Ամանորյա խումհարը մոտենում է ավարտին, մեր քաղաքական էլիտան սկսել է վերադառնալ զանազան դուբայներից, իսկ ընտրությունների օրն էլ հայտնի է` ապրիլի 2, անգամ քարոզչական տեխնիկական խնդիրներն են սկսում կարգավորվել, չնայած որ կուսակցությունների ցուցակների մասին, արտահոսքերից բացի, այլ բան հայտնի չէ: Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիներին, բացառապես բոլոր կուսակցությունների համար պիտի ենթադրեր ընտրություններին մասնակցելու բոլորովին այլ մտայնություն ու մոտեցում, քանի որ վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցողն ամենեւին էլ հաջողության պատմություն չէ, եթե չասենք` ընդհակառակը: Ֆորմալ հայտարարություններից անդին մտայնության փոփոխության նշան կարծես թե չկա: Առարկայորեն առանձնապես բան չի փոխվել նաեւ նոր կառավարության կարճատեւ գործունեության ընթացքում, թեեւ դա դեռ կարելի է մի կերպ հասկանալ` նկատի ունենալով դժվարին ժամանակը, մեր շուրջը տեղի ունեցող գլխապտույտ իրադարձությունները եւ Արցախի հարցը: Սակայն մտածողության փոփոխության առումով իրերը տեղից չշարժելու համար մենք, իրոք, չպետք է մեզ ներենք:
Շարունակենք նշանների մասին խոսել, քանի որ մանրուքները շատ բան են հուշում: Նախ` որ ապրիլի 2-ի ընտրությունները համընկել են ապրիլյան պատերազմի տարելիցի հետ: Հասկանալի է, որ նոր ընտրական օրենսդրությամբ այդ օրը հաշվարկված է ըստ սահմանված կանոնների, սակայն միշտ էլ կարելի էր սողանցքներ գտնել` մի քանի օրով գոնե ավելի ուշ նշանակելու համար ընտրությունների օրը: Թե՞ իշխանությունը մտածում է, որ մեկ տարի առաջ ապրիլի 1-ին սկսված ապրիլյան պատերազմն ու զոհված զինվորների հիշատակը մոռացվել են, կամ ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը զուգահեռ սկսված բողոքի ցույցերին միացած եւ ապրիլյան պատերազմի թեման զայրույթի ալիքի պատճառ դարձրած բողոքավորներն այդ օրը չեն գնա Ազատության հրապարակ, ու այդ իրադարձություններին նվիրված հանրահավաքը չի վերածվի հակաիշխանական ցույցի:
Լավ, ինչով են մտածել օրը նշանակողները, թե՞ էն խելոք տղերքը, որ նաեւ վերեւների համար սցենարներ մտածելիս էին գործածում նշանների լեզուն, էս անգամ թերացել են:
Նշանային մյուս ցուցիչը մեր կուսակցական-քաղաքական հարթության ուրվագիծն է ընտրություններից երկուսուկես ամիս առաջ, որը, եթե նկատի ունենանք բոլոր նախորդ ընտրություններին նախորդած ժամանակները եւ համեմատենք դրանց հետ, պարզապես կարելի է հում եւ անպատրաստ համարել: Մի քանի «ցնցիչ», կոյուղային քայլերը մի փոքր իհարկե թարմություն բերեցին, բայց` բացասական անդրադարձով ավելի շատ, մի հարված եւս հասցնելով մեր քաղաքական կոչված դաշտին, անկախ նրանից, որ «Քաղաքացիական ակտիվ քայլ» կոչված կուսակցությանը արդարադատության նախարարությունը չի գրանցում, եւ ընտրություններին այդպիսի «հոտավետ» կուսակցություն չի մասնակցի: Բայց դա մեծ հաշվով ոչինչ չի փոխում, մանավանդ` մեծ հստակություն չկա դեռ ոչ իշխանության, ոչ ընդդիմության մասնակցության ձեւի, ցուցակների ու դաշինքների առումով:
Պարզ է մի բան, որ իշխանությունը լիովին տիրապետում է ողջ դաշտին, սակայն դեռ ինքն էլ չի կողմնոշովել` ումո՞վ ո՞ր ծակը փակի:
Իսկ նոր միավորների հայտ ներկայացրածները նախկին կարծրատիպներից ազատվելու որեւէ նոր մոտեցում չեն կարողանում որդեգրել: Օրինակ` Վիկտոր Դալլաքյանը երկար շրջաբերական է հրապարակում, որտեղ կետեր է շարում, թե ինչը` ոնց պետք է անել, որ լավ լինի, կարծում է երեւի, որ մարդիկ պետք է մոռանան նախորդող ամեն ինչն ու նստեն իր հռչակագրային կետերը կարդան, որոնք երբեք էլ նոր տարր չեն պարունակում նախորդ բոլոր ժամանակների ու բոլոր քաղաքական գործիչների քաղաքական շատախոսության համեմատ, մինչդեռ անգամ եղանակային ջահել մեկնաբանը գիտի ուղիղ սրտին խփելով ու նոր մեթոդներով մարդկանց դյութելու արվեստը: Կամ Սեյրան Օհանյանն ինչ- որ պրիմիտիվ տեքստ է առաջարկում հայրենակիցներին, որոնք կարելի էր առաջարկել 1993 թվականին, բայց ոչ հիմա, ի վերջո 24 տարին մի ողջ սերնդի կյանք է, ու մտայնություն է փոխվել, նոր, տաղանդավոր, ջահել մարդիկ կան, ում համար այս կարգի երկարաշունչ ու դրույթախեղդ տեքստերը միայն կարող են ծիծաղ հարուցել: Ինքներդ փոխվեք նախ, պարոնայք, եթե ուզում եք բան փոխել, իսկ դրանից հետո մենք կմտածենք ձեզ հավատալու առումով: Անցյալ երկուսուկես տասնամյակում մարդիկ շատ բան են տեսել, նրանց նախնադարյան ձեւերով խաբել այլեւս չի հաջողվի, այդ բոլորին գումարվել է Սարի թաղի` սարքած-կատարելագործված ծեծուջարդը, որտեղ մարտի 1-ի սարքովի տեսարանները կատարելության էին հասել… կարծում եք` այդ բոլորը տեսած ժողովուրդն էլի՞ կխաբվի: Ժողովուրդը, չգիտեմ, բայց ազգի մտածող հատվածին գոհացնելու որակյալ ձեւերի մասին պիտի մտածած լինեիք, դա չեք արել, ստացվում է մոտավորապես այսպես`տեղեկացված, կրթյալ, աշխարհի նորամուծություներին ծանոթ, տրամաբանելու կարողություններ ունեցող մարդկանց առաջարկում եք հինգերորդ դասարանի աշակերտի մակարդակի որոշումներ ու մտայնություն, դրանով լցոնված շոուներ, մտադրվելով այդպես ներսուդրսին խաբել: Լավ էլի: Ի վերջո միգուցե հերթական անգամ ստացվի այն, ինչ նախագծել եք, բայց ի՞նչ է հետեւելու դրան, երկիրն ո՞ւր է հասնելու, ինչ կպատահի հայ մարդու հետ` մտածե՞լ եք: Չէ, բոլորիդ (ձեռքի տակ եղած ԶԼՄ-ների հրապարակումներին եթե նայենք) միայն մի «դարակազմիկ», «ազգապահպան», «հայրենափրկիչ» հարց է հուզում` ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը, ներկա վարչապետին օրենքը թույլ տալի՞ս է գլխավորել, թե ոչ, որ ըստ դրա հետեւություն անեք` ում նժարն է ծանր: Որ կողմնորոշվեք ըստ ներքին ազդեցության պատերազմի հաղթողի, քանի որ շատ լավ գիտեք` ապագայում երկրի լծակները եւ կարեւոր պաշտոնները բաժին կընկնեն ա՛յդ թեւի ու կլանի մարդկանց, ա՛յդ մարդիկ կսկեն վայելել իշխանության բարիքները: Եւ ընդամենը: Այլապես վաղուց արդեն որեւէ մեկդ կամ խումբ նստած ու մտածած կլիներ անհետաձգելի, արտակարգ, արտահերթ եւ բովանդակային քայլերի ու միջոցառումների այն համախումբը, որ կդառնար երկիրն այս վիճակից դուրս բերելու նոր կրեդո, ու դրա հետեւից իսկապես մարդիկ կգնային:
Թե չէ` կառավարություն փոխվեց, բայց նա չի կարող առանձնապես ինչ- որ բան անել, մանրիկ շոուներից բացի, արմատապես բան փոխել թույլատրված չէ, իշխանությունն արդեն իսկ մի փոքր երկատված-երկգլուխ է ու այդպիսին լինելու է առաջիկա տարում` նոր լիազորություններով վարչապետի ու դեռեւս շատ ուժեղ լիազորություններով նախագահի երկուստեք գոյությամբ; Ու այդ մեկ տարում կլինի այն, ինչ պետք է լիներ ընտրություններում, բայց որը քաղաքական ներկա իրողություններով պարզապես անհնար է: Ընտրությունները պարզապես սովորական միջոցառում կլինեն` լավագույն ավանդույթներով կամ երեւացող մասով` մի փոքր ավելի մաքուր, իսկ իշխանության փոխանցման-չփոխանցման հարցն իրականում լուծվելու է ընտրություններից հետո ընկած մեկ տարվա ընթացքում, մինչեւ նախագահական ընտրությունները:
Բոլոր դեպքերում միակ տրամաբանությունը, որ նկատվում է այժմ եւ որը որոշ առումով կարող է նորություն լինել` ա՛յս ենթադրության տեղիքն է տալիս: ՀՀԿ ցուցակը, ըստ որոշ ենթադրությունների, չեն գլխավորելու ոչ Կարեն Կարապետյանը մշտական բնակության ցենզի հարուցած խնդիրների պատճառով (չնայած ԿԸՀ նախագահն ասում է, թե դա քննարկելը վաղը է), ոչ Սերժ Սարգսյանը: Սա առաջին հայացքից կարող է տեխնիկական բնույթի խնդիր թվալ, բայց խորքային հայացքն այլ բաներ է հուշում: Միգուցե դա լավ մտածված այն քայլն է, որը որոշ առումով մի փոքր փոխելու է ապագա խորհրդարանի պատկերը, ըստ այդմ էլ` հետագա գործընթացները: Ասենք` եթե ՀՀԿ ցուցակը գլխավորեն երկրորդ էշելոնի կուսակցական գործիչները, սա ստույգ նշան կլինի հանրության համար առանձնապես ՀՀԿ-ի համար չջանալու, իսկ եթե ընտրություններին մասնակցեն Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորը` ԲՀԿ-ով եւ ընդդիմություն գործուղված Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը, ապա այս երկու միավորները եւ ՀՀԿ-ն (ՀՅԴ-ի կոալիցիոն ձայներով հանդերձ) կարող են ՀՀԿ-ի հետ հավասարապես խորհրդարանի տեղերի մի գերակշիռ մասը իրենցով անել` ստեղծելով կարկատանային մեծամասնություն, որը ոչ մեկի առաջ պարտավորություն չի ունենա, բացի նրանից, ով իրենց տանում է իշխանության: Ի՞նչ կստացվի` ՀՀԿ-ն միայնակ ոչինչ չի կարողանա որոշել, ինչպես, ի դեպ, բոլոր մյուս միավորները, ու նրանք բոլորն էլ կարող են կատարել ՀՀԿ այսօրվա ղեկավարի եւ մի տարի դեռեւս գործող նախագահի ցանկությունները, իսկ վերջինս, այսպիսով, փոքրիկ իշխանափոխություն կիրականացնի` ազատվելով մեկ կուսակցության մեծամասնությունից ու պարտադրանքից, բավարարելով մյուս խաղացողների ախորժակը եւ դրանից հետո մտածելով, թե ում ձեռքում պետք է լինեն երկրի գլխավոր լծակները: Ահա սա է, որ կարող էր անխափան գործող սցենար լինել, եթե դրան կարող է խանգարող չլինի: Իսկ խանգարել դեռ կարող են: Հենց, ասենք, Գագիկ Ծառուկյանը, որն ըստ արտահոսքերի, ժամանակին քաղաքականությունը լքելիս այնպիսի սթրեսի մեջ է եղել, որը հիմա, այնուամենայնիվ, նրան կարող է հետ պահել նորից նույն վիճակում հայտնվելու փորձանքից: Մանավանդ` քաղաքականություն վերադառնալ նրան խորհուրդ տվողների կողքին կան նաեւ ազդեցիկ ֆիգուրներ, որոնք աշխատում են նրան հետ պահել այդպիսի որոշումից:
Կան նաեւ ընդդիմության փոքրիկ միավորներ, ասենք` «Ելք» դաշինքը, որը կարող է եւ մեծանալ, կամ ասենք այնպիսի ֆիգուրներ, որոնք միանալով այս կամ այն միավորին, կարող են բավական որոշիչ գործոն դառնալ, դրանցից մեկը Խաչատուր Սուքիասյանն է: Այնպես որ գլխավոր ու երեւացող սցենարի գործողությունը դեռ կախված կլինի իրական ընդդիմադիր բեւեռի կայանալ-չկայանալուց, ինչպես նաեւ իշխանական նախագծերի տիկնիկավարների ամբիցիաների չափից: Իսկ ընտրողը պարզապես փորձարարական այս ողջ լաբորատորիայի համար նույնքան փորձարարական սոցիումն է, սակայն ապակու դրսի կողմում: