ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի
Արդեն քանի ամիս գյումրեցու երեսից վերացել է ժպիտը: Չի լսվում նրա անբաժան հումորը, որը լրիվ չէր մարել անգամ 88-ի ավերիչ երկրաշարժի դաժան օրերին: Հոգու ճնշող ցավն ու բողոքը, որ կա այսօր ամեն հայի մեջ, նրան նաեւ իր կորցրածի չափով է կաշկանդել, ներփակել:
Մարտի առաջին շաբաթվա ընթացքում երկու օր Շիրակի մարզպետարանի մուտքը փակել էին Արցախում գերեվարված գյումրեցի, շիրակցի զինծառայողների հարազատները: Պահանջը մեկն էրՙ իշխանությունների հստակ պատասխանը, թե երբ կվերադարձնեն իրենց զավակներին, հարազատներին:
Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի մոտ տեղակայված դիրքերից գերեվարված շիրակցի 62 զինվորական կամավորներից նախ 5-ը, հետո երեւի 3-ը վերադարձվել են, իսկ մնացած մեծամասնության ճակատագիրը մնում է անհայտ ու տագնապեցնող: Գերյալների հարազատները փետրվարին հանդիպել են նաեւ Գյումրի այցելած վարչապետի հետ, բայց իրենց հուզող հարցին բավարարող պատասխան չեն ստացել: Մարդկանց զայրացրել էր նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե իր իշխանության գալու դեպքում գերիների հարցի լուծումը մի քանի օրվա խնդիր կլինի: Ասում էինՙ եթե կարող եսՙ բեր, հետո խոսիր:
Մնացածը քաղաքի հին հոգսերն ու նաեւ դեպի դրականն արվող որոշ քայլերն են: Գյումրու համապատկերում այսօր նկատելի են դեռ առկա տնակային ավանները, քաղաքի տարբեր մասերում նորոգված ու դրան սպասող փողոցները, այդ փողոցներից արդեն մի քանի ամիս կրկին վերացած քաղաքային ավտոբուսները եւ հնացած «ԳԱԶել»-ների ու… թափառող շների արդեն տիրական ներկայությունը: Երեւի չկա մի թաղամաս, մի փողոցՙ քաղաքի կենտրոնում, թե որեւէ ծայրամասում, որտեղ չորքոտանի բարեկամների, նրանց նաեւ ոհմակների տարածքային յուրատեսակ ու վտանգավոր «իշխանությունը» հաստատված չլինի: Դրանք հաճախ մեծերի համար էլ են վտանգավոր, ուր մնաց թե երեխաները կարողանան հանգիստ գոնե դպրոց գնալ ու գալ: Անցյա՞լ, թե նախանցյալ տարի հետերկրաշարժյան ծայրամասային «Մուշ» թաղամասում շները գզել էին 2,5 տարեկան մի երեխայի, նա հիվանդանոց էր ընկել: Եվ զարմանալին այն էր, որ այդ մասին ֆեյսբուքյան հրապարակման տակ մեկնաբանություններում դժգոհողներին պատասխանող կենդանասերները բոլորը խղճացել ու պաշտպանել էին միայն շներին… Քաղաքապետարանն ասում էՙ հարգելի բնակիչներ, ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով կալանք է սահմանում: Գործող օրենքի համաձայն համայնքի տարածքում թափառող շների ստերջացման ծրագիր է իրականացվում: Բայց սա, ինչպես երեւում է, արդեն ամբողջ հանրապետությունում սրացած այս խնդիրը չի լուծում, ու հրամայաբար պահանջվում է նոր բան մտածել:
Քաղաքային տրանսպորտի վիճակը եւս լուրջ խնդիր է: 2013 թվականին տարիների ընդմիջումից հետո Գյումրու փողոցներում կրկին ավտոբուսներ հայտնվեցին: Չինական մեկուկես տասնյակ նոր մեքենաները սկսեցին աշխատել ներքաղաքային երկու երթուղիներում, ուրախացնելով բնակչությանը: Ցավոք, սկսված լավ գործը շարունակություն չունեցավ, իսկ այդ ավտոբուսներն արդեն վատ տեխնիկական վիճակի պատճառով մի քանի ամիս էՙ էլ չեն շահագործվում: Այս տարիների ընթացքում քաղաքի ղեկավարությունը տարբեր ծրագրեր է մտածել, ավտոբուսային պարկի վերականգնման խոստումներ տվել, բայց իրական արդյունք դեռ չկա: Այժմ էլ համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը հույս է տալիս, որ արդեն այս տարի ներքաղաքային տրանսպորտային համակարգը կնորացվի ու կարդիականացվի: Դա կարվի կառավարության հետ համատեղ ծրագրով: Օրերս պարզվեց, որ ի վերջո որոշվել է ձեռք բերել 70-75 նոր, ռուսական արտադրության ժամանակակից… էլի «ԳԱԶել» մեքենա, որոնք հիմնականում կփոխարինեն մենատեր հին «ԳԱԶել»-ներին, իհարկեՙ նրանցից տարբերվելով տեղերի քանակով ու որակական հատկանիշներով: Ըստ համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետի, նման ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ մեքենաների սպասարկումն էժան է, դրանց պահեստամասերը ճարելն էլՙ հեշտ: Ճիշտ է, ավտուբուսներ ունենալու քաղաքացու հույսն էլ այնուամենայնիվ լրիվ չի մարվի. Եվրոմիության ծրագիր են շահել, որով բերվելու է էլեկտրականությամբ աշխատող մոտավորապես 5 ավտոբուս: Կառուցված ու կառուցվելիք գեղեցիկ կանգառներում գոնե դրանք մեկ-մեկ երեւան:
Հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսության էական զարգացում հասկացությունը, թվում է, այդպես էլ մոռացվածների շարքում է: Համենայն դեպսՙ գործնական առումով: Տարիներ առաջ իշխանության որոշ ներակայացուցիչներ ասում էինՙ դրան կարելի է դառնալ երկրաշարժից անօթեւանների բնակարանային խնդրի վերջնական լուծումից հետո: Այստեղ այժմ հաշվառված է մնում 414 անօթեւան ընտանիք, սակայն կա 2008 թվականի վերջին հաշվառումից դուրս մնալու եւ այլ պատճառներով չփոխհատուցված, ըստ տարբեր հաշվարկների, եւս 800-1100 ընտանիք: Այս տարի քաղաքում 114 բնակարան կկառուցի Համահայկական հիմնադրամը:
2019-ին որպես Գյումրու տնտեսական զարգացման մի ուղղություն աննախադեպ թափ առավ զբոսաշրջությունը, հատկապես ներքինը: Բայց դրան կտրուկ խոչընդոտ եղավ ծագած համավարակը: Հիմա արդեն վերսկսման քայլեր են նկատվում: Զբոսաշրջիկների հոսքը խթանող գործոններից մեկը քաղաքի կենտրոնից սկսված աննախադեպ ու գեղեցիկ փողոցանորոգումներն էին, որոնք իրականացվել են ինչպես Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հատկացրած վարկային եւ այլ միջոցներով, այնպես էլ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարություն-համայնքապետարան համատեղ ծրագրերով: Այս տարի դրանք կշարունակվեն: Ըստ քաղաքապետի հավաստիացման, մինչեւ 2022 թվականի ավարտը Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհՙ քաղաքի փողոցների 70 տոկոսը: Կկատարվեն նաեւ քաղաքային տնտեսության բարելավման այլ աշխատանքներ:
Մարտի 7-ին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Քեյս» ներկայացման առաջնախաղով դռները բացեց հանդիսատեսի առջեւ: Անցյալ տարվա սեպտեմբերին բացված ու երկրի իրավիճակի պատճառով ընդհատված 155-րդ թատերաշրջանը շարունակվում է. կյանքը շարունակվում է: Այս տարի այլ տրամադրվածությամբ բեմադրություններ կանեն, միայն դրական ուղղվածության: «Կոմեդիաներ կլինեն, ավելի շատ կխոսենք սիրո մասին, ավելի շատ կխոսենք համերաշխության մասին: Կփորձենք ինչքան հնարավոր էՙ մեր հանդիսատեսի հետ խոսել ջերմ ու ավելի շատ լավ բաների մասին»,- ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը: Թե ինչուՙ երեւի իրոք բացատրելու կարիք չկա…
«Ազգ» շաբաթաթերթ