Այդ մասին “Deutsche Welle”-ի մայիսի 24-ի համարում գրել է Բուրջու Քարաքաշը: Նա այդ մտահոգությունը պայմանավորում է Գազայի հատվածի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմով: Թերևս դրանով էլ շրջանցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինչպես Իսրայելին, այնպես էլ հրեաներին հասցեգրած սանձարձակ հայտարարությունները, դրանց հակասեմական բնույթն ու թուրք հասարակության մոլեռանդ զանգվածներին երկրում իշխող “Արդարություն և բարգավաճում” կուսակցության շուրջը համախմբելու նկատառումները:
Համենայն դեպս, Քարաքաշի հոդվածը հետաքրքրական է Թուրքիայի հրեական համայնքի մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու, ինչպես նաև նրա առջև ծառացած խնդիրներին ծանոթանալու առումներով: Ահա թե ինչ է գրել գերմանական թերթի թուրք թղթակցուհին.
“Քաղաքական զարգացումների հետևանքով հակասեմականության բորբոքումը Մերձավոր Արևելքում, խիստ անհանգստացրել է Թուրքիայի հրեական համայնքին: Հեղինակ Կարել Վալանսին դրա առնչությամբ ասում է, որ երկրում “քաղաքացիություն” հասկացության թյուր ըմբռնումը խթանում է համայնքի անհանգստությունը: Ապա շարունակում՝ “Կարող եք պատկերացնե՞լ թուրքական մի հրեայի, որը կյանքում երբեք չի եդել Իսրայելում, բայց Թուրքիայում իրավահավասար քաղաքացի չէ, կարծես Իսրայելի դեսպանը լինի, հաշիվ են պահանջում նրանից”:
Վերջին օրերին հրեաները Թուրքիայում Իսրայել-Պաղեստին բախումների պատճառով ենթարկվում են ազգայնամոլ հալածանքների: Նրանցից է նաև Թուրքիայի հրեաների հրատարակած “Շալոմ” թերթի հեղինակ Կարել Վալանսին, որը դարձել է թուրքական տպագիր և էլեկտրոնային մամուլի սպառնալիքների թիրախ: Օր. մարտ ամսին իսլամամետ “Թաքվիմ” թերթը “Թուրքիայում գործող հրեա լրագրող” խոսքերով թիրախավորել էր նրան, իսկ մայիսին գրել էր, թե Վալանսին պաշտպանում է սիոնիստական Իսրայելին:
Որպես “օտարական” դիտարկվելը խիստ անհանգստացրել է Վալանսիին: Շատերն են զարմանում, որ նա մաքուր թուրքերեն է խոսում և Թուրքիայի քաղաքացի է: Ոմանք նրան նույնիսկ առաջրկելեն դավանափոխ լինել: Ավելին, անգամ ասել են, թե եթե դավանափոխ լինելու մտադրություն չունես, ինչո՞ւ բնակություն չի հաստատում Իսըայելում, որ ապրի դավանակիցների հետ:
1927թ. մարդահամարի տվյալներով Թուրքիայում բնակվում էր 81 հազար հրեա, ներկայումս այդ թիվը հրեական համայնքի հաշվարկով կրճատվել է 17 հազարի, շարունակում է տարեց տարի կրճատվել: Դրա պատճառը հրեաներ հակասեմականությամբ պայմնավորված արտագաղթն է այլ երկրներ, մասնավորապես Իսրայել:
Թուրք ազգայնամոլների թիրախներից է նաև ժամանակին “Եվրոտեսիլում” Թուրքիան ներկայացրած երգիչ Ջան Բոնոմոն: Նրան հաճախ ինտերնետային նամակներ են ուղարկում “երանի, թե դուք էլ դատապարտեիք իսրայելին” բովանդակումբ և Պաղեստինի դրոշի պատկերներով: Ազգայնամոլների սպառնալիքներին ենթարկվողների թվում են հայտնվել Թուրքիայի հրեաների մեդիան: Թուրքիայի հրեական միակ թերթը հանդիսացող “Շալոմը” այդ մեդիայի գլխավոր ներկայացուցիչն է: Չնայած սպառնալիքների և անթաքույց ատելության, 73 ամյա “Շալոմը”, ինչպես խմբագրությունն է որոշել, շարունակելու է “հաշտության լեզվով խոսել” իր ընթերցողների հետ: Սակայն հակառակ “Շալոմի”, “Avlaremoz” կայքը աշխատում է ի չիք դարձնել Թուրքիայում հակասեմականություն չկա” պատրանքը: Այս կայքի աշխատակիցներն անցյալ շաբաթ նամակ են ստացել “դուք հրեաներդ աշխարհի ամենաստոր արարածներն եք” մակագրությամբ”:
Հակոբ Չաքրյան