RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-30 22:40:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 479, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՌԱԿՏՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆ ՕՊԵՐԱՅՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հերթական անակնկալը մատուցեց: Ոչ միայն օպերան, հանրությունը եւս ցնցվեց հերթական լուրից. Նազենի Ղարիբյանը մայիսի 22-ին ընտրվել է օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Արտագնա նիստը հրավիրվել է մշակույթի նախարարությունում: Խորհրդի անդամներից 4-ը նախարարությունից են, երկուսըՙ օպերային թատրոնից, մյուս երկուսը կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն են: Արամ Սաթյանը հիվանդ լինելու պատճառով նիստին ներկա չի եղել, իսկ մյուս 7-ը քվեարկել են նախագահի միակ թեկնածու Նազենի Ղարիբյանի օգտնին: Ի դեպ, օպերային թատրոնի արտիստները քվեարկությամբ են բալետային արտիստ Սերգեյ Սաֆարյանին եւ օպերային երգիչ Պերճ Խարազյանին ընտրել կառավարման խորհրդի անդամ: Նազենի Ղարիբյանն իրենց հարազատ թատրոնը տակնուվրա է արել, իսկ երկու արտիստները գնացել ու իրենց ձայնը հոժարակամ տվել են նրան:

Այս փաստը թատրոնի կոլեկտիվին խիստ վրդովեցրել ու վիրավորել է: Ախր ինչպե՞ս. արդեն մի քանի ամիս այդ կնոջ պատճառով թատրոնի բնականոն կյանքը խաթարվել է, նա սառնասրտորեն աշխատանքից ազատեց տնօրեն Կոնստանտին Օրբելյանին, Ղարիբյանի փաստարկներին ի պատասխանՙ իրենք հակափաստարկներով լի նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին ու արդեն 2 ամիս սպասում են նրա պատասխանին: Ոչ մի պատասխան: Բայց արի ու տես, որ իրենց «հազար տարվա» ընկերները մեծ հաճույքով Նազենի Ղարիբյանին ձայն են տվել:

Ի դեպ, Կոնստանտին Օրբելյանն օրերս դատի է տվել Ղարիբյանին: Հապաղել չէր կարող, որովհետեւ իրեն աշխատանքից ազատելու օրվանից ոչ ավելի, քան երկու ամսվա ընթացքում կարող էր դիմել դատական ատյաններին, ուշացնելու դեպքում Օրբելյանն այդ իրավունքից կզրկվեր: Փաստորեն, մի կողմից դատական գործընթացն է սկսվելու, մյուս կողմից Նազենի Ղարիբյանն օպերային թատրոնի կառավարման խորհուրդն ի պաշտոնե ղեկավարելու է: Ի դեպ, մինչ այդ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն է այդ պաշտոնում ընտրված եղել: Օպերային թատրոնում նաեւ այդ հարցն առաջ քաշվեցՙ ինչո՞ւ պետք է խորհրդի ղեկավարը նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները լինեն, ոչ թե թատրոնի ներկայացուցիչները, սա դեռ բավական չէ, խորհրդի կազմում մեծամասնություն կազմում է ոչ թե օպերային թատրոնը, այլ նախարարությունը: Իհարկե, նախկին իշխանությունների օրոք այս հարցը երբեք բարձրաձայն չի հնչել. թատրոնում միայն հիմա են համարձակվում նման խնդիրներ առաջ քաշել, անգամ կանոնակարգ փոխելու մասին են խոսում: Դա ապագայում, իսկ հիմա օրակարգային է կառավարման նիստի արդյունքները չեղարկելու պահանջը: Դիրիժոր Հարություն Արզումանյանն իրավացիորեն զարմանում է. «Հունիսի 3-ին կառավարության նոր կազմը կհաստատվի, ինչո՞ւ այսքան շտապ ընտրություն կազմակերպվեց. միգուցե Ղարիբյանն ընդհանրապես կառավարության կազմում չի մնալու: Այս հապճեպ գործողությունն ի՞նչ նպատակով էր»:

Սերգեյ Սաֆարյանն ու Պերճ Խարազյանը Նազենի Ղարիբյանին կողմ են քվերակել, ու այդ փաստը խիստ զայրացրել է իրենց ընկերներին: Նրանք ոչ մի բացատրություն, ոչ մի արդարացում չեն գտնում. ի վերջո, ինչպե՞ս կարող էին իրենց հարազատ թատրոնը քանդող մարդու օգտին ձայն տալ: Պարզ է, որ եթե անգամ դեմ քվեարկեին, իրենց ձայներն ընտրության վերջնարդյունքի վրա չէին ազդելու, միեւնույն է, Ղարիբյանն անցնելու էր, բայց ո՞ւր մնաց արժանապատվությունը, համերաշխությունը, միասնականությունը: Պերճն ու Սերգեյը հավատացած են, որ Նազենի Ղարիբյանը կառավարությունում իրեց թատրոնի խնդիրների մասին կբարձրաձայնի, ծրագրային, կառուցողական առաջարկներ կանի: Նրանց գործընկերները պարզ հարց տվեցին. «Իսկ ո՞ւմ է լսելու Ղարիբյանը, ովքեր են այդ հարցերը բարձրաձայնելու, որ ինքն էլ դրանք կառավարությանը ներկայացնի: Չէ՞ որ թատրոնի հետ նա կամուրջներն այրել է, նրա հետ նոր հանդիպումները, քննարկումները մոտ ապագայում բացառվում են: Որեւէ շփում նրա հետ չի լինելու: Մարդ, որն օպերային թատրոնի համար անցանկալի է, մերժելի, անընդունելի, ինչպե՞ս է կառավարելու այդ նույն թատրոնի խորհուրդը: Մարդ, որը ոչ մի պրեմիերայի ներկա չի եղել, օպերետը բալետից չի տարբերում, չի ճանաչում արտիստներին, ի՞նչ գործ ունի այդ նույն թատրոնում եւ ի՞նչ իրավունքուվ է խառնվելու նրա գործերին: Նրան հրավիրել էինք նաեւ այսօրվա հավաքին: Ո՞ւր է, ինչո՞ւ չի եկել»: Արտիստները ցավում էին, որ Պերճն ու Սերգեյը հավատացել են Ղարիբյանի խոսքերին, թե նա իրենց սրտացավ ներկայացուցիչն է լինելու կառավարությունում: Նրանց նաեւ զարմացրել էր, որ կառավարման նիստը տեղի է ունեցել ոչ թե օպերային թատրոնում, ինչպես ընդունված է, այլ մշակույթի նախարարությունում, եւ նիստի մասին բոլորն իմացել են միայն արդյունքները հրապարակելուց հետո: Մինչ այդՙ որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ նիստ է հրավիրվելու:

«Կներես, Պերճ ջան, բայց ձեր արածը դավաճանություն է: Հավատալ ու ձայն տալ մի մարդու, որը քանդեց մեր թատրոնը, աբսուրդ է ուղղակի: Ու ասեմ ավելին, Նազենի Ղարիբյանին հաջողվեց նաեւ հազար տարվա ընկերներին իրար դեմ հանել, պառակտել մեր կոլեկտիվը: Հիմա մենք որ այսքան լարված ենք ու իրար դեմ ենք ելել, Նազենի Ղարիբյանն է մեղավոր»,- վրդովվեց թատրոնի արտիստներից Հայկ Տիգրանյանը :

Օպերային թատրոնի կոլեկտիվը որոշեց հետ կանչել Պերճ Խարազյանին ու Սերգեյ Սաֆարյանին, նրանք այլեւս իրենց ներկայացուցիչը չեն լինելու կառավարման խորհրդում: Իրենք նոր թեկնածուներ կառաջադրեն ու կքվեարկեն: Իսկ նոր ներկայացուցիչները պարտավորվելու են պահանջել, որ մայիսի 22-ի նիստի արդյունքները չեղարկվեն ու անվստահություն հայտնեն Նազենի Ղարիբյանի նկատմամբ: Միայն այդ պարտավորությունը հանձն առնողները կդառնան օպերային թատրոնի ընտրված թենածուները կառավարման խորհրդի կազմում:

Շատերն իրենց ելույթում նշեցին, որ Պերճ Խարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը երկար տարիներ ծառայել են թատրոնին ու արվեստին, բայց հիմա նրանց դեմ բողոքի ալիք է բարձրացել: Իրենց հազար տարվա ընկերներին քննադատողներն ու դատապարտողները քիչ չէն: Կոնֆլիկտային լարված իրավիճակում, սակայն, արտիստները սթափ դատել կարողացան: Սա թատրոնը մասնատելու, կուռ, միասնական անձնակազմի մեջ պառակտում սերմանելու քայլ էր: Օրբելյանին պաշտոնից ազատելուց ամիսներ է անցել, բայց օպերային թատրոնը համախմբված է, չի կոտրվում, հաստատակամորեն պահանջում է վերանայել որոշումը, Ղարիբյանին ազատել պաշտոնից, պատժել ու մոտ չթողնել թատրոնին: Այստեղ որեւէ զիջման մասին խոսք լինել չի կարող. բացի Օրբելյանից, այլ տնօրենի անունն անգամ չեն ուզում լսել: Ցախավելի պատմությունն է: Բոլորին հատ-հատ են ուզում ջարդելՙ սկզբում տարաձայնություն, պառակտում մտցնլով թատրոն: Ինչ խոսք, փորձված մեթոդ է: Տեսնեքՙ օպերային թատրոնի դեպքում կաշխատի՞:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ