Ասմունքելու հանդեպ մեծ սեր ունի վարչապետ Փաշինյանը: Անհասկանալի բոլոր իրավիճակներից պատվով դուրս գալու համար հաճախ է հայ մեծանուն գրողներից մեջբերումներ անում ու քաղաքական ամբիոնը գրական զեղումների համար օգտագործում: Կառավարության հետ Ազգային ժողովի հերթական հարցուպատասխանի ժամանակ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունն է հիշել: Ասմունքելն ու գրական ճաշակ ունենալն, իհարկե, ողջունելի է, արգահատելի է սակայն, երբ, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի պաշտոնավարող նախարարը (այժմ նախկին) թումանյանական քառյակի 4 տողերը թղթից է կարդում: Պատգամավորների մի մասն էլ մեծանուն բանաստեղծի ստեղծագործություներից գոնե մի քանի տող մտաբերել չի կարողանում:
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ին, պատգամավորներին խնդրում եմ ինչ-որ բան կարդալ ամենայն հայոց բանաստեղծի գործերից, ու դրանք, ամփոփելով մի հրապարակման մեջ, հրամցնում եմ ընթերցողին: Բացի քաղաքական գզվրտոցները, միմյանց վրա շիշ շպրտելու տեսարանները, ԱԺ դահլիճում ամենավերջին հայհոյանքը լսելըՙ քաղաքացին, որի քվեով է իշխանություն ձեւավորվել, իրավունք ունի իմանալու, թե գրական, մշակութային ինչ ճաշակ ունեն երկրի կառավարմամբ զբաղվողները: Նախորդ տարի «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորներից մեկին, որ այժմ նույնպես պատգամավոր է «Քաղաքացիական պայմանագրից», խնդրեցի գոնե մի քառյակ կարդալ Թումանյանից: Տիկինը նախ կարկամեց, ապա խիստ բարկացած տոնով վրա բերեց. «Կարո՞ղ ա գիտեք խորհրդարան ասմունքելու համար ենք եկել: Մենք այստեղ լուրջ գործերով ենք զբաղված»:
Թե ինչ կարեւոր գործի մասին էր ակնարկում տիկին պատգամավորը, այդպես էլ չհասկացա, քանզի քայլելով իշխանության եկածների գործունեությունը գոնե մինչեւ այս պահը «նախկիններ», «թալանչիներ» չդադարող բառերից այն կողմ չի անցել: Հասկանալի էՙ «նորերը» քաղաքականությունից ու դիվանագիտությունից այդքան էլ գլուխ չեն հանում, ու եթե գոնե ասմունքել իմանան, ապա իրենց առաջնորդի նման անհասկանալի բոլոր իրավիճակներում երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից բանաստեղծություններ կկարդան:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք ասմունքի խմբակ բացել ու սեփական թիմակիցներին պարտադիր իմացության մի քանի բանաստեղծություն անգիր անել հրահանգել: Մանավանդ հիմա, սեպտ. 21-ից հետո, երբ հանրապետության թիվ 1 հրապարակում երգչախմբի «Որբի հայրենիք, ողբի հայրենիք» երգի կատարումին համահունչ, նա կրկին ասմունքեց, կրկին Թումանյանից: