Մշակույթի, կրթության, դրանց դերի եւ ԿԳՄՍ նախարարության առաջարկած կրթական նախագծերի մասին զրուցել եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դպիր Արմեն Քեշիշյանի հետ: Ստորեւՙ հարցազրույցի գլխավոր հատվածները:
– Պարոն Քեշիշյան, հայտնեք Ձեր տեսակետը` “Բարձրագույն կրթության մասին” օրենքի վերաբերյալ:
– Մեզանում օրենք գրելիս կա բացահայտ ձգտումՙ արեւմտյան հասարակության որեւիցե ոլորտում հաջողված ու արդյունք տված հարաբերություն կամ §իրերի կարգ¦ նույնությամբ մեր երկրի նույն կամ նույնիսկ այլ ոլորտ ներդնելու: Բայց դա նույնն է, թե Ատլանտյան օվկիանոսում արված գիտափորձի դրական արդյունքը կիրառենք Սեւանա լճում: Եւ սա կոչվում էՙ հո՛, նորից հեծանիվ չենք հայտնագործելու, ահա՛, արդեն կա, վերցնենք ու առաջ շարժվենք… Եւ դա ասողն ինքնահիացմունքով կարծում է, թե ինքը հենց նոր մի մեծ հայտնագործություն արեց, բա չե՞ք ասիՙ հեծանիվ արդեն կա… Եւ այստեղից տարօրինակ եզրակացությունըՙ պետք չէ մտածել, խճճվել, պետք է ոգեւորված արտագրել…
Մի տեղ մեկը մի բան կիսատ-թերի լսում է, գալիս է Հայաստան ու կոկորդը պատռելով անվերջ գոռում էՙ մենք էլ պետք է այդպիսի օրենք ունենանք. ու այդ օրենքը, որպես հերթական կախարդական փայտիկ, որպես անվերջանալի հաջողությունների ելակետ, դառնում է բանավեճերի առարկա, լրագրողների ու “գործիչների” թեմա…
Նայում ենք մերթ ֆրանսիացիներին, մերթ անգլիացիներին, մերթ սկանդինավյան երկրներին, մերթ ամերիկացիներին ու մի խառնափնթոր, առանցքից, ուղղորդվածությունից զուրկ օրենքների բազմություն ստեղծում: Հիմա հաճախ քաղաքակիրթ երկրներից են գալիս “բարեհոգի” մարդիկ ու ոմանց ականջին շշնջում, թե ի՛նչ օրենքի ընդունմամբ կարելի է Հայաստանն “արտահերթ” եղանակով դարձնել քաղաքակիրթ… Այնքան բարեհոգի են, որ անգամ վարձատրում են մունետիկներին…
Այլ հասարակությունների միջավայրից, ցավոք, վերցնում ենք միայն այն, ինչ մատչելի է ու հասանելի մերՙ անվերջ արտագրելու պատճառով գաճաճ մնացած մտքին: Պատճենում ենքՙ միշտ մոռանալով, թե ի՛նչ միջավայրում է այդ օրենքն “աճում ու պտուղ տալիս”: Վերցնում ենք դետալըՙ անտեսելով, թե ի՛նչ դետալների միջավայրումՙ ի՛նչ մեխանիզմի մեջ է գործում: “Մերսեդեսի” անվադողերով “Լադան” կդառնա ավելի վատ կառավարվող, ընդ որում շարժիչն էլ շարունակ կգերբեռնվի: “Մերսեդեսը” չի պատճենում, թեկուզեւ BMW-ից, ինքնուրույն է խնդիրները լուծում ու կատարելագործվում, դրա համար էլ “Մերսեդես” է:
Այլ է փոխառությունը, այլ է կապկական նմանակումը, ընդօրինակումը, ասիական պատառոտված հողաթափերով եւ Եւրոպայում նորաձեւությունից դուրս եկած եւրոպական գլխարկով մարդն առնվազն ծիծաղելի է, հատկապես եւրոպացիների համար: Երբ ասում եսՙ չի կարելի տասներորդ դասարանցու գիրքը տալ առաջին դասարանցուն, օգնության է հասնում ազգային սնապարծությունը, թեՙ երբ որ մենք Պլատոն էին թարգմանում, քո ֆրանսիացիներն ու գերմանացիներն ո՞ւր էին, հը՞, դե ասա՛… ես ամերիկացիներն ազգ չեմ համարում… եւայլն: Բայց Պլատոնից մի տող անգամ չի լսել, ընդ որում §թունդ¦ ազգայնականի երազանքն էՙ “ամերիկացու պես” լինելը, ամերիկացու դեմքի արտահայտությամբ ու ամերիկացու զուգահեռ ժեստերով վարժ ու անկաշկանդ, “բնականորեն” խոսելըՙ հուսալով, որ ամերիկացին իր մասին կասիՙ կարծես իսկական ամերիկացի լինի… Մի կողմիցՙ ուզում է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալ, մյուս կողմից էլՙ ձեւանում է “արժանապատիվ, սթափ ինքնագիտակցությամբ ազգայնական” ու անխնա զրպարտում ու վարկաբեկում է կաթոլիկ եկեղեցուն ու Պապին…
– ԿԳՄՍ նախարարությունում կարծես, այսպես ասած, լավ աչքով չեն նայում հայագիտությանը, միտում տեսնու՞մ եք:
– Լավ օրենքներն անհրաժեշտ են, բայց օրենք պետք է գրե՛լ, այլ ոչ թե արտագրել, օրենքները պիտի նմանվեն դիպուկ կրակոցների, որոնցով գիշատիչները խոցոտվեն, փախչեն ու չմոտենան գառներին, պետք է նման լինի դեղերի, որոնցով բուժվում է հիվանդը, օրենք գրելը նոր շարժիչ նախագծելու կամ եղածը բարեփոխելու պես մի բան է: Չինական իմաստնությունն ասում էՙ որքան նվազում է բարոյականությունը, այնքան երկարում են օրենքները… Բայց “խելոքներն” ասում ենՙ բարոյապես բարեփոխելը, ըմբռնումներն ու դիրքորոշումներ փոխելը շատ դժվար գործ է, դա շատ երկար ճանապարհ է, արի՛ օրենքի երկիր դառնանք… ով օրենքը խախտի, կաշին քերթենք, հրապարակում կախենք… մարդիկ կվախենան, կսկսեն կատարել օրենքը, հետո կվարժվեն, կընտելանան, կդառնա սովորական բան, եւ գրված օրենքներն աստիճանաբար կդառնան մտքում ու սրտում գրված սկզբունք ու համոզմունք….
Օրենք պետք է գրե՛լ, այլ ոչ թե արտագրել
Եթե դրսում կատու է, տանը առյուծ կտրելու իմաստը ո՞րն է
Թանզիմաթ Հայաստանի դպրոցների և բուհերի
Մի ուրիշ հանգամանք էլ կա. հաճախ այն մտածելակերպն ու ապրելակերպը, ինչը մատուցվում է որպես ամերիկյան ու եւրոպական, շատ քիչ կապ ունի իսկական ամերիկյանի ու եւրոպականի հետ: Կեղծ արեւմտյանի դեմ պայքարել պետք է ճշմարիտ արեւմտյանի մատուցմամբ, ընդ որում առանց իդեալականացնելու: Բանն այն է, որ երբ կռվարար տղային բռնցքամարտ են սովորեցնում, նա դառնում է ինքնավստահ ու շատ ավելի հանգիստ ու խաղաղասեր, քան առաջ: Այդպես էլ մենք պետք տարածենք ճշմարիտ պատկերացումներՙ Արեւմուտքի մասին, եւ այդ գործը չթողնենք սորոսական “իրավապաշտպաններին” ու վարձու լրագրողներին: Առհասարակ, հայերս ապրում ենք շատ մեկուսի ու անտեղյակ միջազգային կյանքից ու հոգսերից, խնդիրներից ու հարաբերություններից հեռացած, վերացած… Եւ դարձյալ հնչում է զգոն ու սթափ “հայրենասերի” խոսքըՙ ինձ միայն Հայաստանս է հետաքրքում, ինձ միայն ազգս է մտահոգում, մյուսների հետ գործ չունեմ…
Հաճախ էլ այն, ինչ ներկայացվում է որպես ավանդական հայկական, պարզապես մահմեդական դժնդակ լծի մնացորդն է մեր աշխարհընկալման, մտածելակերպի ու ապրելակերպի մեջ: Բոլոր դեպքերում, ավանդո՛ւյթն է մարդու համար, այլ ոչ թե մարդն ավանդույթի:
Մեր բոլոր օրենքներում, նաեւ “Կրթության մասին” օրենքում, կա ուժգին ձգտումՙ ամեն ինչ կշռելի, չափելի դարձնելու: Ջանում ենք օրենքներից դուրս մղել ողջախոհությունը, ամեն ինչ բանաձեւելու, կշռելի, չափելի դարձնելու անհնարին ու անմիտ գործին ենք լծվել: Սա յուրօրինակ վերածնունդն է մեխանիստական տեսության, որը վաղուց ծագել է Եւրոպայում եւ հենց Եւրոպայում էլ վաղուց հերքվել է ու մերժվել:
Մարդկային բազմակողմանի, բազմաշերտ հարաբերությունները հանգեցնելու իրավունքի ու պարտականության, կա միտումՙ մարդկային գործունեությունը, հարաբերությունները կանոնակարգելու սոսկ որպես իրավունքի իրացում եւ պարտականության կատարում: Մարդկային հարաբերությունները շատ ավելի բարդ են ու բազմաշերտ են, քան ամենամանրամասն պայմանագիրը կամ օրենսգիրքը:
– Որեւէ կերպ կարելի՞ է արդարացնել հայոց լեզվի` բուհերից դուրսմղումը:
– “Կրթության մասին” օրենքում չի երեւում ամենակարեւոր մարդը կրթության ոլորտումՙ ուսուցիչն ու դասախոսը: Կրթության օրենքը մի մասովՙ ավելի շուտ հիշեցնում է հռչակագիր, մյուս մասն էլ հիշեցնում է երթեւեկության կանոններ ու նշաններ: Մինչդեռ պետք էր կարգավորվեին հարաբերությունների խրթին մասերը, ենթադրյալ ու հավանական խնդրահարույց իրադրությունները, այլ կերպ ասածՙ խաչմերուկները, այլ ոչ այն, թե ինչպես պետք է վարել ավտոմեքենան ուղիղ ու ազատ ճանապարհով… Կարելի է բարեփոխումներ առաջարկելՙ այս հոդվածի մեջ այս բառն ավելացնել, այն հոդվածի մեջ այդ բառը փոխարինել այսինչ բառով. ցավոք, առանցքն է ծուռ, մեր իրականությունից ու մեր խնդիրներից, մեր մշակույթից օտարված է:
Ոչ բավարար չափով տեսական է, որ տեսություն կոչվի, ոչ էլ բավարար չափով առարկայական է, որ ուղեցույց կոչվի: Անհասկանալի է մնում նաեւ այն, թե գործնական մասը ընդհանուր, հռչակագրային դրութների իրականացման հետ ի՞նչ կապ ունի: Այն, ինչ հռչակվում է սկզբումՙ ընդհանուր դրութներում, դրան հաջորդող օրենքներն ինչո՛վ եւ ինչպե՛ս են իրականացնում, կյանքի կոչում դրանք:
Ամեն ինչ թվացյալ չափելի ու կշռելի դարձնելովՙ ընդգծված է գլխավոր միտումըՙ ուսուցչի ու դասախոսի դերի նվազեցումը, իբր թե իդեալականն այն է, երբ ուսուցիչներն ու դասախոսները կլինեն սոսկ գիտելիքներ արտաբերող ու սխալներ ուղղող խելացի ռոբոտներ:
Դասախոսըՙ ուսանողներին, ուսուցիչըՙ աշակերտներին միայն գիտելիք չի հաղորդում, առավել եւսՙ գիտելիքները միայն բառերով չի հաղորդում, այլ նաեւ դեմքի արտահայտությամբ, հայացքով, շեշտադրությամբ, ընդ որում այն, ինչ հաղորդվում է առանց բառերի, բառերի արանքում, նույնպե՛ս գիտելիք է, բայց յուրահատուկՙ բարոյական, փիլիսոփայական գիտելիք էՙ կրթված մարդու կենսափորձի, նշանակալից անձի ընդհանրացված դիրքորշումն է կյանքի նկատմամբ: Գիտելիքը միայն բանաձեւերը եւ սահմանումները չեն, նկարագրություններ չեն, միայն տեղանուններ, անձնանուններ, տարեթվեր չեն:
Վատ է այն դասախոսը, որը միայն դատողություններ արտաբերող մեքենա է. իզուր չեն ասումՙ այս համալսարանի պատերն անգամ կրթող, դաստիարակող ներուժ ունեն:
Այսօր կա դասախոսների մակարդակի անկում եւ պայմանականորեն ասածՙ ռոբոտացում. թերուս դասախոսները փորձում են “ճշգրիտ գիտելիքներ բարբառողի”, կեղծ “ինտելեկտուալի” կերպարի հետեւում թաքնվել եւ թաքցնել իրենց գրագիտության պակասը: Դասախոսը դառնում է բեմական կերպար, ինչպես, ասենք, այսօրվա քաղաքական, պետական գործիչները:
Նախադրյալներն ու բարենպաստ գործոններն ինքնին չեն ստեղծում լավ արդյունք: Տարածքի, շինանյութերի, շաղախի, տեխնիկայի, բանվորների ու ինժեներների առկայություն դեռ չի նշանակում նպատակահարմար ու ամուր շինություն: Այդ ամենը պե՛տք է, բայց բավարար չէ: Հարուստ բառապաշար, քերականության լավ իմացությունն ինքնին չի ենթադրում խորաթափանցություն, դիտողականություն եւ համապատասխանաբար բովանդակալից մտքերի ձեւակերպում: Լավ օրենքներն ինքնին չեն ապահովում արդարադատություն, քանի որ արդարադատությունն ավելին է, քան սոսկ օրենքի կիրառումը:
– Վտանգված է նաեւ “Հայոց եկեղեցու պատմություն” դպրոցական առարկան: Դուք ժամանակին սովորել եք Սեւանի Վազգենյան հոգեւոր ճեմարանում եւ ավելի խորագետ եք կրոնի հարցերում, ի՞նչ տեսակետ ունեքՙ այդ առարկայի դասավանդման դադարեցումը խելամի՞տ տարբերակ է:
– Կրթության հիմքում գիտելիքներն են, բայց կրթությունն ավելին է, քան գիտելիքների քանակն ու որակը, այնՙ ինչ “ավելին” է, կշռելի ու չափելի չէ: Օրինակ, հայրենասիրությունն ի՞նչ գիտելիք է. չէ՞ որ մարդ կարող է 100 հայրենասիրական բանաստեղծություն ու երգ անգիր իմանալ ու այդպես էլՙ երգելով ու արտասանելովՙ արտագաղթել հենց ա՛յն ժամանակ, երբ հայրենիքը վտանգի մեջ է: Կարող է գոռալ-գոչել, թե ինքը քրիստոնյա է, բայց սնահավատությամբ լցված լինել ու անգամ գրբացների մոտ գնալ. կարող է անգամ Աստվածաշունչ կարդացած լինել, շարական երգել, բայց նեղության ու վտանգի ժամանակ ուրանալ ու ասելՙ չէ՛, ես աթեիստ եմ… Մարդ կարող է մայրենի լեզվի մասին 100 բանստեղծություն արտասանել, բայց շարունակել աղճատել ու պղծել մայրենի լեզուն: Այս է խնդիրը. սեր ու նվիրվածություն, համոզվածություն ու կենսադիրքորոշում ներարկելն է մանկավարժական արվեստը, ինչի համար, իհա՛րկե, անհրաժեշտ են նաեւ բազմաթիվ ու խոր գիտելիքներ:
Պաշտոնյան կարող է շատ գրագետ կերպով բացատրել, թե կոռուպցիան որքա՛ն վնասակար բան է պետության ու տնտեսության համար, բայց միաժամանակ լինել թունդ կաշառակեր ու շահամոլ հովանավորող. գոնե կոմունիստների ժամանակները հիշենք:
Միայն գիտելիքներով կունենանք ոչ թե նեղ մասնագետներ, այլ նեղմիտ ու երեսպաշտ մարդիկ, որոնք կխաղան լավ ինժեների, լավ բժշկի, լավ տնտեսագետի, լավ քիմիկոսի դեր: Քանի որ ստեղծագործում է մարդըՙ հոգեկանի ամբողջ տիրույթով, այլ ոչ թե միայն մարդու մտածողությունը: Կնմանվեն հոսանքազրկված սարքավորումների, առանց էլեկտրական լարերի շինության: Եթե չկա մտքի թռիչք, ի՞նչ ինժեներ, նա պարզապես լվացքի մեքենա, սառնարան նորոգող, քանդող-հավաքող, դետալ փոխող արհեստավոր է. ինժեները պետք է ստեղծի այն, ինչ դեռ չկա, նրա միտքը պետք է առաջ անցնի սարքի, գործիքի հնարավորություններից: Եթե ուսանողը եղածը նկարագրի ու իդեալական համարիՙ ասելովՙ հեծանիվ հայտնագործել պետք չէ, ի՞նչը պիտի կատարելագործի. ինչպե՞ս պիտի խնդիր տեսնի, եթե սրտացավ չէ, ինչպե՞ս պիտի սրտացավ լինի, եթե “զգացմունքային չէ”, այլ “զուտ մտածողություն է”, “զուտ դատողականություն է”, ինչպե՞ս պիտի քննադատաբար նայի աշխարհին ու ինքն իրեն, եթե իրեն համոզել է, թե ինքը գիտելիքի մեծաքանակ գնորդ է: Գլխավորն այն է, որ մարդը տեսնի խնդիր ու նպատակադրվի լուծել խնդիրը, լարվելու պատրաստակամություն ունենա: Միայն ֆիզիկական լավ պատրաստականությամբ, հրաձգարանում լավ կրակելովՙ զինվորները մարտունակ բանակ չեն կազմում. Պետք չէ չափազանցել, ծայրահեղացնել եւ հումանիտար գիտելիքները, կրթությունը հակադրել բնագիտական գիտելիքներին ու կրթությանը. “Կայսրինըՙ կայսրին, Աստծունըՙ Աստծուն”: Ամոթ է, որ այսօր “նեղ մասնագիտացում” ասելիս հասկանում ենք ոչ թե խոր գիտելիքներՙ մի ոլորտի վերաբերյալ, այլ ավելի շուտ մյուս ոլորտների վերաբերյալ գիտելիքների կատարյալ բացակայություն: Եվ ոչ պարտադիրՙ ավելորդ են ճանաչվում նախեւառաջ ամենամարդկային դասերըՙ մայրենի լեզու, ազգի պատմություն…
Կաշառք չվերցնող վիրաբույժ ամենեւին էլ չի նշանակում բանիմաց ու հմուտ վիրաբույժ, կաշառք չվերցնող դատավոր չի նշանակում արդարադատ դատավոր, կաշառք չվերցնող դասախոս չի նշանակում բանիմաց դասախոս, այդպես էլՙ կաշառք չվերցնող պաշտոնյա չի նշանակում լավ որոշումներ կայացնող պաշտոնյա:
– Զրույցը եզրափակենք` հայաստանյան դպրոցների մասին Ձեր մեկնաբանություններով
– Բոլոր հարաբերությունները, դրանց թվում նաեւ ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող հարաբերությունները, միջանձնային հարբերություններ ենՙ դերային առումովՙ “ավագ-կրտսեր”, բայց ոչ երբեք սոսկ գիտելիք տվողի եւ գիտելիք վերցնողի, գիտելիք վաճառողի եւ գիտելիք գնողի փոխհարաբերություն: Նա, ով կասի, թե զարգացած երկրներում, օրինակ, Ամերկայում այդպես է, նախ թող քարտեզի վրա Ամերիկայի տեղը գտնել կարողանա:
Հարցազրույցըՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ