Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼԹՈՆԻ ԴՂՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջերս այցելեց Մոսկվա եւ Կովկաս: Ռուսաստանի պաշտոնական այրերի եւ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներում նա անսովոր զսպվածություն դրսեւորեց, այն աստիճան, որ MSNBC-ի հաղորդավար Ռեյչլ Մեդոուն իր ծրագրում ծաղրուծանակի ենթարկեց նրան: Բայց հենց ժամանեց Կովկաս, վերագտավ իրեն բնորոշ կոշտ, ինքնավստահ ու ռազմատենչ դիմագիծը: Նրա առաքելությունը հստակ էր բոլորին, բայց քողարկված էր իբր խաղաղություն եւ կայունություն հաստատելու նպատակով էր այցելում տարածաշրջան: Նրա խոսքերն ու գործողություններն, այնուամենայնիվ, կասկած չէին թողնում, որ նա եկել էր քաղաքական պառակտում առաջացնելու:

Նրա առաքելությունը երկսայր էր. առավել մեկուսացնել Ռուսաստանին եւ իր իսկ բնորոշմամբՙ «սեղմել», ծանր դրության մատնել Իրանին, կարծես միայն ամերիկյան միջամտությունն էր պակասում է՛լ ավելի թեժացնելու համար իրավիճակը կովկասյան տարածաշրջանում:

Իր ուղեւորության ընթացքում Բոլթոնն այցելեց Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, յուրաքանչյուր երկրում փորձելով է՛լ ավելի ընդգծել իր պառակտիչ առաքելության տարրերը:

Վրաստանում նա կրկնեց, որ ՆԱՏՕ-ում անդամակցելու այդ երկրի հարցը դեռեւս քննարկման ընթացքում է, որովհետեւ կապված է Ռուսաստանին մեկուսացնելու գլխավոր հարցի հետ: Ի դեպ, նման քաղաքականությունը հակասում է ԱՄՆ նախագահ Ռեյգանի եւ Խորհդային Միության գլխավոր քարտուղար Գորբաչովի միջեւ կնքված համաձայնությանը, որտեղ նշված էր, որ ՆԱՏՕ-ն այլեւս սպառնալիքներ չի առաջացնի Ռուսաստանի սահմաններում, քանի ցուրտ պատերազմը մեղմացել էր:

Իրականում, ենթադրվում էր, որ սառը պատերազմի ավարտով, ՆԱՏՕ-ն, որպես կառույց, դառնում է հնացած, ժամանակավրեպ, ինչպես Վարշավայի Ուխտը: Բայց հենց Խորհրդային Միությունը խորտակվեց, եւ Մոսկվան կորցրեց իր երբեմնի հզորությունը, երկու գերպետությունների միջեւ ստորագրված համաձայնությունը կորցրեց իր ուժը, եւ ՆԱՏՕ-ն դարձյալ սկսեց սպառազինվել մի նոր սառը պատերազմ մղելու նպատակադրությամբ:

Բացի Ռուսաստանի սահմանները օղակելուց, կառույցը մտադիր է եվրոպական երկրներին վերցնելու իր հսկողության տակ: Չնայած Ռուսաստանն արդեն իսկ վերածվել է երկրորդ կարգի մի երկրի, նրա դեմ սպառնալիքը դեռեւս շարունակվում էՙ արդարացնելու համար ՆԱՏՕ-ի վերազինումն ու ընդարձակումը:

Բոլթոնը մանրակրկիտ հաշվարկել էր իր հայտարարությունները: Վրաստանին ու Ադրբեջանին նա դասեց ռազմավարական դաշնակիցների շարքում, մինչ Հայաստանին համարեց առաջնային հետաքրքրությունների երկիր: Այդ բնութագրումներով նա փաստորեն վարձահատույց էր լինում նախ Վրաստանինՙ պաշտպանելու համար Ռուսաստանին մեկուսացնելու ամերիկյան քաղաքականությունը, եւ երկրորդ Ադրբեջանինՙ պաշտպանելու համար Աֆղանստանում Ամերիկայի ռազմական նկրտումները եւ Իսրայելի հետ գործընկերությունը:

Հայաստանը նպաստավոր գործողություններով աչքի չէր ընկել, որ արժանանար գովասանքի կամ վարձատրության: Նրան առաջարկվեց օժանդակել Մ. Նահանգների իրանյան քաղաքականությանը:

Բոլթոնը նաեւ անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, Մ. Նահանգները առաջ էր քաշելու երկու կողմերին գոհացնող կարգավորում: Հաշվի առնելով Հայաստանում իր առաքելությունն ավարտող դեսպան Ռիչարդ Միլզի սադրիչ հորդորները տարածքների միակողմանի հանձնման առնչությամբ. կարելի է եզրակացնել, որ Մ. Նահանգները ինչ-որ կասկածելի մի գործարք է նախատեսում իրականացնել: Չնայած Բոլթոնը մանրամասներ չբացահայտեց, սակայն Երեւանում ենթադրություններ սկսեցին հնչել, որ ղարաբաղյան կարգավորումը կարող է տեղի ունենալ ի գին տարածքային զիջումների: Հասարակ մարդիկ եւ նույնիսկ որոշ քաղաքագետներ հավատացած են, որ առնվազն նման բովանդակությամբ առաջարկ ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ընթացքում: Բոլթոնը հազիվ էր հեռացել Երեւանից, երբ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Փաշինյանի արտաքին քաղաքականությունը բնութագրեց «աղետալի»:

Կոնգրեսի ընդունած «Ազատության պաշտանության» օրենքի երկարամյա 907 հոդվածի (որն արգելում էր ամերիկյան զենք վաճառել Ադրբեջանին) վերանայմանն ուղղված Թրամփի կառավարության առաջիկա որոշմանն անդրադառնալով, Բոլթոնը կարծես ռումբ պայթեցրեց: Բանն այն է, որ կոնգրեսի որոշումը շրջանցելու իրավունք ունի միայն նախագահը, եւ իրարհաջորդ նախագահները օգտվել են այդ իրավունքից: Այժմ էլ Թրամփը մտածում է չեղարկել կոնգրեսի այդ որոշմնագիրը:

Ամերիկացի պատվիրակը է՛լ ավելի բարդացրեց խնդիրը, երբ Հայաստանին առաջարկեց ամերիկյան զենք գնել: Այդ առաջարկն էլ երկսայր էր. առաջինով փորձ էր արվում հավասարակշռություն մտցնել եւ դրանով արդարացնել Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելը, իսկ երկրորդովՙ փակել Հայաստանի վրա ազդեցություն գործելու Ռուսաստանի գլխավոր աղբյուրը: Նա շատ լավ տեղյակ էր, որ Հայաստանը ի վիճակի չէ գնելու Ամերիկայից այդ զինատեսակները, պարզապես մի քանի պատճառներով, որոնցից մեկը դրանց աներեւակայելի բարձր գներն են: Հայաստանը Ռուսաստանից զենք գնում է արտոնյալ գներով, որովհետեւ ՀԱՊԿ-ի անդամ է: Իսկ Հայաստանում գտնվող ռուսական զինվորական բազան այդ զենքերի օգտագործման այսպես կոչված ծառայողական կենտրոնն է: Ամենակարեւորը սակայն այն է, որ զենքերի ձեռքբերումը Ռուսաստանից Մ. Նահանգներին փոխելու դեպքում Հայաստանը քաղաքական նշանակալի շրջադարձ է կատարելու, որը հղի է ծանրագույն հետեւանքներով:

Բոլթոնը չշրջանցեց նաեւ իրանական հարցը, որը դարձել է Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության հիմնաքարը: Նա արդեն քանիերորդ անգամ կրկնեց այն հանկերգը, որ Իրանը դարձել է «ահաբեկիչների կենտրոնական բանկը», որ նա խառնվում է Սիրիայի գործերին եւ հռետորական այլ խոսքերը, որոնք սովորական են դարձել: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիա առաքված ամերիկյան զենքը նույնպես, ի վերջո, հայտնվում է ահաբեկիչների ձեռքերում, որոնք Իրաքը, Լիբիան, Եմենը եւ Սիրիան արյունախառն ավերակների են վերածել:

Բոլթոնը գովաբանեց Փաշինյանին եւ նրա թավշյա հեղափոխությունը, ավելացնելով, որ այժմ նա ավելի մեծ լիազորություններով կարող էր իրականացնել իր քաղաքականությունը: Նրա խոսքերի մեջ նկատելի էր նուրբ ակնարկն այն մասին, թե Հայաստանը պետք է մասնակցի Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներին, հաշվի առնելով, որ Իրան-Հայաստան սահմանը խստագույն ճնշումների է ենթարկվելու Մ. Նահանգների կողմից: Նա նաեւ առաջարկեց, որ Հայաստանը արտաքին աշխարհի հետ հարաբերակցի Վրաստանի տարածքով, քաջ գիտակցելով, որ Վրաստանը քանիցս ապացուցել է, որ վստահելի գործընկեր չէ եւ ընդհանրապես խոչընդոտում է Հայաստանի կապերն արտաքին աշխարհի հետ:

Այսպիսով Հայաստանի միակ երկու գործընկերները գտնվում են Վաշինգտոնի թշնամական դաշտում: Սառը պատերազմն ընդդեմ Ռուսաստանի սաստկանում է, մինչ թեժ պատերազմն ընդդեմ Իրանի ռադիոլոկացիոն տեսադաշտում է:

Բավական ժամանակ երկրի երեսից սրբելու սպառնալիքներից հետո, նախագահ Թրամփին հաջողվեց հակասությունները վերացնել Հյուսիսային Կորեայի հետ եւ ստիպել նրա առաջնորդին բանակցությունների սեղանի շուրջ նստել: Եթե նա նույն գործելաոճն է օգտագործում Իրանի հարցում, ապա հույս հայտնենք, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենալու: Այլապես աղետալի հետեւանքներն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, անխուսափելի են լինելու:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ ԿԱ, ԵԼՔՙ ՈՉ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԴԱՌՆԱ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԴԱՌՆԱ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական