Այսօր լրացել է Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի մեկնարկի մեկ տարին։ РБК հեռուստաալիքը անդրադարձել է 44 օրյա պատերազմի հետևանքներին, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթներին։
Հաղորդավարուհին հիշեցրել է Ալիևի խոսքերը, թե պատերազմը մնացել է անցյալում և այն, որ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ աջակցության համար։ Հեռուստատեսության անդրադարձում հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները զոհված ծառայողների լուսանկարներով քայլել են հրապարակում։ Հաղորդավարուհին հայտնել է նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Զինվորի տանն էր, որտեղ հայրենիքի պաշտպանների հետ հարգել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը՝ մեկ րոպե լռությամբ։
«Անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում վերսկսեցին ռազմական գործողությունները։ Կողմերը մի քանի փորձ արեցին՝ համաձայնություն կնքելու համար, սակայն վերջնականը հաջողվեց Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրով։ Այն ստորագրվել է նոյեմբերի 9-ին։ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Քարվաճառի, Լաչինի, Աղդամի շրջանի մի մասը, նաև Շուշի քաղաքը», – հայտարարել է РБК-ի հաղորդավարուհին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ Անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Աղբյուր` Փաստինֆո