Վարչապետը նշանակում է պաշտոնների միայն այն մարդկանց, ում ինքը անձամբ վստահում է, և կարևոր չէ տվյալ մարդու պրոֆեսիոնալ լինելը, տվյալ բնագավառի մասնագետ լինելը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Արարատին Միրզոյանին ԱԳ նախարար նշանակելու վարչապետի որոշմանը:
«Մասնավորապես, կարող է մասնագետ չհանդիսացող, բայց վստահություն վայելող անձը նշանակվել Միացյալ Նահանգներում դեսպան, երկիր, որ աշխարհի հզորագույն 3 երկրներից մեկն է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ համատեղ: Եվ այդ երկրում, որտեղից շատ բան է կախված նաև Արցախի հարցի հետ կապված, տնտեսական հարցերի և ներդրումների, նշանակվում է մի մարդ, որը գաղափար չունի, թե ինչ բան է արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցը և այլն:
Դրա ավելի մասշտաբային տեսակը կատարվում, երբ արտգործնախարար է նշանակվում մի մարդ, որը Արցախյան պատերազմի և Արցախի հարցի մասին ընդհանրապես գաղափար չունի, որը, ըստ հրապարակված լուրերի, համագործակցել է ԱԱԾ-ի հետ: Այս փաստը կարող է այդքան էլ չազդի Ռուսաստանի հետ հարաբերություններում, չնայած այդ հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի վրա են, բայց, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների վրա այս հանգամանքը զուտ անձնական շփումներում կարող է բացասական դերակատարություն ունենալ:
Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԳ փոխնախարար նշանակելու, հետո նորից ԱԽ քարտուղարի պաշտոնում վերանշանակելուն, Բադալյանը նկատեց՝ գուցե մտադրություն է եղել նրան ԱԳ նախարար դարձնել, բայց աշխարհաքաղաքական խնդիրներ են առաջացել:
«Միգուցե մտածում էին, որ բացասական վերաբերմունք կառաջանա ՌԴ-ի կողմից, իսկ Միացյալ Նահանգները համապատասխան ջերմեռանդություն չդրսևորեց այդ գործում: Այդ իսկ պատճառով պաշտոնյան հետ գնաց, որովհետև շատ հանգիստ կարող էին նրան նշանակել արտգործնախարար, իսկ Արարատ Միրզոյանին՝ ԱԽՔ քարտուղար, և ոչ մի էական փոփոխություն տեղի չէր ունենա, որովհետև երկուսն էլ ոչ պրոֆեսիոնալ են, և բացարձակ նշանակություն չունի, թե նրանք տվյալ դեպքում, որ պաշտոնը կզբաղեցնեն: Լիլիթ Մակունցը շատ հանգիստ կարող էր լինել ԱԽՔ քարտուղար, մյուսը լիներ դեսպան:
«Այսինքն, ոչ մասնագետներին պաշտոններին նշանակելը հասկանալի է, որ թուլացնում է պետությունը, բայց հաշվի առնելով, որ Հայաստանում անձնիշխան համակարգ է ձևավորվել, արտաքին հարաբերությունները որոշում է մեկ մարդ՝ մեկ-երկու հոգու հետ խորհրդակցելով կամ չխորհրդակցելով, ապա նշանակություն չունի, թե արտգործնախարարը ով կլինի, որովհետև ով էլ լինի՝ որևիցե դերակատարություն չի ունենալու, ինչը ցույց տվեցին նախորդ ժամանակահատվածում, երբ վարչապետի կողմից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո անուղղակիոեն նշվեց, որ նախարարությունը դրա հետ կապ չունի»,- նկատեց Բադալյանը:
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ նման նշանակումն այլ պատճառ էլ կարող է ունեցել. պրոֆեսիոնալ դիվանագետները, գուցե, ցանկություն չեն ունեցել այս իշխանությունների հետ որևիցե ձևով հարաբերվել:
«Իհարկե, եթե շատ փորփրեինն, կարող էին ինչ-որ «Ճ» կլասի պաշտոնյայի բերել, արտգործխախարար դարձնել, ինչ-որ մեկը, ի վերջո, կգտնվեր, որ կդառնար նախարար, բայց հաշվի առան, որ Արարատ Միրզոյանը իրենց շարժման ակտիվիստներից էր, և չի կարող գործազուրկ մնալ, որովհետև իր թիմակիցները կարող են դառնալ կտրուկ ընդդիմադիր և բազմաթիվ ինֆորմացիաների արտահոսք իրականացնել իշխող քաղաքական թիմի վերաբերյալ: Բնականաբար, չեն կարող հաշվի չառնել և միգուցե դա էր խնդիրը, որ ԱԽ նախկին քարտուղարը չնշանակվեց արտգործնախարար:
Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը բավականին սթափ է նայում իրավիճակին և հասկանում է, որ Հայստանում այնպիսի կառավարման համակարգ է, որ էական չէ, թե ով է արտգործնախախարը, կարող էին անգամ ՔՊ պատգամավորներից մեկին դարձնել նախարար, հասկանեւմ են, որ արտաքին քաղաքականությունն ընդամենը մեկ մարդ է որոշում, իսկ նախարարն ընդամենը անհրաժեշտության դեպքում որոշման վրա կնիք է դնում, ոչ ավելին: Պարզապես Ռուսաստանը սկզբունքային տեսանկյունից չի ցանկանում, որ այդ պաշտոնում լինի ընդգծված հակառուսական կամ պրոամերիկյան գործիչ»,- նկատեց քաղտեխնոլոգը:
NEWS.AM