Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս, ամեն հայ ունի իր ճշմարտությունը։ Կարդում եմ հետընտրական մեկնաբանություներն ու զարմանում, թե ինչպես են բոլորը բոլորին մեղադրում այս կամ այն ընտրության մեջ։ Մեկը նույնիսկ գրել էր, որ եթե ֆեյսբուքը հնարավորություն ընձեռեր, ապա ընկերության հայտ կտար բոլոր այն մարդկանց, ովքեր կողմ են քվեարկել իր նախընտրած թեկնածուին, եւ հակառակը՝ կջնջեր նրա մրցակիցներին, որոնք դեռեւս իր ընկերության տիրույթում են։ Սա լիովին բնութագրում է հայ ժողովրդի ներկա հոգեբանական վիճակը։ Ինչո՞ւ է այսպես։
Պատճառները մի քանիսն են։ Նախ նորանկախ Հայաստանում անցած երեսուն տարիներին երբեք գաղափարական պայքար չի տարվել եւ առավել եւս նման ընտրություն չի կատարվել։ Մշտապես ընթացել է անձերի եւ խմբավորումների պայքար, ավելին՝ ֆետիշացում։ Հիմնականում հաղթանակը ապահովել են դեմագոգիան, պոպուլիզմը եւ ընտրակեղծիքները, եւ իհարկե, վարչական ռեսուրսները, որոնցից զերծ չմնացին նաեւ վերջին ընտրությունները։ Տարբերությունը միայն չափերի մեջ է։ Ու երբ պարտված կողմը զարմանում է, թե ինչպես հաղթեց պատերազմում պարտություն կրած եւ մի ողջ ժողովրդի հուսախաբության մատնած քաղաքական ուժը, ապա պետք է հիշի, թե ինչ ժառանգություն է թողնվել այս ժողովրդին եւ ինչ դասեր են ստացել նախորդներից ներկաները։ Հասարակության աղքատ խավը, որը, ցավոք, գերակշռում է եւ ամենեւին գրել-կարդալու հետ առնչություն չունի, ընտրում է ոչ թե ծրագրային դրույթներով ու իրական արդյունքով, այլ աչքերով ու ականջներով։ Նրա համար ավելի ազդեցիկ գործոններ են ղեկավարի հետ սելֆի անելը, անընդհատ անպատասխան սիրո մասին խոստովանություններն ու նախկիններին դատափետելու մասին սին հայտարարությունները, քան իրական ուժն ու ծրագիրը, որն իսկապես կարող է ապահովել բարեկեցություն եւ զարգացում։
Հաջորդը ժողովրդի անտարբերությունն է։ Հասարակության մի ստվար զանգված այնպիսի հոգեբանական ապրումներ է ունեցել պատերազմից հետո, որ իր կյանքում իշխանափոխությունը կամ նոր ընտրության մասնակցությունը դարձել է երրորդական գործոն։ Ու որքան էլ իշխող ուժը գոռա, թե «Ապագա կա», իրականությունը ցույց տվեց, որ այդ ապագային հավատում է Հայաստանի բնակչության ընդամենը 26 տոկոսը, այսինքն՝ 1\4-ը։ 54 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է ընդամենը ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից։ Մեծամասնության համար այդ ապագան մշուշոտ է ու անորոշ։ Ավելին, միայն վերջին վեց ամիսներին արդեն իսկ Հայաստանից հեռացել է մոտ 80 հազար մարդ։ Եվ ամենաահավորը հենց այդ անտարբերությունն է եւ Հայաստանից գաղթելով քվեարկությունը, որ հնարավորություն է տալիս երկրի կառավարումը տապալած, տարածքներ հանձնած եւ հուսահատության ու արտագաղթի նոր ալիքի դուռը բացած իշխանություններին նորից մնալ ջրի երեսին։ Մի առիթով արդեն գրել եմ, նորից եմ ուզում կրկնել, որ այս ընտրությունների ամենամեծ սխալն այն էր, որ չարգելվեց անցած երեսուն տարիներին իշխանության ղեկին կանգնած քաղաքական ուժերի մասնակցությունը արտահերթ ընտրություններին։ Պետք է հինգ տարով արգելվեր թե՛ ներկա քաղաքական ուժի, եւ թե՛ նախկինում երբեւէ կառավարական կոալիցիա կազմած որեւէ ուժի մասնակցությունը ընտրություններին։ Իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտի ներկա պայմաններում դա ուտոպիայի պես մի բան է, բայց գոնե մնացած 20 կուսակցությունները կկարողանային վերջապես գաղափարական դաշինքներ կազմել եւ գնալ ընտրությունների։ Ի վերջո, կարելի էր ստեղծել արհեստավարժ կառավարողների կուսակցություն եւ հանրությանը բացատրել իրենց առավելությունը։
Թեեւ սա էլ ավելի դժվար խնդիր է, քանի որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում երրորդ՝ չվարկաբեկված բեւեռի գոյացումը ավելի բարդ գործ է։ Նույնիսկ այսպես կոչված «ազգային ուժերը» չկարողացան թոթափել անձնական ամբիցիաներն ու ներկայանալ մեկ դաշինքով։ Փոխարենը սկսեցին արդարացումներ փնտրել ու մեղադրանքներ շռայլել մեկը մյուսին։ Իսկ սա ապացուցում է մի բան, որ ազգայինի անվան տակ հանդես եկող շատ ուժեր, ամենեւին ազգային չեն, ինչը նույնպես ողբերգություն է։
Ավելին, գաղափարախոսական կամ ծրագրային պայքարը մղված էր հետին պլան՝ առաջ մղելով անցյալի հետ կապված թերացումները, սխալներն ու անձնական վիրավորանքները։ Ներկաներից շատերը մոռացության են տալիս մի փաստ, որ մի քանի տարի առաջ իրենք դեռեւս նախկինների հաճախորդներ էին, եւ սիրով կատարում էին վերջիններիս բոլոր հրահանգները։ Արդյունքում, այս պայմաններում ավելի շատ հոխորտացողները ստացան ավելի մեծ աջակցություն, քան երկրի ապագայի մասին իրական մտահոգություն հայտնող ուժերը։
Ի վիճակի՞ է Նիկոլ Փաշինյանը ղեկավարել նոր կառավարությունը
Այսօր Հայաստանում գոյություն չունի հասարակական միասնություն։ Ու քանի դեռ նման միասնություն չկա, չպետք է ակնկալել , թե Հայաստանի նորընտիր իշխանությունը ի վիճակի է որեւէ բան փոխել։ Նիկոլ Փաշինյանն իր միահեծան իշխանության երեք տարիներին ամեն ինչ արեց, որպեսզի նման միասնություն չլինի։ 2018-ին ժողովրդի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը հասարակությանն անմիջապես կիսեց հների ու նորերի, ներկաների ու նախկինների, սեւերի ու սպիտակների։ Անցած երեք տարում մենք տեսանք խղճուկ կադրային քաղաքականություն, թիմային աշխատանքի իսպառ բացակայություն, խելացի կադրերի վանում եւ անձեռահաս ու կիսագրագետ կարիերիստների առաջխաղացում։ Հիմա, առավել եւս դժվար թե արտախորհրդարանական ուժերի հետ իմիտացիա-հանդիպումները փրկեն այդ իրավիճակը, քանզի ինչպես ցույց են տալիս հետընտրական ինքնասիրահարված ելույթները, լուրջ հետեւություններ չեն արվել։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը ընտրվել է, ապա առնվազն Նապոլեոնն է, եւ կարող է մեծամտաբար որոշումներ կայացնել, առանց լուրջ մասնագետների կամ փորձառու դիվանագետների հետ խորհրդակցության, սփյուռքի ու Հայաստանի փորձառու անհատների հետ մտքերի փոխանակության։ Նա չի ընկալում, որ այդ ուժեղ թիմի բացակայությունն ու րոպեական անհավասարակշռված որոշումների ընդունումն էր, որ բերեց այս ողբերգական իրավիճակին։
Համազգային արհեստավարժ կառավարություն կլինի միայն այն դեպքում, երբ նրա անդամները լինեն ոչ թե Գյումրիից Երեւան քայլողները, կամ կուսակցական կիսագրագետ կարիերիստները, այլ տարբեր ժամանակներում աշխատած փորձառու ու հայրենասեր, պրագմատիկ ու գրագետ մարդիկ։ Նրանք կարող են լինել հակառակ բեւեռներից, բայց կարեւորը լծվեն երկիրը կործանումից փրկելու գործին։ Հայրենասեր եմ գրում, քանի որ առանց դրա չես կարող ազնիվ ծառայել քո երկրին ու ժողովրդին։ Ավելին ասեմ, կառավարությունը պետք է գլխավորի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ իր թիմակից որեւէ հավասարակշռված եւ փորձառու անհատ։ Ինքը կարող է լինել Ազգային ժողովի նախագահ, քանի որ անցած երեք տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը զուրկ է կառավարման հմտություններից եւ երկրի համար ճակատագրական պահերին հավասարակշռությունը պահելու ունակությունից։ Նա այդպես էլ ընդդիմադիր գործչից չկարողացավ աճել եւ դառնալ կառավարության ղեկավար, մնաց «ֆեյսբուքի վարչապետ»։ Բայց իհարկե, սա անիրական առաջարկ է, քանի որ Փաշինյանի ամբիցիաներն այնքան մեծ են, որ նա նման քայլի չի կարող գնալ։ Հետեւաբար, հույս ունենալ, որ առաջիկա տարիներին լուրջ փոփոխություններ կլինեն, այնքան էլ իրատեսական չեմ համարում։
Եթե կառավարության ղեկավարը պատերազմի օրերին կառավարման օպերատիվ շտաբ չկարողացավ ստեղծել, չհավաքեց մի սենյակում հին ու նոր փորձառու բոլոր ուժերին, որպեսզի համատեղ երկիրը դուրս բերեն օրհասական իրավիճակից, ապա դժվար է պատկերացնել, թե այս ընտրություններից հետո ինչ նոր ձախավերություններ կարող է թույլ տալ։ Իսկ պատերազմի պարտության մի շարք գլոբալ պատճառների թվում է նաեւ հմուտ կառավարման իսպառ բացակայությունը։ Եվ ամենակարեւորը՝ մեղքի ու զղջման բացակայությունը։ Ամեն մի զոհի համար պատասխանատու է ոչ միայն ողջ ռազմական հրամանատարությունը, այլեւ նախեւառաջ գերագույն գլխավոր հրամանատարը։ Եռաբլուրում զոհված զինվորների շիրիմների մոտ բեմադրված եւ դերասանական բարձր տաղանդով ցուցադրված «հարգանքի» արարողություններից զատ մինչ օրս ոչ մի անկեղծ խոսք չի լսվել։ Փոխարենը ասվել է, որ հանուն Հայաստանի անկախության մեր եղբայրները կարող են մի քանի ամիս էլ սպասեն Բաքվի բանտերում։ Մինչդեռ հարգանքը այն կլիներ, որ այսօր Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ չլինեին եւ հայ տղաները Բաքվում չտանջվեին։
Ի վերջո, Հայաստանի վարչապետը չի կարող լինել մի մարդ, որը մի կողմից խոսում է հանդուրժողականությունից ու համերաշխությունից, իսկ մյուս կողմից՝ իրեն չընդունող քաղաքացիներին ահաբեկում է պողպատով, մուրճով ու ասֆալտին փռելով։ Սա երկրի ղեկավարին վայել գործելաոճ չէ։
Չի կարելի անընդհատ Աստվածաշնչից մեջբերումներ անել, բայց երեք տարի շարունակ հարձակումներ ու ցեխարձակումներ կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու ու նրա հոգեւորականության դեմ։ Կարելի է պատկերացնել, թե մեր երկրի հիմնական խնդիրը մնացել է եկեղեցին։ Այն, որ պատերազմի ամենաթեժ օրերին եկեղեցին կարողացավ կանգնել կառավարության ու ժողովրդի կողքին, աշխարհասփյուռ մեր համայնքներում կատարել մարդասիրական ու բարեսիրական հսկայածավալ աշխատանք, ի վերջո հայ հոգեւորականը մինչեւ վերջ կանգնեց իր սրբավայրերի, իր զինվորի կողքին, կռվեց նրա հետ միասին։ Այսքանից հետո շարունակել աղանդավորական կեցվածքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, մեղմ ասած ոչ միայն ազնիվ չէ, այլ թշնամական հակահայ քայլ է։ Մեր թշնամիները շատ լավ գիտակցում են, որ հայկական սփյուռքն ու Հայ առաքելական եկեղեցին մեր ժողովրդի միասնությունը եւ հզորությունը պահպանող հիմնական կառույցներն են, եւ սրանց նկատմամբ անվստահություն եւ վարկաբեկող տեսակետներ սերմանելով, նրանք նախեւառաջ թուլացնում են Հայաստան երկիրը, հայ ազգին, որպեսզի երկրի ներսից գրավումը ավելի դյուրին լինի կիսագրագետ եւ «կոսմոպոլիտ» ներկայացող իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Ինչ վերաբերում է առանձին եկեղեցականների տեսակետներին, ապա ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նրանք էլ կարող են ունենալ իրենց կարծիքը, որը կարող է համընկնել մեծամասնության կամ փոքրամասնության կարծիքին, եւ ոչ ոք չի կարող ասել նրանց, թե ինչու են այդպես մտածում։ Քննադատելուց առաջ նախ պետք է մտածես, թե դու ինչ ես արել հայ եկեղեցու, հայության հոգեւորի հզորացման համար, այդժամ միայն կարող ես պահանջել։
Սփյուռքի նկատմամբ նույնպես դրսեւորվեց արհամարհական վերաբերմունք՝ նախ սփյուռքի նախարարության փակումով եւ անհասկանալի կառույցի ստեղծումով, իսկ պատերազմի ժամանակ սփյուռքի ֆիզիկական եւ ֆինանսական մասնակցությանը շռնդալից ապտակ հասցնելով՝ «Հայաստան» հիմնադրամի գումարներից ոչ թափանցիկ ծախսեր անելով։ Սա էլ խարխլեց սփյուռքի վստահությունը ներկա կառավարության նկատմամբ։
Կոռուպցիայի եւ նախկինների դեմ պայքար տանող ուժը նախ ինքը պետք է թափանցիկ աշխատեր եւ չփորձեր հսկայական չափերի հասնող պարգեւավճարներով անհավասար պայմաններ ստեղծել հասարակության տարբեր շերտերի միջեւ։ Դա ոչնչով չի տարբերվում նախկինների թալանից։ Նրանք անում էին անօրինական ճանապարհով, ներկաներն անում են օրինական ճանապարհով։ Տարբերությունը ո՞րն է։
Ավելի ճիշտ կլինի մտածել, թե ինչպես ստացվեց , որ պատերազմից առաջ մենք հզոր բանակ ունեինք, իսկ հետո պարզվեց , որ նա այնքան էլ հզոր չէր։ Թեեւ իրականում բանակը՝ մեր զինվորները հզոր էին, հրամանատարությունն էր անկազմակերպ ու անձեռահաս՝ վերից վար։ Եվ բոլորը՝ Գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ նախարար ու դասակի հրամանատար պետք է ռազմական տրիբունալի առաջ պատասխան տան, թե ինչու այդպես ստացվեց։ Այլապես պատերազմի մասին հյուսվող իրական ու անիրական լեգենդները նոր սերնդին կզրկեն հայրենիքը պաշտպանելու բնական պարտավորությունից։
Արցախի խնդիրը
Այս հարցում շատ բան չկա ասելու։ Պետք է գիտակ մարդկանց համազգային խորհրդաժողով հրավիրել , առաջիկա քայլերի ճանապարհային քարտեզ մշակել եւ շարժվել առաջ։ Իրականում այս բարդ իրավիճակում, երբ Հայաստանի դիրքերը էապես թուլացած են, ոչ մի քաղաքական ուժ հստակ չի կարող ասել, թե ինչպես պետք է լուծի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Արցախի Հայաստանին միացումը, կամ հանգուցալուծի մեր երկրին պարտադրած նոյեմբերի 9-ի հայտարարության- ստրկության օղակի հետեւանքները եւ նաեւ ապագա այլ ապազգային հանցագործություններից զերծ պահի։ Բնական է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր մտավոր ներուժով նման հարց չի կարող լուծել, եւ ոչ էլ իր արբանյակ արտախորհրդարանական ուժերը կարող են ինչ որ օգուտ տալ։ Հին ու նոր՝ բոլորին պետք է հավաքել մի սեղանի շուրջ, գլուխ գլխի տալ եւ համազգային որոշումներ կայացնել։ Արցախն ու արցախցին պետք է զգան Հայաստանի մշտական հոգատարությունը՝ իսպառ մերժելով հայաստանցի-ղարաբաղցի հակադրության ներդրված թշնամական թեզը։
Կամուրջներ մի այրեք, այլ սիրեք Հայրենիքը ձեր մեջ
Գրեթե քառորդ դար ապրում եմ Չեխիայում, մասնակցել եմ մի քանի ընտրությունների՝ թե տեղական, թե նախագահական ու խորհրդարանական, բայց երբեք չեմ տեսել ու զգացել հասարակական նման լարվածություն, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում ամեն անգամ՝ ընտրությունների շեմին, ընթացքում եւ հետո։ Ֆեյսբուքյան իմ ընկերների ցանկում կան ամենատարբեր կուսակցությունների ու շարժումների ներկայացուցիչներ՝ «Քաղաքացիական պայմանագրից» մինչեւ «Ազգային բեւեռ»։ Ամեն օր կարդում եմ նրանց իրարամերժ կարծիքներն ու տեսակետները, միմյանց հասցեին հնչող որակումները, բայց երբեւէ որեւէ մեկին իր ընտրությունը կատարելու համար անձնական վիրավորանք չեմ հասցրել, նույնիսկ չեմ հեռացրել ընկերներիս ցանկից, քանի որ ի վերջո մեր կյանքը չի սկսվում ու ավարտվում այս ընտրություններով։ Իբրեւ լրագրող ես պարտավոր եմ զգալ ու տեսնել հասարակության առնվազն ֆեյսբուքյան հատվածի իրական պատկերը։ Իհարկե, կան բազմաթիվ «ընկերներ», որոնց անձամբ չեմ էլ ճանաչում, բայց միեւնույն է, ոչինչ չեմ ձեռնարկում, նրանք ի վերջո նույնպես հայ են։ Իհարկե, ասածս չի վերաբերում կեղծ օգտատերերին։
Այստեղ կարեւոր մի սկզբունք չեմ կարող չնշել՝ երբ ինքներդ եք անբարոյականություն քարոզում, բարոյականության դասեր մի տվեք ուրիշներին։ Կյանքը բումերանգի հատկություն ունի։ Չի կարելի շփոթել ժողովրդավարությունը՝ ամենաթողության, եւ խոսքի ազատությունը՝ սանձարձակության հետ։ Դրանք տարբեր բաներ են։
Կուսակցական լինելը նույնպես հարաբերական է։ Կարող ես լինել ձեւական կուսակցական, եւ հակառակը՝ գաղափարներին նվիրյալ անկուսակցական։ Ես երբեւէ չեմ անդամակցել որեւէ կուսակցության, թեեւ դրա հնարավորությունը միշտ ունեցել եմ, քանի որ հայ լինելն ինձ համար արդեն իսկ կուսակցական պատկանելություն է։ Իսկ մասնագիտությունս ինձ լիովին տալիս է իմ հայացքներն ազատ ու անկաշկանդ արտահայտելու հնարավորություն։ Հետեւաբար պարտադիր չէ լինել կուսակցական եւ միայն այդ պարագայում մասնակցել Հայրենիքիդ վերազարթոնքին։ Պետք չէ հուսահատվել։ Պետք է պայքարել եւ ամրապնդել պետականությունը՝ ամեն մեկն իր տեղում եւ իր չափով։ Իշխանությունները գալիս ու գնում են, Հայրենիքը մնում է։
Քսան տարի առաջ մի հոդված էի գրել Չեխիայից՝ համեմատելով հայկական ու չեխական իրականությունները եւ հոդվածս վերնագրել էի. «Երբ հայրենիքդ չես պաշտում՝ օտարներն են պաշտում»։ Քանի դեռ մենք չունենք իր հայրենիքը պաշտող հասարակություն եւ ղեկավարություն, եւ կախված ենք այս կամ այն բեւեռներից, ու սպասում ենք օտարների լուծումներին, այն դատապարտված է կորուստների եւ անորոշության։ Երեսապաշտությամբ մի զբաղվեք, մի սիրեք Ձեզ՝ Հայրենիքից դուրս, այլ Հայրենիքը սիրեք ձեր մեջ, քանզի այդ Հայրենիքը մենք ենք, մեր հավաքական ներկայությունը։ Եվ այդժամ միգուցե ինչ-որ բան փոխվի։
Հակոբ Ասատրյան