Հարցազրույց Կոնստանտին Պիկրամենոսի հետ
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ
Արեւմտյան փորձագետներից քչերն են ուսումնասիրել Թուրքիայի ամենազոր արտաքին հետախուզական ծառայության պատմությունն ու գործելակերպը:
Առաջին անգամ այս զգայուն եւ դեռեւս անծանոթ թեման առաջարկում է հստակեցնել երկու հույն փորձագետների հետեւյալ գիրք-հետաքննությունը. Սավվաս Կալենտերիդիս, Կոնստանտին Պիկրամենոս, MIT-Թուրքական գաղտնի ծառայությունը. Պատերազմ բոլոր ճակատներով (MIT- Le Service secret turc – Guerre sur tous les fronts,) MILLI ISTIHBARAT TESKILATI, VA Editions, 370 էջ):
Ֆրանս–Արմենի – Հակիրճ կներկայանա՞ք մեր ընթերցողներին: Ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել, եւ ինչո՞ւ այս ստեղծագործությունը հայտնվեց հենց հիմա եւ ֆրանսերենով:
Կոնստանտին Պիկրամենոս – Ես ուսանել եմ Աթենքի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, մասնագիտացել ժամանակակից Թուրքիայի խնդիրների մեջ: Ի թիվս այլոց, նաեւ թուրքերենին տիրապետելու պատճառով, զինվորական ծառայությունս կատարել եմ Ռազմական հետախուզական վարչությունում, հունական Լեսբոս կղզում, որը գտնվում է անմիջապես Այվալըք ծովափնյա քաղաքի դիմաց (Թուրքիայի արեւմուտքում): Քաղաքացիական կյանքում բազմիցս եղել եմ Թուրքիայում: Լինելով մրցակցային հետախուզության փորձագետՙ որպես խորհրդական աշխատում եմ արտահանող հունական ձեռնարկությունների հետ, որոնք ակտիվ են թուրքական շուկայում: Արդեն երկար տարիներ է, ինչ ուսամնասիրում եմ հետախուզական ծառայությունները, եւ ասեմ, որ եկող աշնանը VA Editions-ում լույս կտեսնի իմ նոր գիրքըՙ «Իսրայելն ընդդեմ Հըզբոլլահի. հաջորդ պատերազմը կլինի՞ արդյոք վերջինը»: «MIT-Թուրքական գաղտնի գործակալությունը», որը համահեղինակել եմ Սավվաս Կալենտերիդիսի հետ, հրատարակվել է ֆրանսերեն եւ հունարեն. մի քանի ամսից էլ կթարգմանվի անգլերեն: Այս գրքի տպագրությունը նպատակ ունի լցնել այն հսկայական բացը, որն առկա է թուրքական MIT-ի վերաբերյալ. վերջինս Էրդողանի կառավարության նոր օսմանյան ծավալապաշտական քաղաքականության «ռազմավարական» գործիքն է :
– Ինչի՞ հիման վրա կարող ենք ասել, որ MIT-ը 1915 թվականի Ցեղասպանությունը ծրագրած Հատուկ կազմակերպության (Թեշքիլաթ–ը մահսուսե) ուղղակի շարունակությունն է:
– Հատուկ կազմակերպությունը (Թեշքիլաթ-ը մահսուսե) գործել է 1913-1918 թվականներին երիտթուրքական օսմանյան կառավարության ռազմական գործոց նախարար Իսմայիլ Էնվեր Փաշայի ղեկավարությամբ: 1925 թվականին Մուստաֆա Քեմալը Գերմանիայի օգնությամբ հիմնադրեց Ազգային անվտանգության ծառայությունը (MEH-MillՏ Emniyet Hizmeti Riyeseti), որին էլ 40 տարի անց, 1965 թվականին, փոխարինեց MIT-ը (MillՏ stihbarat Te kiet ) կամ Ազգային հետախուզական գործակալությունը: Մինչեւ 20-րդ դարի վերջը MIT-ը առավել ակտիվ էր ներքին քաղաքական հարթակում, որպես թուրքական բանակին ծառայող վերահսկողական գործիք: PKK-ի (ՔԲԿՙ Քրդական Բանվորական կուսակցություն) դեմ պայքարը (1978-ից հետո), ԱՍԱԼԱ-ի ղեկավարների դեմ գործողությունները (80-ական թվականներին) եւ 1980 թվականի հեղաշրջումից հետո Եվրոպայում քաղաքական ապաստան գտած ձախաթեւյան քաղաքացիների վերահսկողությունը նույնպես ընդգրկված էին MIT-ի գործառույթների մեջ: Նրա ամենամեծ հաջողությունը համարվում է PKK-ի պատմական առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հանձնվելը 1999 թվականին Նայրոբիում, թեեւ MIT-ի գործառութային ներդրումն այստեղ գրեթե զրոյական էր:(*)
– Ձեր կարծիքով, արտաքին հետախուզական ծառայության ո՞ր մոդելն է առավելապես հիշեցնում MIT-ըՙ IS-ի՞ն (Պակիստանի միջգերատեսչական հետախուզություն), թե՞ CIA–ին (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն):
– IS-ը հետախուզական ծառայություն է, որը պատկանում է Պակիստանի բանակի՛ն: MIT-ը քաղաքացիակա՛ն հետախուզական ծառայություն է: Այնպես, որ թուրքական գաղտնի ծառայությունն ավելի շատ նման է CIA-ին, քանի որ երկու ծառայություններն էլ (MIT եւ CIA) բացառապես գտնվում են, համապատասխանաբար, Թուրքիայի եւ Ամերիկայի պետությունների ղեկավարների վերահսկողության ներքո: Սակայն MIT-ը արտաքին հետախուզական եւ հակահետախուզական ծառայություն է, որ ունի թե՛ տարածքային հետախուզության (ֆրանսիականի նման) եւ թե՛ AMAN-ի (իսրայելական ռազմական հետախուզություն) (իսրայելականի նման) գործառույթներ: Մի խոսքով, այն CIA-ի, FBI-ի (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) եւ DIA-ի (Defense Intelligence Agency. ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական վարչություն) թուրքական խառնուրդ է:
– Դուք նշում եք, որ 2014 թվականն առանցքային տարի էր, երբ իրականցվեց MIT–ի վարչական եւ գործառութային վերակազմակերպություն: Ի՞նչ է փոխվել դրանից հետո, եւ ի՞նչ քաղաքական, մարդկային եւ ֆինանսական կշիռ ունի այդ ծառայությունը:
– 2014 թվականին տեղի ունեցավ MIT-ի վերակազմակերպումը: Այն գլխավորապես հիմնված էր օտարերկրյա գաղտնի ծառայությունների կառուցվածքի վրաՙ որպես առաջնակարգ մոդել ունենալով CIA-ն: Վերակազմակերպման նորությունն այն վեց անկախ գլխավոր տնօրենությունների ստեղծումն էր, որոնք պիտի վարչական եւ գործառույթային ինքնուրույնություն ունենային: MIT-ը հետախուզական ծառայություն է, որտեղ աշխատում է ավելի քան 8000 մարդՙ բոլոր մասնագիտությունները ներառյալ: Օրինակՙ DGSE-ն (Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր տնօրենություն) ունի 7000 աշխատակից: Սակայն նրա բյուջեն MIT-ի բյուջեի կեսից էլ պակաս է: 2020 թվականին MIT-ը ծախսել է 275 միլիոն եվրո: Կարճ ասած, 2012-ին MIT-ը ստեղծել է Հատուկ գործառութային վարչություն, որը հաջորդաբար ներգրավվեց սիրիական պատերազմում, այնուհետեւՙ Լիբիայում եւ անցյալ տարիՙ Լեռնային Ղարաբաղում:
– Արդյո՞ք Էրդողանի AKP–ի («Արդարություն եւ զարգացում» կուսակցություն) վարչակարգի հետ փոխվեց նաեւ MIT–ը: Ունեցա՞վ գաղափարական վերափոխումՙ անցնելով քեմալական աշխարհիկ ազգայնականությունից իսլամա–ազգայնականության:
– Հետախուզության համար կարեւորը ազգային անվտանգությունն է եւ պետության շահը, իսկ MIT-ը ծառայում է Թուրքիայի պետությանըՙ երեկ քեմալական, թե այսօր նոր օսմանյան: Սակայն Էրդողանի օրակարգը (ռազմավարական հարցերին եւ պետական շահերին վերաբերող) գնալով շատ ծանրաբեռնվեց: Ըստ նոր օսմանյան հավակնությունների, 2050 թվականին Թուրքիան կլինի աշխարհի ամենահզոր 10 երկրների շարքում, ինչպես եւՙ մահմեդական աշխարհի առաջնորդը: Դրա համար էլ MIT-ը պետք է պատրաստ լինի ստանձնել CIA-ին եւ ռուսական CBP-ին (ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն) համարժեք թուրքական գաղտնի ծառայության դերը: MIT-ի փոխակերպումը գաղափարական չէ, այլ ավելի շուտ կառուցվածքային եւ գործառական: MIT-ը քաղաքականությամբ չի զբաղվում, այլ հետախուզությամբՙ կիրառելով կառավարության հրահանգները, եւ Հաքան Ֆիդանն այն անձնավորությունն է, որը խորապես կերպարանափոխեց թուրքական հետախուզությունը:
– Ձեր գրքում դուք ընդգծում եք թուրքական եւ իրանական գաղտնի գործակալությունների մերձության մասին, հատկապես հանձին մի մարդուՙ իրանա–թուրք գործարար Ռեզա Զառաբի: Արդյո՞ք այստեղ գործ ունենք «եղբայրա–շիական» ռազմավարական դաշինքի հետ, ինչպես կասեր Ժիլ Կեպելը (Ֆրանսիացի քաղաքագետ: Իսլամի եւ ժամանակակից արաբական աշխարհի մասնագետ):
– Ո՛չ, այդպես չեմ կարծում: Գիտե՞ք, «եղբայրա-շիական» դաշինքը, Ժիլ Կեպելի այդ եզրույթը, հիմնված չէ կրոնական ուսմունքի վրա (սուննի-շիա), այլ հակասիոնիստական եւ հակասաուդյան ընդհանուր ճակատի: Հաքան Ֆիդանի օրոք թուրքական MIT-ի մերձեցումը իրանական VEVAK-ի (Իրանի հետախուզության եւ ազգային անվտանգության նախարարություն) հետՙ նախ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բազմաթիվ կադրերի հիացմունքի զուտ արդյունքն էր Իրանում իսլամական հեղափոխության նկատմամբ: Հպանցիկ ասեմ, որ Վաշինգտոնում Թուրքիայի ներկայիս դեսպանը մոլլաների ռեժիմի «կայացած երկրպագու» է: «Թուրքական գաղտնի ծառայություն» գրքում այս թեմայի վերաբերյալ կան շատ տեղեկություններ: Բացի այդ, քրդական հարցը եւ PKK-ի գործունեությունը երկու հետախուզական ծառայություններին մտահոգող ընդհանուր թեմաներ են: Մինչդեռ Ռեզա Զառաբի գործն ավելի շատ վերաբերում է թուրքական ղեկավար վերնախավի ներսում առկա կոռուպցիոն ցանցերին, քան, այսպես կոչված, թուրք-իրանական կամ եղբայրա-շիական դաշինքին: Վստահեցնում եմ ձեզ, որ եթե Զառաբը կոչվեր, օրինակ, Քոհեն կամ Լեւի, նա դարձյալ նույնքան հեշտությամբ «ցանցեր» կգտներ իր բիզնեսի համար …
– Արդյո՞ք MIT–ը նույն կերպ է գործում թե՛ Ֆրանսիայում եւ թե՛ Գերմանիայում, կամ գուցե գերմանացիների մոտ նրանք ավելի մանեւրո՞ղ են:
– MIT-ի գործելաձեւը նույնն է ամբողջ Եւրոպայում: Տեղեկությունների հավաքման համար թուրքական ծառայությունն օգտագործում է հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, պետական գործակալությունների թուրք-իսլամական ընկերությունների եւ Թուրքիայի պետական ծառայող իմամների մի հսկայական ցանց: Դրա նպատակն էՙ վերահսկել Էրդողանի կառավարության հակառակորդներին (քրդեր, ալեւիներ, գյուլենականներ, լիբերալներ, հայեր եւ այլն) եւ ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա: MIT-ի գործողությունների մի մեծ մաս կենտրոնացած է Գերմանիայում, որը հյուրընկալում է երեքուկես միլիոն թուրք քաղաքացի (ներառյալ ութ հարյուր հազար քրդեր), քանի որ PKK-ն եւ Գյուլենի համայնքն այնտեղ ունեն տասնյակ հազարավոր համակիրներ: Կարելի է ասել, որ Ֆրանսիայում MIT գործակալները գործում են բավականին ազատՙ ի տարբերություն Գերմանիայի, որտեղ լրտեսության համար արդեն ընթանում են բազմաթիվ դատավարություններ ու դատաքննություններ:
– Եւ ի՞նչ մտածել MIT–ի եւ DGSE–ի համագործակցության մասին, երբ գիտենք, որ ֆրանսիական գաղտնի ծառայությունների տնօրեն Բեռնար Էմիեն նախկինում եղել է Ֆրանսիայի դեսպանը Թուրքիայում եւ ծանոթ է նախկինում իր համապաշտոնյային, որը ներկայումս Թուրքիայի դեսպանն է Ֆրանսիայում:
– MIT-ը եւ DGSE-ն վաղուց են ճանաչում միմյանց, դեռ մինչեւ Բեռնար Էմիեիՙ DGSE-ի տնօրեն նշանակվելը եւ Հաքի Մուսայիՙ MIT-ի թիվ երկու պաշտոնյան դառնալը 2012-ին: Արդեն տասնամյակներ են, որ Ֆրանսիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ Եւրոխորհրդի անդամներ են: Սակայն այս երկու հետախուզական ծառայությունների «առաջնայնությունները» մրցակցային ու բախումնային են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են իսլամիստական ահաբեկչությունը, Մուսուլման եղբայրները, Լիբիան, Արեւելյան Միջերկրականը եւ վերջերս նաեւՙ Աֆրիկան ու Մաղրիբը: Ստամբուլում DGSE-ի չորս թուրք իրազեկիչների վերջին պատմությունը բազմաթիվ «սովորական» պատմություններից ընդամենը մեկն էր, որ հայտնի դարձավ: Ապագայում, կարծում եմ, ավելին կիմանանք MIT-ի եւ DGSE-ի գաղտնի պատերազմի մասին, օրինակՙ Լիբիայում եւ Սահելում: MIT-ի մասին երկրորդ գրքի համար նյութեր կարող են հայտնվել…
– Ի՞նչ դեր ունեցավ MIT–ը ղարաբաղյան երկրորդ պատերազմում եւ սիրիացի ջիհադիստների հավաքագրման մեջ: