Տնտեսական զարգացման համար կարեւոր չէ, թե ինչպե՞ս են ընտրվում, կարեւորըՙ ո՞վ է ընտրվում
Նոր ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի համաձայնությունը որքան էլ որ դրական երեւույթ է, բայց ոչ օրենսգիրքը, ոչ էլ ընդհանրապես ընտրական գործընթացը երկրի զարգացման տեսանկյունից էական նշանակություն չունեն: Սովորաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո, պարտված քաղաքական ուժերը սկսում են «քանի դեռ արդար ընտրություններ չկան, լավ երկիր չենք դառնա» կարգի երգը երգել, բնականաբար արդար ընտրություններ ասվածը հասկանալով բացառապես իրենց իշխանության գլուխ գալը:
Ժողովրդավարական երկրի համար արդար ընտրությունները եւ ժողովրդի մեծամասնության վստահությունն ունեցող քաղաքական ուժի իշխանության գալը անժխտելի անհրաժեշտություն է: Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ այդ ուժին չընտրած մարդիկ կհամարեն, որ հենց նա է հաղթել ընտրություններում, այլ ոչ թե այն ուժը, որին հենց իրենք են ընտրել: Երեւույթ, որը քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությամբ վերջին տարիներին ներարկվել է մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ: Այն աստիճանի, որ եթե անգամ չնչին փոքրամասնության աջակցությունն ունեցողները հայտնեն, որ ընտրություններում իրենք են հաղթել, շատերը անմիջապես կհավատան դրանՙ հակառակ իրականության եւ տրամաբանության: Մի խոսքով, հիմա ինչ-որ համաձայնություն կայացվել է, որի արդյունքներին կսպասենք առաջիկա ընտրությունների ժամանակ եւ դրանցից հետո: Սակայն վերադառնանք գլխավոր հարցինՙ ընտրությունների գործընթացը լավ երկիր դառնալու հետ կապելուն:
Ինչպես վկայում է պատմությունը, երկրի տնտեսական զարգացման եւ ընդհանրապես առաջընթացի համար կարեւորը ոչ թե այն է, թե ինչպիսի՞ ընտրություններ կլինեն, այլ թե ո՞վ կգա իշխանության գլուխ ընտրությունների (արդար կամ անարդար) արդյունքում կամ անգամ առանց ընտրությունների, ինչպիսի՞ իրավիճակում է գտնվում այդ երկիրը, ի՞նչ ռեսուրսներ, ավանդույթներ եւ հնարավորություններ ունի :
Բազում են դեպքերը, երբ ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ է անցնում մի ուժ, որի քաղաքականության դառը հետեւանքները տվյալ երկիրը եւ անգամ տարածաշրջանն ու աշխարհը շատ երկար են «մարսում» եւ ընդհակառակըՙ երբ կասկածելի ընտրություններով կամ պարզապես նշանակմամբ կամ հեղաշրջմամբ իշխանության գլուխ է գալիս անձ, որը տվյալ երկիրը դարձնում է ծաղկուն եւ բարգավաճ երկիր:
Ամենավատ օրինակը, երբ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով 1933-ին Գերմանիայում իշխանության գլուխ անցան նացիոնալ-սոցիալիստներըՙ ֆաշիստներըՙ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ: Թե ի՞նչ եղավ դրանից հետո Գերմանիայում եւ ընդհանրապես աշխարհում, երեւի թե ավելորդ անգամ չարժե կրկնել: Ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ֆաշիստների իշխանությունը Գերմանիան դրախտ չդարձրեց, ոչ մի բան չփոխեց նրանց մարդատյաց գաղափարախոսության մեջ, հետ չկանգնեցրեց միլիոնավոր մարդկանց զանգվածային սպանություններից:
Դառնանք մեր ժամանակներին: ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն էր, որը երկու անգամ ընտրվեց այդ երկրի նախագահ դարձյալ ազատ ընտրությունների միջոցով: Թեեւ առաջին անգամՙ 2000-ին, նրա հաղթանակը վիճելի էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ալբերտ Գորի նկատմամբ, երբ Ֆլորիդայում ձայների վերահաշվարկ կատարվեց եւ դրա արդյունքում հայտարարվեց, որ հաղթել է Ջորջ Բուշը: Ինչեւէ:
Մի կողմ թողնենք բազմաթիվ անգամներ ծիծաղի առիթ դարձած Ջորջ Բուշ կրտսերի անհասկանալի եւ անտրամաբանական արտահայտությունները, որոնք որոշակի պատկերացում տալիս էին, թե որքանով է նա համապատասխան երկրի նախագահի պաշտոնին: Դա ամերիկյան ժողովրդի ընտրությունն էր, սակայն, որի համար թանկ վճարեցին եւ շարունակում են վճարել թե՛ ամբողջ աշխարհը, թե՛ հենց նույն ամերիկյան ժողովուրդը:
Հենց այս նախագահը սկսեց իրաքյան պատերազմը 2003-ին, փաստացի օկուպացնելով այդ երկիրը, տապալելով այդ երկրի նախագահ Սադդամ Հուսեյնին, պատճառ դառնալով ամբողջ աշխարհում ահաբեկչության աննախադեպ ուժգնացման եւ կազմակերպվածության աստիճանի բարձրացմանՙ ընդհուպ «Իսլամական պետության» ստեղծումը:
Ինչ վերաբերում է բուն ԱՄՆ-ին, ապա ազատ ընտրությունների միջոցով իշխանության գլուխ անցած Ջորջ Բուշի ներքին եւ արտաքին քաղաքականության հանգեցրեց 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, որը սկսվեց ԱՄՆ-ից եւ որի առաջին հարվածները հենց այդ երկրի միլիոնավոր քաղաքացիները կրեցին:
Գանք Հայաստան: 1991-ին, դարձյալ ազատ ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ անցավ ՀՀՇ-ն եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այն հանգամանքը, որ ընտրություններում իսկապես ժողովրդի մեծամասնությունը վստահել էր այս ուժին եւ անձին, ոչ մի կերպ չնպաստեց վերջիններիս կողմից ժողովրդի եւ պետության հանդեպ պատասխանատվություն ցուցաբերելուն: Նրանց, մեղմ ասած, անփույթ եւ շահամոլ քաղաքականության հետեւանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց երկրի արդյունաբերական եւ գիտատեխնիկական ներուժը, երկիրը հայտնվեց կատարյալ փլուզման, իսկ բնակչությունըՙ համատարած աղքատության եւ զրկանքների մեջ:
Հիմա դառնանք հակառակ օրինակներին, երբ երկրներում իշխանության գլուխ անցել են վիճելի ընտրությունների կամ անգամ հեղաշրջման միջոցով, եւ կամ միապետներ են կառավարում, բայց դրական զարգացումներ են ունենում: Որքան էլ արտասովոր թվա առաջին հայացքից, այսպիսի օրինակներն ավելի շատ են: Իրաքում, Լիբիայում, Սիրիայում իշխանության գլուխ էին գտնվում այսպես կոչված բռնապետներՙ ձեւական ընտրություններով իշխանության եկած, որոնց կառավարման ժամանակ այդ երկրները բարգավաճում էին: Նույնը կարելի է ասել նաեւ այլ երկրներիՙ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Ղազախստանի ղեկավարների (թագավոր կամ նախագահՙ էական չէ) մասին, որտեղ չեն եղել ազատ ընտրություններ եւ որտեղ բռնապետների կառավարումը տնտեսական լուրջ զարգացում եւ բարեկեցության բարձր մակարդակ է արձանագրում:
Այս առումով բավականին ուշագրավ էր 1970-ականներին Չիլիում ստեղծված իրավիճակը: 1970-ին այդ երկրում կայացած ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ անցավ սոցիալիստ Սալվադոր Ալիենդեն: Սակայն ընտրված նախագահ լինելը բավարար չէր, ինչպես մեզ մոտ են ասումՙ «երկիրը երկիր դարձնելու» համար: Ավելին, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում էր եւ զանգվածային դժգոհություններ առաջացնում: Հենց դա էր պատճառը, որ, երբ, 1974-ին, գեներալ Ավգուստո Պինոչետը տապալեց Սալվադոր Ալիենդեին, զանգվածային դժգոհություններ չեղան այդ երկրում, բացի բռնությունների ենթարկված սոցիալիստներից եւ կոմունիստներից: Դրանից հետո Պինոչետի իրականացրած արմատական տնտեսական բարեփոխումները ապահովեցին Չիլիի տնտեսության բուռն զարգացումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Այն Պինոչետի, որն իշխանության էր անցել ռազմական հեղաշրջման միջոցով, որի ընթացքում սպանվել էր երկրի ընտրված նախագահը:
Երկրի սոցիալ-տնտեսական կացության վրա ընտրությունների գործոնի որոշիչ չլինելու ամենաակնառու օրինակը Չինաստանի սրընթաց զարգացումն է վերջին 20-25 տարիներին: Ո՞ւմ շնորհիվ դա տեղի ունեցավ եւ ինչպե՞ս:
Չինական հրաշքի համար այդ երկրի ժողովուրդը երախտապարտ է մի մարդու եւ նրա վճռականության, որը ոչ միայն ընտրությունների միջոցով չէր եկել իշխանության, այլեւ ճնշել է Տյանանմենի հրապարակում արտերկրից հրահրված ցույցերը: Դա Դեն Սյաո Պինն է: Աչքի առաջ ունենալով Խորհրդային Միության փլուզումը, նա, իր աջակիցների հետ միասին, նախՙ իշխանությունից հեռացրեց այսպես կոչված ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին, ապա անցավ վճռական գործողությունների երկիրը ներսից պայթեցնողների նկատմամբ: Դրանից հետո Դեն Սյաո Պինը ձեռնամուխ եղավ տնտեսական բարեփոխումների, որն էլ Չինաստանի տնտեսությունը դարձրեց աշխարհի թիվ 2 տնտեսությունըՙ 20-30 տարի հետո առաջինը դառնալու կանխատեսումներով:
Արժե հիշեցնել նաեւ մեր հարեւան Ռուսաստանի օրինակը: 90-ականների ԽՍՀՄ փլուզումից հետո ճգնաժամի եւ ցնցումների մեջ գտնվող երկիրն այդ կացությունից հանեց 1999-ին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի կողմից վարչապետ նշանակված եւ միայն հետագայում նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինը:
Չմոռանանք նաեւ մեր երկիրը: Լեւոն Տեր-Պետրոսյանի անփառունակ կառավարման տարիներից հետո նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների արդյունքները շատերի կողմից վիճարկվում էին: Անկախ նրանից, ճիշտ էին վիճարկողները, թե՞ ոչ, ընտրությունները վիճելի էին, թե՞ ոչ, հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, 6-7 տարի շարունակ, երկնիշ տնտեսական աճ ունեցանքՙ դուրս գալով 90-ականների դժնդակ տարիներից:
Այնպես որՙ հարգելի քաղաքական գործիչներ, իշխանության անցեք արդար ընտրությունների միջոցով, բայց մի ասեք, թե միայն դրանով պայմանավորված հնարավոր կլինի ավելի բարեկեցիկ ապրել եւ ավելի լավ երկիր ունենալ: Իրականությունը, որից ընդամենը մի քանի օրինակներ բերեցինք, այլ է :