RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1308, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԹԱՆԿ ԳԱԶ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» 20 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍՈՎ, ԹԵ՞ ԷԺԱՆ ԳԱԶ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԲԱԺՆԵՄԱՍԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն դատել, թե ո՞րն է իրեն ավելի ձեռնտու

Գազի դիմաց կուտակված 300 մլն դոլար պարտքի դիմաց «Հայռուսգազարդի» 20 տոկոսն անցավ ռուսական «Գազպրոմին»: Այս համաձայնագիրը երեկ վավերացվեց խորհրդարանում: Բնական է, որ քաղաքական ընդդիմությունն այս կապակցությամբ դրսեւորեց այն, ինչ պետք է դրսեւորեր տվյալ որոշման նկատմամբ անհամաձայնություն ունենալիս: Ցույց, քվեարկության բոյկոտ, Սահմանադրական դատարան դիմելու հայտարարություններ եւ այլն: Սակայն եթե սա բնական էր որպես քաղաքական պայքարի տարր, ապա «Ժառանգության» տիկնոջ հերթական ներկայացումը` պատգամավորական քվեարկության քարտերը գողանալու տեսքով, կամ մի քանի լրագրողների քաղաքական դեմարշները, մեղմ ասած, արտառոց էին: Դժվար թե որեւէ մեկը փաստ հիշատակի, որ աշխարհի որեւէ խորհրդարանում լրագրողները պահանջեն պատգամավորներից իրենց ցանկությանը համապատասխան քվեարկել, այդ նպատակով համապատասխան պաստառներով կանգնելով դահլիճի մեջտեղում: Սակայն մեզ մոտ վաղուց արդեն ձեւավորվել է քաղաքական ուղղվածություն ունեցող լրագրողների մի ամբողջ շերտ, որի դեպքում արդեն խոսք չի կարող լինել լրագրության սկզբունքների մասին: Այս մասին չէ, սակայն, որ կցանկանայինք խոսել:

Վերեւում նշած պայմանագրի վավերացման շուրջը ամբողջ «կռիվն» այն էր, որ Հայաստանը չպետք է «Հայռուսագազարդի» 20 տոկոս բաժնեմասը զիջեր «Գազպրոմին», ինչն, ըստ դրան դեմ արտահայտվողների, երկրի ինքիշխանության զիջում էր: Հիշեցնենք, որ այդ 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցվեց այն պատճառով, որ սպառողների համար գազի սակագինը շուրջ երկու տարի մնացել է անփոփոխ, մինչդեռ ռուսական կողմը Հայաստանին գազը մատակարարել էր նոր, ավելի բարձր գնով: Հայաստանի Հանրապետությունը պարտք էր մնացել բարձրացված սակագնի չափի մի մասով, որը կազմել է 300 մլն դոլար, իսկ մյուս մասն էլ ռուսական կողմն էր իր վրա վերցրել` մինչեւ վերջնական որոշման գալը:

Ի՞նչ պետք է աներ Հայաստանի Հանրապետությունը` անկախ նրանից, թե ո՞վ կլիներ երկրի նախագահը եւ ովքե՞ր կլինեին կառավարության անդամներ: Մեր երկիրը տվյալ դեպքում ունի երկու տարբերակ:

Տարբերակ առաջին` Հայաստանի Հանրապետության իշխանությունը բանակցություններ չի վարում ռուսական կողմի հետ, համաձայնում է նրա կողմից առաջարկվող գազի նոր սակագնին, որը մոտ 30 տոկոսով ավելի բարձր էր ներկայիս սակագնից: Այս դեպքում, բնականաբար, ոչ մի 300 մլն դոլար պարտք էլ չէր կուտակվում եւ «Հայռուսգազարդի» 20 տոկոսի հարց էլ չէր առաջանում: Մենք ունենում էինք ոչ միայն սահմանին մատակարարվող գազի 30 տոկոսով բարձր սակագին, այլեւ մեր բնակարաններում եւ ձեռնարկություններում այրվող գազի` այդ 30 տոկոսից էլ ավելի բարձր սակագին, քանի որ ավելի բարձր արժեքով ապրանքից գանձվող հարկերն էլ տոկոսային առումով ավելի բարձր են լինում:

Տարբերակ երկրորդ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով գազի գնի կենսական նշանակությունը բնակչության եւ տնտեսության համար, բանակցում է Ռուսաստանի հետ ավելի էժան գազ ձեռք բերելու ուղղությամբ եւ հանգում որոշակի պայմանավորվածության` ինչ-որ բան զիջելով դրա դիմաց:

Այսինքն, տվյալ դեպքում տեղի է ունեցել երկրորդ տարբերակը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ բնական գազն իր արտադրության մեջ օգտագործող գործարար կարող է դատողություններ անել, թե ո՞րն է ավելի ձեռնտու տարբերակը` ավելի բարձր գնով գազ «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասով, թե՞ ավելի էժան գազ առանց այդ բաժնեմասի: Սա է հիմնական հարցը: Մնացածը քաղաքական պայքար, շահարկումներ, դատարկաբանություններ են, որին, բացի քաղաքական ընդդիմությունից, մասնակցում են Արեւմուտքից «քաղաքացիական հասակարության ձեւավորման» համար ֆինանսավորվող կազմակերպությունների աշխատակիցները, հեռուստատեսությամբ գռեհիկ հումորով հայտնի շոու բիզնեսի ներկայացուցիչը, մասամբ նաեւ ամբոխային քարոզչության ազդեցության տակ գտնվող եւ գործընթացից այնքան էլ լավ պատկերացում չունեցող մարդիկ:

Ի դեպ, փաստը, որ սոցիալական ցանցերով մի քանի օր շարունակվող` երեկվա ցույցին միանալու կոչերից ու հորդորներից հետո, խորհրդարանի մոտ բողոքի ացիային մասնակցում էին ընդամենը մի քանի հարյուր մարդ, խոսում է այն մասին, որ բնակչության գերակշիռ մեծամասնության համար ավելի ճիշտ տարբերակը էժան գազ ունենալն է եղել, քան թե «Հայռուսգազարդի» 20 տոկոսի պատկանելության հարցը:

Չենք ուզում այստեղ խոսել, թե ընդհանարապես հայկական կողմն ինչպե՞ս է դարձել «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետեր, ի՞նչ է ներդրել (ոչ գումարային իհարկե) այդ բաժնեմասում եւ որքանո՞վ է դա համարժեք ռուսական կողմի ներդրումներին` իր բաժնեմասը ձեռք բերելուց առաջ եւ հետո: Չենք ուզում խոսել, քանի որ այդ դեպքում թվերն ու ցուցանիշները մեր օգտին չեն լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ