RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2166, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԿՈՐԵԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Պ.Ք.

Կորեական թերակղզու միջուկազերծումից կշահի ԱՄՆ-ը, իսկ ՉԺՀ-ն ու Ճապոնիա՞ն...

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջսահմանային Փանմունջ բնակավայրում օրերս ընդունված շշմեցուցիչ հռչակագիրը իր բնույթով արմատական է եւ էական չափով համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին: Երեք էջանոց հռչակագիրը բավական անորոշ է գրված, այն կարելի է մեկնաբանել տարբեր ձեւերով: Սակայն ԱՄՆ-ը հավանաբար կփորձի իրեն առավել ձեռնտու մեկնաբանությունն օգտագործել նախագահ Դոնալդ Թրամփի եւ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն ընի բանակցություններում, որոնք նախատեսված է անցկացնել մայիսին, գրում է Թոդ Ռոզենբլումը ամերիկյան The Ուill հրատարակությունում:

Հռչակագիրը ներառում է չորս հիմնական բաղադրիչ: Նախ եւ առաջ, դա Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծումն է, ապաՙ մեկ տարվա ընթացքում միջկորեական հաշտության ռեժիմի հաստատումը: Երրորդ, կողմերը հայտարարել են ապառազմականացված գոտու երկու կողմերում քարոզչության բոլոր միջոցների լիակատար արգելման մասին: Չորրորդ բաղադրիչը Կորեական պատերազմից հետո բաժանված ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ընտանիքների վերամիավորման գործընթաց սկսելու մասին է: Նաեւ հաղորդվեց, որ Հարավային Կորեան տնտեսական օգնություն կհատկացնի ԿԺԴՀ-ին, սակայն այս տեղեկությունն առայժմ մնում է չհաստատված:

Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծումը հսկայական շահում է ԱՄՆ-ի համար, ճիշտ էՙ որոշ վերապահումներով: Վաշինգտոնը պետք է ընդունի, որ ինքն այլեւս չի կարող Հարավային Կորեա ուղարկել միջուկային զենքով հանդերձավորված ռազմանավեր: Լիակատար միջուկազերծումը նաեւ նշանակում է, որ հարկ կլինի դադարեցնել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի խոշոր զորավարժությունները, քանի որ ԿԺԴՀ-ն հավանաբար կպնդի, որ նման զորավարժանքները թշնամական գործողություն են եւ տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր օգտագործման նախապատրաստություն:

Տարածաշրջանի լիակատար միջուկազերծումը կարող է նշանակել Հարավային Կորեայի անվտանգության հարցում ԱՄՆ-ի ռազմական աջակցության նշանակալի կրճատում, քանի որ ներկայումս ԱՄՆ-ը Հարավային Կորեային պաշտպանում է միջուկային զենքի հնարավոր օգտագործումից: Դա կարող է նաեւ հանգեցնել ԱՄՆ-ի միջուկային ցանցի դեմ ուղղված ԿԺԴՀ-ի դիվանագիտական հարձակման թուլացմանը, քանի որ դրա անհրաժեշտությունը կվերանա, եթե Կորեական թերակղզին դառնա միջուկազերծ գոտի:

Չնայած այդ բոլոր վերապահումներին, ԿԺԴՀ-ի միջուկային համալիրի ու պաշարների վերահսկելի ապամոնտաժումը թույլ կտա վերացնել ԱՄՆ-ին սպառնացող միջուկային վտանգը: Ըստ որում, ի տարբերություն Իրանի հետ կնքված վեցակողմ միջուկային համաձայնագրի, ԱՄՆ-ը վստահ կլինի, որ ԿԺԴՀ-ի միջուկային պաշարների ոչնչացումը եւ նրա միջուկային ծրագրի զարգացման դադարեցումը կկրեն անժամկետ բնույթ: Այդ պատճառով տվյալ պայմաններն արժանանում են վստահության բարձր աստիճանի: ԱՄՆ-ը պայմանագրի իրեն վերաբերող մասում հավանաբար կներառի հեռահար միջուկային հրթիռների մշակումը սահմանափակելու պահանջ:

Մեկ տարվա ընթացքում հաշտության ռեժիմ հաստատելու ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ծրագիրն անչափ հատկանշական է, չնայած որ հաշտության ռեժիմ հաստատելու ծրագիրը տարբեր է հաշտության պայմանագրից: ԿԺԴՀ-ն 70 տարի շարունակ չէր ընդունում Հարավային Կորեայի գոյության իրավունքը: Դժվար է ասելՙ բանակցությունները վարվել են երկու երկրների, թե՞ երկու թշնամական կողմերի միջեւ: Հաշտության երկկողմ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է Կորական թերակղզում երկու հարեւան պետությունների գոյության փոխադարձ ճանաչում: Ի տարբերություն հաշտության «պայմանագրի», հաշտության «ռեժիմ» եզրույթը ԿԺԴՀ-ում կարող է մեկնաբանվել որպես թշնամանքի դրսեւորման երեւույթների պարզ ավարտում, այլ ոչ թե երկու առանձին երկրների մշտական հաշտություն: Այդուհանդերձ, նման պայմանագիրն ունի մեծ կարեւորություն:

Հաշտության ռեժիմի եւ հաշտության պայմանագրի տարբերություններից անկախ, Չնաստանն ուրախ կլինի ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի երկարատեւ տարանջատման առնչությամբ: Պեկինը շահագրգռված չէ Սեուլի պայմաններով երկու Կորեաների վերամիավորմամբ, քանի որ Հարավային Կորեան ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ Չինաստանն ընդհանուր սահման ունի ԿԺԴՀ-ի հետ: Հյուսիսկորեական պետության պահպանումը ՉԺՀ-ի համար բուֆերային գոտու պահպանումն է ամերիկացիների ներխուժման ճանապարհին:

Ինչ վերաբերում է Ճապոնիային, նա միջկորեական երկխոսության կողմնակիցն է, սակայն ընդունված միջկորեական հռչակագիրը խանդավառություն չի առաջացնում Տոկիոյում, քանի որ այդ փաստաթղթում անտեսված են Ճապոնիայի հիմնական շահերը: Տոկիոն մտահոգված է Չինաստանի ծավալողականությունից, ԿԺԴՀ-ում միջին հեռահարության հրթիռների գոյությունից եւ ձգտում է հասնել ԿԺԴՀ-ի առեւանգած Ճապոնիայի քաղաքացիների հայրենադարձմանը: Միջկորեական հռչակագիրը շրջանցում է վերոնշյալ երեք կետերը եւ նույնիսկ կարող է թուլացնել անվտանգության ամերիկյան երաշխիքները Հյուսիս-Արեւելյան Ասիայում: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նվազեցումը խոցելի է դարձնում Ճապոնիային:

Ինչպես հաղորդում է Yonhap յաews Agency գործակալությունը, ԿԺԴՀ-ի իշխանությունները որոշել են ս.թ. մայիսին փակել Փունգերիի միջուկային զինափորձարանը: Նախատեսված է ապամոնտաժումն իրականացնել հրապարակայնորեն: Զինափորձարանի փակման վերաբերյալ որոշում է ընդունվել ապրիլի 27-ին երկու Կորեաների հանդիպման ժամանակ: ՉԺՀ արտգործնախարարությունը դրականորեն է գնահատել միջուկային փորձարկումները եւ բալիստիկ հրթիռների արձակումները դադարեցնելու, ինչպես նաեւ երկրի հյուսիսում միջուկային զինափորձարանը փակելու ԿԺԴՀ իշխանությունների օրերս ընդունած որոշումը: Ըստ չինական կողմի, դա կբարելավի Կորեական թերակղզու իրադրությունը:

Ընդհանուր առմամբ, միջկորեական հռչակագիրը պարունակում է մի ամբողջ շարք դրական կողմեր: ԱՄՆ նախագահ Թրամփը ճիշտ վարվեցՙ ողջունելով միջկորեական երկխոսությունը, նշում է «Ռեգնում» գործակալությունը, սակայն Թրամփը փութացնում է իրադարձությունները, երբ հայտարարում է, որ վերջ կդրվի Կորեական պատերազմին: Միջկորեական հռչակագիրը իրականում առավել անորոշ փաստաթղթերից մեկն է: Ի դեպ, ավելի վաղ ստորագրված բոլոր համանման փաստաթղթերը անհաջող են եղել, քանի որ կողմերը յուրովի են մեկնաբանել դրանց դրույթները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ