RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 14-11-2014



ՀԵՌԱԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2014-11-13 21:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1293, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՐԴԵՐ ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈՒՀՈՒՑ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Վանեսա Զահորիանը բալետի, ամուսնու եւ զարդագործության մասին

Առաջին անգամ երիտասարդ ամերիկացի պարուհի Վանեսա Զահորիանին հանդիպեցի երեք տարի առաջ, Սան Ֆրանցիսկոյում, մի մասնավոր հավաքույթի ժամանակ: Նույնիսկ բեմից դուրս վիճակումՙ նրա շարժումները, կեցվածքը եւ նազանքը վկայում էին նրա առաջնակարգ բալետի պարուհի լինելը: Մեր համոզմունքն ամրապնդվեց, երբ անցյալ տարի Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում մեծ հաճույքով դիտեցինք Վանեսայի եւ ամուսնուՙ Դավիթ Կարապետյանի փայլուն կատարումը «Դոն Կիխոտ» բալետի բեմադրության մեջ: Մեկ ներկայացման մեջ միանգամից երկու գերազանց բալետի արտիստների հյուրընկալելն իսկական տոն էրՙ առաջնակարգ կատարողներով չշփացած բալետի հայ երկրպագուների համար...

Վանեսա Զահորիանը ծնվել է Ալենթաունում (Փենսիլվանիա), ուսանել Վաշինգտոնի Կիրով բալետի ակադեմիայում եւ Կենտրոնական Փենսիլվանիայի երիտասարդական բալետում: Սանկտ Պետերբուրգի Կիրովի (Մարիինյան) թատրոնի բալետի խմբում գործնական դասընթացների մասնակցելուց հետո 1997-ին միացել է Սան Ֆրանցիսկոյի բալետի խմբին: Երկու տարի անց դարձել է խմբի մենապարուհի եւ գլխավոր մենապարուհիՙ 2002 թվականին: Զահորիանը հանդես է եկել ինչպես դասական երկացանկում («Ժիզել», «Մարդուկ-Ջարդուկը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Քնած գեղեցկուհին», «Կարապի լիճը», «Դոն Կիխոտ», «Կոպելիա»), այնպես էլ ժամանակակից բալետումՙ Բալանչինի, Քրանքոյի, Բինթլիի եւ այլոց բեմադրություններում: Հատուկ նրա համար ստեղծվել են դերեր Էլոյի «Կրկնակի չարիք», Փեյջի «Ուղեցույց դեպի տարօրինակ վայր», Պոսոխովի «Միաձուլում», Թոմասոնի «Կապույտ վարդ», «Պագանինիի թեմաներով», «Տրիո» եւ այլ բեմադրություններում...

Որպես հյուր պարուհի Զահորիանը հանդես է եկել աշխարհի տարբեր պարախմբերի հետ: 1996 թ. Բուդապեշտում կայացած միջազգային բալետի 2-րդ մրցույթում նա ճանաչվել է լավագույն երիտասարդ մենակատար, 1999 թ. շահել է «Էրիկ Բրուն» մրցանակը, 2006-ին Դավիթ Կարապետյանի հետ ճանաչվել լավագույն բալետային զույգ Ջեքսոնում (Միսիսիպի) կայացած ԱՄՆ-ի բալետի միջազգային մրցույթում, իսկ 2012 թվականին արժանացել Այսեդորա Դունկանի հատուկ պարային մրցանակինՙ «Ժիզելի բազմաթիվ դեմքերը» բեմադրության գլխավոր դերի համար:

Համացանցով Վանեսայի հետ իմ հարցազրույցի առիթը նրա գործունեության նոր ոլորտն է...


- Վանեսա, գիտեմ, որ կարող է քեզ հոգնեցրած լինի իմ առաջին հարցը, բայց քանի որ մեր հարցազրույցը հայ մամուլի համար է, խնդրում եմ նախ բացատրիր քո ազգանվան վերջավորությունը...

- Իմ ազգանվան «իանը» չեխակյան ծագում ունի: Երբ նախատատիկս Չեխոսլովակիայից ներգաղթել է Էլիս Այլենդ, նրա Zahorjan ազգանունն ավելի հեշտ արտասանելի դարձնելու համար գրել են Zahorian:

- Անցյալ նոյեմբերին դու ու Դավիթը մի անմոռանալի օր պարգեւեցիք Երեւանի բալետի երկրպագուներին: Այն քեզ համար նո՞ւյնպես անմոռանալի էր:

- Հենց այդպես, երեւանյան մեր ելույթն ամոռանալի էր իմ կյանքում մի քանի առումով: Շատ հատուկ բան էր ինձ համարՙ բեմում լինել ամուսնուս կողքին նրա հայրենի քաղաքում եւ հանդես գալ ընդամենը մեկ ելույթով: Երբ նրա ընտանիքի անդամներն այնտեղ նստած դիտում են մեզ եւ աջակցում: Նաեւ շատ հատուկ զգացողություն էրՙ տեսնել Դավթի հորն ու մորը նրա պարը դիտելիս, քանի որ ինձ հայտնի է նրա ընտանիքի պարային պատմությունը (Դավթի հայրըՙ պարող Ռաշիդ Կարապետյանը, պրոֆեսիոնալ վնասվածքի պատճառով թողել է բեմը եւ ի վիճակի չէ ճամփորդել - Ա. Բ.): Նրա հայրը երբեք չէր տեսել որդուն բեմի վրա, պրոֆեսիոնալ պարող դարձած, եւ կարող եմ պատկերացնել, թե որքան հատուկ զգացողություն էր դա ծնողի համար վերջապես դիտել զավակին որպես կայացած պարող: Ինձ համար պատիվ էր այս պատմության մի մասը կազմելը, եւ սովորական բան չէ, երբ միջազգային աստղեր են ելույթ ունենում Երեւանում: Մենք շատ հաջող ելույթ ունեցանք, մեր մեջ կար հիանալի փոխըմբռնում, հիանալի ֆիզիկական պատրաստվածության մեջ էինք, զգում էինք բոլոր պարողների եւ լսարանի հիանալի աջակցությունը...

- Մեկ այլ հարց, որի մասին թերեւս նույնպես ձանձրացել ես խոսել, բայց ես չեմ կարող ինձ զսպել եւ չխնդրել քեզ պատմել այն պատմական պահի մասին, երբ Դավիթը բեմում քեզ ամուսնական մատանի տվեց...

- Երբ Դավիթն ինձ առաջարկություն կատարեց բեմումՙ ծունկի իջած Ռոմեոյին եւ Ջուլիետին պատկերելու պահին, այդ օրն ամենից հետաքրքրականն ու ամենաերջանիկն էր իմ կյանքում: Ես այնքան զարմացա ու հուզվեցի, որ Դավիթը ցանկանում է իր կյանքի մնացած մասն անցկացնել ինձ հետ եւ իր սերը խոստովանում է երեք հազար մարդու առջեւ: Կյանքի լավագույն օրն էր: Ես ստացել էի այն, ինչ ուզում էի:

- Դավիթն ու դու հրաշալի բալետային զույգ եք: Նա կարծես թե կատարյալ զուգընկեր է բեմում: Կարո՞ղ ենք նույնն ասել կյանքի մասին:

- Դավթի հետ բեմում աշխատելը սքանչելի է: Նա կրքոտ է, սիրող, հոգատար: Իրական կյանքում նա նույնպես այդպիսին է: Կրքոտ է, սիրող եւ հոգատար: Մենք լավագույն ընկերներ ենք ու մեծապես աջակցում ու օգնում ենք միմյանց: Դավիթն օգնում է ինձ հանդարտ մնալ, քանի որ ես շատ հախուռն եմ: Մենք լրացնում ենք մեկմեկու:

- Հայ բալետային արվեստին ծանո՞թ ես: Չէի՞ր ուզի հանդես գալ հայ ազգային բալետի որեւէ ստեղծագործության մեջ:

- Կուզեի պարել Արամ Խաչատրյանի որեւէ բալետում: Նրա երաժշտությունն այնքան հզոր է ու խորը: Գուցե ամուսինս ապագայում որեւէ բան բեմադրի նրանից: Հայ բալետի արտիստներից ճանաչում եմ Ռուդոլֆ Խառատյանին, ունեմ երկու նմուշ նրա նկարչական աշխատանքներից: Նա լավ ընկեր է ու իմ նախկին ուսուցիչը, երբ 1993-1994 թթ. ուսանում էի Վաշինգտոնում:

- Վերջին մեկ տարում բալետի պարուհու քո աշխատանքին զուգորդվել է մեկ այլ բնագավառՙ զարդագործությունը: Եվ ինչպե՞ս:

- 2013-ին Սան Ֆրանցսիկոյում ապրող իմ ընկերուհի Գոհար Բարսեղյանը Հայաստանից բերեց զարդեր, որոնք ես շատ հավանեցի: Նա հիմնեց «Պարող վարդակակաչ» ոսկերչական ընկերությունը, իսկ ես օգնում եմ նրան խթանել իր աշխատանքը: Կարծում եմ, որ սա մեծ ապագայի սկիզբն է: Այն դեռեւս վաղ փուլում է, սակայն մենք սիրով ենք մասնակցում այս գործին: Իմ գաղափարներով ես փորձում եմ ինչ-որ կերպ օգնել նրան, եւ ինձ համար շատ հաճելի է զարդեր կրելով լուսանկարվել, կիրառել իմ գեղարվեստական ու ստեղծագործական աչքը զարդերի հանդեպ: Ոսկերչական արվեստը քնքուշ ու նուրբ է, ճիշտ պարի պես: Կարելի է մեծ կապ տեսնել զարդերի ստեղծագործական գործընթացի եւ բալետի միջեւ: Բալետի պարուհին ժամերով պարապում էՙ հասնելու համար կատարելության, անընդհատ վնասում է ոտքերը... իսկ զարդ պատրաստողներն անընդհատ ասեղով հավաքում են ուլունքները, մինչեւ որ վերջում դառնում է կատարյալ մի զարդ: Երկուսն էլ շատ աշխատատար են, պետք է կամքի մեծ ուժ ունենալ: Արդյունքում ստացվում է նուրբ մշակված մի պար եւ նուրբ մշակված մի զարդ:

- Իսկ ո՞ւմ հետ եք համագործակցում:

- Հայաստանաբնակ վարպետների: Նելլի Թումանյանը պատրաստում է ուլունքաշար եւ հելունագործ վզնոցներ, Թագուհի Բարսեղյանըՙ խայտաբղետ ժանեկատիպ մանյակներ: Մենք նաեւ վաճառում ենք Մարի Ադամյանի ձեռագործ շարֆերը: Մեզ մեծ օժանդակություն է ցույց տալիս Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը, հատկապես Սուրբ Հովհաննես եկեղեցու անդամները: Մայրերի օրվա առթիվ նրանք միջոցառում կազմակերպեցինՙ ներկայացնելով մեր զարդերը: Ինձ համար հաճելի էր միջոցառման մասնակիցների հետ կարողանալ կիսել Հայաստանի կանանց օգնելու իմ պատրաստակամությունը: Հայ կանանց միջազգային ընկերակցությունը մեզ մի փոքր վարկ տրամադրեց, երբ նրանք հասկացան, թե որքան ջանք ենք մենք ներդնումՙ օգնելու համար Հայաստանի զարդագործներին: Վարկի շնրոհիվ կարողացանք գնել որակյալ հումք եւ ուղարկել Հայաստան, որպեսզի նրանք կարողանան ստեղծել ավելի որակով մանյակներ: Տարբերությունը բավական ակնհայտ է: Հայաստան ուղարկած մեր Սվարովսկի ֆիրմայի ուլունքների շնորհիվ նոր աշխատանքները դարձան շատ ավելի պայծառ, կենդանի, եւ ավելի մեծ թվով կանայք ցանկացան ձեռք բերել դրանք: Հուսով ենք, որ «Պարող վարդակակաչ» ընկերությունը կաճի եւ կարող է աջակցել շատ ավելի մեծ թվով զարդագործների Հայաստանում (եւ ոչ միայն նրանց): Մեզ հետաքրքիր կլինի նաեւ ներմուծել ձեռքով պատրաստված օճառներ, մաշկի խնամքի պարագաներ, որոնք պատրաստված կլինեն Հայաստանում աճող հրաշալի բույսերից:

- Ենթադրում եմ, որ ընթերցողներն ուրախ կլինեն պատվիրել գեղեցիկ զարդեր, որոնք գովազդում է բալետի գեղեցիկ պարուհին: Ինչպե՞ս կարելի է դա իրականացնել:

- Զարդերը կարելի է տեսնել Ֆեյսբուքումՙ Dancing Tulip Jewelry էջում, ինչպես նաեւ www.dancingtulip.com կայքէջում:

Լուսանկարը` Էրիկ Թոմասոնի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ