Մի քանի օրից, առաջիկա հինգշաբթի, ամերիկյան Գոհաբանության տոնին, ավանդության համաձայն Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հայաստանի անկախության սկզբում, 1993 թ.ին հիմնված այդ հիմնադրամը կարեւոր ու գլխավոր նախաձեռնություններից մեկը եղավ մեր Երրորդ հանրապետության, նպատակ ունենալով համախմբել մեր ողջ ժողովրդին Մայր հայրենիքի վերաշինության, զարգացման եւ հզորացման գաղափարի շուրջՙ նյութապես:
Առաջին տարիներին այն ոչ պատահականորեն դիտարկվում էր որպես գերազանցապես Սփյուռքի մասնակցության ապահովում: Հետագա տարիներին այդ գործում ընդգրկվեցին նաեւ Հայաստանի քաղաքացիներըՙ գլխավորությամբ որոշ մեծահարուստների, ինչը հանդիսացավ սրբագրումը սկզբնական շրջանի միակողմանիության: Ավելի ուշ հանգանակությանը միացան նաեւ պետական մի շարք հիմնարկներՙ պարտադրաբար:
Առաջին այդ տարիներին հիմնադրամի լոզունգներից մեկը դարձավ ազգային տուրքի գաղափարի արմատավորումն ու գործնականացումը, որը, ավաղ, ադպես էլ չդարձավ համակարգված, կայուն, արդյունավոր իրականություն: Եվ ամբողջ հույսը մնաց հիմնադրամի սփյուռքում գործող տեղական կառույցների սքանչելի աշխատանքը եւ, հատկապես, հեռուստամարաթոնըՙ իր հանդիսավոր, ցուցադրական, երբեմն սրտառուչ, երբեմն էլ սնապարծ հայտարարություններով:
Սակայն նմանօրինակ բոլոր նախաձեռնությունների համար գլխավոր ու թերեւս միակ չափորոշիչը արդյունքն է, որը պահանջում է չոր հաշվապահություն: Իսկ այս պարագայում հաշվապահական հաշվեկշիռը իսկապես խեղճ է, եթե ոչՙ ամոթալիՙ մեր ժողովրդի համար: Անցնող 24 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է ընդամենը 232 միլիոն դոլար, որը հատկացվել է, անշուշտ սպասարկման, հեռուստամարաթոնի կազմակերպման եւ այլ ծախսերը հանած, հիմնականում Արցախի հրատապ որոշ կարիքների բավարարմանը: Դանդաղորեն, մասնակիորեն, կարկատաններով:
Ոմանք արդարանում են, որ դրամը, փողը միշտ էլ քչություն է անում: Բայց չեն պատասխանում հարցինՙ իսկ ի՞նչ է անում քիչ դրամը: Մեր երկրի ծով կարիքների պարագայումՙ շատ քիչ բան, որով հանգանակված գումարները դառնում են մի տեսակ ձերբազատում խղճի խայթից, ամոթից: Ընդամենը:
Արդ, կարելի՞ է հանգանակությունների արդյունքները բերել-հասցնել-մոտեցնել 10 միլիոնանոց հայության հնարավորությունների սահմանին, որը որոշ դիտորդների կարծիքով տարեկան կարող է անցնել 100, 200 եւ նույնիսկ 300 միլիոնի սահմանները: Մինչդեռ մենք հավաքում ենք տարեկան ընդամենը հազիվ 10 միլիոն:
Պատճառները այս վիճակի բազմաթիվ են: Առաջինՙ վստահության պակասը համահայկական հանգանակության եւ ընդհանրապես Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Հետեւաբար անհրաժեշտ է հիմնադրամը վերածել բոլորովին անկախ, ինքնակառավարվող, բացարձակորեն թափանցիկ եւ միայն ոչ պետական հեղինակավոր մի մարմնի հաշվետու կառույցի, որտեղ իշխանության դերը սկսվում եւ ավարտվում է անհրաժեշտ ծրագրերի որոշմամբ եւ ներկայացմամբ:
Երկրորդՙ անհրաժեշտ է ձերբազատվել տարիների ընթացքում ձեւավորված եւ ժանգոտված ձեւաչափերից, որով հատկանշվում են հեռուստամարաթոնները: Ամեն տարի նույնՙ հրանտթոխատյանական եւ պարգեւսրբազնական դեմքերը, կազմակերպիչներին բարեկամ-ծանոթ նույն «աստղերն» ու «աստղիկները», նույն վայրըՙ Լոս Անջելես, նույն լոզունգները, որոնք այլեւս գրավիչ չեն: Պակասում է ստեղծագործ միտքը:
Երրորդՙ անհրաժեշտ է մոտեցումների ու գործունեության արդիականացումըՙ սովորելով ու որդեգրելով փող հանգանակելու փորձն ու հմտությունը սփյուռք ունեցող մյուս երկրներիցՙ Իսրայել, Հունաստան, Իռլանդիա, Բուլղարիա, եւ այլն: Կարելի է որոշ բան սովորել նույնիսկ Հայկական բարեգործական ընդհանուր միությունից, որին առանց մարաթոնների, այլ պարզապես փոստային եւ համացանցային նամակներով եւ տեղական կազմակերպությունների աշխատանքով 2016 թ.ին հաջողվել է հանգանակել 21,615 միլիոն դոլար:
Նվիրահավաք կազմակերպելը, հանգանակություն անցկացնելը նույնպես մասնագիտություն է, արվեստ, որը պակասում է մեզ: Լոսանջելեսյան առաջիկա մարաթոնը դժվար թե որեւէ բան փոխի: Տա Աստված` սխալվեմ: