Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:
Հանդիպմանը հաջորդել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորվել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։ Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին նշել են, որ այցի շրջանակում ստորագրված մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, աստվածաբանության և այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Կարդալ ավելին՝ https://bit.ly/3DMyHkf