RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Հայ ժողովրդի նշանավոր զավակներից, ազգային-ազատագրական պայքարի գաղափարական սերմնացան ու կազմակերպիչ, երջանկահիշատակ Մկրտիչ Խրիմյանը վերադառնալով Բեռլինի վեհաժողովից ցավով արձանագրեց երկու կարեւոր հանգամանք.

1. «Երբ աշխարհով մէկ մեր ժողովրդի իրաւունքները բարձրաձայնելու համայն գնացի Պերլինի քոնկրէ, միայն այդժամ հասկացայ որ նախ եւ առաջ պէտք է ունենալ իրաւունք ունենալու իրաւունք: Այդ իրաւունքը նուաճւում է զէնքով:

2. Ամէնից կարեւորը, որ ես նաեւ հասկացայ, այն էր, որ մենք տէրեր պէտք չէ փնտռենք դրսում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տէրերի կ ընտրի, որոնք կը հարստահարեն իրեն եւ մի օր ստիպուած` անկիրթ ժողովուրդն օտար տէրերի կ ընտրի, ուստի շատ կարեւոր է, որ կրթենք մեր ժողովրդին, լուսաւորութիւն տարածենք երկրում»:

Մարգարեական այս խոսքերը յուրահատուկ կտակ են սերունդներին եւ խիստ արդիականՙ մեր օրերում: Իսկ մենք մոռանալով դրանքՙ զբաղված ենք չգիտեմ ինչերով: Մերօրյա հայ հասարակությունը մի տեսակ ֆարսի, կեղծիքի մեջ է ապրում, իսկ ֆարսի մեջ ապրողըՙ առաջինը խեղդում է ինքն իրեն: Տպավորություն է, որ պատերազմի արհավիրքներն ու անմեղ զոհերի արյունը չչորացած, մոռացվեց ամեն ինչ, եւ դիմություն ու ընդդիմություն բան ու գործ թողած զբաղված են....նախընտրական քարոզչությամբ:

Չզարմանաք, ուշադիր հետեւելու դեպքում ակնհայտ երեւում է, որ բոլոր հին ու նոր ուժերը փորձում են հիմնական մի քանի խնդիր լուծելՙ

ա) հնարավորինս բացառեն իրենց կապը նախկինում տեղ գտած բոլոր բացասական երեւույթներին եւ հատկապեսՙ պարտությանն ու խայտառակ կապիտուլյացիային,

բ) ամենաճշմարիտը լինելու անհագ ցանկությամբ հասարակությանը ներկայանալ ազգափրկիչ գաղափարներով,

գ) իրենց չընտրելու դեպքում, առանց այն էլ խայտառակ վիճակում գտնվող երկրի տնտեսությունն ու մյուս բոլոր կառույցները վերջնականապես կփլուզվեն եւ դրանում միակ մեղավորը կլինեն հենց իրենքՙ ընտրողները,

դ) ավելի ու ավելի հաճախ են հնչեցնում այն թեզը, որ կորսվելու իրական վտանգի առաջ է երկրի պետականությունն ընդհանրապես եւ այլն, եւ այլն:

Մեր դիտարկումների արդյունքում կարող ենք ասել, որ այդ բոլոր խմորում-քարոզարշավներում պարզ երեւում են երկու խաղացողների ականջները:

Ռուսաստանը, որ համոզում է, թե կերաշխավորի մեր անվտանգությունը:

Թուրքիան (Արեւմուտքը), որը կողմ է ընտրությունների անցկացմանը, բայց այնպես, որ ընդդիմությունը շատ չհզորանա ու չմեծացնի Ռուսաստանի առանց այն էլ մեծ ազդեցությունը ՀՀ-ում:

Հստակ է, որ բացի իմքայլականներից (նրանցից էլ ոչ բոլորը), բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են հեռացնել օրվա իշխանություններին: Բայց քաղաքական վերնախավը չի կարողանում որդեգրել այնպիսի մի ուղենիշ, որը մեծ զանգվածներ կհամախմբի եւ կիրականացնի դա: Պատճառն այն է, որ մեր քաղաքական էլիտան ունի ազգային, բայց չունի սոցիալական մտածողություն: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մեր ժողովրդի 90 եւ ավելի տոկոսը սոցիալական խնդիրներ ունի եւ մտածում է նախ եւ առաջ դրանք լուծելու մասին: Նորություն չէ, որ աղքատ մարդու համար կարեւոր է նախ օրվա հացը հայթայթել եւ մերկությունը ծածկել, հետո միայն ուրիշ բաների մասին մտածել: Հեռու չգնանքՙ պատմությունը մեկ անգամ չէ, որ համոզել է ասվածի ճշմարիտ լինելու հանգամանքը:

1917թ.ին, երբ բոլշեւիկներն առաջ քաշեցին «հողըՙ գյուղացուն, գործարանըՙ բանվորին» լոզունգը, ժողովուրդը, որ սոված էր ու տկլոր եւ բավականին հեռու հայրենիքի ու պետականության գաղափարներից, թողեց ամեն ինչ, նույնիսկ լքեց ոխերիմ թշնամուՙ գերմանացիների ճակատը եւ փաստորեն դեմ գնաց իր իսկ պետությանը եւ կանգնեց բոլշեւիկների կողքին: Եվ ոչ միայն կանգնեց, այլեւ ավելի քան երկու տարի տեւած քաղաքացիական կռիվներում արյուն թափեց հանուն նրանց հաղթանակի:

Նույնը 1933թ. արեցին ֆաշիստները: Նրանք աղքատին պարզ ասացին, որ դու ոչ թե հակասության մեջ մտիր ու պայքարիր քո ազգակից կապիտալիստի դեմ, այլ օգնիր նրան այլ երկրներ նվաճել, թալանել նրանց, եւ դրա հաշվին բոլորը շատ լավ կապրեն: Այսինքնՙ կրկին սոցիալական հիմնախնդրով, կրկին լավ ապրելու գաղափարն առաջ քաշելով բանվորին ու գյուղացուն կանգնեցրին իրենց կողքին ու գնացին պատերազմի: Ասել է, թե նացիոնալ-սոցիալիզմն այլ ժողովուրդներից բարձր լինելու թեզերը նույն սոցիալական նպատակն էին հետապնդում, բայց ավելի «քաղաքակիրթ» մակարդակում:

Շատ հեռու չգնանք. Արցախյան շարժումը չէ, որ 1988-ին այդպես համախմբեց մեր ժողովրդին, այլ աղքատ ԽՍՀՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի պես հարուստ ապրելու գաղափարը: Քանի որ այդ տարիներին արդեն զգալի թվով մարդիկ գնացել էին, տեսել, իսկ շատերն էլ ԶԼՄ-ներից տեղեկացել, թե որքան լավ են ապրում այդ երկրներում: Այսինքնՙ այս դեպքում էլ իշխում էր այն մոտեցումը, թե սոցիալիզմից կապիտալիզմի անցնելով կյանքի պայմանները շատ կլավանան:

2018-ի թավշյան էլ նույն կերպ իրականացավ: Գյումրիից սկսված քայլարշավի ընթացքում յուրաքանյուր կիլոմետրի ու մետրի հետ խոստումներն ավելի շռայլ էին դառնում, իսկ հիմնական գաղափարն այն էր, որ հարուստների կուտակած միլիոնները կխլվեն ու կտրվեն ժողովրդին, եւ բոլորը Շվեյցարիայի նման կապրեն հարուստ ու երջանիկ: Այսինքնՙ մարդկանց դարձյալ շարժման մղեց լավ ապրելու գաղափարը:

Ուշադիր հետեւում եմ մեր հասարակության ներսում ընթացող խմորումներին: Մասնակցել եմ նաեւ մեկ-երկու միտինգի, մտավորականների եւ մշակութային գործիչների «Պաշտպան հայրենյացի» ֆորումներին, լսել խելացի շատ ելույթներ, առաջարկներ, բայց որ ամենակարեւորն է իմ կարծիքովՙ սոցիալական գաղափարը դրանցում կա՛մ բացակայում է, կա՛մ թույլ, աղավաղված ու այլ թեզերում տարրալուծված տեսքով է առաջ քաշվում: Այնինչ, դա հստակ ու շատ պարզ պիտի լինի, որովհետեւ մարդկանց փողոց հանելու միակ իրական միջոցը սոցիալական գաղափարն է: Չկա, քանի որ մերօրյա էլիտան ուղղակի չգիտի վատ ապրելն ինչ է ու չի կարողանում աղքատի նման, նրան սրտամոտ մտածել եւ նրան հոգեհարազատ թեզեր առաջ քաշել եւ նրանց փողոց դուրս բերել: Աղքատը մոտավորապես մտածում է այսպես. ներկա իշխանությունները վատն են, մեծ դժբախտություններ բերեցին, բայց որ գնան, դրանից ի՞նչ օգուտ կլինի իրեն, ո՞րքանով կթեթեւանա իր վիճակը եւ արդյո՞ք կթեթեւանա: Այսինքնՙ այսօր փողոց են դուրս եկել ու այդ խմորումները փորձում են ղեկավարել մարդիկ, որոնք հիմնականում կուշտ են, գիտեն հայրենիք ու արժանապատվություն գաղափարների ինչ լինելը, բայց աղքատի հոգեբանությանն այնքան էլ տեղյակ չեն: Ստացվել է մի վիճակ, երբ կուշտը սովածին իրոք չի հասկանում: Այստեղից էլ սկսվում ու վերջանում է այդ շարժումների ղեկավարության եւ լայն զանգվածների խզվածության ու փողոց դուրս չգալու հիմնական պատճառը: Եվ դա այն դեպքում, երբ օրվա իշխանությունների ու նրանց առաջնորդի նման մեր պատմության մեջ այսքան մերժված կերպար չենք ունեցել, որ նրանք որեւէ հենարան արդեն չունեն հասարակության մեջ: Քանի որ բոլորին պարզ դարձավ, որ նրանք խաբել են հասարակ մահկանացուներին եւ փաստորեն հարստացան միայն իրենք ու իրենց մտերիմ-բարեկամները:

Կարեւոր մի հանգամանք էլ: Այսօր շատ է խոսվում նաեւ այս ամենում զինվորականության դերակատարության մասին: Նկատենք, որ բոլոր ուսադիր կրողները երդվում են ազնվորեն ծառայել պետությանը (եւ ոչ որեւէ անհատի) եւ որեւէ մեկը, որ կգործի այդ պետության դեմ, նրանք պարտավոր են կանխել, իսկ անհրաժեշտության դեպքումՙ նաեւ պատժել նրան: Մոտավոր հաշվումներով ամբողջ աշխարհում 500 այդպիսի դեպքեր են եղել աշխարհի տարբեր մասերում: Այդպես եղավ նաեւ ՀՀ-ում 1998 թվականին: Այսօր միայն այն բանի համար, որ Հայաստանն այլեւս չի կարողանում Արցախի երաշխավորը լինել, արդեն պատժելի է: Իսկ զինվորականությունն էլ, երբ իր այդ գլխավոր գործառույթը չի իրականացնում, դա եւս համարվում է հանցավոր անգործություն:

Պարզից էլ պարզ է, որ եթե ներքին ուժերը չկարողանան հեռացնել օրվա իշխանություններին, ապա դա կանեն արտաքին ուժերը: Իմ կարծիքով այս օրերին Ռուսաստանն ու Արեւմուտքի միջնորդ Թուրքիան այդ խնդիրը լուծելու շուրջ բանակցում են եւ յուրաքանչյուրը ձգտում է, որ իշխանությունը հանձնվի իր ցանկալի անձին: Քանի որ այս տարի Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, իսկ Արեւմուտքը կօգտագործի այդ առիթը խժդժություններ առաջացնելու եւ թուլացնելու նրան: Դրա համար էլ օգտագործվում է Նավալնին: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, եթե ոչՙ մեր Նավալնին, հետեւաբար նրա առկայությամբ Ռուսաստանի հարավային թիկունքը վտանգված կլինի եւ ոչ ապահով: Մի բան, որն անկասկած, մինչեւ ընտրությունները Ռուսաստանը կշտկի:

Թուրքիան էլ Արեւմուտքի զանազան կենտրոնների միջոցով է բանակցում եւ մեծ խոստումներ շռայլում, որ վարչակարգը կամ վարչապետի կամ մեկ այլ համախոհի կերպարով մնա: Պատերազմն ու մերօրյա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ն ու նրա խնդիրները ոչ մի արժեք չունեն Արեւմուտքի համար եւ ամենուր հիմնականում զրո լռություն էր: Իսկ սա Թուրքիայի համար պատմական շանս է օրվա վարչակարգը պահելու, Ռուսաստանին ավելի նյարդայնացնելու եւ Հայաստանի հետ անելու այն, ինչն արեց Արցախի հետ ու Ռուսաստանը չկարողանա նույնիսկ միջամտել: Այնպես որ, օրվա իշխանությունների մնալն իսկապես մեծ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Ու, Աստված մի արասցե, եթե օրվա վարչախումբը գնաց ընտրությունների, Հայաստանը կկործանվի մեկ պարզ պատճառովՙ մեր քիչ թե շատ բարեկամ ու դաշնակից Ռուսաստանին, մեղմ ասած, ձեռնտու չէ, որ Հայաստանում ղեկավար մնա հայկական Նավալնին: Միանգամայն տրամաբանական է, որ Ռուսաստանը մինչեւ ապրիլ-մայիս ՀՀ-ին 10-12 մլրդ դոլարի վնաս հասցրած վարչախմբին կհեռացնի: Նա կպարտադրի նաեւ իր մոդելը, իշխանության կբերի իր մարդուն եւ կանի ամեն ինչ մարդկանց լավ ապրելու համար: Այստեղ վտանգն այն է մեզ համար, որ մենք կկորցնենք մեր լիակատար սուվերենությունը, քանի որ եթե խնդիր ունես եւ ինքդ չես լուծում այն, այլ ուրիշը, ապա նա էլ բնականաբար դառնում է թելադրողը: Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե մեր դիվանագիտությունը, քաղաքական ղեկավարությունը եւ ընդդիմությունն ինչպես իրենց կդրսեւորեն: Որեւէ պարագայում հարկավոր է ամեն ինչ անել եւ թույլ չտալ, որ մենք հայտնվենք ռուսական եւ ամերիկյան շահերի բՔխման արանքում: Անհրաժեշտ է ճկուն, խելամիտ, պրագմատիկ եւ միեւնույն ժամանակ համարձակ քաղաքականություն վարել: Ավելին, կարողանալ խաղալ, ինչու չէ, օգտվել այդ հակասությունից եւ առավել շահած դիրք ապահովել երկրիս համար:

20.01-02.02. 2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ