Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Անկարան ուզում է հենակետ ստեղծել Լիբիայում

Դեռ վերջերս, Արեւելյան Միջերկածովքի խնդիրների մասին խոսելիս, փորձագետները ուշադրությունը կենտրոնացնում էին Կիպրոսի հարցի կարգավորման առնչությամբ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող հակամարտության վրա: Նույնիսկ այն ժամանակ, երբ Կիպրոսի Հանրապետությունը հայտարարեց իր բացառիկ տնտեսական գոտում նավթի ծովային հանքավայրերի հետախուզում սկսելու մասին, Անկարան կտրականապես հանդես եկավ դրա դեմՙ հայտարարելով, որ նախ հարկավոր է հասնել Կիպրոսի խնդրի կարգավորմանը, քանի որ հակառակ դեպքում կիպրացի թուրքերը կզրկվեն Արեւելյան Միջերկրածովքում հայտնաբերված նավթային հարստություններից օգտվելու հնարավորությունից: Իսկ հետո Թուրքիան այնտեղ ուղարկեց նավթի հետախուզման նավեր եւ հարուցեց դիվանագիտական սկանդալներ Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների հետ, որոնք տվյալ դեպքում Անկարայի կողմից չէին:

Այն ժամանակ Արեւելյան Միջերկրածովքում հակամարտության թեժ կետի ստեղծումը դիտարկվում էր միայն տեսականորեն, ենթադրվում էր, որ բոլոր ճակատամարտերը կծավալվեն միայն դիվանագիտական եւ դատավարական հարթակներում: Բայց երբ 2018 թվականի փետրվարին Թուրքիան հայտարարեց, որ սկսում է մասնակցել գազային մրցավազքին եւ չի ճանաչում ծովային ծանծաղուտի բաժանմանը վերաբերող եգիպտա-կիպրական համաձայնագիրը, պարզ դարձավ, որ հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում էՙ ներգրավելով Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիային Աֆրիկայի նոր տարածքներ:

Ի հայտ եկան հակաթուրքական կոալիցիայի ստեղծման նշաններ այնպիսի երկրների մասնակցությամբ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Իսրայելը: ԱՄՆ-ը որոշ ժամանակ տատանվում էր ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց հետո դադարեց արտահայտվել Անկարայի օգտին: Դրանից հետո Բրյուսելը սպառնաց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմՙ Կիպրոսի մոտակայքում հորատման աշխատանքներ սկսելու պատճառով:

Այս տարվա նոյեմբերի 28-ին Ստամբուլում ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Թուրքիայի եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջեւ, որը նախատեսում է երկու երկրների զինվորականների փոխհարաբերությունների ամրապնդում: Երկու կողմերը ստորագրեցին նաեւ հուշագիր ծովային գոտիների սահմանազատման մասին: Տվյալ փաստաթղթի տեքստը առայժմ հրապարակված չէ, ինչը վրդովմունք է առաջացնում Եվրոմիության մայրաքաղաքներում ու Եգիպտոսում: Բրիտանական Financial Times թերթը, թուրքական աղբյուրներ վկայակոչելով, ենթադրություն է անում, թե հուշագիրը նշանակում է նոր ծովային սահման, որը կանցնի հունական Կրետե կղզուց ոչ հեռու գտնվող այն տարածքով, որին հավակնում են Հունաստանն ու Կիպրոսը: Դա կարող է ոչ միայն վտանգել Արեւելյան Միջերկրածովքից դեպի Եվրոպա գազատար նոր խողովակաշարի կառուցումը, այլեւ բարդացնել իրադրությունը պատերազմի մեջ հայտնված Լիբիայում:

Թուրքական Yeni afak հրատարակությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեպետեւ Լիբիայում երկիշխանություն է, Թուրքիան հուշագիր է ստորագրել միջազգայնորեն չճանաչված լիբիական կառավարության հետ, որը գլխավորում է Ֆաիզ Սարաջը: Ավելին, թուրքական կառավարությունը հասցրել է վավերացնել հուշագիրը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը փաստաթուղթն ուղարկել է ՄԱԿ-ի հաստատմանը: Բարդությունն այն է, որ միջազգայնորեն ճանաչված լիբիական կառավարությունը մերժել է այդ համաձայնագիրը, ինչը նշանակում է Ազգային համաձայնության կառավարության եւ խորհրդարանի դիմակայություն: Հենց այդպիսի իրավիճակում Էրդողանը հայտարարեց թուրք զինծառայողներ Լիբիա ուղարկելու պատրաստակամության մասին: Նրա խոսքերով, հենց որ լիբիական կողմը խնդրանքով դիմի Անկարային եւ կնքի ռազմական համաձայնագիր, իրենք կուղարկեն զինծառայողներ:

Ներկայումս Լիբիայիում գոյություն ունեն երկու զուգահեռ կառավարություններՙ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը եւ Աբդալլահ Աբդուրահման ատ-Թանիի ժամանակավոր կառավարութունը: Վերջինս Լիբիայի արեւելքում գործում է ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերի հետ համատեղ: Այսինքն Թուրքիան պատրաստակամություն է հայտնում Լիբիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու Ազգային համաձայնության կառավարության ուժերի կողմից: Ավելին, Էրդողանը ցանկություն է հայտնել հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկի Լիբիայի իրադրությունը եւ Մոսկվային համոզի վերանայելու վերաբերմունքը Տրիպոլիին հակադրվող ֆելդմարշալ Խաֆթարի Լիբիական ազգային բանակի նկատմամբ:

Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Լիբիան կարող է վերածվել երկրորդ Սիրիայի: Ընդսմին հետաքրքրական է, որ ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողովից հետո Թուրքիայում ի հայտ եկան հրապարակումներ, որոնցում պնդում է արվում, թե 2022 2023 թթ. տեղի կունենա ՆԱՏՕ-ի մահը, իսկ Ռուսաստանը կարող է ստեղծել անվտանգության նոր ռազմավարական դաշինք, որի մեջ կմտնի նաեւ Անկարան:

Բացի դրանից, ԶԼՄ-ներում խոսվում է Լիբիայում ռուսների չհայտարարված ռազմական ներկայության մասին, իսկ այնտեղ թուրք զինծառայողների հնարավոր ներկայությունը մատուցվում է որպես սիրիական արշավանքի շարունակություն, չէ՞ որ Սիրիայում ռուսներն ու թուրքերը դաշինքի մեջ են չնայած նախագահ Բաշար Ասադի հանդեպ իրենց վերաբերմունքների տարբերությանը: Սակայն, ինչպես կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , Էրդողանը դժվար թե Արեւելյան Միջերկրածովքում նոր հակամարտություն սանձազերծի Լիբիայի տարածքից: Նախագահը պարզապես հավաստում է իր ներկայությունը մեծ տերությունների շահերի բախման խաչմերուկում, որպեսզի վերջիններս ինչ-որ ձեւով արձագանքեն դրան: Մոսկվան արդեն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով: Վերջինս նշել է, որ գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք հարկավոր է հարգել:

Աթենքը եւ Անկարան տասնամյակներ շարունակ վիճաբանում են ամբողջ Էգեյան ծովի վերահսկման առնչությամբ, բայց թուրք-լիբիական համաձայնագիրը առաջին դեպքն է, երբ Հունաստանը Կրետեի ծովում իր ինքնիշխանությանը սպառնացող վտանգի է բախվում արդեն նոր պլացդարմից: Այս դեպքում ամեն ինչ այլ տեսք է ստանում:

Արաբական «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Անկարան Տրիպոլիում իշխող Ֆաիզ ալ-Սարաջ կառավարության խնդրանքով որոշել է Լիբիա ուղարկել ռազմական տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաեւ հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներ: Դա արվել է այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը Ստամբուլում դռնփակ ռեժիմով բանակցել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար ֆաիզ Սարաջի հետ:

Դա առաջին հանդիպումն էր ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Անկարայի եւ ԱՀԿ-ի կողմից հուշագրի ստորագրումից հետո: Հանդիպման նախօրեին թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Անկարան ռազմանավեր է նախապատրաստում Լիբիայի ափերի մոտ ուղարկելու համար: Դրանք կտանեն զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հատուկ նշանակության ուժեր, ստորջրյա հարձակման եւ պաշտպանության ստորաբաժանումներ, իսկ բեռնատար ինքնաթիռները եւ ուղղաթիռները պատրաստ են թռչելու Միսրատա քաղաք: Առայժմ բանը դրան չի հասել, բայց թուրքական Yeni afak հրատարակությունը գտնում է, որ խոսքը Լիբիայում Անկարայի ռազմական գործողության առաջին փուլի մասին է: Մի խոսքով, Թուրքիան կարող է ներքաշվել եւս մեկ տարածաշրջանային պատերազմի մեջ: Հիշեցնենք, որ Լիբիայում գոյություն ունի երկու կառավարություն: Իշխանությանը հակադրվում են ֆելդմարշալ Խաֆթարի ստորաբաժանումները: Էրդողանը նրան համարում է անօրինական ներկայացուցիչ: Այդ երկու կենտրոնների շուրջը ձեւավորվել են ռազմաքաղաքական կոալիցիաներ, որոնք այս կամ այն կերպ ներքաշվելու են դիմակայության շրջապտույտի մեջ:

ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան գործում է միակողմանի կարգով: Ինչո՞ւ: Պատճառը Արեւելյան Միջերկրածովքում դիմակայության սրումն է, որը, փորձագետների կարծիքով, կապված է էներգառեսուրսների համար ծավալված պայքարի հետ: Դա խնդրի թեեւ կարեւոր, բայց ոչ միակ կողմն է: Մյուս կողմի մասին գրում է The Jerusalem Post թերթի խմբագիր Սետ Ֆրանցմանը : Նրա կարծիքով, Միջերկրական ծովի ջրատարածքի բաժաման վերաբերյալ Տրիպոլիի հետ վերջերս Անկարայի կնքած գործարքը ավելի լայնընդգրկուն այն նախագծի մասն է, որով Թուրքիան ձգտում է հարեւանների վրա ճնշում գործադրելով գերիշխող դիրք գրավել Արեւելյան Միջերկրածովքում: Այսպես, տվյալ գործարքը մեկնաբանելիս, Էրդողանը հայտարարել է հետեւյալը. «Սրանից հետո Սեւրի պայմանագիրը լիովին կորցնում է իմաստը: Թուրքիայի եւ Լիբիայի ծովային սահմանը մտահոգում է նաեւ Հունաստանին: Այդ ջրերում առկա են Թուրքիայի եւ Լիբիայի իրավունքները, եւ հարկավոր է դրանք պաշտպանել»: Տարօրինակն այն է, որ Թուրքիայի նախագահը հենց հիմա է հիշում Սեւրի պայմանագրի մասին, որը ոչ ոք չի վավերացրել:

Պատմական համառոտ տեղեկանք : Ավելի քան 350 տարի Լիբիան մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ: 1912 թ. հոկտեմբերի18-ին Լոզան քաղաքի մերձակա Ուշի բնակավայրում ստորագրվեց հաշտության պայմանագիր, ըստ որի Իտալիան Օսմանյան կայսրությունից ստացավ Տրիպոլի եւ Բենգազի վիլայեթները օսմայնան բոլոր կայազորների դուրսբերման պայմանով: Ըստ որում, Իտալիան պարտավորվեց Բ. Դռանը վերադարձնել Ռոդոս կղզին եւ Էգեյան ծովում գրավված բոլոր կղզիները: Որոշ ժամանակ անց սկսված Առաջին աշխարհամարտը Իտալիային հնարավորություն տվեց պահպանել Դոդեկանես կղզիները, որոնք 1920 թ. Սեւրի պայմանագրով պետք է անցնեին Հունաստանինՙ հարավ-արեւմտյան Անատոլիայի իտալական օկուպացման դիմաց: Հետագայում Սեւրի պայմանագրի այդ դրույթները փոխանցվեցին 1923 թ. Լոզանի պայմանագրին: Թուրքիան ճանաչեց Դոդեկանես կղզիների բռնակցումը, որոնք 1947-ին անցան Հունաստանին: Այնպես որ, ըստ տրամաբանության, Էրդողանը պետք է խոսեր ոչ թե Սեւրի, այլ Լոզանի պայմանագրի մասին:

Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել Էգեյան ծովում Լոզանի պայմանագրով Հունաստանի հետ հաստատված սահմանների վերանայման օգտին: Այդ դեպքում, Անկարան ինչո՞ւ է կառչում Սեւրի պայամանգրին: Քուրդ հրապարակախոս Ռադվան Բադինիի կարծիքով, բանն այն է, որ Սեւրի պայմանագրի 62-64-րդ հոդվածներով նախատեսվում է քրդերի ազգային կազմավորում ստեղծել Եփրատ գետից արեւելք: Անկարան վստահ է, որ Արեւմուտքը ներկայումս փորձում է իրականացնել այդ նախագիծը: Ի դեպ, Անկարան հենց Սեւրի պայմանագրի համատեքստում է ընկալում ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունումը, քանի որ այդ պայմանագրով Թուրքիան պարտավորեցվում էր ճանաչել Հայաստանի նոր սահմանները:

Վերջին հաշվով կարող ենք ասել հետեւյալը: Անկարան եւ Տրիպոլին առայժմ չեն հրապարակել Արեւելյան Միջերկրածովքին վերաբերող համաձայնագիրը: Կողմերը այն համարում են պատմական: Ավելին, թուրքական Star հրատարակության կարծիքով, փաստաթուղթը խափանեց Թուրքիայի նկատմամբ Եվրոմիության նենգ ծրագրերը, եւ Անկարային հաջողվեց վահան ստեղծել Հունաստանի, Կիպրոսի հունական իշխանության եւ Եգիպտոսի միջեւ: Հրատարակության կարծիքով, այդ երեք երկրները անկարող են իրար հետ համաձայնագիր կնքել Արեւելյան Միջերկրածովքում բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին, եւ որոշված է թուրքական իրավադատության արեւմտյան սահմանը: Ինչ վերաբերում է Լիբիային, նա իրավադատության ավելի լայն գոտի ստացավ, քան կարող էր ստանալ Հունաստանի հետ համաձայնագրի կնքման դեպքում: Այլ կերպ ասած, Անկարան վստահ է, որ իրեն հաջողվել է կանխել տարածաշրջանում իրադարձությունների իր համար աննպաստ զարգացումները: Իսկ հետագայում Թուրքիան մտադիր է Լիբիան օգտագործել որպես Աֆրիկա մուտք գործելու դարպաս, նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Հայտնի չէ, թե ինչով կավարտվի Լիբիայի ճգնաժամը: Երկրում կառավարություններից եւ խորհրդարաններից յուրաքանչյուրը հավակնում է լեգիտիմության: Ճգնաժամի պայմաններում Թուրքիան պաշտպանում է հակամարտ կողմերից մեկին: Իսկ ներկա պայմաններում դժվար է իրադարձությունների զարգացման միջնաժամկետ կամ երկարաժամկետ կանխատեսումներ անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ԻՆՋԻՐԼԻՔԸ ԵՎ ԿՅՈՒՐԵՋԻՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՋԻՐԼԻՔԸ ԵՎ ԿՅՈՒՐԵՋԻՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական