ՖԱՆ ՅՈՒՆ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Հունիսի սկզբին, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ձինփինիՙ Ցինհայ նահանգ տեսչական ուղեւորության ժամանակ, թիբեթցի հովիվ Սոնան Ցեժանը գրկաբաց տուն հրավիրեց նախագահ Սիին եւ նրան մատուցեց ավանդական «խադակ» կոչվող երկար թաշկինակը, որը հանձնում են հատկապես հարգելի հյուրերին: Ցեժանն ուրախությամբ տեղեկացրեց նախագահին, որ հովիվների կյանքն օրեցօր բարելավվում է շնորհիվ իմաստուն քաղաքական ղեկավարության, ինչի համար էլ անկեղծ շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարին: Սի Ձինփինը նշեց, որ 2021թ. նշվելու է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյա հոբելյանը, որը զարգացման եւ Նոր Չինաստանի կառուցման դժվարին ճանապարհ է անցել: Իսկ ժողովուրդն անկեղծորեն աջակցում է իր Կոմկուսին, քանզի Չինաստանի Կոմկուսը անձնուրաց ծառայում է չինական հասարակությանը: Սակայն, ինչպես նշեց գլխավոր քարտուղարը, «մենք կկարողանանք իրականացնել ազգային վերածննդի մեծ երազանքը միայն այն պարագայում, եթե տարբեր ազգությունների մարդիկ նռան հատիկի պես միավորվեն ու միաբանվեն Չինական ազգի մեծ ընտանիքում»:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը 1921թ -ին իր հիմնադրման պահից, հավատարիմ մնալով իր գլխավոր նպատակին եւ երբեք չմոռանալով չինական ազգի երջանկության եւ վերածննդի պայքարի առաքելության մասին, միավորել եւ գլխավորել է ժողովրդին «երկու հրաշքի» իրականացման համար դժվարին աշխատանքում, որոնք ենՙ արագ տնտեսական զարգացումը եւ երկարաժամկետ սոցիալական կայունությունըՙ այդպիսով իսկ իր ավանդը ներդնելով ողջ մարդկության խաղաղության եւ զարգացման գործում:
Չինաստանի Կոմկուսի առաջնային նպատակը եւ առաքելությունը պայքարն է իր ժողովրդի երջանկության համար Չինաստանի Կոմկուսի համար առաջնային նշանակություն ունեն ժողովրդի շահերը եւ վերջինիս անձնվեր ծառայելը դիտարկվում է որպես հիմնանպատակ: Չինացիների կենսամակարդակը որակապես փոխվել է տքնաջան աշխատանքի արդյունքում: Եթե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման սկզբում Չինաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմում էր ընդամենը $12,3 մլրդ, ապա բարեփոխումների եւ թափանցիկության քաղաքականություն իրականացնելուց հետո Չինաստանի տնտեսությունն առաջ անցավ աշխարհի խոշորագույն տնտեսություններից: 2020թ. վերջի դրությամբ Չինաստանի ՀՆԱ-ն կազմում էր $14,7 տրլն, ինչը մոտավորապես 1200 անգամ ավելին է, քան 1949թ., իսկ Չինաստանի ներդրումը համաշխարհային տնտեսական աճում ավելացավՙ 1%-ից էլ պակասից հասնելով ավելի քան 30%-ի:
Ժողովրդի կենսամակարդակն անշեղորեն բարձրանում է: Համաձայն գործող ստանդարտների, Չինաստանի մոտ 100 մլն սակավ ունեւոր գյուղական բակիչներ այլեւս աղքատ չեն, պարտադիր կրթության ընդգրկման մակարդակը մոտենում է 100%-ին, բժշկական ապահովագրությունն ընդգրկում է ավելի քան 1,3 մլրդ մարդ, իսկ կենսաթոշակային ապահովագրությունըՙ մոտ 1 մլրդ մարդ: Եթե 1949թ. ավտոճանապարհների երկարությունը կազմում էր ընդամենը 80.8 հազար կիլոմետր, ապա 2020թ. ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը ավելացավ ավելի քան 60 անգամՙ գերազանցելով 5,1 մլն կիլոմետրը:
Չինաստանի Կոմկուսն ապահովում է չինական առանձնահատկությամբ սոցիալիստական կարգի գերազանցությունը
Ե՛վ անցյալը, եւ՛ այսօրվա իրողությունները վկայում են, որ առանց Չինաստանի Կոմունիստական կուսակցության չէր լինի ոչ Նոր Չինաստանը, ոչ էլ չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միավորել եւ գլխավորել է ողջ ժողովրդին չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի զարգացման անընդմեջ առաջընթացի ճանապարհին: Չինաստանը տնտեսական հրաշք իրականացրեց եւ դարձավ աշխարհիՙ մեծությամբ երկրորդ տնտեսությունը, կարողացավ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դաժան փորձություններին, լուծեց աղքատության խնդիրը եւ կառուցեց միջին ապահովվածության հասարակություն, հաղթահարեց ոչ միայն խոշոր տարերային աղետներըՙ ջրհեղեղներ, երկրաշարժեր, այլեւ մահաբեր համաճարակներըՙ SARS-ը եւ COVID-1-ը: Այս վտանգի առջեւ Չինաստանի Կոմկուսը միավորեց եւ գլխավորեց երկրի բոլոր էթնիկ խմբերինՙ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու նպատակովՙ դրանով իսկ եւս մեկ հերոսական էջ գրելով Չինաստանի պատմության մեջ: Գաղտնիք չէ, որ հենց Չինաստանի Կոմկուսի իր սկզբունքներին հավատարմությունն է ապահովել այն, ինչն անվանվում է «Չինական հրաշք»: 2020թ. հոկտեմբերին Չինաստանի Կոմկուսի 19-րդ գումարման Կենտկոմի հինգերորդ պլենումում հավանություն տրվեց 2021-2025թթ. 14-րդ հնգամյա պլանին եւ երկրի զարգացման հեռանկարային նպատակներին մինչեւ 2035թ., ինչը նպատակաուղղված շարժում էՙ բարգավաճ, ուժեղ, ժողովրդավարական, մշակութապես զարգացած եւ ներդաշնակ արդիական սոցիալիստական երկրի կառուցման համար:
Աջակցություն մարդկության միասնական ճակատագրով հանրության կառուցմանը
Չինաստանի Կոմկուսը քաղաքական կուսակցություն է, որը պայքարում է ոչ միայն հանուն չինացի ժողովրդի բարեկեցության եւ երջանկության, այլեւ ձգտում է իրականացնել մի գլոբալ նախագիծՙ նվիրված ողջ մարդկության առաջընթացը ապահովելու գործին: Չինաստանի Կոմկուսն առաջարկել է միասնական ճակատագրով հանրության հայեցակարգ եւ այն մտցրել Չինաստանի Կոմկուսի Կանոնադրության մեջ, ինչպես նաեւ սկսել է աջակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շինարարությանը: Այսօր Չինաստանի բաժինը համաշխարհային տնտեսական աճի մեջ մոտենում է 30%-ի, իսկ ավանդը գլոբալ աղքատության կրճատման մեջՙ գերազանցում է 70%-ը: Չինաստանը տեխնիկական աջակցություն եւ օգնություն է տրամադրում զարգացող շատ երկրներիՙ դրանց զարգացման նպատակով, եւ դրանով իսկ նպաստում է աղքատության կրճատմանը ողջ աշխարհում: Հենց Չինաստանն է ակտիվորեն աջակցում միջազգային հակահամաճարակաբանական ճակատինՙ իմունացման գործում առկա թերությունները վերացնելու նպատակով: Միեւնույն ժամանակ, Չինաստանը կողմնակից է «կանաչ» էներգետիկ զարգացման ռազմավարությանը եւ առաջինն է առաջարկել «ածխաջրային չեզոքության» հայեցակարգը եւ այն իրականացնելու կոնկրետ քայլերն ու նպատակները: Չինաստանի Կոմկուսի հաջողությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն չին ժողովրդի, այլեւ վճորոշ նշանակություն ունեն ողջ մարդկության համար:
Ե՛վ Չինաստանը, եւ՛ Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ ունեցող երկրներ են: Երկու երկրներն ունեն համագործակցության երկար պատմություն: Երկու երկրների միջեւ հարաբերություններին բնորոշ է առողջ եւ կայուն զարգացման դինամիկան: Հայաստանը առաջին երկրներից է, որն արձագանքել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը եւ ակտիվորեն մասնակցում է դրա իրականացմանը: Չինաստանն մշտապես սատարում է Հայաստանին այն ճանապարհին, որը լիովին համապատասխանում է վերջինիս ազգային շահերին:
Ավելի լավ կյանքի ձգտումը գլոբալ աշխարհի ժողովուրդների ընդհանուր ակնկալիքն է: Չինաստանը չի «ներմուծում» արտասահմանյան մոդելներ եւ չի «արտահանում» չինական մոդելը, ՉԺՀ-ն չի պահանջել եւ չի պահանջում այլ պետություններից, որպեսզի նրանք «պատճենեն» իր մեթոդները: Չինաստանի Կոմկուսը պատրաստ է շարունակել ամրապնդել փոխգործակցությունը եւ համագործակցությունը Հայաստանի տարբեր բարեկամական քաղաքական կուսակցությունների հետ, կիսել պետական եւ կուսակցական կառավարման սեփական փորձը, առաջարկում է երկխոսություն, ամրապնդում է փոխադարձ վստահությունը, նպաստում է միասնական ճակատագրով համաշխարհային հանրության կառուցմանը եւ ավելի լավ աշխարհի համատեղ կառուցմանը:
Նկար 1. Սի Ձինփինը տեսչական ուղեւորություն է կատարում Ցինհայ նահանգում
Նկար 2. «Երկինք տանող կամուրջ» Գույչժոու նահանգում
Նկար 3. 56 ազգՙ մեկ ընտանիք
Նկար 4. Միասնական ճակատագրով մարդկության հանրության կառուցումը