RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1797, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԵՂՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ռուսաստանի հնարավորությունները չունենք, իսկ արժանապատվությո՞ւն...

Թուրքական ապրանքներով Հայաստանի առեւտրային օբյեկտների եւ հատկապես տոնավաճառների հեղեղվածության մասին հաճախակի ենք խոսել: Միանշանակ է, որ իրերի նման կացությունը վտանգավոր է մեր տնտեսության եւ երկրի համար ընդհանրապես: Ցավալին այն է, որ այդ կացության միակ մեղավորը մենք ենք եւ դրսում մեղավորներ փնտրելու ու պատասխանատվությունից խուսափելու ոչ մի փաստարկ գոյություն չունի: Ոչ մի երկիր, միություն, միջազգային կազմակերպություն մեզ չի պարտադրում թուրքական ապրանքներ գնել կամ հանգիստն անցկացնել թուրքական հանգստավայրերում: Անտարբերությունը, այս հարցին կարեւորություն չտալը, գումարած ազգային արժանապատվության, պատմական հիշողության բացակայությունը, մեր անվտանգության նկատմամբ թշնամի երկրից բխող իրական սպառնալիքին լուրջ չվերաբերվելըՙ սրանք են այն գործոնները, որոնք հնարավոր են դարձրել թուրքական ապրանքների կողմից Հայաստանի խաղաղ զավթումը:

Այսպես կոչված «լիբերալների» առարկությունները եւ հղումը ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանության վրա, այս դեպքում ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն: Բոլորին էլ հայտնի է, որ Թուրքիան կամայականորեն արգելում է հայկական արտադրության ապրանքների մուտքը իր երկիրՙ սահմանելով 1000 տոկոս մաքսատուրքեր դրանց վրա: Ավելին, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդակացելիս, Թուրքիան համաձայնություն է տվել միայն այդ պայմանովՙ հայկական ապրանքների ներմուծումն իր երկիր արգելելու է: Շուկայական տնտեսության մասին խոսող «փորձագետները» սովորաբար այս մասին «մոռանում են»: Նրանց խնդիրն այլ էՙ ամեն ինչ անել հայ-թուրքական «հաշտեցման» ամերիկյան նախաձեռնությանը կյանքի կոչելու համար, կարեւոր չէ, թե Հայաստանի ազգային-պետական շահը կոտնահարվի, թե՞ ոչ: Ինչեւէ:

Ինչպե՞ս է փոխվել Հայաստան-Թուրքիա շրջանառությունը անցյալ տարիՙ 2015-ին: Մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են ազդել երկու երկրների առեւտրի, ավելի ճիշտՙ միակողմանի առեւտրիՙ Հայաստան թուրքական ներմուծման վրա: Հարցերի պատասխանները կարելի է գտնել ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տարեկան տվյալների մեջ :

2015-ին Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը 138,5 մլն դոլար է կազմել: Դա Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի 2,9 տոկոսն է: 2014-ին Թուրքիայի հետ մեր առեւտրաշրջանառությունը 233,7 մլն դոլար էր, ինչն ընդհանուր արտաքին առեւտրի 3,9 տոկոսն էր: Այսինքն, ընդհանուր արտաքին առեւտրի մեջ Թուրքիայի բաժինը նվազել է 1 տոկոսային կետով:

Հայաստանից Թուրքիա արտահանումը գրեթե չի փոխվել եւ խորհրդանշանական ծավալներ ունի: 2015-ին արտահանել ենք 1,497 մլն դոլարի, 2014-ինՙ 1,494 մլն դոլարի արտադրանքՙ հիմնականում չմշակված կաշի: Աճը կազմել է 0,2 տոկոս: Դեպի Թուրքիա մեր արտահանումը թե 2014-ին, թե 2015-ին չի փոխվել, կազմելով արտահանման ընդհանուր ծավալների ընդամենը 0,1 տոկոսը :

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա պետք է նշել, որ անցյալ տարի Թուրքիայից Հայաստան ներմուծման զգալի նվազում է արձանագրվել: 2015-ին Հայաստան են ներմուծվել 137 մլն դոլարի թուրքական ապրանքներ, այն դեպքում, երբ 2014-ին ներմուծվել էր 232 մլն դոլարի ապրանք: Փաստորեն, 2015-ին շուրջ 95 մլն դոլարով կամ 41 տոկոսով նվազել են թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Ներմուծման ծավալներում Թուրքիայի բաժինը նվազել է` 2015-ին կազմելով ընդհանուրի 4,2 տոկոսը: 2014-ին այդ բաժինը ընդհանուր ներմուծման 5,2 տոկոսն էր:

Սակայն վերոնշյալն ամենեւին էլ չի նշանակում, որ թուրքական ներմուծումը արմատական փոփոխության է ենթարկվել: Բանն այն է, որ անցյալ տարի դեպի Հայաստան ամբողջ ներմուծման ծավալներն են նվազելՙ 26,5 տոկոսով կամ 1 մլրդ 115 մլն դոլարով: Հետեւաբար, Թուրքիայից ներմուծման 41 տոկոս նվազումը նաեւ ներմուծման ընդհանուր ծավալների նվազման ազդեցությամբ է տեղի ունեցել: Եթե բացառենք այս գործոնը, ապա Թուրքիայից Հայաստան ներմուծումն այս տարի նվազել է ընդամենը մոտ 19-20 տոկոսով :

Եթե նկատի ունենանք, որ անցյալ տարի ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր, իսկ ներկայիս թուրքական պետությունը շարունակում է կատաղորեն պայքարել դրա ճանաչման դեմ, սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, աջակցել Ադրբեջանին, ապա բնական պետք է լիներ մեր կողմից թուրքական ապրանքներից համընդհանուր հրաժարվելըՙ սկսած հագուստից, վերջացրած կենցաղային օգտագործման զանազան ապրանքներից եւ շինանյութերից: Հայկական շուկայում կան բազմաթիվ այլ երկրների արտադրության համանման ապրանքներ եւ այլընտրանքի բացակայության մասին խոսելն ինքնարդարացման փորձ է: Չենք խոսում այն մասին, որ գոնե այն ապրանքների մասով, որոնց տեղական արտադրություն ունենք, գոնե առեւտրի համաշխարհային կազմակերպության թույլատրած 15 տոկոսի չափով Հայաստանի իշխանությունները պետք է հավելյալ մաքսատուրք կիրառեն, չխոսելով արդեն արգելքի մասին: Եթե այդ մաքսատուրքն ավելին էլ լինի 15 տոկոսից, ոչ ոք մեզ չի կարող մեղադրել Թուրքիայի հանդեպ խտրական տնտեսական քաղաքականություն իրականացնելու մեջ, քանի որ այդ երկիրն արդեն հիմա է մեր նկատմամբ նման քաղաքականություն իրականացնում:

Ռուսական մեկ ինքնաթիռի խոցումն ու երկու զինվորականի սպանելը Թուրքիայի համար տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս արժեցավ: Մենք չունենք Ռուսաստանի հզորությունը, ռեսուրներն ու հնարավորությունները, բայց գոնե արժանապատվություն պարտավոր ենք ունենալ: Հարյուրավոր տարիներ տառապել ենք թուրքական պետության լծի տակ, միլիոնավոր զոհեր տվել:

2 զոհի համար «Չենք գնա Թուրքիա հանգստանալու» ռուսաստանյան հասարակության արշավը դատարկ խոսքեր չէին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանից Թուրքիա հանգստացողների թիվը նվազել է ավելի քան 81 տոկոսով: Իսկ կա՞ն տվյալներ, թե ցեղասպանության 100 ամյակի տարում Հայաստանից Թուրքիայում հանգստացողների թիվը որքան է նվազել: Թուրքական ապրանքներ Հայաստան ներկրող առեւտրականների մասին երեւի հարկ չկա խոսելՙ նրանց համար բոլորովին այլ «արժեքներ» են գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ