Ելք դաշինքն առաջարկում է ստեղծել Ճշմարտության հանձնաժողով: Այսինքն, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք հաղթեն եւ ձեւավորեն կառավարություն, այլ կերպՙ իշխանություն դառնան, երրորդ Հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց հանցագործությունները (Հոկտեմբեր քսանյոթ, Մարտի մեկ եւ այլն) բացահայտելու նպատակով ստեղծելու են Ճշմարտության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են հասարակության շրջանում ճանաչված եւ վստահություն վայելող գործիչներ: Պատկերացրեցի՞ք:
Անկեղծ ասած ես ավելի հեշտությամբ պատկերացնում եմ այն, որ Ելքը կհաղթի ընտրություններում եւ իշխանություն կդառնա, քան այն, որ Ճշմարտության հանձնաժողովը կբացահայտի ճշմարտությունը: Տեսեք, ենթադրենք հանձնաժողովի կազմում աշխատում է հարյուր հոգի, հարյուրն էլ ճանաչված, հարգված, սիրված, ոմանք անգամՙ պաշտված, մի խոսքովՙ վստահելի անձինք: Նախ սա արդեն արժանահավատ չէ, որ Հայաստանում նման հարյուր հոգի կգտնվի, թեկուզՙ հիսուն: Ենթադրենք գտնվեց: Հավաքվում են, ենթադրում եմՙ հանձնաժողովի նորակառույց շենքում, որը պետք է որ ժամանակակից լինի, անհրաժեշտ սարքավորումներով եւ որի բոլոր պատուհաններից պետք է երեւա ճշմարտությունը: Հանձնաժողովի բոլոր աշխատողները պետք է ստանան բարձր աշխատավարձ, քանի որ եթե ցածր ստանան, ապա կկաշառվեն, իսկ եթե կաշառվեն, էլ ի՞նչ ճշմարտություն: Հետո հավաքվում են նիստի, քննարկում են ինչ-որ հանցագործություն: Ի դեպ, օնլա՞յն են քննարկում, թե՞ հանրությանը հանձնաժողովի քննարկումների տեսագրված, խմբագրված, հղկված, սրբագրված տարբերակն է ներկայացվելու: Եթե առաջինը, ապա Ճշմարտության հանձնաժողովի նիստերը 18+ են լինելու (նիստերի ժամանակ օգտագործվող բառապաշարի եւ ցուցադրվող մերկացնող կադրերի պատճառով) եւ հեռարձակվելու են ուշ գիշերային ժամերին, ինչը փաստորեն նշանակում է, որ օնլայն չի կարող լինել, քանի որ հանձնաժողովի անդամներին հնարավոր չէ ամեն օր կեսգիշերն անց հրավիրել նիստի: Եթե օնլայն չի լինելու, այլ խմբագրվելու է, մոնտաժվելու է, ապա ո՞ր կտորները, որոնք հանրությանը հետաքրքրական չե՞ն, իսկ ո՞վ է որոշելու, թե ճշմարտության բացահայտման ո՞ր կտորները հանրությանը հետաքրքրական չեն: Գուցե մի առանձինՙ Որոշող հանձնաժողովն էլ ձեւավորվի, որ սա որոշի…
Բայց սա դեռ գլխավոր խնդիրը չէ: Ենթադրենք բացահայտվում է ինչ-որ աղմկահարույց հանցագործություն, բայց պարզվում է, որ Ճշմարտության հանձնաժողովի փոխնախագահի մորաքրոջ որդին այդ հանցագործության շահագռգիռ կողմ է, իսկ Հանձնաժողովի փոխնախագահն ուղղակի պաշտում է իր մորաքրոջն ու նրա որդուն: Ի՞նչ պետք է անեն, գուցե Հանձնաժողովը հանի՞ այդ մարդուն իր կազմից, տարածելով հայտարարություն, թե այդ մարդը, ինչպես պարզվեց, հանրությանը լավ ծանոթ չէր եւ հարգված չէր, ինչը պարտադիր է Ճշմարտության հանձնաժողովի անդամ լինելու համար:
Ի դեպ, երբ Հանձնաժողովը բացահայտի եւ հանրությանը ներկայացնի բոլոր-բոլոր հանցագործություններն ու դրանց մեղավորներին, ի՞նչ է լինելու, լուծարվելո՞ւ է, թե ենթադրենք դառնալու է նախարարություն, հենց նույն անունովՙ Ճշմարտության նախարարություն, ճշմարիտ նախարարով: Օրինակ, Օրուելը իր «1984» վեպում ստեղծել էր Ճշմարտության նախարարություն, ու գիտե՞ք, թե ինչ էր անում այդ նախարարությունը: Իրականությունը ներկայացնում էր որպես ճշմարտություն, օրինակՙ տվյալ պետությունը պատերազմում է այլ պետության հետ, ուրեմն այդ պետությունը ներկայացվում է թշնամի, իսկ վաղը բարեկամանո՞ւմ է, ապա ներկայացվում է բարեկամ: Ընդ որում, Ճշմարտության նախարարության գործառույթն այն էր, որ մամուլի բոլոր այն տողերը, որտեղ այդ պետությունը որպես թշնամի էր ներկայացված, փոխվեն եւ այդ պետությանը հիմա էլ բարեկամ ներկայացնեն, իբր երբեք թշնամի ներկայացրած չեն եղել: Դե, այսինքնՙ խաբեն:
Մի խոսքով, Ճշմարտության նախարարությունը, գոնե Օրուելի ստեղծած, մարդկանց խաբելու համար էր: