RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1261, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանը ճգնաժամի պայմաններում ճգնաժամ է ապրում: Համավարակի գլոբալ ազդեցությունից ոչ մի երկիր զերծ չի մնացել, եւ Հայաստանը բացառություն չէ: Վարակը կաթվածահար է արել տնտեսությունը եւ շուռ է տվել հանրային առողջապահության համակարգը բոլոր երկրներում: Հայաստանը բավական արդյունավետ կերպով է կարողանում պայքարել համավարակի դեմ: Սակայն այդ նույն վարակի հանդեպ քաղաքացիների ճակատագրապաշտական մոտեցումը դժվարացնում է առողջապահության բնագավառի աշխատողների գործունեությունը:

Հայաստանն առանց այն էլ գտնվում է «ոչ-պատերազմ, ոչ-խաղաղություն» իրողության մեջ, մի կացություն, որն ստիպում է իրենց երեխաների ապագայի մասին մտածող ծնողներին արտագաղթել երկրից: Սա աստիճանական հյուծման պատերազմ է, որի հետեւանքները կարող են գնահատել թուրքերն ու ադրբեջանցիները: Սա նաեւ ցածր լարվածության պատերազմ է, եւ հայրենասիրության ոչ մի չափաբաժին չի կարող դրա առաջքն առնել: Այդ պատճառով էլ այս պատերազմական իրավիճակն ու շրջափակումը պետք է համարել ապակայունացմանը նպաստող ծայրահեղ գործոններ:

Վերջերս, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս հրավառ կացությանը յուղ ավելացրեց ադրբեջանամետ իր հայտարարությամբ: Դա երկար սպասված հարված էր, հաշվի առնելով Հայաստանում հնչող հակառուսական հռետորաբանությունն ու ժամանակ առ ժամանակ իրականացվող գործողությունները: Լավրովը ցնցեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարելով, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ կա, որը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից: Նա նաեւ ավելացրեց, որ փաստաթուղթը կանխատեսում է փուլային կարգավորում, որը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող որոշ շրջաններից հայկական զորքերի դուրս բերմամբ:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ժխտեց նման փաստաթղթի գոյությունը: Սովորաբար, բանակցությունների գործընթացում ծավալվող գլխավոր զարգացումները բացահայտվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից: Ռուսաստանի միակողմանի հայտարարությունը ցույց էր տալիս, որ Ռուսաստանը հաշիվներ ունի մաքրելու Հայաստանի հետ: Նման ենթադրության հիմք կարող է ծառայել այն, որ բացի փաստաթղթի վերաբերյալ հայտարարությունից, Լավրովը հանդիմանական խոսքեր էր ուղղել Երեւանինՙ Գազպրոմի եւ Հարավային Կովկասի երկաթուղային համակարգի (որոնք Ռուսաստանին են պատկանում) դեմ դատական գործընթաց սկսելու կապակցությամբ:

Այսքանով բավարարվենք նշել երկրին ապակայունացնող արտաքին գործոնների մասին, որոնց նկատմամբ Հայաստանը դիմագրավելու արդյունավետ լծակներ չունի: Դժբախտաբար, դրանց գալիս են միանալու ներքին գործոններ, որոնցից գուցե կարելի կլիներ խուսափել ավելի շրջահայաց կառավարման եւ խոհեմ քաղաքականության կիրառման շնորհիվ:

Խոսքը նախ այն արշավի մասին է, որ ծավալվեց ընդդեմ Սահմանադրական դատարանի, որի նախագահ Հրայր Թովմասյանը մազաչափ անգամ չզիջեց իր դիրքերը: Թավշյ ա հեղափոխության ծայրահեղականների թեւը կոչ արեց անմիջապես արձակել դատարանը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առարկեց, հաշվի առնելով միջազգային հանրության հանդեպ իր ստանձնած պարտավորվածությունները: Որոշվեց հանրաքվե անցկացնել, անուղղակի միջոցով նոր օրենքներ ընդունել եւ դուրս գալ անելանելի կացությունից: Սա միանշանակ չընդունվեց ո՛չ իշխող, ո՛չ նախորդ իշխանությունների, ո՛չ էլ երկուսի արանքում շփոթված հանրության կողմից:

Երկրորդ օրենսդրական փաթեթը, որ լուրջ հանրային քննարկումների առարկա դարձավ, վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնազավթմանը: Սա ուղղված էր նախկին վարչակարգի անդամների եւ նրանց համախոհ կատարածուների դեմ: Եթե օրինագիծը վաղեմություն ունեցող դեպքերին չանդրադառնար, գուցե այդքան վիճելի չլիներ: Նույնիսկ խորհրդարանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ նախկին գործարար օլիգարխներ քմահաճորեն ձերբակալվեցին եւ նրանց գույքը առգրավվեցՙ քաղաքացիների ողջույնների ներքո: Պոպուլիզմը հասել էր իր գագաթնակետին:

Այժմ էլ շրջանառության մեջ է դրված մեկ այլ նախագիծ, որ պետք է կանոնակարգի լրատվական դաշտը: Իրականում դա միջոց է վերահսկելու սանձարձակ ընդդիմադիր մամուլը: Փաթեթը նախատեսում է եզրագծեր սահմանել, որովհետեւ տապալվելուց հետո նախկին վարչակազմը ապաստան է գտել մեդիա ոլորտում, որի միջոցով բավական արդյունավետ ձեւով պարտիզանական պատերազմ է մղում: Սա, իհարկե, խիստ նյարդայնացնում է ներկա վարչակազմին եւ դյուրագրգիռ դարձնում օրենսդիրներին, որոնք երբեմն աղմկալի բանավեճերից անցնում են փողոցային ծեծկռտուքների:

Եթե նոր վարչակազմը առավել վեհանձն ու մեծահոգի դրսեւորում որդեգրերՙ բավարար պատիժ համարելով նախկինների պաշտոնազուրկ լինելը, եւ հաշտեցման գործընթաց ծավալեր, միգուցե կարելի կլիներ խուսափել ներկայի բեւեռացման գործընթացից: Բայց հավատարիմ մնալով հայկական ավանդական խառնվածքին ու դյուրաբորբոք բնավորությանը, մարդիկ տրվեցին ծայրահեղականությանը եւ քինախնդրությանըՙ հընթացս վստահեցնելով բոլորին, որ վենդետա չի լինելու:

Ներկայիս հետաքննվում են երկու գործեր: Խորհրդարանի պաշտպանության ենթահանձնախմբի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փաստահավաք խումբը քննում է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները, իսկ մյուսըՙ 2008-ի մարտյան զանգվածային անկարգությունների գործը, որի ընթացքում սպանվել էին 10 քաղաքացիներ:

Վերջինը հետաքննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին զուգահեռ: Քոչարյանը ճաղերի ետեւում է: Չի գործում անմեղության կանխավարկածի դրույթը: Գործի շուրջն ընթացող դատական եւ հասարակական քննարկումները կրկեսանման մի մթնոլորտ են ստեղծել, որի մեջ նրա կառավարության օրոք տուժած մարդիկ ցասումնալից արտահայտություններով են հանդես գալիս:

Ինքըՙ Քոչարյանը դարձել է որոշ իմաստով մի «ջերմաչափ», որի միջոցով Մոսկվան գնահատում է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, մինչ նրան տանջողների մեկ աչքը հառած է դեպի Արեւմուտքՙ դիվիդենտներ ձեռք բերելու ակնկալիքով:

Եթե այս զույգ գործերը վարվեին հանուն պաշտոնապես հայտարարված պատճառների, ապա կարող էին օրինական համարվել: Բայց քանի որ կոնտեքստից դուրս են եկելՙ քաղաքականացվելու եւ հասարակության հոգեբանական բավարարավածությանը ծառայելու նպատակով, դրանք հակադարձ հասարակական հարվածների են արժանանում:

Իշխանության նյարդային պատասխանը սադրանքներինՙ թուլություն է նշանակում, իսկ թուլությունը ագրեսիա է ծնում:

Եվ իրոք, ագրեսիվ բնույթի դեպքեր տեղի ունեցան վերջերս: Թվում է, թե դրանք կապ չունեն լարված իրադարձության հետ, բայց վստահ կարելի է պնդել, որ այդ իրադարձության արդյունքն են:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցային կռվի էր բռնվել «Ադեկվատ» ծայրահեղակաան քաղաքական խմբավորման առաջնորդ Արթուր Դանիելյանի հետ, որի քիթը ջարդվել էր: Հետո հարձակվել էին Սեդա Սաֆարյանիՙ մարտի 1-ի դեպքերը հետաքննող փաստահավաք հանձնախմբի փաստաբանի եւ նրա ընտանիքի վրա: Նորադուսի շրջանում մոտ հարյուր հոգի կռվի էր բռնվել, որի հետեւանքում երկու հոգի մահացել էր:

Իսկ բոլոր կռիվների գլխավորը տեղի ունեցավ խորհրդարանում, որտեղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հարձակվեց «Իմ քայլը» խմբավորման անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի վրա, երկկողմ հայհոյանքների ներքո: Աշխարհը սովոր էր նման ծեծկռտուքների ականատեսը լինել թուրքական եւ այլ խորհրդարաններում: Այժմ հերթը Հայաստանինն է:

Մարուքյանն ու նրա խմբավորումը խորհրդարան էր մուտք գործել «Իմ քայլը» դաշնության օժանդակությամբ, որպեսզի ստանձնի հնազանդ ընդդիմադրի դերը: Բայց Մարուքյանը, երեւի, ավելի լուրջ հակառակորդի դեր է իրեն վերապահել: Կռվի վերջում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին քննադատելու համար Մարուքյանին, որն սկսել էր ծառայել նախկին նախագահներ Քոչարյանին եւ Սարգսյանին: Նա իր ելույթն ավարտեց նշելով, որ սա հեղափոխության եւ անձամբ իր առաջին պարտությունն էր, որը չպետք է տեղի ունենար:

Հուսահատ խմբավորումներ պայքարում են ներկա վարչակազմի դեմ, ժամանակ չտալով նրան, որ ամրացնի իր դիրքերը եւ դիմակայի մարտահրավերները: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի փեսանՙ Միքայել Մինասյանն ունեն իրենց հարող հեռուստատեսային ալիքներն ու տեղեկատվական աղբյուրները, որոնց միջոցով պայքարում են կառավարության դեմ: Վերջերս նրանց է միացել նաեւ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Մինչ Հայաստանը գոյատեւման մարտահրավերների առաջ է կանգնած, ժողովուրդը բեւեռացված է եւ պարտիզանական պատերազմ է մղում:

Ոչ մի փրկություն չպետք է ակնկալել արտաքին շրջանակներից: Միայն առողջ դատողությունը կարող է նվազեցնել լարվածությունը, վերացնել բեւեռայնացումը եւ իմաստավորել հանրային ներդաշնակությունը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ