ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դժբախտաբար, մենք հնուց սնտի, ավելի քան երկու հազար տարի, փոքր ածու ենք եւ զորությամբ տկար, իսկ մեր անհատականություններն էլ, որոնք ազգ եւ ժողովուրդ են պահում եւ պատիվ են բերում ժողովրդին, այսօր թվով այնքան քիչ են, որ դեղին հուսահատություն է իջնում վրադ: Այդ նրանց ուսերի վրա է պահվում մեր մշակույթի եւ գրականության, ասել է, թե մեր ազգային գիտակցության բարձր առաստաղը: Եվ երբ նրանցից մեկնումեկը հեռանում է կյանքից, իր տեղը մնում է անլցելի մի դատարկություն եւ իր հեռացումը դառնում է անփարատ կորուստ:
Մարտի 3-ին Բեյրութում կյանքից հեռացավ հանրային ու մշակութային հայտնի ու ճանաչված գործիչ Հարություն Նագուլյանը, որն ինձ համար ճիշտ այդպիսի մի եզակի անհատականություն էր: Մասնագիտությամբ եւ աշխատանքով նա բժիշկ էր, էությամբ, նկարագրով ու խառնվածքովՙ արվեստագետ: Մարդը ծնվել էր արվեստագետ լինելու ավելի ճիշտՙ արվեստագետ էր ծնվել, բայց կյանքի հանգամանքների թելադրանքով ու պարտադրանքով դարձել էր բժիշկ: Բժշկությունըՙ բժշկություն, Նագուլյանը իրականում բանաստեղծ էր, արվեստաբան եւ նկարիչ: Պատանի Հարությունը բանաստեղծությամբ մտավ հայ գրականության ասպարեզը եւ այնտեղ իր պատվավոր ներկայությամբ մնաց մինչեւ կյանքի վերջը:
1962 թվականին Հարությունը սփյուռքահայ մի խումբ պատանիների հետ եկավ Հայաստան ուսանելու Երեւանի պետական բժշկական ինստիտուտում: Երեւանում Հարություն Նագուլյանը ապրեց ավելի քան ութ տարի, եւ այդ տարիները ապրեց բուռն ու հեւքոտ կյանքով: Հոգով ու սրտով արվեստին սիրահարված պատանի Հարությունը շատ շուտով հայտնվեց երեւանյան բոհեմի մեջ, եղավ Լեւոն Ներսիսյանի եւ ընտիր նկարիչների ու արվեստագետներիՙ Մինասի, Արտո Չաքմաքչյանի, Օննիկ Մինասյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, ուրիշների առօրյա ընկերն ու մտերիմ բարեկամը: Մի երկու տարի չանցած երիտասարդ Հարությունը արդեն անվանի գրողների, բանաստեղծների ու արվեստագետների կրտսեր ընկերն ու բարեկամն էր, նրանց հետ սեղան նստեց ու վեր կացավ: Այդ կյանքն ու միջավայրը Հարությունի համար գեղարվեստի իսկական ակադեմիա եւ համալսարան եղան: Այդ ութ տարում նա խորապես ներշնչվեց Հայաստանի հողով, իր մեջ հայաստանյան ավիշ եւ կենսանյութ գոյացավ, հայաստանյան արյուն վազեց իր երակներում: Հարութը, մեր սիրելի Նագուլը, ինչպես նրան անվանում էին մտերիմ ընկերները, այլեւս ուրիշ մարդ էր:
1970 թվականին Հարություն Նագուլյանը ավարտեց բժշկական ինստիտուտը եւ մեկնեց Լոնդոնՙ այնտեղ իր բժշկական կրթությունը շարունակելու:
Լոնդոնից երիտասարդ արվեստաբան Հարությունը մի քանի հոդված գրեց եւ հրապարակեց հանիրավի չգնահատված Երվանդ Քոչարի, Հարություն Կալենցի, Սարգիս Փարաջանյանի մասին: Եվ սովետական գաղափարական անողոք մեքենան անմիջապես շուռ եկավ լոնդոնյան ուսանողի դեմ: «Հայրենիքի ձայն» եւ մյուս լրագրերը իրենց գաղափարական ծանր հրետանիով եւ թնդանոթներով կրակի տակ առան Հարություն Նագուլյանին: Տարիներ անցան, եւ կյանքն ու ժամանակը ցույց տվեցին, որ երիտասարդ արվեստաբանը ամենեւին էլ երկրի թշնամին չէր եւ ճիշտ էր ու արդարացի: Այսօր Քոչարը, Կալենցը, Փարաջանյանը արժանի թանգարաններ ունեն, եւ դրանք շատ սիրված ու հայտնի թանգարաններ են:
Հարութը Լոնդոնից վերադարձավ Բեյրութ, եւ շատ շուտով դարձավ ճանաչված ու փնտրված բժիշկ, զբաղվեց իր մասնագիտական գործով, բայց էությամբ, նկարագրով ու խառնվածքով մնաց արվեստագետ, ոտից գլուխ արտիստիկ անձնավորություն:
Հարութի տունը Բեյրութում արվեստի ու գրականության իսկական սալոն էր, սալոն ֆրանսիական իմաստով: Իր դռնից մտնում էիր, այլեւս ուրիշ հող էր, դու այլեւս Հայաստանում էիր: Հայ նկարիչների գործերի ընտիր հավաքածու ուներ, որ վկայում էր ոչ միայն արվեստագետի եւ արվեստաբանի իր բարձր ճաշակը, այլեւ իր սերը Հայաստանի, հայության եւ հայ արվեստի հանդեպ: Իր ժամանակակից ընտիր նկարիչների ընկերն էր, եւ շատերը սիրով նվիրել էին նրան իրենց լավագույն կտավները: Հարութը փաստորեն իրեն շրջապատել էր Հայաստանով, իր տան պատերը շնչում էին Հայաստանի օդով: Նա հեռվից հեռու միշտ ուշադիր հետեւում էր Հայաստանի գրական-մշակութային կյանքին, ապրում էր այդ կյանքի իրողություններով, ըմբոստ հոդվածներ էր գրում, ամեն կերպ օգնում եւ սատարում էր Բեյրութ այցելած հայ նկարիչներին (ես սա չեմ մանրամասնելու):
Հայաստանից Բեյրութ հասած ամեն մի գրող կամ արվեստագետ անպայման հյուրընկալվում էր Հարութի տանը: Հարութը մի տեսակ դարձել էր Հայաստանի մշակութային դեսպանը Բեյրութում: Ինքն ու իր ազնվական տիկինըՙ մեր բոլորի սիրելի Էմման, առանձնակի սիրով ու բավականությամբ էին իրենց տանը ընդունում Հայաստանից եկած մարդկանց: Հարութը Հայաստանի պակաս ուներ, շնչահեղձ էր լինում առանց Հայաստանի, իսկ Հայաստանից եկվորները իրենց հետ Հայաստան էին բերում, երեւանյան կյանքի մաս էին բերում, եւ Հարութը փոխվում էր ողջ էությամբ:
Իբրեւ արվեստագետ, իբրեւ գրող, իբրեւ հարուստ ներաշխարհի տեր անհատ Հարութը ասելիք ուներ, որ չէր սպառվում: Նա լի էր ասելիքով եւ ձգտում էր կատարյալ ինքնարտահայտության: Բանաստեղծություն էր գրում, որովհետեւ բանաստեղծ էր: Իր բանաստեղծությունները ցրված էին մամուլի էջերում:
Նկարում էր, որովհետեւ նկարիչ էր եւ լավ նկարիչ էր, ընտիր նկարիչ: Նկարչությամբ էլ ասելիք ուներ եւ ասում էր, իր հարուստ, գեղեցիկ, գունավառ ներաշխարհն էր փոխադրում կտավներին:
Շատ էր սիրում հայկական գորգերը, ողջ կյանքում ուսումնասիրել էր գորգարվեստը եւ մանավանդ հայկական գորգարվեստը: Տարիներ շարունակ ուշագրավ գրառումներ էր արել, բավական ծավալով, մոտ 150 էջ, հետաքրքրական շարադրանք ուներ: Համոզում էի, որ նստի եւ ամբողջացնի, պատրաստի գիրք էր:
Միշտ կարող էր իր նկարների ընտիր պատկերագիրքը հրատարակել, բայց դա էլ չարեց… Ըստ երեւույթին, տարիների հետ մարդու մեջ եսասիրական մղումներն ու ձգտումները աստիճանաբար մարում են…
Վերջին տարիներին բանաստեղծության երեք գիրք հրատարակեցՙ «Requiem» (2017), «Ճերմակ պատուհան» եւ «Սաղմոսներ» (երկուսն էլՙ 2020): Մեր կյանքի ժամանակը, մեր իրականության ժամանակը, ցավոք, գրքի ու բանաստեղծության ժամանակ չէր, այլապես իր պոետական խոսքըՙ հայեցի, հախուռն, կրքոտ, ուժական, պետք է ունենար իր արժանի արձագանքը: Անտիպ մնացին իր բազմաթիվ գրությունները, մամուլի էջերում ցրված բանաստեղծությունները, «Վան Գոգ» դրամատիկական պոեմը, որից միայն հատվածներ են տպագրվել զանազան հանդեսներում:
Հարություն Նագուլյանը հանրային կյանքի մարդ էր: Երկար տարիներ Հայկազյան համալսարանի հոգեբարձուների խորհրդի անդամ էր եւ իր կարեւոր դերակատարությունն ուներ համալսարանի կյանքոււմ, մանավանդ համալսարանի կրթական-մշակութային առօրյան կազմակերպելու, մշակութային ծրագրերը իրականացնելու գործում:
Հանրային-համայնքային հավաքներին եւ ձեռնարկներին իր մասնակցությունն ու ներկայությունը միշտ պատվավոր էր ու իմաստավոր:
Անկարելի է չխոսել իր մարդկային նկարագրի մասին: Հարութը նուրբ ճաշակ եւ արվեստի բարձր զգացողություն ունեցող մարդ էր, նրբակիրթ խոսքի տեր, բոլորի հետՙ միշտ պատշաճությամբ եւ նրբավար: Իր նկարագրի, իր պահվածքի, մարդկանց հետ հարաբերվելու իր կերպի մեջ զարմանալի արիստոկրատիզմ կար, եւ ինքն էլ եղավ ու մնաց ոգու արիստոկրատ, առանց ցուցանքի ու ցուցադրանքի, ապրեց ազնվականորեն համեստ, պարզ եւ միշտ ջանաց լինել ու մնալ աննկատ:
Հարությունը ոտից գլուխ շաղախված էր հումորով, իր հումորը յուրօրինակ էրՙ մեղմաձայն ու մեղմախոս: Այլոց թերությունները երբեք չտեսավ, նուրբ հումորով սիրեց իր ընկերների մանր թուլությունները, գրեթե աննշմար հեգնանքով նայեց մերժելի մարդկանց կենսակերպին ու կյանքի մերժելի կողմերին:
Իր հեգնանքի հիմնական թիրախը ինքն էր, ես չգիտեմ մեկ այլ մարդու, որ ինքն իր մասին խոսեր միշտ անթաքույց հումորով ու հեգնանքով:
Շատ, շատ էր սիրում իր ընկերներին, սիրում էր իրեն շրջապատել մտերիմ մարդկանցով, իր սիրելի ընկերներով: Սիրով ու գուրգուրանքով էր վերաբերվում իր մտերիմներին ու բարեկամներին, սիրով ու նրբավարությամբ հոգ էր տանում նրանց համար, անում էր ավելին, քան կանեին արյունակիցն ու հարազատը: Միայն Սեդա Կանաչյանի հետ Էմմայի եւ Հարությունի բարեկամությունը այնքան շատ բան է ասում նրանց ճանաչողներին: Երբ Հայաստան, Երեւան էր գալիս, այստեղ էլ տարված էր մերձավորների հոգսերովՙ մեկի ուսման վարձը, մյուսի բժշկության վճարը, երրորդի բնակարանի վարձը, չորրորդի…
Նա իր հրավերքների ամեն օրը ընկերների ու բարեկամների համար դարձնում էր տոնական օր, դարձնում էր բարձր տրամադրության, հումորի, ուրախության եւ ցնծության օր: Դա իր նկարագրի, իր կերպարի անկապտելի հատկությունն էր:
Ժպտադեմ, կենսուրախ, լույս ճառագող իր նկարագրի ետեւում միշտ լրջախոհ, ես կասեիՙ ծանրախոհ ու լրջակյաց մարդն էր, խորհող ու ներհուն անհատը, ինչը ինքը խնամքով թաքցնում էր: Նա շատ խորունկ հայ էր, ինձ համարՙ իսկական հայ մարդու տիպար:
Հարութը կարդացած եւ կարդացող մարդ էր: Գիրք կարդացող եւ չկարդացող մարդկանց միջեւ անդունդ կա, ահռելի պարապություն: Ինքը իհարկե, ինտելեկտուալ մարդ էր, թեեւ մեզ սիրով ձեռք էր առնումՙ այս հայաստանցի ինտելեկտուալները…
Ուղղակի ապրում-այրվում էր մեր պատմությամբ, մեր ճակատագրով, մեր ժողովրդի բախտով: Մենք երբեմն շատ երկար խոսում-զրուցում էինք, եւ ես հետո զարմանքով ինքս ինձ հարցնում էիՙ սա նո՞ւյն մարդն է, իմ գիտցած ամեն օրվա նույն զվարթախոս-զվարթախոհ Հարո՞ւթը…
Ի՜նչ ծանր տարավ Բեյրութին պատահած աղետը, ուղղակի կոտրվեց: Հայաստանին պատահածի մասին էլ չեմ ասում, ժամերով խոսում էինք, ինքը ուղղակի անճանաչելի էր, ջախջախված, ճնշված, թեւաթափ եղած, հուսահատ…
Հայաստանի հանդեպ իր սերը ուրիշ էր, եզակի, աննման, Հարութին պատշաճող, Հարութին վայել…
Ցավով, ափսոսանքով եւ ավաղանքով եմ գրում ես այս տողերը. մի վայրկյանում ամեն ինչ հուշ դարձավ եւ անդառնալի անցյալ: Եվ միայն կորուստի ցավը մնաց: Ուրեմն ներիր եւ արտոնիր իմ կցկտուր, վշտախառն հրաժեշտի այս խոսքը եւ իմ եղբայրական արցունքները քո վերջին ճանապարհին, սիրելի Հարութ, սիրելի ընկեր, սիրելի Նագուլ…
4 մարտի 2021
***
Սիրելի Հարութ,
Մեծ նկարիչ ու բժիշկ, համեստության եւ պարկեշտության տիպար, գեղագետ, էներգիայի անսպառ աղբյուր, գիտելիքի շտեմարան, վերլուծության ինքնատիպ վարպետ, նկարիչ, նորարար:
Կեցվածքդՙ զուսպ, միշտ համեստ, աշխարհայացքդՙ անսահման լայն, ազգային, արդիական: Խոսքդՙ համոզիչ, արդար, անբեկանելի, գույնդ ու ծավալդ տեղինՙ ներդաշնակ, գաղափարներդՙ բազմակողմ ու ծանրակշիռ:
Հարութ, սիրելիս, դու նուրբ էիր, բարի, միշտ կարեկից ու հավատարիմ: Վսեմ անձնավորություն էիր եւ բացառիկ անհատականություն եւ քեզ մեծապես սիրում էր թե՛ լիբանանահայ, եւ թե՛ արաբ հասարակությունը:
Վստահ եմ, որ քո լավ եւ մեծ ընկերներըՙ Մինաս Ավետիսյանը, Արա Շիրազն ու Խարազը, Վրույրն ու Էլիբեկը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Զավեն Խտշյանն ու Պոլ Կիրակոսյանը, Մովսեսը նույն խորունկ վիշտ ու կորուստը կապրեին ու ապրում են:
Դու ինձ համար մի ահռելի երեւույթ էիր: Եվ իմ սրտի խորքում կմնաս իբրեւ տիպար եւ չափանիշ, քանի ես կամ եւ շնչում եմ:
Թող քո հոգու լույսը առհավետ լուսավորի մեզ երկնքի անհուն հեռուներից:
Քո անկեղծ եւ մշտապես ընկերՙ
ՄԿՐՏԻՉ ՄԱԶՄԱՆՅԱՆ , Քանդակագործ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր
***
Մարդ մը, որ…
Որոշ հարցի առնչութեամբ, ընդհանրացած է մեր ժողովուրդին մէջ ըսել. «Ո՛րքան մարդիկ, այնքա՛ն կարծիք» խօսքը: Սակայն անձի մը նկատմամբ կարծիք յայտնել, կը նշանակէ նկատի ունենալ երկու եզրեր. մարդըՙ իր նկարագիրով, եւ մարդըՙ իրագործումներով:
Ծանօթ չէի՛ Տօքթ. Յարութիւն Նագուլեանի անձին, բայց անունին հանդիպած էի «Արծիւ»ի էջերուն, ուր կ՛աշխատակցէի նաեւ ես: Չուշացաւ այն պատեհ առիթը, երբ գրականագէտ Երուանդ Տէր Խաչատուրեանի միջոցով, իրար ձեռք սեղմեցինք: Առաջին տպաւորութիւնը ունեցած էի, երբ իրմէ լոյս տեսած գրութիւնները ուրուագծած էին անձ մը, եւ այդ տողերը մէկական պատուհաններ, կ՛արտացոլէին նկարագիր մը: Թէեւ յաճախակի չէի՛ն հանդիպումները, սակայն մեր ունեցած զրոյցներէն կրցած էի բնորոշել ա՛յն նկարագիրը, որ հարազատօրէն կը շնչէր իր գործերու մէջ:
Անշուշտ բացառիկ երեւոյթ է, նկարագիր եւ արուեստի իրագործում մէկտեղել նո՛յն անձին մէջ հաւասարապէս, որովՙ կրնան այդ երկու եզրերը հակադիր ըլլալ իրարու, առանց դոյզն կասկած ներշնչելու անձին հետ փոխյարաբերութեան ընթացքին: Բայց Նագուլը, այն բացառիկ անձերէն էր, որ «մա՛րդ» հասկացողութեան լոյսին տակ կը միանային այն երկու եզրերը, նկարագիրն ու իրագործումները:
Իմ մէջ հաստատուցեա՛ւ այդ կարծիքը, երբ ծանօթացայ իր գրական վերջին երկու հատորներուն, որոնց մէջ ներկայ էր ինք, իր յստակ եւ փայլուն մտածողութեամբ եւ զգացումներու ներքին զօրութեան արտայայտութեամբ, բառերուն ընդմէջէն:
Երբ անոր մահուան լուրը հասաւ ականջիս, շփոթի՛ մատնուեցայ, որովհետեւՙ … գիտէ՛ք, դժուար է հաշտուիլ այն գաղափարին հետ, որ «իրա՛ւ մարդ» մը հեռանայ այս կեանքէն, ճակատագրի աննշան մէկ այցելութեամբ:
Ան պիտի ապրի բոլո՜ր ժամանակներու մէջ, այնքան ատեն, որ իբրեւ շունչ կ՛ապրի մեր յիշողութեան մէջ:
ԼԵՎՈՆ ԱՐՏԱԶԵԱՆ , 5 Մարտ 2021
***
Հեռախոսազանգը հայտնեց հերթական գույժը. Ոչ եւս է Հարություն Նագուլյանը: Հոգեկան ինչ կերտվածքի տեր պետք է լինի այն մարդը, որն առաջին պահ կարողանա համատեղել Հարություն Նագուլյան եւ վախճան… Բայց ծնունդն ու մահը, ինչպես ասում ենՙ Աստծո գործն է:
Անհավատալի, անընդունելի, անհամատեղելի մի բան կա այս լուրի մեջ, բայց որքան էլ համարժեք բառեր փնտրես. Հարությունը չկա… հաշտվիր եւ վերջ:
Չկա ժպտերես ու հումորով լի Նագուլը, կոչումով ու կրթությամբ բժիշկը, անաչառ վերլուծողն ու գնահատողը: Անսեթեւեթ հայրենասերը, արվեստաբանը, արվեստագետը ու ճշմարտախոսը:
Հարությունին հաջողվեց վեր մնալ հատվածականության վարակից եւ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայրենիքում ունենալ իրՙ Նագուլյանական պատվանդանը:
Ցավակցում եմ նրանցՙ ով ճանաչել է, վայելել նրա առինքնող ներկայությունը, իսկ սիրելի Էմային հոգեկան ուժ ու կամք դիմակայելու վշտին:
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ , 10.03.2021
***
Մարտի 3-ին Բեյրութում իր մահականացուն կնքեց մեր ազնիվ բարեկամըՙ բժիշկ, նկարիչ, բանաստեղծ, Հայաստանում ուսանած սփյուռքահայ ուսանողների առաջին սերնդի ներկայացուցիչ Հարություն Նագուլյանը: Թագաժահրը իր ամենակուլ երախն առավ հայ մշակույթով ապրող եւ ապրեցնող հայրենասեր, կենսախինդ եւ յուրահատուկ հումորով լի մարդուն, որին հետայսու հանդիպելու ենք մեր հուշերում, իր գործերի մեջ, մեր մտապատկերներում: Մեր խորազգաց ցավակցությունները հայտնելով իր ազնվագույն տիկնոջըՙ Տիկին Էմմային, միաժամանակ հայցում ենք Ամենակալ Տիրոջը իր երկնային լույսերի մեջ բնակեցնի մեր սիրելի ընկերոջ հոգին եւ մխիթարություն պարգեւի իր բոլոր հարազատներին:
ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ , Կոմպոզիտոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր
Նկար 1. Հարություն Նագուլյանըՙ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտ, 1970 թ. հունիս