ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Հայկական Սփյուռքը պատերազմի ընթացքում զանգվածաբար ներգրավվեց Արցախին սատարելու գործինՙ երեւան հանելով թե՛ իր հսկայական բազմազանությունը եւ թե՛ մայր հայրենիքի տարածքները պաշտպանելու համընդհանուր ձգտումը: Լինելով անկանոն շարժուն սուբյեկտՙ հայկական կղզեխումբը պետք է առավել մեծ դեր խաղա Երեւանում: Սակայն նախ պետք է ընկալել Սփյուռքը եւ քննարկել նրա ապագան:
2020 թվականի աշնանը, երբ Արցախում դեռ ընթանում էին թեժ մարտեր, Մոնրեալում հաստատված ավագ քահանա Գառնիկ Գոյունյանը հրատարակեց «Սփիւռք Ինքնութիւն/ Այլութիւն» վերնագրով հայերեն ծավալուն մի գիրքՙ Սփյուռքին վերաբերող հոդվածների ժողովածուի տեսքով (eglise@sourphagop.net. Կանադա): 2017 թվականից այս հոգեւորականն ու մտավորականը ձեռնարկել է ընդգրկուն մի աշխատանք, որի նպատակն էր հավաքագրել, խմբագրել ու հրատարակել հայ Սփյուռքին վերաբերող տեքստեր, վերլուծություններ ու մտքեր: Հոդվածների այս ժողովածուն առաջին հատորն է մի հանրագիտակի, որը դեռեւս պիտի շարունակվի: Այս հատորի մյուս վեց հեղինակներն ունեն նմանատիպ ԴՆԹ. նրանք բոլորն էլ ծագումով արեւմտահայեր են, տարբեր չափով կապված ՀՅԴ-ի հետ եւ ունեն նույն արեւելյան ենթաշերտը:
Մանասե Սեւակ (1895-1967), Մեծ Եղեռնից փրկված, ծագումով Կիլիկիայից. ԱՄՆ–ում հաստատված հայտնի գիտնական: Մուշեղ Իշխան (1914-1990), հայերեն է դասավանդել Բեյրութի հեղինակավոր Հայ Ճեմարանում, որը 1960-ական թվականներին Բեյրութում արեւմտահայ բանասիրության տնկարանն էր: Բաբկեն Փափազյանՙ ՀՅԴ ակտիվիստ. ծնվել է 1915 թվականին Բաղդադում, մահացել 1990 թվականին, Բեյրութում: Մելքոն Էպլիղաթյան (ծնվել է 1919 թ. Կ. Պոլսին մերձ Իշխանաց կղզիներում եւ մահացել Բեյրութում, 2005 թ.), հասարակական գործիչ Լիբանանում, 1972-ից մինչեւ քաղաքացիական պատերազմի ավարտը եղել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր ՙ ներկայացնելով առաջին սերունդը: Երկրորդ սերունդը մարմնավորում են դաշնակցական մամուլի երկու գործիչներՙ ֆրանսահայ ակտիվիստներին քաջածանոթ Հակոբ Պալյանը (ծնվել է 1935 թ. Ալեքսանդրեթում) եւ Վրեժ Արմեն Արթինյանըՙ ծնված 1940 թվականին Կահիրեում. հաստատվելով Կանադայումՙ հիմնել ու երկար տարիներ ղեկավարել է «Հորիզոն» թերթի գրական հավելվածը :
Նշված վեց գործիչներն էլ ընկալել են հետեղեռնյան Սփյուռքը, փորձել են սահմանել այն եւ տալ հայեցակարգային շրջանակՙ չկարողանալով, սակայն, ամբողջությամբ հաջողել դրանում: Այնուհանդերձ, այս հատորում անդրադարձ չկա «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների պարբերաթերթի» (Diaspora: A journal of transnational studies) հիմնադիր պրոֆեսոր Խաչիկ Թյոլելյանի աշխատություններին, որը դեռեւս 1978 թվականին խոսել է իրականությանը համարժեք մոտեցում ունենալու անհրաժեշտության մասին: Անդրադարձ չկա նաեւ Վահե Օշականի եւ Հարութ Քյուրքճյանի աշխատություններին, չնայած տեր Գառնիկը հիշատակել է նրանց իր նախաբանում:
Անշուշտ, խիստ ողջունելի է այս հրատարակությունը, սակայն ափսոսալի է, որ այս տեքստերում բավարար չափով շեշտված չէ այն, որ Սփյուռքի հայ ինքնությունը պետք է թոթափել առասպելների ու առաքելականության բեռից, ինչը խոչընդոտում է իրականության հետ կապին:
Անշուշտ, Սփյուռք հասկացության բնորոշումները, այնպես ինչպես տրվել են դրանք այդ տարիներին եւ որքան էլ տարամետ էին, ժամանակավրեպ են թվում, կամ, առնվազն, անվավերՙ նկատի ունենալով, որ նրանց ժամանակի Սփյուռքը զուրկ էր ռեֆերենտ Պետությունից, եւ որ նա ստատիկ երեւույթ չէ, այլ տարածության եւ ժամանակի մեջ զարգանում է մեծ արագությամբ: Սակայն նրանց մտքերը մերձենում են միմյանց, երբ համեմատում են Սփյուռքը մի չկպած պատվաստի, մի արմատախիլ ծառի հետ: Ակնհայտ է, որ 1960-1970 թվականների հայ Սփյուռքի դեմքը շատ ավելի նույներանգ էր, քան այսօր: Սակայն հեղինակներն արդեն իսկ փորձել են հասկանալ, թե ո՛րն է նրա ԴՆԹ-ն: Բաբկեն Փափազյանի համար չկա Սփյուռքՙ առանց Հայ դատի: Նրա կարծիքով, հենց այս պայքարողական ցուցիչն է պատճառը, որ Ամերիկայի լիբանանցի եւ իտալացի ներգաղթյալների համայնքները կարիք չունեն «Սփյուռք» պիտակի: Երբ Մանասե Սեւակը խոսում էր սփյուռքում իսկական «Պետության» ստեղծման մասին, նա ակնարկում էր անիշխանությունը կառուցակարգելու անհրաժեշտությունը: Սակայն ո՛չ Բաբկեն Փափազյանի դասակարգման փորձերը, ո՛չ Սփյուռքը բնութագրելու շուրջ իմաստաբանական վեճերը մեկուսի չեն կարող նկատի առնել նրաՙ որպես տարածքազուրկ միավորի անըմբռնելի բնույթը, սեփական գոյության գիտակցության բացակայությունը: Դա Վահե Օշականին եւ փիլիսոփա Մարկ Նշանյանին կստիպի ասել, որ չկա Սփյուռքի մետաֆիզիկա: Սփյուռքը կարող է գոյատեւել միայն ինքն իր համար, կարելի է ավելացնել, որ նա ինքնագիտակցություն չունի:
Գիտելիքի փոխանցումն իբրեւ հարատեւության միջոց
Մյուս կողմից, Մելքոն Էպլիղաթյանը 1965 թվականը եւ Մեծ Եղեռնի հիսունամյակը համարում է առանցքային պահ: Այսպիսով, մտնում ենք Սփյուռքի պատմության երկրորդ փուլը: Նախորդ սերունդներին, որոնք համարվում էին երկրից արմատախիլ եղած, հաջորդում է մի երիտասարդություն, որն արձանագրեց իր ներկայության մշտատեւությունը հյուրընկալող երկրներում: Հենց այս սերունդը պիտի ջանա ազատագրել հայկական գիտակցությունը, որ ապականված է բարդույթներից եւ համարժեք հայեցակարգային գործիքներ չունենալու պատճառով իրականությունն ընկալելու անկարողությունից:
Գրականությունը մեզ տեղեկացնում է իրականության մասին: Եթե, Փարիզյան դպրոցի պարագայում, Շահնուրը, Սարաֆյանը, Որբունին եւ այլք խորապես ազդվել են այլության պատճառով, ապա Միջին Արեւելքի գրողները բավարարվել ենՙ հայացնելով գետտոյի խստություններով սահմանափակված մի տարածություն: Հետեւապես նրանք չէին կարող հասկանալ, թե ինչպես է Այլությունը մեզ կերտում ու ավերում: Խիստ ազդված հայ-լիբանանյան եւ հայ-սիրիական համատեքստիցՙ գրող Մուշեղ Իշխանը բավարարվել է մի քանի կաղապարներով եւ կարեւորել է Միջին Արեւելքի եւ դպրոցների մոդելըՙ նվազեցնելով գետտոյացման ռիսկը, որ մատնանշում է Մելքոն Էպլիղաթյանը, եւ ժխտելով, որ նույն այս մոդելը օսմանյան միլլեթների համակարգի շարունակության մաս է:
Հայաստանի անկախությունն, անշուշտ, փոխեց իրավիճակը, սակայն չնպաստեց լուծելու այն հիմնահարցերը, որոնք մշտապես ծառանում են Սփյուռքի մտավորականության յուրաքանչյուր սերնդի առաջ: Ցեղասպանության ճանաչումը տեղը զիջեց փոխհատուցման պահանջին: Ձուլման մղձավանջը, որ համարվում է սպիտակ ցեղասպանություն, տագնապեցնում է Վրեժ Արմեն Արթինյանին: Ի՞նչ անել, ուրեմն: Առավել արմատական մոտեցում ունեցող Հակոբ Բալյանը պնդում է անխուսափելիորեն ձուլման դատապարտված Սփյուռքի անհեթեթությունըՙ միակ ելքը համարելով բոլորի հայրենադարձումը: Սրանով նա կրկնում է ՀՅԴ-ի «դեպի էրգիր» մանտրան, որ տարածված էր ԽՍՀՄ-ի անկման ժամանակահատվածումՙ չխորանալով, սակայն, այդ կարգախոսի ձախողման պատճառների մեջ :
Ընդհանուր առմամբ, բոլորն էլ համամիտ են, որ առաջնային է լեզվի գործածության պահպանումը, որն ինքնության ցուցիչ է եւ բացվող դուռ դեպի հայ մշակույթ: Ուստի ապավե՛ն լինենք գիտությանը, Հայաստանի թե Սփյուռքի կրթական կենտրոններում, համալսարաններում Սփյուռքի ամբիոնների տարածմանըՙ Բեյրութի Հայկազյան Համալսարանի օրինակով: Եւ վերադառնանք Ֆրանսիայում հայ մարտնչողականությանը, ինչպիսին այն պատկերացրել է Հայագիտական կենտրոնի հիմնադիր պրոֆ. Ժորժ Խաչիկյանը, որը կրթեց Հայ դատի մարտնչողների մի ամբողջ սերունդ 1960-ական թվականների կեսերին:
Փլուզումից դրդված հրատապություն
Փաստ է, որ ո՛չ Երեւանում, ո՛չ Սփյուռքի գլխավոր բեւեռներում, ոչ ոք իսկապես չէր կանխատեսել սցենարներից վատագույնը եւ չէր խորհել հայկական ազգային պետության կառուցման մասին, ինչը միակ երաշխավորն է այն ժողովրդի ինքնության հարատեւության, որի երկու երրորդն ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Համահայկական վերամբարձ քարոզներից ու լավագույն մղումների հայտարարություններից հոգնածՙ Սփյուռքի այս հայերը պետք է առողջացնեն իրենց կապը Երեւանի հետ նոր հենքի վրաՙ մարդասիրականից կամ զբոսաշրջայինից անդին: Կթան կով կամ գիշատիչ օլիգարխիայի մեղսակից Սփյուռքն ի վիճակի չեղավ մասնակցել երկրի կառուցմանը, որտեղ պետականության թվացյալ փայլի տակ թաքնված էր քայքայվող մի վարչակարգ: Հուշային Պետություն, որ հավակնում է լինել խիստ բեկորավոր ու բազմատեսակ հայ աշխարհի առաջին ու վերջին բեւեռը: Սակայն ընտրել հորիզոնական կապը եւ հանդիսանալ Հայաստանում դրական առաջարկությունների ուժ` ենթադրում է յուրացնել կովկասյան մշակութային կոդերը, ինչը հասանելի չէ բոլորին: Այստեղից էլ բխում է այն միտքը, թե պետք է ստեղծել բոլոր միտումներն ու համայնքները ներկայացնող համահայկական խորհուրդ, կամ գուցե սենատՙ բարձրագույն պալատ, բաղկացած Սփյուռքի հայության «իմաստուններից», որոնք ընտրական համակարգով կնշանակվեն Հայկական պետության տարբեր մարմինների կողմիցՙ ըստ նրանց երկրի եւ մասնագիտական իմացության:
Եթե Երեւանը լծվի իր պետական ապարատում սփյուռքահայերի ներգրավվածության այս խնդրին, անշուշտ երեւան կգա կրկնակի քաղաքացիության հարցը: Սակայն, անկասկած, խոսքը մի շատ կարեւոր քայլ կատարելու մասին է, բացառիկ մի պատմական հնարավորության թե՛ 1915 թվականից սերված ավանդական Սփյուռքի համար, որը պետք է ընդունի գոյություն ունեցող կառույցների վաղեմիությունն ու հայապահպանման ժամանակավրեպությունը, եւ թե՛ 1991-ից ծնված Սփյուռքի համար, որը պետք է հաշտվի Հայաստանի հետ, որից հեռացել էր վհատությունից դրդված:
Հայկական ծրագրակազմի վերափոխման համար
Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների կառուցման շինարարությունը անխուսափելիորեն պետք է անցնի նոր իմաստաբանության մշակումով, այլեւ յուրացնելով կառուցվածքային նոր գործիքներ, որոնք կարող են վերծանել իրականությունն ինչպես որ կա եւ ոչ ինչպես այն երեւակայել ենք վաթսուն տարուց ի վեր: Սա կօգնի մեզ ձերբազատվել մխիթարական առասպելներից (հայդատական հեղափոխություն, ֆիդայիների եւ նրանց վերամարմնավորումների պաշտամունք, առաջին Արցախյան պատերազմի էպոս…) եւ պատկերացնել Հայաստան-Սփյուռք կապը տարածաժամանակային նոր դասավորությամբ : 44-օրյա պատերազմն իր աղետալի հետեւանքներով առիթ հանդիսացավ միահամուռ ու նախաձեռնող «թվային սփյուռքի» ի հայտ գալուն: Այդ անդրազգային շարժմանը, որի կրողն էին հայաշխարհի բոլոր բաղադրիչները, բնորոշ էր նախաձեռնությունների անկապակցվածությունը, նրանց միջեւ համաձայնեցվածության բացարձակ բացակայությունըՙ վաստակելով միեւնույն ժամանակ վճռական միավորներ ինքնության դրսեւորման առումով, ինչը մինչեւ այժմ դաջված էր զոհի խարանով:
Պարտության սառը ցնցուղից հետո, սակայն, եկել է հարցադրումների ժամանակը: Հին հայկական ծրագրակազմը, որին ի թիվս այլոց բնորոշում էին նրա պայքարողական եւ բարեգործական ավանդական կառույցները, եւ կամ Հայ առաքելական եկեղեցու բարձր եկեղեցականության կոռուպցիան, Սփյուռքի որոշ մտավորականների մեջ, ի դեմս սոցիոլոգ Ալեն Նավառա-Նավասարդյանի, հեռացման սպառնալիքի նկատմամբ վախ են առաջացնում, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան զուտ ձուլումը:
Եթե ոչինչ չարվի Համահայկական ծրագրակազմի վերափոխման համար, ամենայն հավանականությամբ, դասալքությունը կշարունակվի, եւ հաջորդ սերունդը նույն հավերժական հարցը կտա իրեն. «Կա՞ արդյոք ձուլման ու համայնքայնության այլընտրանքային ուղի»: Կկարողանա՞ն հայերը ոգեշնչվել գոյություն ունեցող սփյուռքյան համայնքների կառուցվածքային եւ ներկայացուցչական մոդելներից, ինչպես պորտուգալական համայնքների Խորհուրդը, որը Լիսաբոնի կառավարության խորհրդատվական մարմին էՙ բաղկացած չորս տարի ժամկետով ընտրված պորտուգալական սփյուռքի 80 անդամներից: