Ո՞ր երկրներից են կատարվել ամենախոշոր ներդրումները
2009-ից հետո Հայաստանում ներդրումների, մասնավորապես օտարերկրյա ներդրումների ծավալները նվազել են: Արդարության համար նշենք, որ դա միայն մեր երկրին բնորոշ երեույթ չէ, եւ համաշխարհային ներդրումներն ընդհանուր առմամբ ճգնաժամին հաջորդող տարիներին նվազեցին: Սակայն դա ինքնարդարացման հիմք չէ: Առանց լուրջ ներդրումների ակնկալել լուրջ տնտեսական զարգացումՙ անհնար է:
2015-ի հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 60 մլրդ 171 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 35 մլրդ 292 մլն դրամ: Անցյալ տարվա նույն ժամանահատվածի համեմատ զուտ ներդրումային հոսքերը թեեւ փոքր աճ են ունեցել, բայց ուղղակի ներդրումները լուրջ` գրեթե կրկնակի նվազել են:
Հայաստանի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մեջ մտնելը որոշակի հույսեր է ներշնչում մեր երկրում կատարելիք ներդրումների առնչությամբ: ԵՏՄ երկրների հետ ընդհանուր շուկա լինելը մեծացնում է խոշոր ներդրողների շահագրգռությունները միանգամից սպառման մեծ շուկա ունենալու հարցում: Ընդ որում, դրան նպաստում է նաեւ մեկ այլ խոշոր տնտեսական միության` Եվրոմիության հետ մի քանի հազար ապրանքների արտահանման համար արտոնյալ առեւտրային ռեժիմներ ունենալը: Ճիշտ է, այդ ռեժիմի գործելու ընթացքում այն գրեթե ոչնչով չի նպաստել դեպի ԵՄ արտահանման ավելացմանը, բայց նոր իրավիճակում կարող է իր դերն ունենալ:
Միեւնույն ժամանակ, ներկա պահին Հայաստանում իրականացվում են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր , որոնց մասին «Տնտեսական օրակարգ» համաժողովին հայտնեց էկոնոմկիայի նախարար Կարեն ճշմարիտյանը : Դրանք են`
1. Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ժամանակակից պահանջներով կառուցված լեռնահարստացուցիչ կոմբինատում, որի առաջին փուլում ներդրվել է 350 միլիոն դոլար, ինչի արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ 190 մլն դոլար արժողությամբ պղնձի եւ մոլիբդենի խտանյութեր:
2. «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու եւ արծաթի նոր հանքավայրի շահագործման 400-450 մլն դոլար ներդրումային նախագիծը:
3. «Որոտան» ՀԷԿ-ում ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերության 180 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը:
4. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նորտեխնոլոգիական արտադրամասի շահագործումը, որի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալի մեծացնել մետաղի կորզումը հանքաքարից: «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն դոլար:
5. Ներդրումները հարկերից արտոնյալ ջերմոցային տնտեսություններ հիմնադրելիս: Միայն 2014թ. ընթացքում 6 ընկերություններ հիմնել են շուրջ 70 հա ջերմոցային տնտեսություններ` ավելի քան 30 մլրդ դրամի ներդրումների ներուժով:
Ենթադրելի է, որ ներդրումային այս ծրագրերն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման վրա: Այս ճյուղերում իրականացվում են մի քանի տասնյակ այլ, ավելի փոքր ներդրումային ծրագրեր: Սակայն տեխնոլոգիական զարգացումը իր ակնհայտ դրական արդյուքներից բացի, որոշակի բացասական հետեւանքներ էլ է ունենում: Նոր ստեղծված արտադրությունները հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով, չեն պահանջում մեծ թվով աշխատատեղեր: Պետությունը, թերեւս, պետք է խրախուսման այլ տարբերակներ գտնի մեծ թվով աշխատատեղեր ստեղծող ընկերությունների համար:
Ինչ վերաբերում է Հայաստանում ըստ երկրների կատարված օտարերկրյա ներդրումների ծավալներին վերջին ավելի քան 25 տարիներին, ապա այստեղ ակնհայտ առաջատարը Ռուսաստանն է :
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այդ ընթացքում Հայաստանում կատարվել են 4 տրլն 551 մլրդ 766 մլն դրամ ներդրումներ, որից 2 տրլն 967 մլրդ 317 մլն դրամն ուղղակի ներդրումներն են: Ռուսաստանի ներդրումները կազմել են Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումների գրեթե 39 տոկոսը` 1 տրլն 769 մլրդ 540 մլն դրամ եւ ուղղակի ներդրումների 46 տոկոսը` 1 տրլն 366 մլրդ 894 մլն դրամ:
Հայաստանում կատարված ներդրումների ծավալով երկրորդ տեղում ֆրանսիական ընկերություններն են: Այդ երկրից կատարված ներդրումները կազմում են ընդհանուրի 10,2 տոկոսը` 467 մլրդ 440 մլն դրամ եւ ուղղակի ներդրումները` 14,5 տոկոսըՙ 429 մլրդ 614 մլն դրամ:
Երրորդ տեղում Գերմանայից կատարված ներդրումներն են , որոնք կազմում են ընդհանուրի 7 տոկոսը` 320 մլրդ 705 մլն դրամ եւ ուղղակի ներդրումների 6,4 տոկոսը` 189 մլրդ 861 մլն դրամ:
ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանում Եվրոմիությունը ամենախոշոր ներդրումներ կատարողն է, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: ԵՄ երկրների ներդրումները միասին վերցրած անգամ, կազմելով մոտ 1,5 տրլն դրամ, զիջում են Ռուսաստանի կատարած ներդրումներին: Թեեւ Հայաստանում ներդրումներ կատարողներին չեն տարբերակում ըստ երկրների պատկանելիության (ապացույց` ֆրանսիական ներդրումների մեծ ծավալները կամ ամերիկյան նոր ներդրումային ծրագիրը, որի մասին վերեւում նշվեց), բայց արեւմտյան ներդրողները ընդհանուր առմամբ մեծ ցանկություն չեն տածում Հայաստանում գործունեություն սկսելու համար:
Ամփոփելով ներդրումների թեման, հուսանք, որ նոր պայմանները իսկապես լրացուցիչ գրավչություն կհաղորդեն մեր երկրին եւ ներդրումների նկատելի հոսք կարձանագրվի տարբեր երկրներից: