Խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները բնական են: Այս իրավիճակում գտնվող երկրի խորհրդարանը չի կարող ունենալ այն բովանդակային քննարկումները, ինչպիսիք այլ երկրների խորհրդարանները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Փորձագետի արձանագրմամբ՝ նոր ձևավորված խորհրդարանում ընդդիմությունը ոչ մի հարցում չի պայմանավորվում իշխանության հետ, իսկ ընդդիմադիր երկու ուժերն ունեն գործընկերային հարաբերություններ.
«Ընդդիմությունը, ի տարբերություն նախորդ խորհրդարանի ընդդիմության, որը հիմնականում տարբեր հարցերի շուրջ լռելյայն պայմանավորվում էր իշխանության հետ, պայմանավորվող ընդդիմություն չէ: Նրանց նպատակն է տապալել այս իշխանություններին՝ խորհրդարանի կամ փողոցի միջոցով: Դրա համար էլ հիմա տեսնում ենք ավելի արմատական քննարկումներ խորհրդարանում, քան նախկին խորհրդարանում: Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունն ինտելեկտուալ տեսակետից իրարից այդքան էլ չէին տարբերվում, ապա հիմա պատկերն ամբողջովին այլ է, ընդդիմադիր ուժերը էականորեն քաղաքական ինտելեկտի տեսակետից ավելի բարձր են, քան իշխող թիմի անդամները, որի պատճառով էլ, եթե նկատում եք, իշխող թիմի անդամները հրահանգ են ստացել որևէ ձևով լեզվային բանավեճի մեջ չմտնել ընդդիմության հետ, որովհետև դա իրենց օգուտ չի տա, այլ կվնասի»,-ասաց Բադալյանը:
Նա նաև կարևորեց, որ ընդդիմությունն ունի շատ գործընկերային հարաբերություններ և միասնական է որոշումներ կայացնում, ինչը իշխանություններին դուր չի գալիս։
«Իշխանությունը ցանկանում է պառակտել ընդդիմադիր ուժերին՝ մասնավորապես, օգտագործելով ԱԺ փոխխոսնակի ընտրությանը: Իշխանությունն առաջարկում էր ընդդիմությանը չմասնակցել ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկությանը, որպեսզի նրանք ընտրեն փոխխոսնակ, բայց տեսանք, որ ընդդիմությունը չմտավ այդ խաղի մեջ»,-ասաց զրուցակիցը՝ արձանագրելով, որ սա նաև իշխանության կողմից առաջարկված գործարք էր, որն իշխանությունը հետագայում օգտագործելու էր և պատեհ առիթի դեպքում «երեսով էր տալու» ընդդիմությանը:
Իշխող խմբակցությունն այսօր ձեռնպահ քվեարկեց ընդդիմության նախագծին, որով առաջարկվում էր ստեղծել Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով:
Քաղտեխնոլոգը սա բնական համարեց և պարզաբանեց, որ այդ հանձնաժողովը մշտապես հանրության ուշադրությունը կենտրոնացնելու էր Արցախի խնդրի վրա,ինչն իշխանությանը ձեռնտու չէ.
«Իշխող քաղաքական խմբակցությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ Արցախը մեր արտաքին քաղաքականության կետերից չի հանդիսանում, Արցախի մեզ չի հետաքրքրում: Իշխող քաղաքական թիմն առաջարկում էր եկեք Արցախի վրա գիծ քաշենք ¨ զրոյից սկսենք, ինչն ընդդիմության կողմից մերժվեց: Սա նաև մեսիջ էր իշխանության կողմից արցախցիներին, որ դուք մեզ այլևս չեք հետաքրքրում, մենք ձեր խնդիրները չենք լուծելու, սա մեսիջ էր նաև Մինսկի խմբին և աշխարհի բոլոր երկրներին, որ Արցախը մեզ այլևս չի հետաքրքրում»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նկատենք, որ արդեն մի քանի անգամ է՝ ԱԺ ղեկավարությունը նկատողություն է հայտարարում ընդդիմադիր պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին անունով դիմելու համար: Ու սա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ քարոզարշավը կառուցվել էր հենց «Նիկոլ» անվան շուրջ։
Փորձագետի համոզմամբ՝ սա վարչապետի կողմից տրված հրահանգ է.
«Վարչապետը խիստ հիվանդագին է ընդունում, երբ իրեն անունով են դիմում, իրեն թվում է թե ինքը ծայրահեղ լուրջ անձնավորություն է, և պետք է իրեն դիմեն՝ ձերդ գերազանցություն, ձերդ վսեմափայլություն կամ նմանատիպ տերմիններով, իսկ ընդդիմությունը, անունով դիմելով, «էժանացնում է» նրան: Քանի որ վարչապետը հիվանդագին թերարժեքության բարդույթ ունի, ընդդիմությունը շատ հանգիստ օգտագործում է սա, ինչն էլ դուր չի գալիս վարչապետին և իր հանձնարարությամբ կոճակ սեղմող իմքայլականները վարչապետին անունով դիմող պատգամավորների նկատմամբ նման քաղաքականություն են իրականացնում»,-ասաց Արմեն Բադալյանը:
Աղբյուր` Փաստինֆո