Ապրիլի 2- ին գերմանական առցանց լրատվամիջոցները ցրեցին մեր այն կասկածը, թե Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունները ԳԴՀ- ում լրատվություն սպառողին բացարձակապես չի հետաքրքրում: Նույն օրը ռադիոն, հեռուստատեսությունն աշխույժ անդրադարձան Սերբիայում Վուչիչի հաղթանակին, իսկ Հայաստանում համակարգ փոխող ընտրությունների հանդեպ լռություն պահեցին:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» առցանց տարբերակը հայաստանյան ընտրություններին անդրադառնում է dpa գործակալության հրապարակման միջոցով: «Ընտրախախտումները ստվերում են խորհրդարանական ընտրությունները» վերնագրյալ հոդվածում նկատել է տալիս, թե նախագահ Սարգսյանի պահպանողական կուսակցությունն իր հաղթանակն է տոնում, բայց խորհրդարանական համակարգին անցնելու առաջին ընտրության ժամանակ բազմաթիվ խնդիրներ ստվերում են այդ հաղթանակը: Խնդիրների մեջ նշվում են ոչ միայն ընտրախախտումները, այլեւ տեխնիկայի անսարքությունը, նշելով նաեւ, որ սարքը նույնիսկ Սարգսյանի մատնահետքը չի դրոշմել: Դիտորդներն այս ընտրության ժամանակ ավելի շատ ընտրախախտում են արձանագրել, քան 2015-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ: Ակնկալվում է, որ երկուշաբթիՙ ապրիլի 3-ին ԵԱՀԿ եւ այլ դիտորդներ քննադատական գնահատական կհնչեցնեն, գրում է գերմանական լրատունՙ այնուհետ անդրադառնալով ՀՀ զարգացումն արգելակող տնտեսական խնդիրներին, Ադրբեջանի հետ հակամարտությանը:
Առցանց «Ցայթ»-ը արձանագրում է ԵԱՀԿ-ի քննադատությունըՙ մասնավորապես ձայների վաճառքի մասին արժանահավատ բազմաթիվ զեկույցներ հիշատակելով: Գերմանալեզու պարբերականներում Հայաստանի ընտրությունների մասին գտանք նաեւ այսպիսի դիտակետՙ «Պուտինի ընկերն է մնում իշխանության ղեկին»: Ժողովրդավարության քննություն է համարվում այս ընտրությունը Հայաստանում, որ խորհրդարանական ընտրությամբ իշխանափոխության ավանդույթ դեռ չունի:
Բայց ընտրատեղամասերի փակվելուց առաջ ընդդիմությունն արդեն ընտրախախտումների մասին է բարձրաձայնում, գրում են մի շարք պարբերականներՙ արտասահմանյան հայտնի գործակալությունների հրապարակումները միացյալ տարբերակով իրենց էջերում ներկայացնելով: «ՌԴ նախագահ Պուտինը ՀՀ ընտրություններից հետո երկու երկրների հարաբերությունների խորացում է խոստանում:
Սերտ համագործակցությունը բխում է երկուսիս հետաքրքրություններից, Ռուսաստանի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով Սարգսյանին ուղղված Պուտինի նամակից մեջբերում են գերմանական մեդիաները:
Գերմանալեզու մամուլի բոլոր անդրադարձների մեջ ամենաընթերցվածն առայժմ ստորեւ ներկայացվող երկու հրապարակումներն են, որ մեր ընթերցողներին ենք հանձնում հոդվածների տեքստին հարազատ մնալով, բայցՙ համառոտած:
«Ինչ արժե ընտրողի մեկ ձայնը Հայաստանում» «Դի ցայթ» հեղինակավոր թերթի առցանց տարբերակում Տիգրան Պետրոսյանը Երեւանից ապրիլի 2- ի իր հոդվածում գրում է. «Հայ բազմաթիվ ընտրողներ իրենց ձայնի դիմաց վճարը վաղուց են ստացել: Երկրի հարուստ քաղաքական գործիչ գնորդներն են միայն, որ հարց ունենՙ ով է ամենամեծ դրամական ներդրումն արել, որ նոր խորհրդարանում մեծաթիվ տեղերն ինքը զբաղեցնի: Կուսակցություններն ամեն հնարավորն անում են իրենց դիրքը բարելավելու համարՙ ամենից առաջ խարդախությամբ»: Հոդվածագիրն անդրադառնում է Երեւանի ընտրատարածքներից մեկում ՀՀԿ-ի թեկնածու Միհրան Պողոսյանինՙ ներկայացնելով, թե հանրապետականները իրենց կուսակցության անդամ օլիգարխներին նաեւ դրամական միջոցներով մոբիլիզացրել ենՙ ընտրություններում հաղթանակի համար: Հոդվածագիրը նշում է Պողոսյանի 800 միլիոն ԱՄՆ դոլար գնահատվող սեփական միջոցների մասին, որում ներառվում ենՙ նաեւ արտերկրում ունեցած անշարժ գույքը, ինչպես նաեւ Պանամյան թղթերի բացահայտման պատճառով ուղիղ մեկ տարի առաջՙ 2016-ի ապրիլին հրաժարական տալու եւ այժմ խորհրդարան մտնելու ցանկության մասին: Պողոսյանն իրեն քվե խոստացողին սմարթֆոն է նվիրում, դրա դիմաց պահանջովՙ հեռախոսն աշխատելու ապացույց կլինի Պողոսյանի անվան դիմաց քվեն հաստատող քվեաթերթիկի լուսանկարը: «Փողոցային ասեկոսեներ են, ոչ ավելին», լրագրողին այսպիսի մեկնաբանություն է տվել Պողոսյանի ընտրական գրասենյակի աշխատակիցներից մեկը: Աննան լրագրող է, սմարթֆոն ուզում է, բայց Պողոսյանին խորհրդարանում չի ուզում տեսնել: Նա ընդդիմադիր քաղաքացիներից սովորել էՙ նախ քվեաթերթիկում հանրապետականների դիմաց նշում անելՙ սա սմարթֆոնով լուսանկարի համար, հետո նույն թերթիկի վրա նորից նշում անել, նկարել կամ էլ լուտանք- հայհոյանք գրել: Այս դեպքում ավելի լավ է սեփական ձայնն անվավեր դարձնել: Հանրապետականն ինձանից ոչինչ չի ստանա, ասել է Աննան «Ցայթ»-ի հոդվածագրին: «Ազգ»-ի նախորդ համարում արդեն գրել ենք, բայց այս հոդվածում էլ մանրամասն ակնարկվում է, թե բազմաթիվ քաղաքացիներ կանխիկ դրամ են վերցրելՙ 20-30 եվրոյի դիմաց իրենց ձայնը վաճառել, SAS հանրախանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանըՙ ամեն քվեի համար 50 եվրո է հատկացրել, որ Հայաստանում գրեթե ամսական միջին թոշակի համարժեքն է:
Ով շատ փող ունի, շատ ձայն է առնում, սա ուրախացնում է քվե գնողներին: «Կոռուպցիայի դեմՙ կոռուպցիայով», գրում է առցանց «Ցայթ»-ի հոդվածագիրըՙ մեջբերելով «լավագույն առաջարկին սպասող» 2 երեխաների մորՙ 58-ամյա Նարինեի վերոհիշյալ ձեւակերպումը: «Ընտրության օրն ավելի շատ փող կտան», ինքն իր ամսական աշխատավարձի կրկնակին է վերցնելու:
Գերմանական սույն հոդվածի ներկայացմամբՙ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի տնտեսական վիճակը ծանր է, պաշտոնական տվյալներովՙ բնակչության 30 տոկոսը աղքատության շեմից ցածր, միջազգային կազմակերպությունների, ասենք օրինակ Համաշխարհային բանկի տվյալներովՙ նույնիսկ 60- 70 տոկոսն է այդ պայմաններում ապրում: Ընդդիմությունն էլ գիտի այդ թվերը, հանրապետականներից պակաս խոստում չի տալիս, թե կյանքը լավանալու է: Առցանց հրատարակված այս հոդվածում անդրադարձ կա նաեւ 60-ամյա Գագիկ Ծառուկյանին, որ օլիգարխիայի աստղի համարում ունի: Նրա կարողության մաս են կազմում տարեկան մոտ 5,7 միլիոն եկամուտ ապահովող 43 տարբեր ձեռնարկություններ, ավտոմեքենաներ, շինություններ, նաեւՙ մոտ 5 միլիոն եվրոյի ոսկի եւ ադամանդ, 810 000 եվրո արժեքով կահույք, 252 000 եվրոյանոց մետաքսե վարագույրներ: «Փրկիր մեր ժողովրդին, մեր երկրին», գոռում են «Բարգավաճ Հայաստանի» ընտրարշավին եկած գյուղացիներըՙ նրան տեսնելիս: Հայաստանը հակակոռուպցիոն օրենք ունի, բայց որեւէ մեկը դրան չի հետեւում: «Հիմա չէ, միգուցե ավելի ուշ», պատճառաբանությունը հաճախ կարելի է լսել: Հոդվածագիր Տիգրան Պետրոսյանը զրուցել է նաեւ «Ելք» դաշինքի Էդմոն Մարուքյանի հետ, որ նկատել է տվել, թե մարդիկ Հայաստանում աղքատության, սոցիալական ծանր պայմաններում են ապրում, նրանք չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է կանխիկ դրամով ընտրված խորհրդարանը: Իսկ հեղափոխական ներուժը, Մարուքյանի կարծիքով, վաղուց արտագաղթել է: Բայց Մարուքյանի հեգնանքը բոլորը չէ, որ հասկանում են: Մոտ 650 միջազգային դիտորդ է մասնակցում ընտրություններին, 300- ըՙ ԵԱՀԿ-ից: Տեղական հասարակական կազմակերպություններն այս տարի ավելի մեծ ներգրավում ունեն այդ գործումՙ ընդհանուր 3750 հոգի: Նրանց թվում 310 սփյուռքահայեր ենՙ ԱՄՆ- ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից: «Մենք 98 տոկոսով կարող ենք քվեարկության գործընթացը վերահսկել», գերմանական լրատուի թղթակցին ասել է «Քաղաքացի դիտորդ» խմբի համակարգող Արմեն Գրիգորյանը, որի փոխանցմամբ, «ձայներ գնելն իր համար թեմա չէ»:
«Զյուդդոյչե ցայթունգ»-ը «Հայաստանի նոր պետաքաղաքական ուղին» վերնագրյալ հոդվածում է անդրադառնում ապրիլի 2-ի իրողություններին: Մոսկվայում աշխատող «ԶՑ» թղթակից Յուլիան Հանսը գրում էՙ «Սարգսյանի ընդդիմադիրները կասկածում են, որ սահմանադրական բարեփոխման անվան տակ փորձ է արվելու իշխանությունը պահել: 2012- ին հարեւան հանրապետությունումՙ Վրաստանում Սաակաշվիլիի նմանատիպ մի հնարք ձախողվեց: Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ, Սաակաշվիլին էլ աքսորում հայտնվեց: Հայաստանում ընդդիմության հաղթանակը դեռ հեռանկարում չի ուրվագծվում, քանի որ ընդդիմությունը միաբանված չէ: Հանրապետական կուսակցությունը պետական վերահսկման տակ գտնվող մեդիաների եւ գերատեսչությունների միջոցով ընտրողներին կարող է մոբիլիզացնել: Միլիոնատեր Ծառուկյանը ուժեղ ընտրապայքարի միջոցներ ունի»: Նույն թերթի հայացքովՙ «Հայաստանը Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ- ի հետ լավ հարաբերություններ հաստատելու կարիքն ունի», քանի որ դա է պարտադրում հարեւան Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունը: Ռուսաստանը թեպետ զենք է վաճառում Ադրբեջանին, բայց միաժամանակ Հայաստանում զորախումբ է տեղակայելՙ դրանով անվտանգության անփոխարինելի երաշխավոր դառնալով Հայաստանի համար: Արեւմուտքը Ղարաբաղի հարցում դիվանագիտությունից չպիտի հեռանաՙ հիշելով նաեւ, որ ԱՄՆ-ում ապրում է հայկական խոշոր համայնք, գրում է գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը»:
Հատկապես, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին գերմանական մամուլի այս անդրադարձը գրեթե անհնարին է դարձնելու ԳԴՀ-ից ներդրումներ ակնկալելու Հայաստանի կառավարության իմպերատիվ պահանջը: