Թեեւ աշխարհաքաղաքականություն բառը համեմատաբար նոր եզրույթ է, սակայն որպես քաղաքական երեւույթՙ շատ է հին, ամրագրված եւ լավ ուսումնասիրված համաշխարհային պատմագիտության մեջ: Հայերս դրան առաջին անգամ առնչվել ենք, դժբախտաբար որպես խնդրարկու, 1878 թ.ին, Բեռլինի վեհաժողովում, Խրիմյան Հայրիկի քովնտի մասնակցությամբ, ու հեռացել այնտեղից գրեթե ձեռնունայն, բայց դառնահամ դասերով իմաստնացածՙ «երկաթե շերեփի» հայտնի տեսությամբ: Ասացի իմաստնացա՞ծ: Չեմ կարծում: Մեր ինքնասիրահարված ղեկավարները, առավել եւս ինքնակոչ ղեկավարները, սովորաբար հակված չեն եղել ու չեն դաս սովորելու, տնային աշխատանք կատարելու:
Ապացույցը Ղազախստան զորախումբ ուղարկելու վերջին արկածախնդրությունն էր, բառի նաեւ քաղաքական իմաստով, քանզի չգիտենքՙ այն ի՞նչ տվեց եւ ի՞նչ է տալու մեզ, նկատի ունեմՙ մեր երկրին, որը տվայտվում է անավարտ պատերազմի, նորանոր զոհերի, տնտեսական տագնապի ու երկրից զանգվածային փախուստի, անապահովության, անորոշության ու հարակից տագնապների մեջ, սակայն դեռեւս շարունակում է երազել «խաղաղության դարաշրջանի» մասին, միայնակ երազել: Իսկական քաղաքական գիջություն, օնանիզմ:
Դեռեւս հստակ չէ Ղազախստանի Ջանաոզեն քաղաքում հունվարի 2-ին բռնկած քաղաքացիական հրդեհը արտաքին հրձիգության հետեւա՞նք էր, թե՞ սոցիալական ներքին պայթյուն, որը կայծակի արագությամբ տարածվեց երկրով մեկ: Հստակ եւ համոզիչ էր միայն, որ էներգակիրներով գերհարուստ այդ երկրում, որտեղ ավտոմեքենաների 90 տոկոսը հեղուկ գազով է աշխատում, վառելիքի սուբսիտացիայի վերացման եւ գնի բաց թողնման հետեւանքը ծանր էր ազդելու ազգաբնակչության վրա, որն արդեն կենսամակարդակի սարսափելի բեւեռացման եւ, գլխավորությամբ Նազարբաեւ գերդաստանի, օլիգարխիացման պայմաններում, հակառակ առեւերույթ կայունության, ուժգին պայթյուն էր առաջացնելու, որի ազդանշանը տրվել էր դեռեւս 2014-ի սահմանափակ ընդվզումի ցույցերով:
Բոլորին է հայտնի, որ սոցիալ-տնտեսական նման պայմանները բարեբեր հող են արտաքին միջամտություններիՙ դավադրական եւ հրահրողական գործողությունների համար, մանավանդ մի երկում, որի հարուստ ընդերքում կա գազ, նավթ, ուրան, պղինձ… Մի երկիր, ռազմաքաղաքական առումով շատ գրավիչ, որը Բելառուսից հետո ամենասերտ հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ, որին սահմանակից է 7600 կմ երկարությամբ եւ որի հետ ունի միջուկային զենքի ու հրթիռների փորձարկման եւ տիեզերական հետազոտությունների կենտրոններ, որոնցից ամենահայտնին, Բայկոնուրն է, որի վարձակալության դիմաց Մոսկվան տարեկան վճարում է 115 մլն դոլար: Հետեւաբար անկասկած էր, որ այժմ Ռուսաստանը պարփակելու արեւմտյան նոր, ավելի շուտ նորացված «Անակոնդա» ծրագիրը ի գործ դնող երկրները անմիջականորեն զբաղվեին Ղազախստանով, գործակալական ցանցերի միջոցով, տնտեսական ու քաղաքական, ինչպես նաեւ լրատվական-քարոզչական իրենց լծակներով: Չի բացառվում նաեւ Թուրքիայի շահագրգռության բորբոքումըՙ համաթուրանականության իր երազի ճանապարհին:
Արտաքին միջամտության ավելի ստույգ ապացույցներ հավանաբար երեւան կգան հետագայում, մինչ այդՙ երկիրը, թվում է, գնում է դեպի կայունությունՙ շնորհիվ ոչ միայն նախագահ Ջոմարդ Տոկաեւի զիջումների, կառավարության լուծարման, «Ծերուկի» (երկրի իրական տիրոջՙ Նուրսուլթան Նազարբաեւին այդպես են անվանում ղազախները) պաշտոնազրկման եւ այլ հրամանագրերի, այլեւՙ ՀԱՊԿ 3500-ի հասնող «խաղաղարար» զորքերի ներկայության, որն իմ տպավորությամբ ոչ այնքան ուժային, որքան քաղաքական-զգացական ներգործություն ունեցավ ազգաբնակչության վրա:
Բոլորիս է հայտնի նաեւ, որ խռովություններին կայծակնային արագությամբ հաջորդած արձագանքը, Տոկաեւ-Պուտին պայմանավորմամբ եւ ձեւակերպման համար անցնելով Երեւանից, մեկ անգամ եւս ցույց տվեց ի լուր ամենեցուն, որ դրության տերը մնում է Մոսկվան, գոնե ռազմաքաղաքական տեսակետից, տնտեսականը արդեն զիջած լինելով Չինաստանին:
Եվ հիմա, այս իրադրության մեջ, ցցվում է մեզ համար կարեւորագույն հարցը, որի շուրջ տարբեր հարթակներում թեր եւ դեմ կարծիքներն են բախվում, ինչպես մեր թերթի ներկա համարի տարբեր էջերում. պե՞տք էր մեր երկրին այսքան պատրաստակամ ընդառաջ գնալ իսկապե՛ս աշխարհաքաղաքական գործընթացի, երբ չգիտենք, չենք խորաչափել չհաշվարկված այդ ռիսկի հետեւանքները մեզ համար: Անշուշտ գիտենք, աշխարհաքաղաքականությունը չի կարող շրջանցել մեզ, մենք էլ չենք կարող խուսափել դրանից: Եվ ահա այստեղ է առաջ գալիս կամ կրկնվում գլխավոր հարցըՙ կարո՞ղ ենք նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում օգուտ, շահ, առավելություններ բերել մեր երկրին: Հայոց Հայրիկի պատմական դասըՙ թղթի փոխարեն երկաթի՛ն ապավինելու դասը սովորե՞լ ենք, ի վիճակի՞ ենք կիրառել: Չեմ կարծում: Դեռեւս: