RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


90-ԱՄՅԱԿ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Լրացավ ականավոր գիտնական եւ հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր Նիկոլայ Հովհաննիսյանի ծննդյան 90 տարին:

Նա ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին, Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թ.ՙ ասպիրանտուրան: 1968 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1971 թ.` պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թ. ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Պրոֆ. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի եւ արդի հայ արեւելագիտության հիմնադիրներից է: Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվեց, կայացավ եւ արեւելագիտության ոլորտում իր ուրույն տեղը գրավեց հայ արաբագիտությունը: Նա այսօր էլ ՀՀ-ում արաբագիտական պատմագիտական դպրոցի կարեւոր հիմնասյուներից է եւ ավելի քան քառասուն տարի (1962-2003 թթ.) գլխավորել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժինը: 1995-2006 թթ. պրոֆ. Հովհաննիսյանը զբաղեցրել է Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Գիտության զարգացման համար այդ դժվարին շրջանում նրան հաջողվեց ոչ միայն պահպանել հայ արեւելագիտական դպրոցն ու դրա ձեռքբերումները, այլեւ այն համալրել երիտասարդ եւ խոստումնալից կադրերով, որոնք այսօր արեւելագիտության ինստիտուտի գիտական կորիզն են կազմում: Նրա ղեկավարման տարիներին ինստիտուտը դարձավ կարեւոր գիտական կենտրոններից մեկըՙ իրականացնելով նաեւ ռազմավարական առաքելություն: 2003 թ. Նիկոլայ Հովհաննիսյանը ստանձնեց նաեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալի պարտականությունները: Զգալի է նրա դերակատարումն Արեւելագիտության ինստիտուտում Արեւելյան Ասիայի երկրների բաժնի (որն ավելի ուշ ընդլայնվեց եւ վերանվանվեց Միջազգային հարաբերությունների բաժին) կազմավորման եւ կայացման գործում:

Նիկոլայ Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական է եւ միաժամանակ Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչը, իսկ 2007 - 2018 թթ. եղել է նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդականը:

Վստահորեն կարող ենք փաստել, որ նաեւ պրոֆ. Հովհաննիսյանի բեղուն գիտական գործունեության արդյունքում հայ արաբագիտությունը դարձել է համաշխարհային արաբագիտության կարեւոր բաղադրիչը: Նրա ուսումնասիրությունները համալրում, լրացնում եւ հարստացնում են հայրենական եւ համաշխարհային արեւելագիտության ձեռքբերումները:

Տասնյակ տարիներ ականավոր արեւելագետ-միջազգայնագետի ուսումնասիրությունների կենտրոնում դրված են արաբական երկրների նորագույն պատմության, միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունների, “քաղաքական իսլամի”, հայ-արաբական, այդ թվում նաեւ միջպետական հարաբերությունների արդիական հիմնահարցերը: Նա առաջիններից էր, որ Խորհրդային Հայաստանում անդրադարձավ արաբական երկրների ազգային ազատագրական շարժումների ուսումնասիրությանը եւ ընթերցողի սեղանին դրեց այնպիսի արժեքավոր մենագրական ուսումնասիրություններ, ինչպես` “Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում” (Երեւան, 1963 թ., հայերեն եւ Բեյրութ, 1974 թ., արաբերեն), “Սիրիական անկախ հանրապետության ստեղծումը” (Մոսկվա, 1968 թ., ռուսերեն), “Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում” (Երեւան, 1976 թ., ռուսերեն), “Լիբանանյան ճգնաժամը եւ Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը (1975-1982 թթ.)”, Երեւան, 1982թ. եւ այլն:

Պրոֆ. Հովհաննիսյանը ԽՍՀՄ-ում առաջիններից էր, որ միջարաբական հարաբերությունները սկսեց դիտարկել իբրեւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրության առանձին եւ կարեւոր բաղադրիչ: Իր աշակերտների հետ միասին նա սկսեց ուսումնասիրել այդ բարդ հիմնախնդիրը, որի արդյունքը դարձավ թեմատիկ առումով նրա եզակի մենագրությունըՙ “Իրաքի Հանրապետության հարաբերություններն Արաբական Արեւելքի երկրների հետ” (Երեւան, 1985 թ., ռուսերեն):

Նիկոլայ Հովհաննիսյանը լուրջ ներդրում է ունեցել նաեւ “քաղաքական իսլամի”ՙ մասնավորապես “Իսլամի քաղաքականացման եւ քաղաքականության իսլամացման” հայեցակարգի մշակման գործում: Նրա ղեկավարությամբ հայ արաբագետները Խորհրդային Միությունում առաջիններից էին, որ իրենց ուսումնասիրություններում կենտրոնական տեղ հատկացրին խսլամի ակտիվացմանն ու դրա դրդապատճառների ուսումնասիրությանը: Արդյուքում տպագրվեց “Իսլամն արդի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների քաղաքական կյանքում” կոլեկտիվ աշխատությունը (Активизация ислама: характер, специфика и последствия, - в кн. Ислам в политической жизни стран современного Ближнего и Среднего Востока, коллектив авторов, Ер., 1986).

Հաշվի առնելով նրա ծառայություններն իսլամագիտության բնագավառում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը 1985 թ. Ն. Հովհաննիսյանին նշանակեց Հայաստանում իսլամագիտական ուսումնասիրությունների համակարգող:

Նիկոլայ Հովհաննիսյանի ուսումնասիրություններում կարեւոր տեղ է զբաղեցնում նրա ”Արաբական երկրների պատմություն (VIIդ.- 2005 թ.)” քառահատոր աշխատությունը, որը բացառիկ է իր նշանակությամբ: Պատահական չէ, որ այս լայնածավալ աշխատանքը 2007 թ. արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի, իսկ 2011 թ. թարգմանվեց արաբերեն եւ հրատարակվեց Հալեպումՙ իր տեղը գրավելով նաեւ արաբալեզու պատմագրության մեջ:

Նիկոլայ Հովհաննիսյանի ուսումնասիրությունների շրջանակից դուրս չեն մնացել նաեւ էթնոքաղաքական հակամարտությունների, այդ թվում եւ Ղարաբաղյան հիմնախնդրի հետազոտությունը, ինչպեսՙ “Ղարաբաղյան հիմնախնդիրը. անկախության եւ ազատության փշե ճանապարհը” (Երեւան, Վենետիկ` անգլերեն, Հռոմՙ իտալերեն), ԱՄՆ-ումՙ Մերիլենդի համալսարանում հրատարակված “Էթնոքաղաքական առճակատումներն Անդրկովկասում. նրանց արմատները եւ լուծումները” եւ այլն:

Պրոֆ. Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության հայեցակարգային հիմնախնդիրների ուսումնասիրությունը, որին նվիրված է նրա հետազոտությունների մի ամբողջ շարք: Այդ տեսանկյունից կարելի է առանձնացնել. “Հայոց ցեղասպանություն. հայասպանությունը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, հունգարերեն, ճապոներեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն”, բազմապլանային հետազոտությունը, որին ավելի ուշ ավելացան նաեւ կորեերեն եւ ռումիներեն լեզուներով հրատարակությունները: Այս հիմնարար աշխատանքն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության առաջին կարգի դիպլոմի: Նիկոլայ Հովհաննիսյանի ջանքերով միջազգային լայն տարածում է ստացել “Արմենոցիդ” եզրըՙ որպես “Հայասպանության” հոմանիշ (Նիկոլայ Հովհաննիսյան, Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է, Երեւան, “Զանգակ-97”, 2010, 263 էջ): Պրո ֆ. Հովհաննիսյանի հրատարակած աշխատությունների թիվը 563 է, որից ավելի քան 87-ը մենագրական ուսումնասիրություններ են:

Նիկոլայ Հովհաննիսյանի ակտիվ ղեկավարությամբ եւ մասնակցությամբ Արեւելագիտության ինստիտուտում ձեւավորվեց արաբագիտական տարբեր գիտաժողովներ անցկացնելու ավանդույթը: Մասնավորապես առանձնանում է 1985 թ. Երեւանում անցկացված խորհրդային արաբագետների 4-րդ համամիութենական համաժողովըՙ “Արաբական երկրների ժամանակակից քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները” խորագրով, որին մասնակցում էին Խորհրդային Միության մի շարք առաջատար արաբագետներ (Ե. Լեբեդեւ, Ն. Հովհաննիսյան, Ռ. Անդրեասյան, Օ. Կաջայա, Գ. Միրսկի, Է. Փիր-Բուդաղովա, Ե. Պիրլին եւ այլք): Այն խորհրդային արաբագետների վերջին գիտաժողովն էր, որի զեկուցումները տպագրվել են Երեւանում 1988 թ. Изучение новой и новейшей истории арабских стран между III и IV Всесоюзними конференциями арабистов (1969-1985 гг.) - в кн. Современные политические и социально-экономические проблемы арабских стран, I, Ереван, 1988.): ): Գիտաժողովի ավարտին մասնակիցների ընդունած որոշման մեջ ամրագրված է. “Գիտաժողովը փաստում է, որ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բազմիցս կազմակերպվող արաբագիտական տարբեր գիտաժողովների անցկացումը վկայում է, որ Հայաստանում գոյություն ունի արաբագիտական բարձր մակարդակի դպրոց, ինչպես նաեւ աղբյուրագիտական համապատասխան հենք եւ բարձրորակ կադրեր, որը բացատրվում է ինչպես հանրապետությունում արեւելագիտության ընդհանուր զարգացվածությամբ, այնպես էլ հայ-արաբական տարաբնույթ պատմական եւ մշակութային կապերի առկայությամբ”:

2016 թ. հոկտեմբերի 18-19-ը Կահիրեի համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետը եւ նրա կազմում ընդգրկված Հայագիտական հետազոտությանների կենտրոնը կազմակերպել էին կենտրոնի վեցերորդ միջազգային գիտաժողովը, որի ընթացքում հատուկ զեկուցում հնչեցՙ նվիրված պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական գործունեությանն ու գիտական վաստակի գնահատմանը, նրա բացառիկ ներդրմանն արաբագիտության եւ լայն առումով արեւելագիտության զարգացման գործում: “Նիկոլայ Հովհաննիսյան գիտնականը” խորագրով զեկուցմամբ հանդես եկավ Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարներից դոկտոր, պրոֆեսոր Մահմուդ Ալավին, որն իր զեկույցում նշեց. “Նիկոլայ Հովհաննիսյանը պատմաբան-գիտնական է, որը գրել է հանրագիտարանային նշանակություն ունեցող արաբական երկրների պատմության քառահատորյակը: Այս ուսումնասիրությունը խորքային վերլուծություն է, որն ընթերցողին բազմատեսակ եւ լայն գիտելիքներ ու տեղեկություններ է հաղորդում արաբական երկրների պատմության մասինՙ սկսած ամենավաղ շրջանից մինչեւ քսաներորդ դարն ընկած ժամանակահատվածը: Այդ մեծանուն գիտնականն արաբագիտության ոլորտում հեղինակել է մոտավորապես հինգ հարյուր գիրք եւ աշխատասիրություն, որոնք տպագրվել են նաեւ արաբական եւ եվրոպական երկրներում: Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ մասնագետ է եւ լայն համբավ ունի արեւելագիտության ոլորտում: Նա Հայաստանում արաբագիտության հիմնադիրն է եւ քառասուն տարուց ավելի մեծ նվիրումով ղեկավարել է այդ ոլորտը: Նիկոլայ Հովհաննիսյանը նաեւ 2007 թ. Կահիրեի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետում ստեղծված հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրներից է”:

Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ, այդ թվումՙ Սիրիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Հորդանանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ արտասահմանյան այլ երկրներից: Մեծ է նրա դերն արաբագետների մի քանի սերունդների պատրաստման գործում: Ն. Հովհաննիսյանի աշակերտներից շատերն այսօր իրենց աշխատանքն են շարունակում նաեւ ՀՀ պետական մարմիններումՙ մասնավորապես Արտաքին գործերի նախարարությունում եւ այլ դիվանագիտական հաստատություններում: Նրանց գիտելիքներն ու փորձը մեծապես օգտագործվում է պետական տարբեր մարմիններում:

Զգալի է Նիկոլայ Հովհաննիսյանի ներդրումը նաեւ հասարակական ոլորտում: Նա զբաղեցրել է խորհրդա-արաբական բարեկամության եւ մշակութային կապերի ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը, եղել է Ասիայի եւ Աֆրիկայի համերաշխության խորհրդային կոմիտեի եւ նրա վարչության անդամ, Հայ-արաբական բարեկամության ընկերության նախագահ, “ԽՍՀՄ-Իրաք” բարեկամության ընկերության փոխնախագահ, “ԽՍՀՄ-Լիբանան”, “ԽՍՀՄ-ԵԺԴՀ” բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ եւ այլն: 1975 թ. Լիբանանում բռնկված երկրորդ քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ լիբանանահայ համայնքը կանգնած էր լուրջ մարտահրավերների առջեւ, պրոֆ. Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանից Լիբանան մեկնած պատվիրակության կազմում ակտիվ դերակատարում է ունեցել համայնքին ցուցաբերած աջակցության կազմակերպման եւ դրա գոյության համար բարենպաստ քաղաքական մթնոլորտի ձեւավորման գործում:

Այս կապակցությամբ կարելի է նշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թթ.) Կարեն Դեմիրճյանի անտիպ գրառումներում Ն. Հովհաննիսյանին նվիրված հատվածը: Կարեն Դեմիրճյանը նշում է. “Ն. Հովհաննիսյանին մենք գործուղեցինք Լիբանան (այդ պատրվակի տակ նա պետք է այցելեր նաեւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներ) ավելի լայն շրջանակների խնդիրներ լուծելու համար (օգտագործելով նրա լայն կապերն այդ ռեգիոնի շատ հասարակական գործիչների հետ): Այնպես, որ նա պատվիրակության կազմում ընդգրկված էր հատուկ նպատակների համար: Եվ ի պատիվ իրեն պետք է ասել, որ նա հենց հատուկ առաջադրանքները կատարեց բավական հաջող: Մեզ, Հայաստանի ղեկավարությանը, շատ էր հետաքրքում նաեւ Խոմեյնիի վերաբերմունքը հայերի նկատմամբ: Ն. Հովհաննիսյանն, իրոք, լուրջ աշխատանք տանելով Իրանի տարբեր շրջանակների (հասարակական գործիչների) հետ, մեզ հաղորդեց, որ այաթոլլահ Խոմեյնին կվարի հայանպաստ քաղաքականություն: Ն. Հովհաննիսյանը մեր իսկ առաջադրանքով շոշափել է նաեւ գազի մատակարարման հարցը եւ ստացել դրական պատասխանՙ 1979 թ. Հայաստան գազ մղելու մասին”:

Կառավարական պաշտոնական պատվիրակությունների կազմում պրոֆ. Ն. Հովհաննիսյանն այցելել է Լիբանան, Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբիա, Հնդկաստան, Չինաստան եւ այլ երկրներ, մասնակցել Իրաքի նախագահ Ահմադ Հասան Ալ-Բաքրի, Սիրիայի նախագահ Հաֆիզ Ասադի, Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժիեի եւ վարչապետ Ռաշիդ Սոլհի, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասիր Արաֆաթի, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար եւ Հեղափոխական խորհրդի նախագահ, այաթոլլահ Խոմեյնիի հատուկ ներկայացուցիչ Մուստաֆա Չամրանի եւ այլ երկրների բարձրաստիճան պետական այրերի հետ բանակցություններին:

Պրոֆ. Հովհաննիսյանն արտասահմանյան մի շարք ակադեմիաների եւ գիտական ընկերությունների անդամ է, այդ թվումՙ Փարիզի “Արարատ” միջազգային ակադեմիայի, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի,Գերմանիայի Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Մոսկվայի Ազգային անվտանգության հիմնախնդիրների գիտությունների միջազգային ակադեմիայի, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի (Մոսկվա), Սիրիայի արաբական գիտության պատմության ընկերության, ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերության, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի եւ այլն: 1989 թ. Բրիտանական ակադեմիայի հրավերով նա գիտական ուսումնասիրություններ է իրականացրել Լոնդոնի, Օքսֆորդի եւ Էդինբուրգի համալսարաններում, Ֆուլբրայթի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 1993-1994 թթ. գիտահետազոտական աշխատանքներ է կատարել ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, իսկ 1995 թ.ՙ Մերիլենդի համալսարանում, ապա նաեւ Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի եւ Իրաքի գիտական հաստատություններում:

Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու, ՀՀ Պաշտպանության նախարարության “Սպարապետ Վազգեն Սարգսյան” եւ “Հայկական զինված ուժեր. 1992-2012”, “Բարեկամության բնագավառում ներդրման համար” (Մոսկվա) մեդալներով, ՀՀ Կառավարության “Հայոց Մեծ Եղեռն” ոսկեզօծ մեդալով, Ֆրիտյոֆ Նանսեն հուշամեդալով, ԼՂՀ “Ղարաբաղյան Շարժում” մեդալով, ՀՀ ԳԱԱ Գովեստագրով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի Պատվոգրով, “Հայաստան-Եգիպտոս. Դիվանագիտական հարաբերություններ. 15 տարի. Բարեկամություն եւ Համագործակցություն” մեդալով: 2015 թ. Արեւելագիտության ինստիտուտը Ն. Հովհաննիսյանին շնորհեց շնորհակալագիրՙ ընդգծելով վերջինիս ներդրումը համայն աշխարհում հայրենական արեւելագիտության մասնագիտական համբավի տարածման գործում: 2015 թ. հոկտեմբերի 28-ին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ եւ ԼՂՀ մատուցած ծառայությունների համար Նիկոլայ Հովհաննիսյանը պարգեւատրվեց “Երախտագիտություն” մեդալով: 2016 թ. հունվարի 23-ին “Հայրենիքին մատուցած ծառությունների համար” պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը պարգեւատրվեց նաեւ 2-րդ աստիճանի մեդալով:

Քեմբրիջի (Անգլիա) Միջազգային Կենսագրական Կենտրոնը հայ մեծանուն գիտնականին 2004 թ. հռչակել է “Աշխարհի առաջատար գիտնական”, 2005-ինՙ ճանաչել “XXI դարի ականավոր գիտնական”, իսկ 2009 թ.ՙ ներառել “100 բարձրակարգ գիտնականների” ցանկում:

Շնորհավորում ենք պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն եւ գիտական նորանոր ձեռքբերումներ, որոնք կհարստացնեն ու կհամալրեն հայրենական արեւելագիտության նվաճումները:

Ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ նախագահ

Ակադեմիկոս ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Ակադեմիկոս ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն

2020-06-06 01:07:23


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ