմին:

Ստեղծել Հայաստանի պետական հատուկ մարմին, որը կուսումնասիրի հայկական համայնքների դրությունը և վեր կհանի այն վտանգները, որոնք սպառնում են Սփյուռքի շահերին:

Հիմնել ամենամյա Հայկական գործարար ֆորում՝ մշտապես գործող հարթակով:

Ստեղծել Ռազմավարական զարգացման ներդրումային գործակալություն ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տնտեսական բարգավաճման:

Ստեղծել Ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտ իր մասնաճյուղերով՝ սփյուռքի գիտական, քաղաքական և գործարար ակտիվության կենտրոններում :

Կազմակերպել քննարկումներ հայկական ազգային գաղափարախոսության ընդհանուր սկզբունքների մշակման վերաբերյալ՝ Սփյուռքի և պատմական հայրենիքի ինտելեկտուալ կադրերի մասնակցությամբ:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմին կից կազմակերպել համայնքների հետ և հենց սփյուռքյան կազմակերպություններում աշխատող կադրերի պատրաստման համար:

Պարոն Սինանյանը երախտագիտությամբ ընդունեց այս առաջարկները, բայց մեր կոնկրետ առաջարկներին, ցավոք սրտի, ժամանակին և հասկանալի անդրադարձ չեղավ, ոչ էլ նոր կառույցի կողմից պատասխան կառուցողական քայլեր են արվում:

Ավելին՝ ճանապարհային քարտեզի և սփյուռքի հարցերով նոր կառույցի հետ փոխգործակցության բացակայության պատճառով 20 տարվա մեջ առաջին անգամ սառեցվել են մի շարք կարևոր և հանրաճանաչ նախագծեր, որոնք ՌՀՄ-ն Սփյուռքի նախարարության հետ համատեղ ամեն տարի իրականացնում էր Հայաստանում: Դրանք են «Մենք եղել ենք և կանք» խորագրով համահայկական մրցույթը բարձր դասարանցիների և ուսանողների համար, գիտական և ստեղծագործական մրցույթները, որոնք անցկացվում էին ՀՀ գիտությունների ակադեմիայի և նկարիչների, գրողների, կոմպոզիտորների, լրագրողների, կինեմատոգրաֆիստների և այլ ստեղծագործական միությունների հետ:

Այս նախագծերը ոչ մեր պատճառով սառեցվելու հետևանքով ստիպված ենք եղել ոչ միայն կրճատել մեր աշխատակիցների և ներկայացուցիչների հաստիքները Հայաստանում և Արցախում, այլև, ինչի համար մեծապես ցավում ենք, տասնյակ գիտնականներ և մշակույթի գործիչներ զրկվել են մեր նախագծերին մասնակցությունից և նյութական խրախուսանքներից:

Մենք միշտ աշխատել ենք հայաստանյան կառույցների հետ և հիմա էլ պատրաստ ենք համատեղ ձեռնարկներ իրականացնել ի նպաստ Հայաստանի և նրա քաղաքացիների: Համոզված եմ, որ իշխանության և առաջնահերթությունների փոփոխությունը պետք է նպաստեն դրական զարգացումներին, ոչ թե քանդեն այն արժեքները, որ ստեղծվել են տարիների ընթացքում: Պետք է հարգել միմյանց և զարգացնել երկխոսությունը, իսկ հայկական պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, իրավաքաղաքական և տնտեսական մեխանիզմներ, որոնք կկարգավորեն Սփյուռքի հետ հարաբերությունները:

ՌՀՄ-ն Գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ փոխգործակցության իր ծրագիրն ունի և պատրաստ է բազմաֆորմատ կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցությանը, որպեսզի ստեղծվի գործելակերպի և մոտեցումների նոր մոդել: Բայց հետաքրքրություն պետք է ցուցաբերվի նաև Հայաստանում: Մենք երկու տարի առաջ էլ էինք պատրաստ, մեկ տարի առաջ էլ, հիմա էլ պատրաստակամություն ենք հայտնում նոր կառույցի հետ կառուցողական համագործակցության համար, և հուսով ենք, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գործունեությունը օգտակար և բովանդակային կլինի՝ աշխարհի հայության բոլոր հատվածների շահերն արտացոլող:

- Ես գիտեմ, որ Ձեր՝ որպես հասարակական-քաղաքական գործչի, գործունեության մեջ զգալի տեղ է գրավում նաև բարեգործությունը, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին աջակցելը, ձեռք մեկնելն ու սատարելը: Հաշվի առնելով Ձեր կերպարի կարևոր գծերից մեկը, որ անտարբեր չեք նեղության մեջ հայտնված հայ մարդու հանդեպ, ասացեք խնդրեմ, ի՞նչ քայլեր է ձեռնարկել Ձեր գլխավորած Միությունն ու անձամբ Դուք՝ արդեն մի քանի ամիս երկիր մոլորակին պատուհասած համավարակի՝ կորոնավիրուսի պատճառած վտանգները չեզոքացնելու, մեղմելու, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու առումով:

- COVID-19 համաճարակով պայմանավորված սահմանափակումների առաջին օրերից, երբ զգալիորեն վատացան հատկապես տնտեսապես և սոցիալապես խոցելի քաղաքացիների և բնակչության խմբերի կենսապայմանները, Ռուսաստանի հայերի միությունը վարում է ակտիվ հասարակական-մարդասիրական գործունեություն Ռուսաստանում, Հայաստանում և Արցախում՝ հնարավոր ֆինանսական և այլ նյութական օժանդակություն ցուցաբերելով այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Բարձր հասցեականություն ապահովելու և իրագործվող միջոցառումները լավագույնս համակարգելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում համանախագահի կարգավիճակով ընդգրկվել են Մոսկվայի հայ հասարակության ճանաչված ներկայացուցիչները: Հատուկ բացված էլեկտրոնային փոստի հասցեին ստացվել են օգնության հազարավոր խնդրանքներ: Ընդհանուր առմամբ մոտ 20 000 անապահով ընտանիք պարենային և այլ օգնություն է ստացել ՌՀՄ-ից: Դրանցից ավելի քան 12 000-ը՝ Երևանում, Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում են: Հայաստանի կույրերի միավորման առանձին ցուցակներով կույրերի տասնյակ ընտանիքներ նույնպես պարենային օգնություն են ստացել: Երևանի Արաբկիր համայնքում ծերերի և անապահով ընտանիքների համար մեր ընտանիքի միջոցներով 20 տարի գործող բարեգործական ճաշարանը զգալիորեն ավելացրել է շահառուների թիվը (մոտ 300), որոնց տաք ճաշ և սննդամթերք է առաքվում:

Ռուսաստանում օգնությունը (դրամական, պարենային, ժամանակավոր կացարան, մահացածների աճյունները Հայաստան տեղափոխելը, հուհարկավորությունների կազմակերպումը և այլն) տրամադրվում էր առավելապես դժվարին կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր կորցրել են աշխատանքը, խնդիրներ ունեն բնակարանների վարձակալության հետ կապված կամ ընդհանրապես զրկվել են կացարանից: Դրանց հիմնական մասը Հայաստանից աշխատանքային միգրանտներն են: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ օգնել ենք պլանային չվերթներով Հայաստան վերադարձող քաղաքացիներին:

ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և ներկայացուցիչները տեղերում նմանատիպ աշխատանքներ են տարել՝ կազմակերպված և անհատական կարգով: Տարածաշրջանային բաժանմունքների մեր գործընկերների ֆինանսական միջոցներով և գլխավոր հյուպատոսությունների մասնակցությամբ կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների տեղափոխումը ՌԴ քաղաքներից դեպի Երևան: Այս ամիսներին ակտիվորեն աշխատում է ՌՀՄ կադրային ծառայությունը: Միայն Մոսկվայում և Մոսկվայի մարզում մեր զբաղվածության ծառայության միջոցով աշխատանքի է տեղավորվել մի քանի տասնյակ մարդ:

Դաշնային և տեղական կառավարման մարմինների հետ համատեղ սոցիալական ցանցերով, ՌՀՄ և գործընկեր կազմակերպությունների ռադիո և հեռուստաալիքներով անց են կացրել տեղեկատվական-բացատրական մեծ աշխատանք:

- Դուք հիշատակեցիք դեսպանատունը: Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմերի հետ:

Դեսպանատան և տեղերում գլխավոր հյուպատոսարանների հետ համագործակցում ենք ամենատարբեր հարցերով, որոնք կապված են Հայաստանի և հայության հետ: ՌՀՄ տեղական բաժանմունքները միշտ աջակցում են դեսպանին և հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչներին իրենց այցելությունների ժամանակ, օգնում կապերի հաստատման և զարգացման գործում:

Ինչ վերաբերվում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ մեր հարաբերություններին, ապա այստեղ այլ կարծիք, քան նրա հանդեպ բարձրագույն հարգանքը և պատվելի վերաբերմունքը, լինել չի կարող: Նրանք, ովքեր այսօր փորձում են խարխլել մեր հոգևոր արժեքները՝ սևացնելով ՀԱԵ-ն, նրա պատմությունը և դերը մեր ժողովրդի կյանքում, վտանգավոր և անպատվաբեր խաղի մեջ են մտել: Գարեգին Նժդեհը Հայ եկեղեցին Ազգային եկեղեցի է կոչում: Այդպես էլ կա: Հայ ժողովրդի ճակատագիրը և Հայ Առաքելական Եկեղեցին սերտորեն միահյուսված են: Մենք միասին անցել ենք դժվարագույն պատմական փորձություններով՝ պահպանելով մեր ազգային և հոգևոր արժանապատվությունը: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել դա: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի երիտասարդությանը վերադարձնենք մեր եկեղեցու գիրկը, պահպանենք նրան հոգևոր անկումից:

- Ձեր գլխավորած Միությունն ինչո՞վ է նպաստում Ռուսաստանում մշակութային, կրթական և հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, ուշադրություն դարձվո՞ւմ է երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձևավորմանը, հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը:

- Դժվար է մեկ հարցազրույցի ընթացքում թվարկել մեր բոլոր նախագծերն ու նույնիսկ գործունեության ուղղությունները, որ ունենք այս հարցում: Կիրակնօրյա դպրոցներ, պարային համույթներ, ազգային երգի և պարի ստուդիաներ, երիտասարդական բանավիճային ակումբներ. սրանք արվում են մեր երիտասարդներին համախմբելու, մեր նախնիներից ժառանգած ավանդույթների և սովորույթների ոգով դաստիարակելու նպատակով: Ամեն տարի դպրոցականների և երիտասարդների համար անց ենք կացնում բազմաթիվ համառուսաստանյան մրցույթներ, կազմակերպում ենք երիտասարդական ճամբարներ, Ռուսաստանի բուհերի ուսանողներին խրախուսում ենք Հայաստան այցելություններով: Հայաստանում և Արցախում մեծ հեղինակություն է վայելում «Երգը՝ բարեկամության կամուրջ» մրցույթը և այլն:

Վերջին տարիներին Մոսկվայում որպես ինքնուրույն կառույց գործում է ՌՀՄ երիտասարդական կենտրոնը, որտեղ յուրաքանչյու երիտասարդ կարող է իրեն զբաղմունք գտնել՝ լեզվի դասընթացներ, հայտնի մարդկանց հետ հանդիպումներ, սպորտ, կինո, թատրոն և էլի շատ բաներ: Այդպիսի կենտրոն ոչ մի ազգային համայնք չունի: Մենք սքանչելի երիտասարդներ ունենք՝ բազմակողմանի զարգացած, ակտիվ, հայրենասեր: Նրանք իրենց հիանալի դրսևորեցին համաճարակի օրերին՝ ՌՀՄ կամավորականնների հետ օժանդակություն ցուցաբերելով կարիքավորներին, հոգ տանելով նրանց մասին, ովքեր հայտնվել էին դժվարին կացության մեջ: Նրանք առանձնահատուկ հարգանքով և ջերմությամբ են վերաբերվում մեր վետերաններին, մասնակցում են «Անմահ գնդի» միջոցառմանը: Սերունդների կապը, երիտասարդության հետ երկխոսությունը կարևոր է առողջ սերնդի ձևավորման գործում, հատկապես, երբ ամբողջ աշխարհում պայքարում են այսօրվա 15-20 տարեկանների մտքերի համար: Մեր երիտասարդների ազգային ինքնության, ինքնատիպության և ավանդույթների պահպանման ձգտումները կարելի է և հարկավոր է համատեղել գլոբալիզացիայի դարաշրջանի հնարավորությունների հետ: Այլ մշակույթներ և քաղաքակրթություններ ներկայացնող իրենց հասակակիցների հետ լայն շփումները ևս շատ կարևոր են ինչպես երիտասարդների ինքնազարգացման, այնպես էլ մեր երկրի կայուն զարգացման տեսանկյունից:

- Ձեր կարծիքը Հայաստանում ներկայումս ընթացող քաղաքական գործընթացների և զարգացումների վերաբերյալ:

Պետք է հաշվի առնել, որ հայաստանյան հասարակական-քաղաքական գործընթացները տեղի են ունենում կորոնավիրուսի հանաճարակի տարածման ֆոնին: Ցավոք, Հայաստանում համաճարակի դեմ բոլոր ուժերի սպասվող համախմբման և դրա տնտեսական հետևանքների մեղմացման փոխարեն վտանգավոր և անթույլատրելի երևույթներ են զարգանում, որոնք սրում են հասարակության բևեռացումը, սնում անհանդուրժողականությունը, չարությունը և նսեմացնում մեր ավանդական արժեքները, եկեղեցին՝ ցնցելով հայոց պետականության ու հասարակական բարոյականության հիմքերը: Այսօր, երբ հասարակությունը շփոթահար է կորոնավիրուսի վարակման վտանգից, դրա տնտեսական հետևանքներից և սոցիալ-տնտեսական աջակցության կարիք ունի, մենք արձանագրում ենք քաղաքական հակամարտության խորացում, քրեական գործերի հարուցում այպիսի գործիչների նկատմամբ, ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Նա յուրօրինակ մարդ է, ով ոչ միայն կարողացել է որպես հաջողակ գործարար և քաղաքական գործիչ կայանալ սեփական երկրում, այլև մեծ աշխատանք է տարել երկրի համբավի և զարգացման համար: Ծառուկյանին ճանաչում և հարգում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այդ հարգանքն ու վստահությունը տարածվում են ողջ հայկական բիզնեսի և երկրի ներդրումային գրավչության վրա:

Այդ մասշտաբի գործիչները հատուկենտ են: Ես տեղյակ եմ, որ նրան բազմիցս առաջարկել են տեղափոխել իր բիզնեսը և այլ երկրներում այն զարգացնել, բայց նա հրաժարվել է և աշխատել ի նպաստ Հայաստանի: Նրա գործարար ակտվությունից են կախված բազմաթիվ գյուղարտադրողներ, որոնց արտադրանքի մթերման և արտահանման սեզոնն է առջևում: Դա հեշտ բան չէ, և Ծառուկյանը տարիների ընթացքում կառուցել է երկրի և քաղաքացիների համար այդ կարևոր համակարգը: Այն դեպքում, երբ նախկին իշխանություններն այնքան էլ բարեհաճ չէին նրա նկատմաբ, թեև նրա անունը ամեն կերպ ցանկանում են կապել նախկինների հետ: 2017 թվականի իրադարձությունները ոչ ոք իհարկե չի չեղարկել, բայց գուցե առաջնահերթություններն առանձնացնելու կարի՞քը կա:

Առաջին հերթին հարկավոր է մտածել օրախնդիր սոցիալական և տնտեսական հարցերի մասին և լուծել դրանք՝ նաև նույն Ծառուկյանի ներուժն ու տնտեսական կապերն օգտագործելով: Այլ ոչ թե արժեզրկել նրա անձն ու ծառայությունները, նույնիսկ չսպասելով դատարանին: Դեռ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի, բայց արդեն ուղղորդված վնաս է հասցվում Գագիկ Ծառուկյանի գործարար համբավին: Այդ քայլերը սոսկ խորացնում են ճգնաժամը և կոտրում Հայաստանի ներդրումային գրավչության և հայկական գործարարության նկատմամբ վստահությունը:

Ստացվում է, որ երկրում, որտեղ դեռ շատ չլուծված ներքին խնդիրներ և արտաքին վտանգներ կան, գնալով քչանում են հեղինակավոր մարդիկ, մտավորականնները, որոնց ձայնը կարող է հասարակական ազդեցություն և նշանակություն ունենալ:

Ակնհայտ է, որ այսօր քաղաքական բեմականացումների, «մեղավորների» փնտրտուքի և նշանակման, պիտակավորման ժամանակը չէ: Այսօր հարկավոր է համախմբել ուժերն ու ռեսուրսները և համաճարակը հաղթահարելու մեխանիզմներ գտնել: Այդ թվում նաև տնտեսական, որոնք ցավոք սրտի սրվել են իշխանությունների՝ անհրաժեշտ միջոցները ժամանակին ձեռնարկելու կորցրած հնարավորության պատճառով:

Ես արդեն ասացի, որ պետք է կանգ առնենք, միմյանց նկատմամբ բարոյական համաներում հայտարարենք: Պետք է վերականգնենք մտավորականության հանդեպ հարգանքը, դադարեցնենք հասարակության մեջ թշնամիներ փնտրելն ու հռչակելը: Դա հասարակությանն ավելի շատ օգուտ կտա, քան միմյանց հետապնդելը: Միայն մենք կարող ենք պահպանել ու ամրացնել ոչ միայն Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական հիմքերը, այլև երկրի հեղինակությունն արտաքին աշխարհում:

- Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները հետհեղափոխական Հայաստանի հետ, պաշտոնյաներից ո՞ւմ հետ եք շփվում, ինչպիսի՞ազդեցություն են թողնում այդ շփումները Ձեր գործունեության և Ձեր գլխավորած Միության աշխատանքների վրա:

Ես նրանց հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, իսկ ահա նրանք ինձ հետ, կարծես թե, ոչ այնքան: Սա՝ կատակով: Իսկ եթե լուրջ, ապա իհարկե, ՌՀՄ պատվիրակությունները հանդիպում են երկրի նախագահի հետ, կառավարության անդամների հետ, նրանք, թեև առանց էնտուզիազմի, ձևականորեն, բայց մասնակցում են մեր միջոցառումներին: Բանն այն է, որ անձամբ ես լոկ հանդիպելու համար հանդիպման կարիքը չունեմ: Հանդիպումները պետք է համակարգային բնույթի կառուցողական հարաբերությունների բերեն, որպեսզի արդյունավետ լինեն և ծառայեն ընդհանուր գործին:

Մեզ՝ ռուսաստանցի հայերիս համար, Հայաստանի զարգացմանը, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը գործուն աջակցություն ցուցաբերելը մեր պատվի խնդիրն ու էթնիկ պարտքն է:

Մենք ձգտում ենք Ռուսաստանի հայության ներուժի և ռեսուրսների համախմբմանը, այդ թվում նաև այլ երկրների սփյուռքյան կառույցների հետ համագործակցությամբ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի տնտեսական վերածնունդի, պատմական հայրենիքի և Ռուսաստանի միջև կապերի ընդլայնման, փոխշահավետ տնտեսական համագործակցության պայմանների ստեղծման: Մեր հայրենակիցներն արտերկրում երկար տարիներ գիտելիքի և պրակտիկ գործունեության յուրատեսակ փորձ են կուտակել: Նրանք աչքի են ընկնում տեղային իրողություններին ինտեգրացիայի բարձր մակարդակով, որը ձևավորում է յուրատեսակ փորձ և հարուստ կապիտալ: Այդ կապիտալը՝ սփյուռքի ներկայացուցիչների յուրատեսակ «գաղափարների բանկը», կարող է օգտագործվել Հայաստանի կառավարության կողմից: Այդ համագործակցության հիման վրա նա կարող է այդ գաղափարների իրականացման ճանապարհային քարտեզ և մեխանիզմ ստեղծել: Ցավոք սրտի, այժմ ևս, ինչպես և նախկինում, երկրի ղեկավարության մոտ բացակայում է այդ կապիտալի ներգրավման և այն ի նպաստ Հայաստանի օգտագործման համար պահանջվող մակարդակի փոխգործակցությունը: Ինչպես և ձգտումը՝ օգտագործելու մեր հանդիպումները դրանք ստեղծելու և իրականացնելու համար:

Այսօր Հայաստանում և սփյուռքում հայկական հասարակության մեջ կա համակարգային ծրագրերի և համապատասխան քաղաքական տնտեսական տեխնոլոգիական նորամուծությունների, այդ թվում նաև սփյուռքի հետ հաևաբերությունների մասով, հստակ (թեև դեռևս անտեսվող) հասարակական հայտ: Այդ ենթատեքստում, ես նախաձեռնել և անցկացրել եմ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով, որին մասնակցելու համար իրենց առաջարկների փաթեթներով Երևան են ժամանել աշխարհի տարբեր երկրների քաղաքական և տնտեսական գործիչներ, այդ թվում ՌԴ և ԱՄՆ նախագահների խորհրդականները, ԵԱՏՄ երկրների տնտեսական բլոկների նախարարները, ներկայացուցիչները ռուսաստանյան այնպիսի համակարգաստեղծ ձեռնարկությունների, ինչպիսիք են Ռոստեխը, Սբերբանկը, Տրանսնեֆթը և այլն: Մենք դրա վրա հսկայական կազմակերպչական և ֆինանսական ռեսուրսներ ենք ծախսում: Խնդրեմ, մարդիկ իրենք են եկել. հանդիպե՛ք, պայմանավորվե՛ք, աշխատե՛ք: Ցավոք, Հայաստանի կառավարական և գործարար շրջանակների կողմից՝ միայն նվազագույն հետաքրքրություն, քննարկման և իրականացման ոչ մի լուրջ առաջարկ: Այ սա է տնտեսական բարեփոխումների և զարգացման սուր կարիքը զգացող երկրի և հասարակության պրոբլեմը, իմ կարծիքով, սրանով է պետք զբաղվել առաջնահերթ կարգով:

- Օրերս ՌՀՄ մամուլի ծառայություն իր կարծիքը հայտնեց Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկության կապակցությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ Ալեկսեյ Նավալնիի հայտնվելու վերաբերյալ: Դա ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեքիք տվեց:

- Հայկական պետական հեռուստաալիքով Նավալնիի ելույթից հետո մենք բազմաթիվ հեռախոսազանգեր ստացանք մեր հայրենակիցներից և ԶԼՄ ներկայացուցիչներից, և, ի հետևանք, հրապարակեցինք ՌՀՄ մամուլի ծառայության արձագանքը:

Մենք՝ հայերս, շահագրգռված ենք ոչ միայն Հայաստանի կայունությամբ և բարգավաճմամբ, այլև Ռուսաստանի, որտեղ գրեթե երեք միլիոն հայ է ապրում, նրանցից մոտ հինգ հարյուր հազարը և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց ապրում և աշխատում են այստեղ, կրթվում, թոշակ ստանում և այլն:

Ռուսաստանի հայերը աշխատասեր, օրինապաշտ քաղաքացիների վաստակած համբավ են միշտ ունեցել, և ես ուրախ եմ, որ արտահայտելով մեր քաղաքացիական դիրքորոշումը, ակտիվ մասնակցություն ենք ունեցել ինչպես քննարկումների փուլում, այնպես էլ քվեարկությանը: Ռուսաստանի հայերի միությունը, նրա բոլոր տարածաշրջանային բաժանմունքները մեծ բացատրական աշխատանք են տարել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Ինքս «կողմ» եմ քվեարկել, և մեր գնահատմամբ, քվեարկությանը նմասնակցած հայերի ճնշող մեծամասնությունն աջակցել է փոփոխությունների ընդունմանը: Ի դեպ, մեր կողմից առաջարկված փոփոխություններից մեկը մտել է նոր Սահմանադրության մեջ:

Այս դրական համապատկերում Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ոչ թե մեկ այլ ընդդիմադիր գործչի, այլ հենց հայտնի ազգայնամոլ և ազգատյաց Նավալնիի հայտնվելը, ով հայերի մասին նվաստացուցիչ և արհամարական հայտարարություններ է իրեն թույլ տվել, համաձայնվեք՝ առնվազն տարօրինակ է:

Սահմանադրության փոփոխությունները Ռուսաստանն ավելի ուժեղ են դարձնում: Դրանց մեծ մասը ուղղված են քաղաքացիների, այդ թվում մեր միլիոնավոր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Ես միանգամայն վստահ եմ, որ ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ կլինի Հայաստանը, ու այնքան ավելի լավ կապրենք մենք՝ հայերս:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

՞Ազգ՞-ի հատուկ թղթակից, Մոսկվա

2020-07-10 12:20:47

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ