Վերնախավ բառը Հայաստանում թյուրըմբռնված, սխալ օգտագործվող արտահայտություններից է, որը ժողովրդային ըմբռնողության մեջ հաճախ շփոթվում է նյութական կարողության ու դիրքի, այսպես կոչվածՙ էլիտարիզմի հետ, որը նույնպես այլասերված արտահայտություն է մեր երկրումՙ ֆրանսերեն e՛lite- ընտիր, ընտրանի բառերի սխալ ըմբռնմամբ:
Դրությունը չի փրկում նաեւ վերնախավ բառի կողքին «մտավորական» հատկանշող բառի օգտագործումը, քանզի ժողովրդական պատկերացման մեջ այդ արտահայտությունը լայն, շատ լայն գործածություն ունիՙ ընդգրկելով բոլոր նրանց, ովքեր զբաղվում են արվեստով, գրականությամբ, հրապարակախոսությամբ, դասախոսական աշխատանքով եւլն:
Այստեղ հարմար չէ պատասխանելու ո՞վ է մտավորականը հարցին: Շատերն են փորձել անել դա ու դեռ կփորձեն: Հակիրճՙ մտավորականը ստեղծագործ մտքի տեր անձն է, որը, միաժամանակ, ազատ է իր մտածողությամբ, որը կաշկանդված չէ որեւէ բանով, ձերբազատ է բոլոր տեսակի հաշիվներից ու հաշվենկատություններից, անկաշառ է, եւ որի միտքը, մտքի արգասիքը պայմանավորված ու կախյալ չէ որեւէ հանգամանքից ու գիտի ազատորեն արտահայտել այն: Քանզի իսկական մտավորականը միշտ ընդդիմադիր է իշխանություններին
Եվ հիմա բուն հարցըՙ Հայաստանում ունե՞նք մտավորականություն, մտավորական վերնախավՙ բառի, ասենքՙ ֆրանսիական իմաստով: Դժբախտաբար չունենք. ունենք մտավորականներ, բայց չունենք մտավորականություն, ոչ թե կազմակերպվածության, այլՙ հավաքական ներկայության, հեղինակության իմաստով: Պատճառները շատ ենՙ տնտեսական-ապրուստայինից մինչեւ հասարակական-քաղաքացիական թերի ընկալումներ:
Երկրորդ հարցըՙ կարիք ունե՞նք մտավորական վերնախավիՙ բառի իսկական, ազնիվ իմաստով: Այո՛, անշո՛ւշտ: Ոչ թեՙ այսպես կոչված պալատական մտավորականություն, այլՙ ազատ մտածող, քաղաքական ու նյութական ենթակայություններից զերծ մի ընտրանի, սերուցքՙ բաղկացած գիտնականներից, հումանիտար ու ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներից, արվեստագետներից, բժիշկներից, եկեղեցականներից, զինվորականներից, լրագրողներից, պետական նախկին գործիչներից եւ իրավունքի մասնագետներից: Խելացի կառավարությունները, ինչպես Ֆրանսիայում, գիտեն նրանցից, նրանց քննադատություններից օգտվելու առավելությունը: Նման իշխանությունները վախենում են այդ խավից, հարգում են նրան, նույնիսկ շողոքորթում նրան: Հատկապեսՙ ճգնաժամային պայմաններում, անգամ ընտրարշավների ժամանակ, պետության ու հասարակության համար դժվար որոշումներ կայացնելուց առաջ ու հետո:
Նույնիսկ սովետական ժամանակներում, Ձնհալից հետո, Կոմկուսը հաշվի էր նստում նման վերնախավի հետ: Հները կվկայեն, թե ինչպես էր Խ. Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարը հասարակական հուզումների ժամանակ վազում Պետհամալսարան, Գրողների միություն, Ակադեմիաՙ բացատրողական աշխատանք տանելու, քննադատություն լսելու, հանգստացնելու, համոզելու:
Հիշում եմՙ կարծեմ 1967-ին էր. Մոսկվայից ուղարկել էին ներքին մի շրջաբերական, թե՞ կարգադրություն, ըստ որի պահանջվում էր քննարկել ռուսական այբուբենըՙ կիրիլիցան, բոլոր հանրապետություններում որդեգրելու հարցը: Դա անշուշտ առաջին հերթին վերաբերում էր Հայաստանին ու Վրաստանին: Ընդվզել էր մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական ամբողջ էլիտան, ուսանողներսՙ նույնպես: Պետհամալսարանի 5-րդ հարկում տեղի ունեցավ Կենտկոմի ղեկավարության փակ հանդիպումը նույն էլիտայի հետ: Կտրուկ, վճռական մերժումն էր մերոնց պատասխանը, որը, կարծում եմ, ներքուստ դժգոհ չէր թողել կենտկոմականներին. նրանցից շատերը իսկապես հայրենսեր մարդիկ էին: Արդյունքը եղավ այն, որ այդ առաջարկը ծալվեց-մի կողմ դրվեց: Մեկ էլՙ Թբիլիսիից երախտագիտական խոսքեր եղան ուղղված մերոնց:
Այս ամբողջը ասվեց ընդգծելու համար, որ Անկախ Հայաստանում չի ձեւավորվել մտավորական վերնախավ: Իշխանություն չունեցող, բայց փոխարենը մեծ ազդեցություն ու դեր ունեցող այդ խավը: Եթե ունենայինքՙ ապա կմերժվեր, օրինակ, նոր Սամհանադրությունը, որը կույրաղիք է դարձել մեր պետության համար: Եթե ունենայինքՙ կմերժվեր որեւէ ստախոս աճպարարի հանձնել իշխանությունը: Եթե ունենայինքՙ կմերժվեր միջազգային գործակալական ցանցի մուտքը խորհրդարան ու կառավարություն:
Թող ոչ ոք ինձ չառարկի, թե ունեինք Հանրային խորհուրդ, որին անդամ էին դառնում, քիչ բացառությամբ, օրվա իշխող կազմակերպությունների միջնորդութամբ, ինչպես այսօրՙ վարչապետ կոչեցյալի եւ սորոսականների արտոնությամբ: Խոսքը ազատ մտածող, ստեղծագործ, հայրենասեր, ազգասեր, պետականասեր մարդկանց մասին է:
Այս օրերին, ծանրագույն փորձություններից, ողբերգություններից ու կորուստներից հետո, թվում էՙ վերջապես ծնվել կամ վերածնվել է մտավորականների մի հանրույթ, որը ձգտում է բոլորին պարտադրել պետականության փրկության իր օրակարգը: Այդ հանրույթը ի վերջո կձեւավորի՞ մտավորական վերնախավ. հուսանք եւ ակնկալենք: