Քրիստիան ՄԱՄՈ Հայկական երաժշտությունը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնումՙ շնորհիվ «Երազ» հատընտիր ալբոմի, որում ներկայացված են երաժիշտներ Հայաստանից եւ հայկական սփյուռքից:Հայերենով ալբոմի անվանումը նշանակում է «երազ», եւ հազիվ թե հնարավոր լինի գտնել առավել համապատասխան վերնագիր երգերի ժողովածուի համար, որում ընդգրկված են երաժիշտներ Հայաստանից եւ հայկական սփյուռքից:Տասը թրեքերը, որոնց մի մասը տեղի երաժիշտների գործեր են, մյուս մասըՙ հայկական խոշոր սփյուռքի ներկայացուցիչների, ներառում են խիստ տարբեր ռիթմերՙ էմբիենտից մինչեւ հուզականը եւ բուռնը, սակայն բոլորն էլ կրում են երազային հայկական երաժշտական արտահայտման ընդհանրական հատկանիշները: Ավանդական գործիքները անբռնազբոս միախառնվում են էլեկտրոնայիններինՙ միաժամանակ թրեքերին հաղորդելով ժամանակակից եւ հայկական մշակույթի վրա հիմնված երանգներ: Արդյունքը խիստ յուրահատուկ էՙ լո-ֆիի, դաունտեմպոի, սոուլի խառնուրդով երգերՙ ֆանկային, թրթռացող եւ էներգետիկ թրեքերի կողքին:Երազը ստեղծվել է Լոս Անջելոսում հիմնված «Քրիթիք» արվեստի գործակալության եւ «Քույրիկներ» հայկական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում:Նախագծի հեղինակն է «Քրիթիք»-ի երաժիշտների եւ երգացանկի հարցերով տնօրեն Զաք Աստուրյանը , որ հայկական սփյուռքի ներկայացուցիչ է: Ալբոմի ողջ հասույթը հատկացվելու է «Քույրիկներ»-ին, որը հումանիտար աշխատանք է կատարում Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ժամանակ տարհանված հայերի համար: Այս հանգամանքով է պայմանավորված հայկական իրականության մեջ այս նախագծի նկատմամբ հատուկ, կենդանի հետաքրքրությունը:«Երազի» մասին ամեն ինչՙ սկսած դրա համատեղ նախաձեռնության արդյունք լինելուց մինչեւ Հայաստանի եւ հայկական սփյուռքի երաժիշտներից բաղկացած լինելու հանգամանքըՙ շատ խոսուն կերպով ներկայացնում է հայ ժողովրդին: Իսկ ալբոմի թողարկման ժամանակահատվածըՙ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած ցավալի ռազմական պարտությունից անմիջապես հետո, իհարկե պատահական չի ընտրված:Հայերը շատ դժվար պատմություն են ունեցել: 19-րդ դարի վերջից նրանք ենթարկվել են սարսափելի սպանությունների եւ ջարդերի, որոնք իրականացվել են անկման եզրին գտնվող եւ ժամանակի հետ ավելի ու ավելի հանդուգն, ազգայնամոլ եւ ոխակալ դարձած Օսմանյան կայսրության կողմից: Դրանց բարձրակետը եղավ Հայոց ցեղասպանությունը, որը սկսվեց 1915 թվականին:Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի տվյալների համաձայնՙ ցեղասպանության ընթացքում սպանվել է առնվազն մեկ միլիոն հայ: հետեւանքում հայերը ցրվել են աշխարհով մեկՙ ծնունդ տալով հայկական սփյուռքին:Այսօր Հայաստանի կառավարության հաշվարկներով ամբողջական կամ մասնակի հայկական ծագում ունեցող մոտ յոթ միլիոն մարդ է բնակվում աշխարհում, որը բուն Հայաստանի բնակչության ավելի քան կրկնապատիկն է: Անգամ այնպիսի հեռավոր երկրներում, ինչպիսին են Մեքսիկան եւ Եթովպիան, այսօր առկա են հայկական համայնքներ:Թենիսի չեմպիոն Անդրե Աղասին, փոփ աստղ Շերը եւ ծանր ռոքի «Սիսթըմ օֆ է դաուն» խումբը սերում են հայկական սփյուռքից:Սփյուռքը խորը մշակութային եւ զգայական կապեր ունի հայրենիքի հետ: Այդ զգացմունքը ամբողջ ուժով արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ընթացքում. հայկական սփյուռքին հաջողվեց հավաքել 150 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար ռազմական կարիքների համար եւ որպես հումանիտար օգնություն: Բոլորովին զարմանալի չէ, որ «Երազ»-ի գաղափարը խոսում է սփյուռքի եւ հայրենիքի հայերի միջեւ շարունակական օժանդակության եւ միասնականության դրսեւորման մասին:«Երազ» ալբոմի երգերը միաժամանակ տոգորված են հայկականությամբ եւ բազմաբնույթ ենՙ արտահայտելով հայ ժողովրդի դեգերումները: Ալբոմի առաջինՙ «Երկինք» երգում, որի երաժշտության հեղինակն է բրուկլինցի դիջեյ Էմիլ Աբրամյանը , թավջութակի նվագը մեղմորեն ընդհատվում է սինթեզատորիՙ արհեստավարժ մշակման ենթարկված ճռճռոցով եւ հարվածային արտասովոր գործիքների ձայներով:Լիբանանում ծնված պրոդյուսերՙ Բեյ Ռուիհեղինակածՙ երկրորդ երգում քանոնի թրթռուն ձայնը միախառնվելով դաշնամուրի հոգեթով ակորդներին եւ թմբուկների մեղմ հարվածներին ծնում է հանդարտ մեղեդի, որն հիշեցնում է նեո-սոուլի լեգենդ Դ Անջելոյին: Մեկ այլ երգում եթերային հնչողությամբ հայկական ֆլեյտայիՙ դուդուկի եռյակ է օգտագործված: Դիպուկ կերպով «Երեք դուդուկներ» վերնագրված եւ 13 րոպե տեւողությամբ մեղեդին Լոս Անջելոսում բնակվող ինդի երաժիշտՙ Էնջլ Տիրատուրյանի կողմից գրված էմբիենտ ոճի աշխույժ ստեղծագործություն է:«Երազ» ալբոմում ընդգրկված բոլոր երաժիշտները հարգանքի տուրք են մատուցում իրենց մայրենի մշակույթինՙ ազգային գործիքները ներմուծելով իրենց ստեղծած ժամանակակից երաժշտության մեջ: Դա ցույց է տալիս այն խորը կապը, որ հայկական սփյուռքը զգում է իր պապերի երկրի հանդեպ:Որքան էլ տարօրինակ է, «Երազ» ալբոմում հայկական ավանդական տարրերը ավելի շատ օգտագործվել են սփյուռքահայ երաժիշտների, քան հայաստանաբնակ երաժիշտների կողմից: Ալբոմի առաջին երգը տեղացի երաժիշտ, հայկական ժամանակակից գիշերային կյանքի մշտական այցելու, դիջեյ եւ պրոդյուսեր Կամավոսյանի«Զանգվածային կոչ» կենդանի ու թրթռուն երգն է: Սա հզոր ակումբային հիթ է, որը հեշտությամբ կարող էր ստեղծված լինել Բեռլինի բազմաթիվ ստորգետնյա ակումբներից մեկում:Երեւանյան ակումբային կյանքի մեկ այլ ներկայացուցչիՙ Մելինեի «Անցիր անցնեմ» երգում երաժշտական գործիքի հրաշալիորեն կենսուրախ ռիթմերի միջեւ անկանոն ներս ու դուրս է անում Մելինեի նուրբ, գեղգեղուն, հայերեն լեզվով վոկալը:Երեւանյան դիջեյ Սերժոյի «Սիրո առաքում» ֆանկ ոճի ձայնագրությունը հարգանքի տուրք է 1990-ականների դիսկոյի ազդեցությունը կրող ֆրանսիական հաուզին:Երազը ժամանակակից հայկական երաժշտական կյանքում կարեւոր նախաձեռնություն է: Դրա ստեղծումը պայմանավորված է հայկական սփյուռքի եւ տեղի բնակչության միջեւ կապով եւ իր հնամենի հայրենիքին օգնելուՙ սփյուռքի հսկայական ջանքերով:Իսկ բուն երաժշտությունը ուշագրավ ու յուրահատուկ էՙ միկրոտիեզերք հայոց պատմությանՙ էկլեկտիկ մշակույթով, իր բազմատարր, բայց միասնական սփյուռքով ուժեղ մի երկրի, որը գտնվում է երկու մայրցամաքների խաչմերուկում:Անգլ. թարգմանեց Լուսինե ՂԱԼՈՒՄՅԱՆԸ |
«Ազգ» շաբաթաթերթ