ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ
Մաքիավելին դեռեւս 16-րդ դարում իր նշանավոր «Տիրակալ» գրքում գրել է. «քաղաքականության մեջ երբեմն օգտակար է խելագար ձեւանալը»:
Իտալացի գրող, պատմաբան եւ քաղաքական գործիչ Մաքիավելիի խելագար ձեւանալու խորհրդին հետեւել են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ հասարակ, բայց հայրենիքին ծառայելու պատրաստակամ մարդիկ: Օրինակՙ մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթ» վեպի հերոսըՙ Վարդանը, որ մահապարտի դերում խենթ ծաղրածու է ձեւանում ու ազատ շրջում քաղաքից քաղաք, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին, վերջապես օգնության խնդրանք բովանդակող նամակը հասցնում ռուսական բանակի հրամանատարին:
Դժվար է ասել, թե հայ իրականության մեջ է՛լ ովքեր են հետեւել իշխանության հիմքերն ամրապնդելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու մասին Մաքիավելիի կոնցեպցիային: Բայց անհերքելի փաստ է, որ պատմության ընթացքում խելագար ձեւանալու հնարքը շատերն են կիրառել, որոնցից է, օրինակ, ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Հյուսիսային Վիետնամի հյուծիչ պատերազմն ավարտին հասցնելու ցանկությամբ, նախագահ Նիքսոնը 1969 թվականին Հենրի Քիսինջերի միջոցով պատգամ է ուղարկում Խորհրդային Միությանն ու Վիետնամին, սպառնալով գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվումՙ միջուկային զենքը, զգուշացնելով, որ հենց այդ պահին մատը սեղմած է պահում միջուկայինի կոճակի վրա:
Թեեւ Նիքսոնը չկարողացավ «խելագար ձեւանալու» միջոցով հասնել իր նպատակին ու ծնկի բերել Խ. Մությությանն ու Վիետնամին, սակայն նրա աշխատակազմի ղեկավարը տարիներ անց իր հուշերում գրեց Նիքսոնի խոստովանության մասին առ այն, որ այդ ժամանակահատվածում ԱՄՆ նախագահի տվյալ մարտավարությունը հենց խելագար մարդու տեսության տրամաբանությամբ կարելի է բացատրել:
Մաքիավելիի պատկերացրած «խելագարության իմիտացիայի» տեսության հիման վրա հետագայումՙ 1950-ականներին, ամերիկացի հետազոտողների ջանքերով շրջանառության մեջ դրվեց «իռացիոնալության ռացիոնալություն» կոնցեպցիան, համաձայն որի, իրենց նպատակներին հասնելու համար երկրի առաջնորդները կարող են հակառակորդների մոտ անկանխատեսելիության տպավորություն ստեղծել:
Ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ այդպիսի ռազմավարություն է կիրառել նաեւ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը, որ ատոմային ռումբ կիրառելու սպառնալիքով ստիպել է չինացիներին զինադադար կնքել:
Քաղաքական հոգեվերլուծաբանների եւ միջազգայնագետների կարծիքով, Հիտլերը, Խրուշչեւը, Սադդամը, Կիմ Իլ-Սունգը, Քադդաֆին, ինչպես նաեւ Թրամփն ու Էրդողանը նույնպես դասվում են այն ղեկավարների շարքին, որոնք իրենց պաշտոնավարման որոշակի ժամանակահատվածներում խելագար են ձեւացել:
Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում Հիտլերին խելագար էին համարում, որի պատճառով էլ ավելի լայնածավալ պատերազմը կանխելու համար ընդունեցին Հիտլերի պահանջները:
Եվս մեկ օրինակ: Խ. Մության առաջնորդ Նիկիտա Խրուշչեւը 1958 թվականին վերջնագիր է ներկայացնում Արեւմուտքինՙ պահանջելով զինված ուժերը դուրս բերել Արեւմտյան Բեռլինից, հակառակ դեպքում սպառնալով հրո ճարակ դարձնել Բեռլինը: ԱՄՆ ղեկավարությունը Խրուշչեւի այդ սպառնալիքը գնահատեց որպես Արեւմուտքից քաղաքական միավորներ կորզելու նպատակով խելագար ձեւացող անձի հայտարարություն: Հայտնի է, որ Խրուշչեւի խելագար ձեւանալու իմիտացիան չծառայեց իր նպատակին եւ, ի վերջո, արձանագրվեց Խորհրդային Միության դիրքերի նահանջ:
Սադդամն ու Քադդաֆին էլ ԱՄՆ-ի հետ հակադրությունում մոտավորապես նույն հնարքն էին գործի դրել, եւ ԱՄՆ-ի հետ իրենց հակամարտության բարձրակետում դիմել զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման սպառնալիքներինՙ պահպանելու սեփական իշխանության վերջին բեկորները: Սակայն, խելամտության բոլոր սահմանները հատած նրանց խելագարության իմիտացիան հանգեցրեց նշված երկու առաջնորդների կատարյալ պարտությանը:
Թերեւս նույն տրամաբանության մեջ կարելի է տեսնել նաեւ ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի 2010 թ. օգոստոսին հնչեցրած հայտարարությունն առ այն, որ Իրանին թիրախավորելու դեպքում, ողջ երկրագնդին ուղղված Իրանի պատասխանը չի ուշանա:
Միգուցե հենց այդ պատճառով էլ, որակազրկելով Ահմադինեժադին, ԻԻՀ Պահապան խորհուրդը վերջինիս հնարավորություն չտվեց մասնակցելու Իրանի 2021 թվականի հունիսի նախագահական ընտրություններին: Արդյո՞ք Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի բռնապետ Ալիեւի հայտարարությունները չեն տեղավորվում նույն կոնցեպցիայի տրամաբանության մեջ: