RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 285, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ

1998 թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայում, Կրեմլի մեծ համերգասրահում տեղի էր ունենում աշխարհում ամենահայտնի հայորդուՙ Շարլ Ազնավուրի մենահամերգը: Ես ու կինս Հայոց թեմի առաջնորդից հրավիրատոմս էինք ստացել: Չափազանց երջանիկ պահեր ապրեցինք համերգի ընթացքում, դժվար էր հասկանալ, թե 75-ամյա Ազնավուրը ինչ տեմպերամենտով, երիտասարդական ավյունով, իր անսովոր ձայնով, անվերջ հմայքով, հազարավոր հանդիսատեսով սրահը մոտ երեք ժամ քարացրած, շշմեցրած, հիպնոսացրած պահում էր իր ձեռքում: Ես առաջին անգամ էի լսում կենդանի Ազնավուրին: Հեռավոր 1966 թ. պարտնոմենկլատուրային Հայաստանում ոչ ինձ, ոչ մանավանդ հորսՙ Վիգեն Իսահակյանին, որը շատ լավ էր ճանաչում Շարլին Փարիզից 1926-1936 թվականներից, գեթ մեկ տոմս բաժին չհասավ, որպեսզի խորհրդային պարտիական ջոջերի եւ նրանց ընտանիքի անդամների կողքին նստած լսեցինք մեր պաշտելի Շարլին: Եվ ահա 32 տարի անց Մոսկվայում, Կրեմլյան թատրոնի դահլիճում մենք հասանք մեր երազանքին:

Համերգը վերջանում է, ես եւ կինսՙ Ռուզանը, թեմի առաջնորդը, հայտնի ակնաբույժ պրոֆեսոր Անժելովը, «Յունիստրիմ» բանկի ղեկավարի եւ էլի մի քանի մեր հայրենակիցների հետ շտապում ենք բեմի ետնամասում գտնվող փոքրիկ սրահըՙ անձնապես շնորհավորելու մեծ վարպետին:

Շարլը շատ սիրով մեզ բոլորիս ընդունեց, մուգ շագանակագույն կոստյում էր հագած, փողկապը հանած, ձեռքին մի գավաթ գարեջուր, որ երբեմն մի-մի կում համտես էր անում:

Երբ անձնապես սեղմեցի մեծ վարպետի ձեռքը, համարձակություն առա եւ ասացի. «Վարպետ, Դուք կարծեմ շատ երիտասարդ տարիքում ճանաչել եք իմ մեծ հորըՙ Ավետիք Իսահակյանին»:

Շարլը շատ աշխույժ ընկալեց ասածսՙ ինչպես թե չէ, պապդ իմ հորսՙ Միշոյի մոտ ընկերն էր Փարիզում: Հայրս Փարիզում ուներ հայկական ու վրացական խոհանոցի մի փոքր ռեստորան, ուր եւ կովկասյան նվագախումբ կար: Պապիկդ ասանկ սուր մորուք ուներ, բեղեր, ես գիտեի պարոն Ավետիքը հայտնի դեմք էր հայկական շրջաններում, հայրս, պապդ, ընկերներով հաճախ սուրճ էին խմում, ծխում, իսկ ես պարի հրապարակում տարբեր ակրոբատիկ թռիչքներ, շարժումներ էի անում, եւ բառը հայերեն գտնելովՙ Շարլն ուրախացած ասացՙ գլուխկոնծի էի տալիս: Եվ ձեռքի շարժումով ցույց տվեց գլուխկոնծին:

Ձեզ լավ հիշում է նաեւ հայրսՙ Վիգենը, որը Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել է Երեւանումՙ 1966 թվին, «Արմենիա» հյուրանոցում:

Հիշում եմ, հիշում:

Իսկ Ձեր հայրըՙ Միշոն, եղել է մեր տանը Երեւանում 1962 թվին, հանդիպել տատիկիսՙ Սոֆիայի հետ եւ նվիրել Ձեր առաջին ձայնասկավառակներից մեկը, Ձեր մեծ լուսանկարով, երկնագույն ֆոնի վրա: Ի միջի այլոց, Վարպետ, կուզենայի Ձեզ ծանոթացնել կնոջսՙ Ռուզանի հետ, որը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի թոռն է, ունենք նաեւ երկու երեխա:

Ազնավուրը սիրով սեղմեց Ռուզանի ձեռքը եւ ասաց.

«Ինչ լավ կամուրջ եք ստեղծել երկու մեծ հայերի միջեւ: Ուրախ եմ անկեղծ»:

Ռուզանը մի երկու խոսք էլ շնորհակալություն հայտնեց ֆրանսերեն լեզվով:

Եվ Շարլն ասաց. «Սպասեք, ես ձեզ ծաղիկներ պիտի նվիրեմ»: Սենյակում մի քանի գեղեցիկ ծաղկեփունջ կար: Եվ Շարլն ընտրեց երեւի ամենագեղեցիկը, մեծ սպիտակ վարդերով մի ծաղկեփունջ, եւ բարի ժպիտը աչքերում նվիրեց Ռուզանին: Հենց այդ վայրկյանին մեզ նկարեցին եւ հետո մենք երեքով մեկ անգամ եւս նկարվեցինքՙ Շարլը մեջտեղում, Ռուզանը սրտին սեղմած Շարլի նվիրած սպիտակ վարդերով ծաղկեփունջը:

Հրաժեշտ տալու պահին թեմի առաջնորդը համբուրեց Շարլի ձեռքը եւ երբ ես էի հրաժեշտ տալիս Վարպետին, սրբազանից օրինակ առա եւ համբուրեցի Շարլի ձեռքը: Սա աշխատավոր, ջլուտ, ասես ամեն օր բահի հետ գործ ունեցող մարդու ձեռք էր:

Համբուրեցի, հստակ գիտակցելով, որ բախտ ունեցա մի պահ հպվելու աշխարհի ամենաարժանավոր հայ մարդու ձեռքին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ