Բանասեր, պատմաբան Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –
Այս կալուածքն ունի մի իր հետաքրքրական պատմութիւնը։ Կալուածքը գտնւում էր Թիֆլիս-Երևանեան երկաթուղու գծի վրայ, Ախթալա կայարանին մօտ։ Նրա տէրն էր հին վրացական ազնուական գերդաստաններից իշխան Բ․, որ իր անհաշիւ ծախքերին գոհացում տալու համար գրաւ էր դրել Պետական հողային բանկում։ Տարիների ընթացքում բանկի պարտքի նոյն իսկ տոկոսը վճարել չկարողանալով կալուածքը աճուրդով ծախուելու վտանգի մէջ էր գտնւում, որից ազատուելու համար իշխան Բ․ դիմում է Արամեանցին և նրանից մի մեծ գումար փոխ առնելով, կալուածքը երկրորդ անգամ գրաւ է դնում Արամեանցի մօտ։ Բայց ծախսարար վրացի իշխանն այդ կանխիկ դրամն էլ հալեցնում է և բանկի տոկոսները չէ վճարում, որով պետական բանկն այս անգամ ըստ օրինի աճուրդի է հանում կալուածքը։ Որպէսզի իր տուած ստակը չկորսուի, աճուրդի ժամանակ Արամեանց վճարում է բանկի յետամնաց տոկոսները, ընդունում է իր վրայ բանկի ամբողջ հաշուի կարգադրելը և այդպէսով միակ տէր դառնում այդ իշխանական կալուածքին, որ մեծ դղրդում և անհանգստութիւն է պատճառում վրաց ազնուական շրջաններին։ Մինչ այդ, արդէն հայ դրամատէրերը տիրել էին վրաց զանազան իշխանական գոյքին․ Մանթաշեանց գնել էր Թիֆլիսի կենդրոնում արքայական զարմին պատկանող տունն, ուր այժմ տեղաւորուած էր գլխաւորաբար հայ առևտրականների յաճախած «Թիֆլիսի ակումբը» (Тифлисское собрание)։ Վրաց վերջին թագաւորի ժառանգի թոռները կարօտութիւնից դրդուած ծախել էին իրենց հօրենական տունը, որ գնել էր բաքուցի մի հայ, նախկին նաւթարդիւնաբերող և այսպէս բազմաթիւ օրինակներ։ Վրացիք գանգատւում էին թէ այս ձևով հայերը իբր թէ «վաշխառութեամբ» ճնշում էին տնտեսապէս վրացիներին․․․
Այդ ժամանակ Կովկասի կառավարչապետն էր իշխան Գոլիցին, որին իր սաստիկ հայատեցութեան պատճառով հայ հնչակեանները յետոյ պիտի վիրաւորէին դաշոյններով, և որ պիտի յանգէր նրա Կովկասից հեռանալուն։ Գոլիցին լսելով թէ իշխան Բ․ի կալուածքը նոյնպէս հայի ձեռքն է ընկել, մարդ է ուղարկում, հրամայելով որ կալուածքը ետ տայ վրացի իշխանին, կամ իր բուն արժէքին համաձայն /գնահատւում էր երկու անգամ աւելի, քան Արամեանց վճարել էր/ նոր գումար ևս վճարէ Բ․ին։ Արամեանց չէր վախեցել այդ հրամանից։ Ռուսական օրէնքի վրայ հիմնուելով, որի առջև բոլորն էլ հաւասար են, նա պատասխանում է թէ մտադիր չէ ո՛չ վերադարձնել կալուածքը, ո՛չ էլ նոր վճարում կատարել, բայց խոստանում է, որ այն օրը որ իշխան Բ․ կը բերէ իրեն իր ծախած ամբողջ գումարը, նա անմիջապէս կը յանձնէ նրան իր կալուածքը։ Այս օրինական և կտրուկ պատասխանի վրայ Գոլիցին և վրացի ազնուականները լռել էին։ Արամեանց մնում է կալուածքի տէրը։
Այնուհետև նրա առաջին գործն է լինում մտցնել այնտեղ արդիւնաբեր տնտեսութիւն։ Նա հրաւիրում և տեղավորում է տասնեակներով տաճկահայ գաղթական ընտանիքներ, ի բնէ երկրագործ, որոնք սկսում են եռանդով մշակել այն կալուածքը, որ մինչև այն ատեն խոպան էր մնացած, և որը երկու տարի վերջը հաստատուն եկամուտ է բերում։ Բայց խնդիրը դրանով չի վերջանում։ Այս կալուածքի սահմանների մէջ էր գտնւում հնօրեայ հռչակաւոր Հաղբատի վանքը, որ ունէր իր արտերն ու հողերը, որոնք վրացի իշխանը գրաւել էր և ետ չէր տալիս։ Հայ հոգևոր իշխանութիւնը դատ էր բացել այս պատճառով իշխ․ Բ․ի դէմ, որ տարիներից ի վեր քաշքշւում էր։ Կալուածքի հետ միասին այս դատն էլ փոխանցւում էր Արամեանցին, որ այս բանից ամենևին տեղեկութիւն չունէր։ Ուստի Թիֆլիսի Առաջնորդը՝ Էջմիածնից ստացած հրահանգի համաձայն, պատշաճ էր համարել մի պատգամաւորութեան միջոցով Արամեանցի ուշադրութիւնը հրաւիրել այս հանգամանքի վրայ, նախքան նրա դէմ դատը վերսկսելը։ Պատգամաւորներն էին «Մշակ»ի խմբագիր Աղ․ Քալանթար /Գր․ Արծրունու յաջորդը/, հոգևոր իշխանութեան փաստաբան Յովհ․ Սպէնդիարեան և մի հայ ճարտարապետ։ Սրանք անձամբ չէին ճանաչում Արամեանցին, բայց իմ բարեկամները լինելով խնդրեցին, որ ես ընկերանամ նրանց և միջնորդ հանդիսանամ հոգևոր իշխանութեան և Արամեանցի մէջ, դատը խաղաղութեամբ վերջացնելու։ Ես համաձայնութիւնս յայտնեցի և պատգամաւորութեան ուղեկցեցայ մինչև Ախթալա, ուր գտնւում էր Արամեանց և որին կանխապէս լուր էի ուղարկել մեր գալու մասին։ Արամեանց ինձ հարցրեց, թէ ինչ էր նրանց գալու նպատակը։ Ես երկու խօսքով պարզեցի։ Արամեանց, որ ինձ հետ միշտ դու-ով էր խօսում, պատասխանեց․ «Առաքել, դու նրանց ասա, որ ինձ ոչինչ չասեն, ինչպէս որ Սինոդն է ուզում, այնպէս կ՛անեմ»։ Ես յայտնեցի այս պատասխանը պատգամաւորներին, որոնք շատ լաւ հիւրասիրուելուց յետոյ, առանց Արամեանցի հետ գործի մասին խօսելու, հեռացան։ Արամեանց կատարեց խոստումը․ ոչ միայն վերադարձրեց Հաղբատի վանքի 500 դէսեատին հողը, այլև այնտեղ դպրոց հիմնեց թէ շրջակայ հայ գիւղացիների և թէ իր կալուածքի տաճկահայ մշակների երեխաների համար։ Էջմիածնի Սինոդը լիովին գոհացում ստանալով՝ 1907 ապրիլին դադարեցրեց դատը։
Վերջին անգամ Արամեանցին տեսայ Թիֆլիսում 1922 մայիսին, նա զրկուել էր իր բովանդակ կարողութիւնից։ Արժեթղթերը ոչնչացուած էին, կայքը գրաւուած, բանկի մէջ դրամը կողոպտուած և ինքն էլ նոյնիսկ իր սեպհական փառաւոր տան մէջ միայն մի փոքրիկ հասարակ սենեակի մէջ պատսպարուելու ստիպուած․․․ Երբ ինձ տեսաւ, ինձ, որ ականատես էի եղած նրա հաստութեանն ու ճոխ կեանքին, քաշեց տարաւ ցոյց տալու իր խեղճ խղիկը։ Անարգանքը տարածել էին նաև նրա դիակի վրայ, միմիայն նրա նախկին հարուստ և բուրժուա լինելու պատճառով։ Երբ նա զրկումից ուժասպառ եղած վախճանուել էր իր խղիկում, չէին թողել, որ նրա դագաղը իր սեպհական տան մեծ դռնից դուրս տանեն թաղելու, այլ ստիպել էին, որ գաւիթի փոքր դռնից դուրս հանեն․․․
ԱՌԱՔԵԼ ՍԱՐՈՒԽԱՆ