ԱԺ պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի քանի oր առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել էր, Կապան հասա Տաթևի այլընտրանքային ճանապարհով։
Այս ճանապարհով ժամանակին մի քանի անգամ երթևեկել էի ու չնայած գռունտային ճանապարհին, միշտ հաճույքով եմ անցնում՝ բնության առումով հաճելի ճանապարհ է։
Պատերազմից հետո մեր առաջին քայլը պետք է լիներ այդ ճանապարհի արագ հիմնանորոգումը, սակայն աշխատանքները բավականին ուշ սկսվեց։ Ինչևէ, այսօր Կապանից Գորիս վերադարձա արդեն հիմնական ճանապարհով՝ Շուռնուխով, Որոտանով։ Առաջին հայացքից, երթևեկության կազմակերպման առումով փոքր փոփոխություններ են եղել՝ ճանապարհի երկու հատվածում մի քանի արգելապատնեշ է դրվել և այդ հատվածում էականորեն պետք է նվազեցնել արագությունը։
Շուռնուխ չհասած, ճանապարհից ձախ ռուս սահմանապահ էր, դիմացի մայթին՝ մի փոքր խորք, մեզ հայացքով ուղեկցում էր ադրբեջանցի սահմանապահը։ Մի փոքր հեռու, հերթապահություն էր իրականացնում հայ սահմանապահը։ Երկրորդ «ճգնաժամային կետում»՝ Որոտանից դեպի Գորիս, նույն ձևով մայրուղու վրա մի քանի արգելապատնեշներ են։ Իրավիճակն այստեղ տարբերվում էր նրանով, որ ճանապարհի մերձակա հատվածում 2 ադրբեջանցի զինծառայողներ էին, որոնք բավականին ուշադիր հետևում էին երթևեկությանը։ Այս հատվածում ևս ծառայություն էին կրում ռուս սահմանապահները։
Այս հատվածը գտնվում է դեկտեմբերից հետո ճանապարհի կողքին տեղակայված ադրբեջանական ուղեկալի կողքին, որտեղ նաև ժամանակակից տեսադիտարկման համակարգեր են տեղադրված։
Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ երկու հատվածներում տեխնիկական վերազինում է անելու և անկախ այն հանգամանքից, որ մեքենաները չեն կանգնեցվում, չեն ստուգվում, տեխնիկական համակարգերի ներդրումն ադրբեջանցիներին թույլ է տալու մեծացնել իր վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին և հատուկ սարքերի միջոցով նույնականացնել այդտեղով անցնող մեքենաների ուղևորներին։
Ի դեպ, այդ ձևով Ադրբեջանը որոշակի վերահսկողական գործառույթներ իրացնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի քաղաքին մերձակա 2 հատվածներում։
Մի խոսքով, Ադրբեջանը ճանապարհը փակելով միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական, իսկ Հայաստանի իշխանությունները հայ հանրությանը ժպիտներով, հումորներով համոզում են, որ ժամանակավոր խնդիր էր, արդեն լուծեցինք, իսկ կյանքը շարունակվում է։
Ո՛չ, կյանքը նույն կերպ չի շարունակվում, մեր շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը գնալով առավել մռայլ տեսք է ստանում, եղած ճեղքերն ավելանում և խորանում են, իսկ իշխանությունների ողջ ներուժն ուղղված հանրությանը մոլորեցնելու և խաղաղության դարաշրջան խոստանալով։