RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՄՎՈԼԻԿԱՆ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Հետհեղափոխական Հայաստանը շատերին է հետաքրքիր ու հայրենիքով մտահոգ հայրենասեր մարդիկ իսկապես ցանկանում են հասկանալ, թե ինչպես են նոր իշխանությունները պատրաստվում կառուցել, այսպես կոչված, «նոր» Հայաստանը: Ու ընդհանրապես ինչով է այն տարբերվում «հնից» ու արդյոք այդ ամենը ընդհանուր առնչություն ունի հայկական պետականության ու նրա զարգացման ռազմավարության տրամաբանության հետ, մանավանդ որ այդ տրամաբանության հիմքը կարող է լինել միայն անվտանգությունը:

Բառացիորեն մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Եվրոխորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հայտարարեց, որ «վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարությունը խեղաթյուրվեցՙ շեղելով մեզ նախապես ընտրված ժողովրդավարական ուղուց: Դա արդյունք էր մեր ավանդական արժեքների եւ ձգտումների թյուր մեկնաբանության»: Այս հայտարարության մեջ ուշագրավ է 20 տարին շեշտելու նոր իշխանությունների ձգտումը:

Այսինքն փորձ է արվում մարդկանց գիտակցության մեջ մտցնել, թե այն ամենը, նկատի ունեն վատը, որ եղել է Հայաստանում, միայն վերջին 20 տարիներին է եղելՙ Քոչարյանի եւ Սարգսյանի նախագահության օրոք: Սա այսօրվա իշխանությունների պրոպագանդիստական կարեւորագույն շեշտադրումներից է, որով փորձ է արվում անկախ Հայաստանի պատմությունից ջնջել մի ամբողջ 8 տարի, երբ ՀՀ-ում գերիշխում էին ՀՀՇ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իրականության մեջ, եթե մենք ցանկանում ենք իսկապես օբյեկտիվորեն գնահատել ՀՀ նորագույն պատմությունը, հասկանալ այն սխալները, որոնք թույլ են տրվել ու փորձել դրանք չկրկնել, ապա չենք կարող այն բաժանել ոչ հնի, ոչ նորի ու առավել եւս առանձնացնել միայն 20 տարիները: Դրանք մի ամբողջություն են, որոնք միմյանց տրամաբանական շարունակությունն են ու, եթե ճիշտ են այսօրվա իշխանությունները, որոնք պնդում են, թե «մեր խնդիրները գալիս են ընտրությունները պարբերաբար կեղծելուց», ապա պետք է նաեւ ընդունեն, որ այդ երեւույթը առաջին անգամ իրականացվել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք կատարված խորհրդարանականՙ 1995թ. եւ ապա նախագահականՙ 1996թ. ընտրությունների ժամանակ:

ՀՀ առաջին նախագահի ժամանակաշրջանը մոռանալու «քաղաքականությունը» ապացուցում է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը չէ, ապա այդ անձի ու նրա ժամանակաշրջանի նկատմամբ ինչ-որ տարօրինակ մոտեցում ունի: Իսկ հիշեցնենք, որ հենց այդ ժամանակաշրջանում Հայաստանում սկսվեց ժողովրդավարության սիմվոլներիՙ ազատ մամուլի, անկախ կուսակցությունների սահմանափակումը եւ ոչնչացումը:

Մի շարք լրագրողներ հայտնվեցին բանտերում, իսկ շատերի նկատմամբ նույնիսկ կտտանքներ ու բռություններ էին իրականացվում: Փակվում էին թերթեր, որոնցից, օրինակ, «Ազգ» օրաթերթը, Դաշնակցությանը հարող թերթերը: Ընդդիմադիր քաղաքական հայացքների համար մարդկանց հեռացնում էին աշխատանքից ու զանգվածաբար կեղծում ընտրությունները, իսկ քաղաքական սպանությունները, ցավոք սրտի, դարձան այդ տարիների գլխավոր սիմվոլը:

Հետեւաբար իրենց ժողովրդավար հռչակած իշխանությունները պետք է իսկապես շատ զգույշ գործեն ու առավել եւս խոսեն, որ չասոցիացվեն այդ տարիների հետ, եթե իսկապես ցանկանում են ազատվել հոգեզավակի բարդույթից:

Սակայն, իրեն նոր Հայաստանի իշխանություն հռչակած քաղաքական ուժը սկսում է առաջ քաշել նոր սիմվոլներ, որոնք, հավանաբարՙ ըստ նրանց տրամաբանության, պետք է կապ ունենան հայ ժողովրդի պատմության հետ մի կողմից եւ բարեփոխիչի համբավ ունենան մյուս կողմից: Ու այս առումով առաջ է քաշվել Պապ թագավորի կերպարը, որը արդեն դառնում է նոր իշխանությունների քարոզչության կարեւորագույն բրենդը:

Ու մոտ հազար յոթհարյուր տարի առաջ սպանված Հայոց թագավորի շուրջ փորձ է արվում ձեւավորել մի կերպար, որ իրականության մեջ շատ քիչ ընդհանրություն ունի պատմական այն աղբյուրների հետ, որոնք գրել են նրա մասին: Ու եթե հավատանք Մովսես Խորենացուն ու Փավստոս Բյուզանդին, իսկ կարծես թե նրանց առանձնապես չհավատալու հիմք չունենք, ապա մեր առաջ հառնում է բավականին բացասական կերպարՙ զարհուրելի հատկանիշներով ու որակներով:

20-րդ դարի սկզբին մի շարք պատմաբաններ փորձեցին վերաիմաստավորել Պապի, ինչպես նաեւ նրա հոր` Արշակի կերպարները: Դա մի ժամանակաշրջան էր, երբ հայ պատմագիտությունը հերոսներ էր ման գալիս ու դրանք գտնում ամենատարօրինակ տեղերում, մասնավորապես այդ շրջանում առաջին փորձը կատարվեց արդարացնելու դավաճան Վասակ Սյունուն:

Ու, չնայած որ դրա համար գիտական հիմքեր չկային, բացի նրանից, որ այդ շրջանը նկարագրողները «տերտերներ» են եղել (սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում, կամ ինչ-որ մեկին), հետեւաբար առաջ քաշվեց այն թեզը, որ վերջիններս հայոց պատմությունը գրում էին հաշվի առնելով միմիայն եկեղեցու շահը, ու ովքեր դեմ էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, ապա նրանց իբր թե բացասաբար էին ներկայացնում: Թե ինչքանով է այս թեզը գիտական, սա արդեն առանձին հարց է, սակայն, կարծում եմ, Խորենացուն ու Բյուզանդին մեղադրելու համար լուրջ փաստարկներ են պետք, որոնք չկան:

Եվ չնայած գիտական փաստերի բացակայությանը, շարունակվում է Պապի, Արշակ Երկրորդի ու նույնիսկ Վասակ Սյունու «սրբադասման» գործընթացը, որի համար շատերը որպես հիմք նշում են, ասենքՙ Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպը: Այստեղ կարեւոր է հիշել, որ հայ ժողովրդի պատմության մեջ բացասական կերպար ունեցող այս անձանց «արդարացման» գործընթացին ակտիվ կերպով լծված էր սովետական պատմագիտությունը, որին ձեռնտու էր հակաեկեղեցական համբավ ունեցող պատմական կերպարի ստեղծումը ու տարածումը Խորհրդային Հայաստանում քարոզչական նպատակներով ու «Պապ թագավոր» վեպը տեղավորվում էր այդ քարոզչության տրամաբանության մեջ:

ԽՍՀՄ-ի քայքայումից երեք տասնամյակ անց, սակայն, պարզ դարձավ, որ Պապ թագավորի հակասական, բարդ ու պատմագիտական առումով շատ հետաքրքրական կերպարը նորից հիշվել է ու դրվել շրջանառության մեջ արդեն նոր Հայաստանի քարոզիչների կողմից: Ցավոք սրտի, ժողովրդավարության ձգտող Հայաստանում կեղծ սիմվոլների ու բարեփոխիչների կերպարների ստեղծումը դարձել է նոր գործելաոճ: Առաջ են քաշվում հակասական պատմություն ու կենսագրություն ունեցող պատմական դեմքեր, դեպքեր ու անձեր, մոռացության են տրվում իրական հերոսներն ու պատմություն կերտած հայորդիները:

Տեսական ու քաղաքական առաջընթացի բացակայության պայմաններում մեծ տեղ է հատկացվում քարոզչությանը ու սիմվոլներին, որոնք իբրեւ թե բնորոշում են «նոր» Հայաստանը: Մոռացության է մատնվում արցախյան հերոսամարտը եւ այն կերտած անձինք: Ժամանակն է, որ գործող իշխանությունները Պապ թագավորին հանգիստ թողնեն եւ զբաղվեն իրենց բուն գործունեությամբՙ Հայաստանը շենացնելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ