Տեսանյութը տեւում է 11 րոպե 21 վայրկյան, այն ներկայացնում է ապրիլի մեկիՙ լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում, առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով (տեպլովիզոր), որով մեր որոշ հենակետեր համալրված են: Թե ինչ է ներկայացվում տեսանյութումՙ չեմ ասի, նախ որովհետեւ պետական գաղտնիք է, հետո էլՙ գրեթե բոլորն արդեն տեսել են, Youtube-ում հանգիստ դրված է, մի քանի տասնյակ հազար դիտում ունի, կարող եք մտնել այնտեղ, որոնելՙ «Ի՞նչ է կատարվել ապրիլի 2-ի գիշերը Թալիշում. Տեսանյութ» բառերի օգնությամբ եւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական գաղտնիքը ձեր առջեւ կբացվի:
Բայց սկզբից սկսենք: «Նոր Հայաստան» շարժումը, որի մեջ են մտնում, օրինակ, Անդրիաս Ղուկասյանիՙ «Ոտքի Հայաստան», ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանիՙ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունները, անցած երկուշաբթի երթ էր կազմակերպել դեպի Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նպատակն, ինչպես պարզվեց, ՄԱԿ-ին նամակ հանձնելն է: Բայց դա հեչ, նամակին կից տեսանյութ էլ հանձնեցին, որի մասին արդեն խոսեցի: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց, որ տեսանյութը հանձնել են ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ՄԱԿ-ը ստանա ապացույցն այն մասին, որ ապրիլյան սրացումների ժամանակ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը: Այսինքն նպատակը եղել է սա: Տեսանյութում (դա կասեմ) իսկապես երեւում է, որ ադրբեջանական կողմից մոտավորապես հարյուր հոգով շարժվում են դեպի մեր դիրքերը… Բայց, տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ ՄԱԿ-ն այդ ապացույցի կարիքն ուներ: Այսինքն ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը ձեր տված տեսանյութը ուղարկել է Նյու Յորքՙ «Անձամբ գլխավոր քարտուղար պարոն Մունին» խորագրով, ու հիմա Մունն իր օգնականների հետ նստած նայո՞ւմ է: Եթե այո, ապա միամիտ եք, բայց չէ՞ որ միամիտ չեք: Կամ մի՞թե կարծում եք, որ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելն այլեւս ապացույցների կարիք ունի, ո՞վ չգիտի, ՄԱԿ-ը՞: Նախ գիտի, բայց եթե անգամ ՄԱԿ-ը չգիտի, կամ գիտի, դրանից բան չի փոխվելու:
Բայց խնդիրն անգամ սա չէ, նկատի ունեմ այն, որ տղերքը պետական գաղտնիք են բացահայտել ՄԱԿ-ին: Խնդիրն ուրիշ տեղ է: Նախ, տեսանյութը նույն օրը տեղադրվում է համացանցում, իսկ դա, կներեք, բայց ՄԱԿ չէ, համացանցում ավելի շատ մարդ կա, քան ՄԱԿ-ում պետություն: Այսինքն ամեն ոք կարող է գտնել այս տեսանյութը ու նայել, ընդ որումՙ դադարներով, հետ ու առաջ տալով, նորից, երրորդ անգամ, չորրորդ անգամ: Ամեն ոք ասելով նկատի ունեմ նախ եւ առաջ ամեն ադրբեջանցի: Այսինքն, եթե նպատակը եղել է ՄԱԿ-ին ադրբեջանական կողմի նախահարձակ լինելը ապացուցելը, ապա ինչու ՄԱԿ-ին տեսանյութը չի հանձնվելՙ «Հույժ գաղտնի» ծրարի մեջ եւ, ամենակարեւորը, ինչո՞ւ է այդ տեսանյութը հայտնվում համացանցում, ո՞վ է այն տեղադրում համացանցում: Բնականաբար նա, ով ունի, կամ ով գողացել է: Ու եթե հաշվի առնենք, որ տեսանյութը «Նոր Հայաստանից» ոչ ոք չի գողացել, հակառակ պարագայում նրանք այդ մասին կասեին, եզրակացնում ենք, որ այն տեղադրել է ինչ-որ «նոր հայ»:
Սա արդեն դավաճանություն է, տղերք, պետական գաղտնիքի բացահայտումը հենց այդպես էլ կոչվում էՙ դավաճանություն: Ընդ որում, երբ պետական գաղտնիքը բացահայտվում է առանց թշնամու կողմից ճնշման, կոչվում է ստո՛ր դավաճանություն:
Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: ՀՀ ՊՆ-ից տեսանյութի եւ դրա տարածման հետ կապված հորդորում են դիմել ԼՂՀ ՊԲ-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչ է ասում ԼՂՀ ՊԲ-ն: Նրանք ասում ենՙ դիմեք նրանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութը: Բայց, գրողը տանի, սա պետական գաղտնիք է, այն բացահայտվել է, ընդ որում բացահայտել են ոչ թե նրանք, ովքեր նկարահանել են, որոնք, ի գիտությունՙ ԼՂՀ ՊԲ-ի զինվորներ են, այլ նրանք, ովքեր տարածել են:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից ներկայանալ չցանկացող մի պաշտոնյա հայտնեց, որ տեսանյութն ամբողջական չէ, իբր հայկական կողմի մարտավարությունն այնպես է եղել, որ պետք է թողնեինք, որ ադրբեջանցիները կուտակվեին, հետո ջարդեին: Ասենք թե այդպես է, բայց, տղերք, ո՞վ է տարածել այդ տեսանյութը, երբ մենք գիտենք, թե ո՞վ է այն հանձնել ՄԱԿ-ին: Կարեւորը սա է, իսկ այն, որ մենք ջարդել ենք ադրբեջանցիներինՙ բոլորս գիտենք:
Հա, սիրելի զինվորներ, երբ թեկուզ ջերմացույցով նկարահանում եք, թեկուզ հակառակորդին, ապա խուսափեք հայհոյելուց, շատ հնարավոր է ձեր հայհոյանքները մտնեն համացանց: Համենայն դեպսՙ դավաճան կա քաղաքում: