RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾ». ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Հունիսի 14-ին, երբ Հայաստանում խուզարկեցին Գագիկ Ծառուկյանի տունն ու գրասենյակը, ժողովուրդը դուրս եկավ փողոց, ոստիկանությունը պատ կազմեց, գերմանալեզու լրատվությունը, որ մինչ այդ հիմնականում արձանագրում էր կորոնավիրուսի դեմ պայքարում մեր երկրի ոչ դրական պատկերը, վարակակիրների աճն ու մահվան թվերը, նաեւ՝ այն, որ հայկական ավիափոխադրողներին չեն արտոնում ԵՄ տարածքում վայրէջք կատարել, նույն օրը՝ կիրակի ուշ երեկոյան վերնագրային ուրիշ շեշտադրումներ արեց: «Հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը. Տասնյակ ձերբակալություններ», գրեց «Դոյչլանդֆունկը: «Հայաստան. Կառավարության դեմ հանրահավաք՝ մոտ 100 ձերբակալված», ծանուցեց ավստրիական orf-ը: Հունիսի 15- ի երեկոյան գերմանական «Հանդելսբլաթը» մի քիչ թարմացրեց նախորդ լրատվամիջոցների տեղեկատվությունը, իր մատուցած լուրն այսպես վերնագրեց՝ «Բողոքի ցույց Հայաստանում. Ավելի քան 250 ձերբակալված»:

Ավստրիական orf-ը, հենվելով իր եւ այլ գործակալությունների, մասնավորապես AFP-ի լրատվությանը, Գագիկ Ծառուկյանի մասին «ընդդիմադիր» բնորոշմանը կից չմոռացավ նշել «օլիգարխ» բառն էլ: orf-ը գրել էր, թե անվտանգության ծառայության տվյալների համաձայն, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը խաղային ապօրինի բիզնեսի միջոցով մոտ 60 միլիոն դոլար (53 միլիոն եվրո) շահույթ է ստացել:

«Դոյչլանդֆունկը», որ ամեն օր, քայլ առ քայլ լուսաբանել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը (ինչի մասին ժամանակին ծանուցել ենք «Ազգ»ի ընթերցողներին), իսկ հիմա նույն պատրաստակամությամբ իր լրատվահոսքում գրում է Հայաստանում Covid-19-ի աճող կորի մասին, բնական է, ուշադրության առանցք է դարձնում համավարակի համար վտանգավոր ընթացքը: «Հանդելսբլաթն» էլ եղելությունը դիտարկում է «տիպիկ» գերմանական հայացքով, մեր համառոտ ձեւակերպմամբ՝ առողջությունն առաջնային է: Համավարակի դեմ լուրջ պայքար մղող հանրության համար երկրորդական չէ նաեւ ժողովրդավարության հենասյուն ընդդիմության գոյությունը, ինչպես նաեւ ժողովրդի՝ դժգոհության դեպքում փողոց դուրս գալու իրավունքի գերակայությունը: Համավարակի այս օրերին գերմանացի լրագրողները բանավեճի նյութ էին դարձրել՝ սահմանադրությամբ տրված ո՞ր իրավունքն է գերակա՝ երբեմն կրկնելով, թե ժողովրդավար երկրում հանրային առողջությանը չի կարող հակադրվել կամ ստորադասվել հանրահավաքի դուրս գալու իրավունքը: Ստորեւ նկատենք դրա հավաստումը: «Ընդդիմությունը զգուշացնում է, թե հանդարտություն չի լինելու հարավկովկասյան Հայաստանում, երբ բողոքի ցույցերին հաջորդում են 250-ից ավելի ձերբակալվածները: «Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ աճում է», տեղական ԶԼՄ-ներին հղում անելով «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքն է փոխանցում գերմանական «Հանդելսբլաթը» հունիսի 15-ի լրատվության մեջ: Լրատվության աղբյուրը dpa-ն է, որ պատմում է այն, ինչ արդեն գիտենք՝ կիրակի օրը, երբ ոստիկանությունը խուզարկել է ընդդիմության առաջնորդի տունն ու գրասենյակը, ժողովուրդը Երեւանում ցույցի է դուրս եկել:

Ծառուկյանն իր դեմ ծավալվածը քաղաքական է համարում, յապացույց ներկայացնում այն փաստը, թե իր հանդեպ իրավապահների գործողությունները հաջորդել են համավարակի ճգնաժամի համար վարչապետ Փաշինյանի դեմ հնչեցրած իր քննադատությանը: Արդարադատություն իրականացնողները 63-ամյա Ծառուկյանին վերագրում են խաղատնային բիզնեսն ապօրինի գործարկելու համար: «Հանդեսբլաթն» անշուշտ հիշեցնում է, թե երկար ժամանակ վարչապետ Փաշինյանը աղքատ երկրում շատերի համար հույսի կրողն էր՝ հիշատակելով գերմանական լրատվամիջոցների համար այն հայտնի փաստը, որ 2018-ին ժողովուրդը շաբաթներ շարունակ փողոցային բողոքի արշավ էր ծավալում Հայաստանում կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ, ինչը ստիպեց վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: «Դիտորդները երկյուղում են, որ երկրում նորից զանգվածային բողոքի ցույցեր կլինեն», գրում է «Հանդելսբլաթը»: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունում, ըստ պետական վիճակագրության վարչության տվյալների, 10 400-ից ավելի վարակակիր կա:(Ներկայացվածը հունիսի 15-ի տվյալ է): Վարակը փոխանցելու վտանգից ելնելով՝ զանգվածային հավաքներն արգելվել են, ինչը նաեւ պատճառ է հանդիսացել, որ ոստիկանությունը նախ ձերբակալել, հետո ավելի ուշ ազատ է արձակել ցուցարարներին: «Կառավարությունը համավարակի հանդեպ բավարար լուրջ վերաբերմունք չունի», Ծառուկյանի կարծիքն է փոխանցում «Հանդելսբլաթը»: Եթե հիշատակենք առցանց «Ազգ»ում ապրիլին հրապարակված մեր հոդվածը, որ նույնությամբ փոխանցում էր ապրիլի 19-ին գերմանական «Ցայթի» ծավալուն հոդվածը հարավկովկասյան 3 հանրապետությունների՝ համավարակի դեմ պայքարի մասին, պարզ կդառնա, որ գերմանալեզու ընթերցողն իրավունք ունի չկասկածելու, թե ԲՀԿ առաջնորդի գնահատականը շինծու է: Գերմանական մամուլը 2017-ին անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին, մենք էլ փոխանցել ենք ժամանակին (տես «Ազգ» 2017-04-06 «Ձայների աճուրդ. «ընտրության օրը կրկնակի շատ կտան» հոդվածը- Ան. Հ.), ուրեմն գիտեն այն, ինչի մասին Ծառուկյանի գործի առիթով այսօր շեշտադրվում է Հայաստանում, բայց ընտրակեղծարարության դրվագն գերմանական լրատվամիջոցներում դեռ չի շրջանառվում:

Հետաքրքրական է մի անկյուն էլ երեւաց վերջին օրերին՝ լրագրողներից մեկը փորձ է արել բառերով գծել Գագիկ Ծառուկյանի դիմանկարը: Որքան հետեւեցինք, հոդվածն առայժմ մեծ ուշադրության չի արժանացել սոցցանցերի գերմանացի օգտատերերի քննարկումներում: Տեղի սղությունից ելնելով՝ կանդրադառնանք հաջորդ շաբաթ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

2020-06-26 11:39:25


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ