Գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն սպասելը մի տեսակ ռոմանտիկ մարդկանց գործն է, եթե սա, իհարկե, գործ է: Բայց, պարզվում է, որ գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն կարելի է սպասել ամենեւին էլ ոչ ռոմանտիկ զգացողություններից ելնելով: Օրինակՙ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (արդեն ռոմանտիկ չէ, չէ՞) «թիկունքի գծով» օգնական Զարզանդ Նիկողոսյանը կայքերից մեկին հայտնել է, որ Գորիսի մոտակայքում մարզպետ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակողը(ները) սպասել են գարնան գալուն, ծառերի կանաչելուն, որպեսզի խիտ եւ կանաչ ծառերի միջից չերեւան: Պարոն Զարզանդը նաեւ հայտնել է, որ կրակահերթը` Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ (չխառնել` Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ) տեւել է մոտ մեկ րոպե, իսկ մարզպետի մեքենան, որը «սովորական» Lexus է եղել, զրահապատ չի եղել, ոչ էլ ունեցել է ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս վերջինը նշանակում է, որ եթե այդ չարաբաստիկ մեքենան Սուրիկ Խաչատրյանին էլի պետք է գալու, հետեւաբար դրա վրայից պետք է վերացնել կրակոցների հետքերը, ապա դա Սյունիքի մարզպետը պետք է անի կամ իր միջոցներով, կամ` պետության (քանի որ պետական պաշտոնյա է): Եւ քանի որ Սուրիկ Խաչատրյանը վերջին ժամանակներում ծախսելու շատ տեղեր ունի եւ, որովհետեւ նրա հայրենի` իշխող Հանրապետական կուսակցությունն իր վերջին ԳՄ նիստում մտահոգություն է հայտնել պատահարի առնչությամբ, ապա պարզ է, որ պետությունը սիրով կօգնի իր ազատամարտիկ մարզպետին` մեքենան վերանորոգելու գործում: Գուցե մի փոքր էլ ավել գումար տա Սուրիկ Խաչատրյանին` բարոյական վնասները եւս փոխհատուցելու եւ ցնցումից հետ գալուն օժանդակելու համար:
Հասկանալի է, որ Սուրիկ Խաչատրյանը հոգեբանական ցնցում է ապրել, այնքան մեծ, որ պատահարից հետո,երբ անմիջապես իրեն զանգահարել են կայքերից մեկից` ճշտելու, թե արդյոք ճի՞շտ են ասում, որ մարզպետի մեքենայի ուղղությաբ կրակել են, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Դե, որ ասում են, ուրեմն ճիշտ են ասում, էլի»: Խնդիրն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի մասին` հատկապես վերջին մի քանի տարում շատ բան են ասում: Օրինակՙ Զարուհի Փոստանջյանը եթե այս տեմպերով շարունակի` Սյունիքի մարզպետին շուտով կմեղադրի Քենեդու սպանության մեջ (հենց Քենեդու, ոչ թե, ենթադրենք, Ռոմանովների): Ընդ որում, Սուրիկ Խաչատրյանին մեղադրում են նաեւ իր մտերիմները: Գեներալ Սեյրան Սարոյանն, օրինակ, Սյունիքի մարզպետին անվանել է կռվարար: Ճիշտ է, գեներալը սա չի ասել, որպես մեղադրանք, բայց որեւէ մեկին կռվարար ասելը արդեն իսկ մեղադրանք է: Հասարակության` հատկապես ծնող հատվածն էլ Սուրիկ Խաչատրյանին մեղադրում է սեփական որդու դաստիարակության գործում «պատմափիլիսոփայական» գիտություններով առաջնորդվելու մեջ, դե իսկ ՀՀ որոշ այլ մարզպետներ, ճիշտ է, ոչ բարձրաձայն, Սուրիկ Խաչատրյանին «մեղադրում են»` իրենցից անհամեմատ առավել ճանաչված լինելու մեջ: Հիմա, քանի որ ինքը` Խաչատրյանը գտնում է, որ «Դե, եթե ասում են, ուրեմն ճիշտ են ասում», հետեւաբար նրա մասին ով խոսում է` ճիշտ է խոսում, անգամ Զարուհի Փոստանջյանը:
Անշուշտ Սուրիկ Խաչատրյանի մասին նաեւ լավ բաներ են ասում, դե, որ նա լավ մարդ է, լավ ղեկավար, լավ որդու լավ հայր, լավ գիտնական, լավ ազատամարտիկ, լավ ընկեր, լավ սյունեցի… Այդ պարագայում, սակայն, մարդ որքա՞ն պետք է վատը լինի եւ երկրի վատը ցանկանա, որ կրակի Սուրիկ Խաչատրյանի… մեքենայի ուղղությամբ:
Ո՞վ է այդ վատ մարդը (մարդիկ), եթե մենք հստակ գիտենք, որ նա Սուրիկ Խաչատրյանը չէ: Սուրիկ Խաչատրյանը չէ՞…:
Հ. Գ.- Ի դեպ, եթե դուք ճանաչում եք մի մարդու, ով հատկապես ձմռանը ասում է, թե ինքը անհամբեր սպասում է գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն, ապա մի շտապեք նրան ռոմատիկ անվանել. շատ հնարավոր է, որ նա այդ ամենին սպասում է, որպեսզի հարմար թաքնվի ծառերի հետեւում եւ կրակի այս կամ այն պաշտոնյայի մեքենայի ուղղությամբ: Ի դեպ, դեպքի օրը Գորիսում ծառերը դեռեւս նոր-նոր էին սկսել կանաչել: