Ֆրանսիան ու Հունաստանը շուրջ 3 մլրդ. եվրո արժողությամբ նոր ռազմական գործարք կկնքեն։ Այս մասին հայտնի դարձավ երեկ, երբ կողմերը հայտարարեցին՝ հուշագիր է ստորագրվել, իսկ առաջիկա ամիսներին էլ վերջնական պայմանագիրը կկնքվի, որով Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 3 ֆրեգատ արագընթաց հածանավեր` հետագայում 4-րդը գնելու հնարավորությամբ։ Առաջին երկու հածանավերը կառաքվեն 2025թ․-ին, երրորդը՝ 2026թ․-ին։ Նոր գործարքի կարևոր կետերից է նաև պաշտպանական փոխօգնության մասին հատվածը։
Գործարքը հիմնված է ֆրանսիական կործանիչներ գնելու նախորդ համաձայնագրի վրա և Հունաստանին հնարավորություն է տալիս ապագայում լրացուցիչ ռազմանավեր գնել: Երկու կետ, որոնք կարող են պայմանագրի ընդհանուր արժեքը դարձնել ավելի քան €5 մլրդ:
Ինչպես հայտնում է Washington Post-ը՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Մակրոնը կոչ է արել եվրոպացիներին համաշխարհային բեմում «դուրս գալ իրենց միամտությունից» և հաստատել իրենց անկախությունը Միացյալ Նահանգներից¹: Իհարկե, նա պնդում է, որ պայմանագիրը «այլընտրանք չէ Միացյալ Նահանգների դաշինքին», այլ միջոց «ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնելու Եվրոպական հատվածի պատասխանատվությունը և անելու այն եզրակացությունները, որոնք մեզանից պահանջվում են մեր իսկ պաշտպանությունն ստանձնելու համար»:
«Արդեն ավելի քան 10 տարի է Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է իր վրա և ունի ռազմավարական շահեր, որոնք վերակողմնորոշվում են դեպի Չինաստան և Խաղաղ օվկիանոս», – ասել է նա: «Նրանց իրավունքն է այդպես անել», սակայն «մենք միամիտ կլինեինք, ավելի ճիշտ՝ սարսափելի սխալ թույլ կտայինք, եթե չցանկանայինք հետևություններ անել»:
Հունաստանի վարչապետ Միցոտակիսն էլ նշել է, որ իրենց գործարքը «դուռ է բացում վաղվա ուժեղ և ինքնավար Եվրոպայի համար»։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ու Հունաստանը Եվրոպայի՝ մարտահրավերներին ինքնուրույն արձագանքման ունակության վերաբերյալ ունեն ընդհանուր տեսլական։
🔲 ՓԱԿԱԳԾՈՒՄ․ { Այս պայմանագիրն, իհարկե, կարևոր է Ֆրանսիայի ռազմարդյունաբերության համար, սակայն ակնհայտ է, որ դրա իրական նպատակները մի կողմից միասնական եվրոպական ռազմական կարողության զարգացումն է, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի ամբիցիաների զսպումը։ Այն նաև հստակ ազդակ է առ այն, որ ԱՄՆ-ի ու ՄԲ-ի՝ Ավստրալիայի հետ ձեռք բերած սուզանավերի նոր գործարքի և դրա արդյունքում խափանված ֆրանս-ավստրալական պայմանագրի հետևանքով ի հայտ եկած դիվանագիտական ճգնաժամի պայմաններում անդրատլանտյան հարաբերությունների բացասական հետևանքները դեռ երկար պահպանվելու են։ Թեև Մակրոնը շեշտել է, որ այս գործարքն ու Եվրոպայի՝ պաշտպանական ոլորտում անկախացման ձգտումը լրացնում, այլ ոչ թե մրցակցում են ՆԱՏՕ-ի հետ, սակայն Մերկելի հեռանալուց հետո Եվրոպայի առաջնորդի տիտղոսի հավակնորդն, ըստ էության, ցանկանում է ամրապնդել իր դիրքերն ու խթանել Եվրոպայի՝ ԱՄՆ-ից ինքնուրույնացմանը:
Միևնույն ժամանակ, այս գործարքի հիմնական թիրախներից մեկը, ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիայի տարածաշրջանային մրցակից ու Հունաստանի հակառակորդ Թուրքիան է։ Անցած տարի Միջերկրական ծովի ջրերում Հունաստանն ու Թուրքիան պատերազմի շեմին էին, երբ վերջինս նավթի և գազի որոնման պատրվակով նավեր էր մտցրել Հունաստանին պատկանող ջրեր, իսկ Ֆրանսիան էլ ռազմածովային ուժերի տեսքով օգնություն էր ուղարկել Հունաստանին։ Ավելի ուշ մի շարք այլ երկրների հետ համատեղ հայտարարվել էր հակաթուրքական ալյանսի ձևավորման մասին։ Այս գործարքն էլ ևս մի քայլ է խորացնելու ռազմավարական դաշնակցությունը՝ նաև համատեղ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար։ }
✍🏻 Աստղիկ Մնացականյան
©️ #ՓԱԿԱԳԻԾ