Նահանջ արվեստի
Սովորաբար փողոցներում, խանութներում, աշխատավայրերում այս մասին չեն խոսում, թերեւս սրճարանային կյանքի սիրահարների մի խումբ սիրում է քննել, քննարկել հասարակական կյանքի ակտուալ թեմաներ։ Առօրեական կյանքը ապրում է իրեն բնորոշ ներքին կանոններով, հասարակությունն իր բնական ընթացքով, եթե, իհարկե, էքստրեմալ վիճակներ չկան։ Մարդը այնպիսի բան է, որ ընտելանում է գոյավիճակի բոլոր ձեւերին՝ իհարկե ձգտումը բարելավման չկորցնելով, ելքեր փնտրելով։
Տաքսու վարորդները սիրում են խոսել․ վերջերս տաքսու մի վարորդի՝ հասցեն ճշտելու հարցը պարզեցնելու համար, չնայած քաղաքի կենտրոնական մասի, բայց մարդը Իսահակյան փողոցը շփոթում էր, ասացի՝ գեղարվեստի ակադեմիայի շենքի մոտ։ Իսկ նա անմիջապես, թե` չգիտեմ, արվեստից հեռու եմ․ սա ասաց մի այնպիսի տոնով, մի տեսակ նեղված, կամ ավելի շուտ հպարտ, ասես մի վիրավորական բան է արվեստի հետ կապ ունենալը։ Քիչ անց աշխուժորեն սկսեց քննարկել հայկական քաղաքական կյանքի մանրամասներ։ Ես էլ հակադրվեցի, թե՝ բա ասում ենք՝ մշակութային ազգ ենք և պետք եղած դեպքերում էլ հպարտանում մշակույթով։ Նա կտրուկ, թե՝ մշակույթի ժամանակը չի։
Երբ արվեստը բացակայում է կյանքից, մի կարեւոր շերտ՝ մտազգացական աշխարհի անհետանում է, մարդիկ վերածվում են հաշվիչ անզգայական մեքենաների, կորցնում շատ կարեւոր հատկանիշ. միմյանց զգալու, առողջ փոխհարաբերվելու մշակույթն է կորչում։
Միշտ էլ եղել է մի զանգված, որի համար մշակույթը, արվեստը ավելորդ, անկարեւոր բան է եղել․ հետաքրքիր է, որ ի հեճուկս՝ նրանցից ոմանց զավակները բռնում են հենց արվեստի ճանապարհը։ Հիմա այդ վարորդի ասածի պես մտավորական, արվեստ, մշակույթ ետին պլան են մղված, եթե մեկ- երկուսը երեւում են, ապա՝ զուտ քաղաքական օգտագործման նպատակով։ Հիմա քաղաքական գործիչների, քաղաքագետների աստեղային ժամերն են։ Նրանց մի տեսակ կա, բավական պարզունակ, մատչելի հասարակության մի ստվար շերտի. այստեղ նրանք բացարձակ հեղինակություններ են։ Վերջերս այդպիսի մեկը` արեւմտամետ համարվող մի քաղաքական գործիչ, տարիների փորձով, Հայաստանին օգնության ձեռք մեկնած արեւմտյան տերություններից Մեծ Բրիտանիայի անունը մի քանի անգամ հնչեցրեց, եւ ոչ մեկ անգամ՝ Ֆրանսիայի։ Իսկ ողջ խոսքը` իբր հակառուսական ուղղվածության, արագ արտաբերվող բառակույտ էր։
Ներկայիս տեղեկատվական գերարագ դաշտում, երբ վայկյանների ընթացքում կարելի է իմանալ աշխարհի տարբեր տեղերում կատարվող իրադարձությունների, ամենաակտուալ նորությունների մասին, զարմանում ես՝ թե որտեղի՞ց են գտնում կեսդարյա վաղեմության, ժամկետանց մտածողությամբ երբեմնի մի հեղինակության՝ արվեստագետի, բանաստեղծի և փորձում մատուցել նրա մտքերը նորովի․ լսում ու հայտնվում ես խորհրդային տարիների թմբիրի մեջ, պատմությունը, եղելությունները ներկայացվում են
այնպես, ասես ՍՄԿԿ պատմության հաստափոր դասագիրքը կարդաս։
Մատների վրա հաշվելիք քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ կան, ովքեր մեկնաբանություններ կատարում են պրոֆեսիոնալ մակարդակով, բարեխիղճ ու պատասխանատու, կեսճշմարտություններ չեն ասում, ինչը ստից ավելի վատ է, վերլուծությունները կատարում են համակարգված՝ մեր հարցերը քննելով աշխարհաքաղաքական գլոբալ իրադարձությունների համատեքստում, եւ ամենակարեւորը՝ հետեւողական իրենց քաղաքական դավանանքին, կողմնորոշումներին։
Ժողովուրդ եւ իշխանություն
Ասում են` ամեն ժողովուրդ նման է իր կառավարությանը. ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել, մի՞թե իշխանության մարդիկ այդ նույն ժողովրդի մասը չե՞ն, կամ թե մնացածները շա°տ են տարբեր։ Հասարակությունը հազար շերտ ու ծալք ունի, մանավանդ հիմա, երբ ինչպես ասում են՝ կապը կտրած ժամանակներ են` ջինը շշից դուրս եկած։ Պսեւդոազատության այս ժամանակը, երբ ամեն բան ասել- անել հնարավոր է, սակայն խորքում գայթակղությունների մեծ փորձություններ են, լավագույն թեստն է, ուր փորձության է ենթարկվում մարդկային կամքը։
Մեր հասարակության մեջ անտարբեր շերտը գերակշռող լինելով, այդուհանդերձ, ոչինչ չի որոշում, գիտակից, ակտիվ հատվածն է որոշողը` չնայած փոքրաքանակության։ Այս հատվածը հիմնականում սոցիալական ցանցերում է, այստեղ է ինքնահաստատվում և ինքնաբացահայտվում։ Նրանք, կարելի է ասել գերքաղաքականացված են` երեք տարբեր մասերի բաժանված` նախկին կյանքի նոստալգիկ տրամադրություններով համակվածները, ներկա իշխանության կույր հետեւորդները և երրորդ՝ նոր ուժեր որոնող` համեմատաբար փոքրաքանակ բայց գիտակից շերտը։ Ամենաբարդը այս հատվածի համար է. կորցրած հավատը վերագտնել ու ապավինել նոր ուժի իսկապես դժվար է։
2008-ին բարեկամուհուս հետ մասնակցում էինք փողոցային պայքարին, ինչպես 1988 – ին, կարծում էինք, թե օրինական երկիր ունենալու պայքար է։ Նա չափազանց ակտիվ էր, ինքնամոռաց նվիրված, որեւէ բան՝ աշխատանքի կորուստ եւ այլ, հաշվի չառնելով եւ բացարձակ անձնական շահ չհետապնդելով։ Ընտրություներին ընդդիմության առաջնորդի վստահված անձն էր մի անտանելի, վտանգավոր տեղամասում։ Բնույթով անհաշտ անարդարությանը, չլռող էր, բծախնդիր ու նկատող` մարդկանց սովորաբար դուր չեկող հատկանիշներ։ Ծանր պահեր ունեցավ այդ ընտրատեղամասում, ենթարկվեց թաղային թափթփուկների սպառնալիքներին, ժամերով մեկուսացվեց ոստիկանների սենյակում։
Երևի մեկ կամ մեկուկես տարի անց Դրամատիկական թատրոնի մոտով անցնելիս մեզ մոտեցավ միջին տարիքի համակրելի մի ոստիկան, բարեւեց, ապա դիմեց բարեկամուհուս․ «Ձեզ չեմ մոռանում, ուղղակի զարմացած էի, թե ինչպես էիք պայքարում արդարության համար։ Եթե ձեր նմանները մի քիչ շատ լինեն, արդարությունը կհաղթի։
Հաճախ եմ ձեր մասին պատմում տարբեր առիթների»։
Այս վերջին իրադարձությունների ժամանակ ինձ զարմացրեց նրա` եթե ոչ այնքան անտարբեր, բայց չափից ավելի թերահավատ վերաբերմունքը․«Ոչ մեկին այլեւս չեմ վստահում։ Անտարբերությունը խեղդում է, վիրավորված եմ, խռոված։ Նրանք գողացան ինձնից ամենաթանկը’ հավատս։ Երբ հիշում եմ, թե ինչպես էին հիպնոզացրել մեզ’ այս արեք, այն արեք, և մենք․․․ կատարում էինք։ Մտածում եմ’ ծաղրուծանակ դարձրած, երևի թե ծիծաղում էին մեզ վրա։ Այսքան ժամանակ խաբված ենք եղել։ Ովքե՞ր են նրանք, որ մարդու հույսը, հավատը կործանեն»։
Կողմնորոշվելու համար ընդունված չափանիշներն այլևս բավարար չեն։ Եթե մի կերպ փորձում ես վերականգնել հավատը, անմիջապես սկսվում է տարածված, գուցե հատուկ ներդրված «գործակալի սինդրոմ» «օպերացիան»։ Ով ասես այս մասին պարտք չի համարում ասել ու գրել․ կատարյալ աղետ է հասարակական մասշտաբային այս բամբասանքը։ Հետո էլ ասում ենք՝ գրաքննությունը վատ էր: Չափազանցված, խիստ գրաքննությունը, նույնքան վատ է, որքան խոսքի անսահմանափակ ազատությունը։ Ինչ ասես` կարդում ու լսում ենք, ամենախայտառակ հայհոյանքներ ու լուտանքներ, զրպարտություններ, կիսագրագետ գրություններ, թունոտ հումոր ու ծաղր. ամեն բան կհորինեն, կգրեն, միայն թե հետևորդների քանակ ավելացնեն։ Սա դեռ քիչ է՝ հայտնվում են տարատեսակ դաստիարակներ՝ մսուր- մանկապարտեզի մակարդակի, որոնք աշխարհն ու նրա կոորդինատները նոր հայտնագործածի հրճվանքով և դեռ չյուրացրած, բայց իմաստունի կեցվածքով դասեր են տալիս մյուսներին։ Խորենացին գլուխը բարձրացներ, երեւի չէր զարմանա, որ տասնվեց դար անց ոչինչ չի փոխվել։
Ամենավատը սակայն չափազանցված կասկածամտությունն է․ կենցաղային հարթություններում եթե հասկանալի` կյանքի փորձ եւ այլն, ապա բացատրություն չունի հանրային նշանակության հարցերում։ Ինձ այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես է պատահում, որ որեւէ գաղափարի, որեւէ միավորման հանդեպ համակրանքը միայն ուտիլիտար նշանակությամբ է ընկալելի…
Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ իշխում է որեւէ հարցի, որեւէ անձի հանդեպ անշահախնդիր մոտեցումը բացառելու մտայնությունը, որտեղ որեւէ գաղափարի, կամ որեւէ քաղաքական միավորման հանդեպ համակրանքը «հակառակ թիմի» կողմից կարող է արդարացվել միայն, եթե անձնական շահ, օգուտ կա։ Միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կա՛մ գործակալի, կա՛մ պոտենցիալ գործակալի կասկածանքի տակ է, մի միջավայր, որ եթե X խմբակի չես հարում, ոչ միայն օտար կամ անցանկալի ես, գուցե թշնամի էլ համարվես, որտեղ անկեղծ խոսքը չի ընկալվում և չի ընդունվում, որտեղ աչքի փուշ ես դառնում, եթե նկատածդ բարձրաձայնում ես, միջավայր, ուր բացակայում է ինքնաքննադատությունը, որտեղ յուրաքանչյուրն անսխալական է, կատարյալ՝ այսինքն։
Իհարկե լավ է, որ հանդիպումներ են կազմակերպվում ատելությունը մարդկանց հարաբերություններից վերացնելու։ Լավ կլիներ նաեւ միջոցներ գտնելու փորձեր արվեին՝ վերականգնելու վստահության պակասը, մարդուն իր ճշմարիտ, նախաստեղծ բնույթին վերադարձնելու, հոգու ախտերը բուժելու։
Հանրային գիտակցության փոփոխություն
Եվ նորից հանգում ենք նույնին՝ հանրային գիտակցության փոփոխության անհրաժեշտությանը, որը համակարգային լուծումներ, ինստիտուցիոնալ մոտեցումներ պահանջող բարդ գործընթաց է։
Մեր ներկա օրերի աղքատությունը, սնանկությունը պայմանավորված է մարդու ներքին աշխարհը փոխելուն, հարստացնելուն ուղղված երևույթների բացակայությամբ։ Մենք ծանրագույն հարվածներ ստացանք պատերազմի օրերին եւ ետպատերազմյան շրջանում, հոգեբանորեն նսեմացվեցինք այս ընտրություններ կոչվածից հետո։ Անըմբռնելի, չլսված բան է՝ կա՞, կամ կլինի՞ ևս մեկ այլ ժողովուրդ, որ տասնամյակներ իրեն բռնությունների ենթարկածի, թալանածի, վիրավորածի, հիմարեցնողի, խաբողի հետ նորից հույսեր կապի և վստահության քվե տա՝ փոխարենը երես թեքելու։ Սա գիտակցությա՞ն խնդիր, թե՞ հոգեբանական լուրջ հիվանդություն է։
Բուժման ճանապարհներ կան իհարկե, օրինակ` միջավայրի առողջացումը, երբ հանրությունն իր ներսից առաջ կմղի մտածող, կիրթ, բանիմաց, շիտակ մարդկանց։ Եվ նրանք կթելադրեն ճշմարիտ արժեքներ։ Երբ մարդիկ կթոթափեն կեղծիքի լուծ, կմոտենան իրենց իրական բնությանը, երբ կսկսեն տեսնել նաև գեղեցիկը, գնահատել արվեստը։
Երբ մեր այս դժգույն միջավայրում դրական էներգիա կներդրվի` թեկուզ այն կրող ինտելեկտուալ անձանց հետ հանդիպումների միջոցով` որպես շնչելի տարածք խոսքային համատարած այս մղձավանջում։
Այդպիսին վերջերս նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի եւ սրտաբան – վիրաբույժ Վահե Գասպարյանի՝ միանգամայն տարբերվող զրույցն էր – արվեստի եւ քաղաքականութան հրաշալի համադրություն։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ