Հակառակորդի առջև դռները բացել նշանակում է՝ կրկնակի դավաճանություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Եթե նայենք հայ ժողովրդի պատմությունը վերջին հարյուրամյակում՝ կտեսնենք, Թուրքիայի պատճառով ինչերի միջով ենք անցել: Որքա ՞ն վստահելի է քո հարևան Թուրքիան, որքա ՞ն նա կարող է ոտնահարել քո իրավունքները, անարգել քո պատիվը, այդպիսի հարևանի հետ հարևանություն չեն անում, հատկապես այն դեպքում, երբ քեզ պարտված պետություն են համարում»,-ասաց Մանվել Եղիազարյանը:
Ազատամարտիկի համոզմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը հաճախակի սպառնալիքներ են հնչեցնում, որպեսզի հայկական կողմն այլևս չմտածի ռևանշի մասին.
«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները, նրանց կողմից հնչեցվող սպառնալիքները արվում է նրա համար, որպեսզի մենք ռևանշի մասին չմտածենք, մենք մեր աչքին ստորանանք, համարենք մեզ ոչնչացած ժողովուրդ, որ ասենք Թուրքիան գալու է մեզ փրկի: Կարծում եմ այսպիսի քաղաքականություն է տարվում, որը տուպիկային է»,-ասաց ազատամարտիկը:
Զրուցակիցը վստահեցնում է, եթե մենք մեր պետություն կորցնենք ոչ մեկը չի ողբալու հայ ժողովրդի համար, բայց եթե մենք հաղթեցինք, բոլորը գովելու են հայ ժողովրդին.
«Ժամանակին երկիրը ավերեցին, շատ մարդիկ ձայն չհանեցին, խոսքս այն հայրենասեր կորիզի մասին է, որը պայքար սկսեց 80-90թթ-ին, մի որոշ մաս էլ գայթակղվեց սեփականությամբ, և ամեն մեկը մի պատառ փախցնելով, ձայները կտրեցին, դա իրենց խնդիրն է, բայց սա մեր հայրենիքն է, որը դրված է սարսափելի մեծ կացնի տակ, և մենք պարտավոր ենք չմտածել՝ մեր մասին ինչ են խոսում։ Եթե մենք մեր պետություն կորցնենք, ոչ մեկը չի ողբալու հայ ժողովրդի համար, բայց եթե մենք հաղթեցինք, բոլորը գովելու են հայ ժողովրդին, դա է աշխարհի իրողությունը , որով մենք պետք է առաջնորդվենք»:
Հարցին՝ որքա՞նով է հավանական համարում, որ իշխանությունները կհրաժարվեն Հայկական հարցից, պահանջատիրությունից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար.
«Եթե այդպիսի բան արվեց, ու իշխանությունն այդքանից հետո նորից կարողանա գոյատևել, ղեկավարել, դա կնշանակի, որ մենք մեր ինքնապաշտպանական բնազդը կորցրել ենք և դարձել ենք անտարբեր հայրենիքի նկատմամբ: Մարդիկ չեն հասկանում, եթե Հայաստան չլինի, Սփյուռք չի կարող լինել, նրանք մեզանով են ուրախանում, ոգևորվում»,-ասաց Մանվել Եղիազարյանը:
Աղբյուր` Փաստինֆո