RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5258, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՂՈԶՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամենաթանկ բանը հիմա Հայաստանում ժամանակն է: Նոյեմբերը ճանապարհ է ընկել, մեկ-երկուս, եւ կմտնենք դեկտեմբեր, իսկ այդ ամիսն արդեն Նոր տարվա ուղերձներ ունի հայերի մեծ մասի համար, լուրջ նախագծերն էլ արդեն այդ ամսին ծալվում-մի կողմ են դրվում` փետրվարին մեջտեղ բերվելու համար, քանի որ հունվարն էլ մի լուրջ ամիս չէ, մինչեւ կեսը ծախսվում է հետամանորյա խումհարի վրա, գոնե հրապարակային մակարդակում համարյա ոչինչ չի կատարվում (միամիտ չլինենք իհարկե` Հայաստանում բոլոր հարցերը վճռվում են հետնաբեմերում): Է, այս տրամաբանությամբ` խորհրդարական ընտրություններին ունենք ընդամենը նոյեմբերի առկա հատվածը եւ 2017-ի փետրվար-մարտ ամիսները: Չէի՞ք մտածել:

Այո, ժամանակը քչություն է անում: Երբ դեռ հասկանալի էլ չէ, թե ինչպես է բնակեցված լինելու քաղաքական դաշտը: Քաղաքական դաշտի կոնտուրները դեռ հստակ չեն երեւում` անցավորն անցնում է, ու պարզ չէ , թե ով է գալու: Միակ շոշափելի բանը, որն օդի խտության ու կազմի մեջ առկա է, դա կառավարությունն է` նոր վարչապետով, որով էլ լցոնված է եթերի, մամուլի ու սովորական կյանքի օդը: Բարեփոխվում ենք: Որքան ու մինչեւ ուր` պարզ չէ: Հանուն մեր կյանքի, թե՞ նախընտրական առավել բարենպաստ ատրիբուտիկայի` դա եւս պարզ չէ (մեզ համար պարզ է, լայն հանրության համար` ոչ): Բովանդակային փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ միայն փոխնախարար հանել-դնելով, սրան-նրան նկատողություն անելու տեսարանով ենք լցնելու մեր կյանքը` գազի գնի իջեցման, հավասար մրցակցային դաշտ ապահովելու խոստումի ու նման այլ անընդհատական լցոններով փաթաթելով մեր ունեցած ցամաք լավաշը` դա էլ պարզ չէ: Երեկ էլ բավական կոշտ մի նոր հանձնարարական` եթե իրականություն դառնա, բավական դժվարացնելու է պաշտոնը սեփական հայեցողությամբ օգտագործող մեր պաշտոնյաների կյանքը. վարչապետը կարծում է, թե պաշտոնատար անձի օրինական եկամուտները գերազանցող անձնական ակտիվների աճի դեպքում քրեական պատասխանատվությունը պետք է վրա հասնի, սա որպես հանձնարարական` ապօրինի հարստացման քրեականացման դեռ խորհրդարան չմտած նախագիծը լրացնելու:

Գործնականում առայժմ երեւում է նոր բյուջեի համեստ բացվածքը` ծախսերի կրճատումներով շատ ոլորտներում, աշխատավարձի ու թոշակի բարձրացման իսպառ բացակայությամբ եկող տարվա համար: Խոստում տալու էնքան ռեսուրս չկա, որ կարմիր գծերի եւ վճարովի կայանատեղերի բիզնեսներն են առկախում` ժամանակավոր չեն դատարկի մեքենա վարող մեր քաղաքացիների գրպանը, դրանից ավելի լավ էլ ինչ նախընտրական խոստում եք ուզում:

Վերը նշված թանկ ժամանակը նաեւ ու հենց կառավարությանն է վերաբերում: Բարեփոխման կուրսին էլ է այդքան քիչ թանկ ժամանակ մնացել: Հետո արդեն բարեփոխում ասված նորաձեւ զգեստը միգուցե կհագնի մի նոր կառավարություն, որին նոր խորհրդարանն է նշանակելու: Կարեն Կարապետյանով կամ` առանց նրա, Սերժ Սարգսյանի`վարչապետական վերադարձը կես բերան չբացառելու ապագա տեսլականն էլ վրադիր: Եւ անգամ զահլա չկա երեք ամսվա կառավարության ներկայացրած բյուջեի խորհրդարանական քննարկումներին լուրջ-լուրջ հետեւել` ճակատներին ու հայացքներում նկարված ժամանակավորի պիտակը խանգարում է: Չնայած` էլի կառավարության ներկայացուցիչներից է մի բան սպասվում, թեկուզ ակնարկ առ այն, թե ինչ է լինելու երկրի հետ: Ու ստիպված ենք այդ կարգի փախցրած տեղեկությունները կպցնել իրար` մի տեսլական դուրս բերելու համար, եզրակացնելու, թե ինչ է պահում իր մեջ մոտակա ժամանակը երկրի, ժողովրդի, սովորական մարդկանց համար: Օրինակ` ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը բերանից թռցրեց, որ Ազգային ժողովի ֆինանսավորման` 54 միլիոն դրամով պակաս պլանավորումը պայմանավորված է ապագա խորհրդարանի թվով` 101: Ճիշտ է, դա ամրագրված է օրենսդրությամբ, սակայն մեր պատգամավորները հույս ունեին, որ ընտրակարգի խորամանկություններով ներկա 131-ը չի նվազի: Իսկ իրականում, փաստորեն, արդեն վերեւներում գիտեն, որ նվազելու է, ու դա նոր բյուջեում արտացոլել են: Եւ իզուր է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ցանկանում վերականգնել մինչեւ այժմ եղած ֆինանսավորման չափը: Լավ է, էլի, 30 պատգամավորի աշխատավարձով, սպասարկման այլ ծախսերով կնվազեն բյուջեի հոգսերը, բոլորը հո Վահրամի նման աշխատող պատգամավոր չե՞ն, էնքան տուրիստ կա պատգամավորական կորպուսում, որոնց իսկի ձայնը չենք լսել, բայց ֆռֆռում են աշխարհում «Գործուղման ծախսեր» տողի տակ ու իրենց պետք եղած ժամանակ էլ մանդատը ճոճում աջուձախ: Ինչների՞ս է պետք այդքան մեծ խորհրդարան մեր այս սուղ ժամանակի մեջ, քաղաքական ուժերի ախորժակը բավարարելու համար հո կրակը չե՞նք ընկել:

Մանավանդ` քաղաքական ուժերն իրենք էլ դեռ չեն կողմնորոշվել, իսկ ավելի ստույգ` դեռ նրանց չեն ասել, թե ո՞վ է գնալու խորհրդարան ու քանի՞ հոգով, իսկ ներկա պատգամավորների հետ էլ ոչ ոք պայմանագիր չի ստորագրել, որ հետո նրանք էլի պատգամավոր են լինելու: Միգուցե այդ է պատճառը, որ նրանց մեծ մասը չգիտե` ընդդիմադի՞ր է ինքը, թե իշխանամետ: Եւ առհասարակ` Հայաստանում ընդդիմադիրը ո՞րն է: Եթե իրենք իրենց ընդդիմադիր են կոչում, դա չի նշանակում, որ հոգով իրենց ընդդիմադիր են զգում: Կամ եթե կրքոտ խոսում են խորհրդարանում, դա չի նշանակում, որ իշխանության գալով` իշխանությունից տարբեր կերպ են վարվելու: Կամ էլ` որ նրանց ընդդիմադիր է համարում ժողովուրդը: Վանաձորն ու Գյումրին վկա: Հիմա կարեւորը խելոք սպասելն է, մինչեւ կողմնորոշվողը կողմնորոշվի, ու մի ժպիտի էլ իրենց արժանացնի:

Անգամ լրատվամիջոցների պահվածքում է երեւում այդ շփոթվածությունը, նրանք առաջ ամեն օր քաղաքական գործընթացներից էին խոսում, հիմա ստիպված են լինում մտնել անկողինները, կամ երկու բարձրաստիճանի անվկա հանդիպման անտեսանելի վկան լինել`ոչնչից սենսացիա պեղելով, քանի որ նրանց մեծ մասին ասված է` դեռ սպասեք, չգիտենք ով է մրցակից, ով դաշնակից, որ վրա տաք: Ընդհանրապես` լրատվամիջոցներն աստիճանաբար անհետաքրքիր եւ անվստահելի են դարձել: Ախ, ինչ երանելի ժամանակներ էին, երբ ամեն օր կարելի էր մի բան կազմակերպել խորհրդարանում, ասենք` հրահրել Թոխմախին ու մյուս մականանունավորներին ու, կներեք արտահայտությանս, «տժժալ»: Դե` եթե այդպիսիներին խորհրդարան են բերու, նրանց սադրելը հո մեղք չէ, եթե անգամ քո լրատվամիջոցի տերը նույն մականունավորներից է: Բայց հիմա ԶԼՄ-ների տերերը զգուշանում են աչքի ընկնելուց, փարախ են մտել, հրահանգել են իրենց ձայնասփյուռներինՙ կենտրոնանալ սպանությունների, հանցագործ ու կաշառակեր որսալու տեսարանների վրա: Մենակ ինչ արժեր դատավորին կաշառք վերցնելու պահի նկարագրությունը բառերով, լուսանկարներով, տեսանյութերով, կլաս, իսկ որ այդ նյութերով անմեղության կանխավարկած են խախտում, սա ոչ ոք չի հիշում: Էլ չասած, որ կալանված դատավորի վերաբերյալ իրավական թեմայով գրող լրագրողները կարծում են, որ նա ավելի մարդկային կերպարի կրող էր, քան շատուշատ այլ դատավորներ, ու միգուցե նրանից իր մարդկային կերպարի համար վրեժ լուծողեր կան ` լավ կազմակերպված փորձանքի մեջ գցելով նրան: Տեսարաններ, օ , այո: Բայց բարեփոխումների «դրբի» տակ հանկարծ չընկնեն պատրոնները: Էն որ ասում են` հավասար մրցակցային դաշտ, նոր կերպարով պատգամավոր ու պաշտոնյա, բա լրատվամիջոցներից շատերի պապաների դեմ էլ դա կարող է շուռ գալ, չէ՞ որ լրատվամիջոց ունենալը դեռ չի նշանակում նոր կերպար: Մեր տնտեսությունը մենաշնորհած շատ օլիգարխներ, որոնց նոր վարչապետն ուզում է հավասար մրցակցային դաշտ բերել (տեսնեմ` չեմ հավատա), ամեն մեկը մի քանի լրատվամիջոց է հովանավորում: Իսկ այն, որ քաղաքական դաշտը փորձում է մարդկային կերպար ձեռք բերել` ի վերջո կարող է վերաբերել նաեւ քաղաքական դաշտի տիրապետած լրատվամիջոցներին: Թե չէ` ի՞նչ է ստացվում, ասենք մեկը բացահայտում է այս կամ օլիգարխի «գեղեցկագույն» կերպարի որեւէ կնճիռ, հաջորդ օրն այդ օլիգարխի տիրապետած միանգամից հինգ լրատվամիջոց մի այնպիսի հուժկու հակահարված են հասցնում բացահայտողին, որ միանգամից` ա) անիմաստ է դառնում ԶԼՄ հասկացությունն ինքնին, բ) ավելորդ անգամ ընդգծվում է լրատվամիջոցների պատկանելությունը: «Սիրուն չի»: Հիմա պատկերացրեք` ի՞նչ կստացվի, եթե ասենք վարչապետն ինքնուրույն, առանց որեւէ մեկին զգուշացնելու փորձի մեկին (այդ լրատվամիջոցները տիրապետողներին) ստիպել բյուջե վճարել չվճարած հարկերը, կամ բացի նրանց ստվերի պանդորայի տուփը: Միանգամից նրա սնուցած ԶԼՄ-ները կսկսեն կոմպրոմատների մի այնպիսի հեղեղ արձակել վարչապետի վրա, որ նա փոշման կմնա արածին: Եւ առհասարակ` լրատվադաշտը ճանաչող մարդը շատ լավ գիտե, թե որ բացահայտիչը (նյութը), որ բացահայտյալի (օլիգարխի կամ լրատվամիջոցը տիրապետող այլ սուբյեկտի) ձեռքի գործն են, բայց ընթերցողը շատ հեշտ է կուլ տալիս խայծը: Չէ, գիտեք, մենք գիտենք, որ պաշտոնների, լծակների ու ֆինանսների տիրապետող մեր բոլոր սուբյեկտները սուրբ չեն, է, Հայաստանի նման փոքրիկ երկրում ազնիվ հարստանալ հնարավոր չպիտի լիներ: Մենք ընդամենն ասում ենք, որ ինչպես որ ազնիվ չեն հարստացել, այդպես էլ անազնիվ պայքար են մղում իրենց «տերությունների» սահմանները պաշտպանելիս, ու դա նախ ԶԼՄ-ներով են անում:

Այսպես չեզոքացվում էր Սեյրան Օհանյանը, որ մի պահ մրցակից էր թվացել առաջին դեմքերին, դե գոնե նրա կնոջ հավակնությունների մակարդակով (այդ հավակնություններն ու դրանց ոչ ադեկվատ արտահայտումն առանձին խոսակցության նյութ են): Այսպես մի ավելորդ անգամ, կարծես չգիտեինք, հայտնի են դառնում Կարեն Կարապետյանի ազգուտակն ու նրանց տիրապետած միլիոնները, այսպես Սամվել Ալեքսանյանը կարող է կոմպրոմատներ նետել իր կողմը բանանի կեղեւ նետողների (փոխաբերություն) վրա, կամ հայտնի կդառնա, որ կարմիր գծերի միլիոնները քաղաքապետարանին նվիրելով` ինդուլգենցիա է տրվում ոչնչից միլիարդներ բերող այդ բիզնեսի տիրոջը` նրա ստվերը ներելու առումով, եւ այդպես շարունակ:

Միգուցե ա՞յս ծայրից սկսվեին բարեփոխումները` արգելվեր ԶԼՄ-ներով տարվող կոմպրոմատային պատերազմը, խոսքը ոչ թե ԶԼՄ-ներին կամ լրագրողներին է վերաբերում, այլ դրանց տիրապետողներին, չէ՞ որ հայտնի է` ով-ով է, այդ պատերազմը եւս համարվեր կոռուպցիա: Իսկ խեղճ ժողովուրդն էլ կարծում է, թե հայրենի էս ու էն մեծահարուստը, օյ, բարերար ու գթասիրտ է, իսկ էն մեկելը սեւսիրտ ու դաժան: Նայած նրանց տիրապետած ԶԼՄ-ների ճարպկությանը` ով ավելի պերճախոս կլինի: Բայց չէ՞ որ կլինեն այնպիսիք, որ կասեն` այս բոլորը դիմակախաղ է, ժողովուրդ, հանգիստ, ոչ մեկին էլ սուրբ մի սարքեք, նրանք բոլորն արժանի են իրար: Թե չէ, եթե ուզում եք բարեփոխումներ անել, նախ արդար մրցակցային դաշտ ստեղծեք ԶԼՄ-ների համար, մի թողեք անգրագետներին ԶԼՄ-ներ տիրապետեն` իրենց քիմքին հարմար պատվերներ իջեցնելով, մեդիաանգրագետներին` մեդիագրագիտության դասեր տալ: Եւ առհասարակ` իրեն հարգող պետությունը կխթաներ իսկական լրագրությանն ու իսկապե՛ս լրատվամիջոցներին: Կամ գոնե ուղղություն մի տվեք` գովազդային քվոտաներ նվիրելով ու այդպես այլանդակելով լրատվական մրցակցությունը: Է, դրանից էլ լավ կոռուպցիա: Թողեք զարգանա իրական լրատվական դաշտը` ըստ որակի, ոչ թե ըստ անկողնասեքսաբամբասային «լրատվության», դաժան սպանությունների մանրամասների նկարագրության կամ «աղբյուրագիտության»:

Վերջինը մի առանձին խոսակցության նյութ է: Հասկանում եք` երբ լրատվամիջոց ունես, նաեւ տեղեկատվության հոսքեր ես փորձում ապահովել, փոխանցում ես քո տիրապետած տեղեկույթը, քանի որ իշխանության մաս ես: Ու այստեղից էլ ծագում է «մեր աղբյուրներ» ասված կասկածելի ինստիտուտը: Իսկ երբ չես ապահովում` աղբյուրները սկսում են պղտոր ջուր մատակարարել, իսկ հաճախ էլ` ջուր չեղած ժամանակ կեղծ ջրի պատրանք են ստեղծում: Պատկերացնո՞ւմ եք` «Գարդիանը» հազար անգամ ստուգված լուրի կամ որեւէ հեղինակավոր գրչի ողջ դեդուկտիվ ընդերքով անցած վերլուծության փոխարեն` հղում աներ ինչ-որ կեղծ «մեր աղբյուրների»: Այս բոլորն ասում ենք, որ հասկանալի լինի` չկա համակարգի բարեփոխում, արդար մրցակցություն, եթե դա չսկսվի ԶԼՄ-ների համար իրական մրցակցային հնարավորությունների ստեղծումով, լրատվական դաշտն էլ ի վերջո կդառնա ոչ թե սրան-նրան հարվածելու գործիք, այլ պետության մասին իրոք մտահոգ գեներատոր:

Իսկ մինչ այդ, իհարկե, այն օգտագործվելու է քաղաքական կեղտոտ խաղերում, նախապատրաստելու է այս կամ այն ուժի կամ գործչի գալն ու մյուսի հեռացումը, զբաղվելու է իմիտացիայով եւ կեղծ փուչիկներ փչելով: Ժամանակը չհերիքեց, իսկապես, որ լրատվական դաշտը եւս մինչեւ խորհրդարանական ընտրությունները քավարան անցնի: Իսկ թե ով կձեւավորի կեղծ ընդդիմադիր բեւեռ, ով կղեկավարի այս կամ այն ցուցակը, ով «հզոր» հակակշիռ կլինի իշխանությանը, վարչապետը երբ կդառնա ՀՀԿ-ական (եթե ՀՀԿ-ական է դառնալու, ապա այս ողջ աղմուկն իզուր է, եւ ինքը պիտի որ պատկերացնի դա), այս մասին գրելն ու խոսելը, որքան էլ դառը լինի լրատվամիջոցներիս համար, տեղավորվում է «բարեփոխումների» համատեքստում: Առաջ: Մենք եւս այս իմաստով զերծ չենք թերություններից` հետգրության մեջ այդպիսի մի լուր մատուցելով, բայց շատ մի լրջացեք այդ լուրի վրա:

Հ.Գ.- Ըստ մեր աղբյուրների շատ ստույգ տեղեկությունների` Կարեն Կարապետյանը որոշել է ՀՀԿ-ի շարքերը չանցնել, չի ուզում մենեջերից կուսակցականի վերածվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ