Հեղափոխությունը տեղի է ունենում երկու դեպքում: Երբ տվյալ երկրի ուժային կառույցներից մեկը, ցանկալի է բանակը, հեղափոխություն անողի կողքին է, կամ նրա վերահսկողության տակ, եւ երկրորդըՙ երբ բողոքի ակցիաների մասնակիցները հրապարակներում են հավաքվել ոչ այնքան ընդդեմ իշխանության, այլ հանուն հրապարակի առաջնորդի: Մեր ուժային կառույցներից որեւէ մեկը, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի կողքին չէ ու նա ամենեւին էլ չի վերահսկում դրանցից թեկուզ մեկին: Ոչ Երեւանում, ոչ Գյումրիում եւ Վանաձորում (որտեղ եւս բողոքի ակցիաներ են), մարդիկ հանրահավաքի են մասնակցում ոչ այնքան հանուն Նիկոլի, նրա հետեւից կամ կողքին քայլելու համար, այլՙ ընդդեմ իշխանության, կոնկրետՙ Սերժ Սարգսյանի: Այս առումով, ի դեպ, պատահական չէ ընտրված շարժման կարգախոսըՙ «Մերժիր Սերժին», այսիքն ոչ թե «Գրկիր Նիկոլին», այլ «Մերժիր Սերժին»: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները նաեւ նշում են, որ այս ակցիաների նպատակը մեր երազանքների Հայաստանի ստեղծումն է, իսկ դա արդեն հանուն է, բայց բոլորս էլ, այդ թվում նաեւ ակցիայի բազմահազարանոց մասնակիցները, վստահ ենք, որ մեր երազանքների Հայաստանը հեքիաթի ժանրից է, թեկուզ միայն այն պատճառով, որ մեր երազանքներն են տարբեր: Օրինակ Սերժ Սարգսյանը երազում է, որ Հայաստանը դառնա դրախտավայր: Վատ երազանք չէ, անշուշտ, եթե մի պահ մոռանանք, որ դրախտն էլ, դժոխքն էլ մահից հետո են լինում:
Ամեն դեպքում մարդն ասում է, թե ինչի մասին է երազում, դեպի ինչն է ձգտում եւ ո՞ւր է մեզ բոլորիս, ինչպես երիտասարդ հանրապետականներն են ասումՙ առաջնորդում: Նիկոլ Փաշինյանը չի ասում: Նա ասում է միայն, որ պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, պետք է ստրուկ չլինենք, որ Հայաստանը մեր երկիրն է, որ… Ե՞վ, չէ շատ կարեւոր է քաղաքացիներին պարբերաբար հիշեցնել այս ամենը, ինչը Նիկոլն անձամբ տասը տարուց ավել է անում է, հետո՞: Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի երազանքը, նպատակը, դեպի ո՞ւր է նա մեզ տանում եւ արդյոք նա՞ է մեզ տանողը: Սա շատ կարեւոր է, քանի որ հանրահավաքների մասնակիցներից ոմանք կարող է այնտեղ են գալիս ոչ թե Սերժին մերժելու, այլ Նիկոլին գրկելու համար, իսկ որպեսզի նրանք դա անեն, Նիկոլը պետք է կիսվի իր երազանքներով, գուցե դրանք համընկնեն հազարավորների երազանքի հետ, գուցե Նիկոլը վստահ է, որ դրանք չեն համընկնելուՙ դրա համար էլ չի կիսվում:
Լավ, ենթադրենք, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հրաժարվում է ՀՀ վարչապետ լինելուց եւ երիտասարդ կադրերին թրծելու գործը վստահում էՙ օրինակ Գալուստ Սահակյանին կամ գեներալ Մանվելին, Նիկոլն ի՞նչ է անելու եւ ի՞նչ է ասելու բազմահազար ժողովրդին, գնացեք տո՞ւն, պայքարն ավարտվեց, եւ մենք հաղթեցի՞նք: Չէ՞ որ կոնկրետ այս պայքարի հիմնական (եթե չասեմՙ միակ) նպատակը Սերժին մերժելն է: Է, մարդն էլ հայտարարում է, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնից, մնում է ՀՀԿ նախագահ, վարչապետի թեկնածու է առաջադրում, օրինակ Արմեն Աշոտյանին, որն ամեն օր, աշխատանքից հետո գնալու է ՀՀԿ գրասենյակ ու կուսակցության նախագահին զեկուցի, թե ինչ է արել այսօր ու մանավանդ ինչ է անելու վաղը: Իսկ եթե հանկարծ վարչապետը չենթարկվի կուսակցությանը, ապա կուսակցությունն արագ նրան պաշտոնանկ կանիՙ նշանակելով ավելի ենթարկվող վարչապետի: Նիկոլը սա՞ է ուզում: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է մարդկանց պայքարի հանելՙ «Մերժիր Սերժին» կոչով:
Ուրիշ բան պատկերացնենք. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ՀՀԿ-ն էլ հրաժարվում է իշխանությունից: Ի՞նչ է լինելու հետո: ԱԺ նոր ընտրություննե՞ր, այսինքն այս խորհրդարանը լեգիտիմ չէ՞, ուրեմն Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ պատգամավոր չէ՞: Ենթադրենք չէ, պատկերացնենք ԱԺ նոր ընտրություններ են, դրանց ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է, թե՞ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ այս կուսակցության բոլոր անդամները դատվեն:
Ես հասկանում եմ, որ Հայաստանում իշխանությունների դեմ պայքարը այնքան սուրբ է, որ այն տանողներին հարցեր չեն տալիս, բայց այնուամենայնիվ, ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի ասում: Ոչինչ, որ քաղաքական ծրագիր չունի. ՀՀԿ-ն ունի, հետո ի՞նչ: Նիկոլ Փաշինյանը քաղաքական նպատակ չունի եւ հանուն իրեն հրապարակ եկածների բազմություն եւ ուժային գոնե մեկ կառույցի նկատմամբ վերահսկողություն… Եւ նա դա հրաշալի հասկանում է: