Շատ տարիներ առաջ Բրիտանիայի թագավորական ծովային հետեւակի երիտասարդներից մեկըՙ Ջորջ Ասթոնը, հրահանգ ստացավ Լոնդոն ժամանելու: Նա պետք է զինվորագրվեր բրիտանական նավատորմի ինչ-որ առեղծվածային, նոր ստեղծված ստորաբաժանումում:
Այդ ստորաբաժանումը կոչվում էր «Ռազմական, գաղտնի, քաղաքական բաժնի հետախուզական կոմիտե Ծովակալության կազմում»:
Երբ Ջորջը մտավ շենք, հանդիպեց իր վաղեմի ծանոթներից մեկին, եւ վերջինս ողջունեց նրան հետեւյալ խոսքերով.
«Ողջույն, Ասթոն, այդ դո՞ւք եք մեր նոր ինտելլիգենտ սպան (inteligence officer): Inteligence բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է նաեւ հետախուզություն:
Ահա այսպես առաջացավ բառը, հասկացությունը եւ հետախուզությունը: Ավելի պարզորոշ – հետախուզությունը այն է, երբ ինչ-որ կա մեկ ուղեղում, դուրս է հանվում եւ փոխանցվում է մեկ այլ վայր:
Պատահական չէ, որ Ջեյմս Բոնդը նույնպես անգլիացի է: Այս կերպարը ստեղծել է անգլիացի լրագրող, գրող Յան Ֆլեմինգը, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր բրիտանական թագավորական նավատորմի հետախուզության պետի օգնականի պաշտոնում: Նրա առաջին գիրքը Ջեյմս Բոնդի մասին կրում էր «Կազինո «Ռոյալ» անվանումը: Կերպարը վերցված էր բրիտանացի հետախույզ (1-ին համաշխարհային պատերազմի ժամանակորդ) Սիդնեյ Ռեյլիի անձից, որ 1918թ. Ռոբերտ Լոկարթի հետ աշխատում էր տապալել Լենինին եւ ոչնչացնել հոկտեմբերյան հեղափոխության «պտուղները»:
Ջեյմս Բոնդի հերոսը աչքի էր ընկնում արկածախնդրությամբ, վճռականությամբ, համարձակությամբ, նպատակին հասնելու համար հաճախ դիմում էր ուժակիրառման հնարքներին: Միեւնույն ժամանակ նրա ցայտուն հատկանիշներն էին նաեւ կիրքը կանանց նկատմամբ, խաղամոլությունը եւ ալկոհոլի մշտական օգտագործումը: Բայց Բոնդը, չնայած իրական հետախույզներից էր մշակված, այնուամենայնիվ գրքային եւ էկրանի հերոս էր: Իսկ իրականում բրիտանական հետախուզությունը համարվում էր դասական, օրտոդոկսալ (համոզմունքներում խիստ հետեւողական), որը միշտ փնտրել եւ գտել է ստրատեգիական որոշումներ, անհրաժեշտության դեպքում հակառակորդին հասցնելով նաեւ կաթվածահար անող, ջլատող հարվածներ, ընդ որումՙ ուրիշի ձեռքերով (proxy ուժերով): Ահա այդպիսի ունակություններով եւ հատկանիշներով էր աչքի ընկնում նշանավոր բրիտանացի հետախույզ Թոմաս Էդվարդ Լոուրենսը, որն ավելի հայտնի էր Լոուրենս Արաբացի մականունով (ծառայության տարիներըՙ 1914-1935թթ., զինվորական կոչումըՙ գնդապետ, գործունեության հիմնական վայրըՙ արաբական աշխարհը):
Այսօր բրիտանական հետախուզությունը աշխարհի ուժեղագույն, վտանգավոր (հատկապես հայերիս եւ Հայաստանի համար), ճկուն, ռազմավարական օպերացիաների մասնագետ, վարագույրների ետեւում գործող հատուկ ծառայություններից մեկն է եւ ղեկավարում է այդ ծառայությունը Էրդողանի եւ Ալիեւի մեծ բարեկամ Ռիչարդ Մուրը (ում մասին պատիվ ունեցել եմ գրելու այս թերթում):
Սակայն ամենաուժեղ եւ օրթոդոկսալ հետախուզություններում անգամ կան խոցելի կետեր եւ դավաճաններ:
Այս պատմությունն այդ կերպարներից մեկի մասին է:
***
«Վստահություն չկա նրա հուսալիության եւ նպատակասլացության մեջ, սակայն չկան նաեւ ապացույցներ, որ նրան չի կարելի վստահել: Եռանդուն, դյուրըմբռնող, բայց եւ աննշմարելի անձնավորություն, որը բացարձակ նման չէ բրիտանացու» – ահա այս բնութագիրն էր տրված բրիտանական հետախուզության (Mi-6) ապագա սպա Ջորջ Բլեյքին նրա հետախուզական դասընթացների անմիջական ղեկավարի կողմից:
«Մշտապես կարիք ունի ուղղորդման: Այնպիսի զգացողություն կա, որ նա պատրաստ չէ այն բարդ աշխատանքին, որի համար նրան պատրաստում են: Չեն արտահայտվում այն հատկանիշները, որոնք բնորոշ են գաղտնի հետախուզական ծառայության աշխատակիցներին». ահա՛ Բլեյքի բնութագիրը ամփոփող արտահայտությունը: Եվ այնուամենայնիվ, Ջորջ Բլեյքը, չնայած նրա ղեկավարի գնահատականին, ընդունվեց հետախուզության կազմ եւ շուտով գործուղվեց Կորեա:
Հետախուզության մի այլ սպա, «Mi-6»-ից, Կիմ Ֆիլբին (գաղտնի համագործակցում էր խորհրդային հետախուզության հետ) իր հարցազրույցներից մեկում այսպիսի հայտարարություն արեց. «Դավաճանելու համար նախ պետք է պատկանել, մտնել ինչ-որ կազմի մեջ: Ես ոչ մեկին չեմ պատկանել»:
Լորդ Ռեդկլիֆֆը, ում հանձնարարվել էր ուսումնասիրել ձախողված հետախույզների, դավաճանների, երկդիմի գործակալների շատ գործեր, գտնում էր, որ ֆիլբին, որն ավարտել էր Լոնդոնի լավագույն դպրոցներից մեկը եւ Քեմբրիջի հեղինակավոր համալսարանը, ստում էր հոգու խորքում, երբ հայտարարում էր, որ երբեք չի պատկանել բրիտանական մշակույթին եւ պետական իստեբլիշմենտին:
Սակայն երբ նույն միտքը արտահայտեց Ջորջ Բլեյքը, ապա այդտեղ որեւէ կեղծիք չէր կարող լինել, որովհետեւ նա հայրենիք որպես այդպիսին չուներ: Ջորջը ի ծնե կրում էր Բեհար ազգանունը, ծնվել էր Ռոթերդամում (Հարավային Հոլանդիա) եգիպտացի հրեայի եւ հոլանդուհու ընտանիքում: Նրա մայրը բողոքական եկեղեցու ակտիվ ծխական էր: Ջորջի հայրըՙ Ալբերտ Բեհարը ծագումով եգիպտացի, բրիտանական անձնագիրն ստացել էր բրիտանական բանակում ծառայելու համար դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ միակ որդուն անվանել էր Ջորջՙ ի պատիվ բրիտանական թագավորի:
Գաղտնի օպերացիաներով Ջորջը սկսեց զբաղվել շատ վաղ տարիքում: Երբ նոր էր լրացել նրա 17 տարին, նա սկսեց հեծանիվով շրջագայել Նիդեռլանդներում եւ տեղափոխել գաղտնի գրություններ եւ ուղերձներ ֆաշիստների դեմ պայքարող դիմադրության շարժման անդամներին:
1943թ. Ջորջը հասկացավ, որ կարող է հայտնվել ֆաշիստների ճանկերում եւ իրականացրեց իր կյանքում առաջին փախուստը: Նիդեռլանդներից Ֆրանսիայի օկուպացված տարածքներով նա անցավ Իսպանիա, իսկ հետոՙ Անգլիա: Այստեղ նա ազգանունը փոխեց եւ Բեհարից դարձավ Բլեյք եւ որպես կամավոր գրանցվեց բրիտանական թագավորական նավատորմ: Շատ շուտով Բլեյքը աչքի ընկավ նավատորմում, քանի որ տիրապետում էր մի քանի օտար լեզուների եւ ուներ ընդհատակյա աշխատանքի փորձ: Բլեյքը հայտնվեց բրիտանական հետախուզության տեսադաշտում:
Այնուհետեւ Բլեյքը հայտնվեց հետախուզական դպրոցում եւ չնայած իր դասընթացների ղեկավարի բացասական բնութագրի, 1948թ. գործուղվեց Կորեա: Նրա գործուղումից կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց Կորեայի հյուսիսի եւ հարավի միջեւ: Հայտնի է, որ Հարավային Կորեային սատարում էր Արեւմուտքը, իսկ Հյուսիսայինինՙ ԽՍՀՄ-ը:
Տասնամյակներ անց, 2012թ., արդեն Մոսկվայում, Բլեյքը հարցազրույց տվեց (որպես բացառություն) հոլանդական լրագրող Սայմոն Կուպերին, ընդ որում, ըստ պայմանավորվածության, Կուպերը կարող էր հոդվածը տպել միայն Բլեյքի մահից հետո:
«Որպես Արեւմուտքի հետախուզության ներկայացուցիչ ես ինձ շատ մեղավոր էի զգում եւ ինքս ինձ հարց էի ուղղումՙ ի՞նչ ենք անում մենք Կորեայում, ի՞նչ իրավունքով ենք մենք եկել այստեղ եւ քանդում ամեն ինչ: Այս մարդիկ մեզնից շատ հեռու են ապրում եւ իրավունք ունեն ինքնուրույն որոշելՙ ինչպես կառուցեն իրենց կյանքը»: Ահա թե ինչ մտքեր եւ կարծիք ուներ անգլիացի հետախույզ Բլեյքը Կորեայում պատերազմի հենց սկզբում:
Բլեյքին տրված առաջադրանքը գործակալական ցանց ստեղծելն էր, որը պետք է լրտեսական աշխատանք վարեր Հյուսիսի դեմ: 1950թ., երբ Հյուսիսի զորքերը ժամանակավորապես գրավեցին Սեուլը, Բլեյքը հայտնվեց գերության մեջ:
«Ես գիտակցեցի, թե որքան փխրուն է մարդկային կյանքը, եւ փորձում էի մտորելՙ ի՞նչ եմ արել ես մինչեւ այս պահը: Եվ հենց այդ ժամանակ մտածեցի կյանքիս մնացորդը նվիրել արժանի գործի»: Սրանք էին Բլեյքի մտորումները բանտախցում:
Բրիտանական հետախուզության, ինչպես նաեւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետախուզության որոշ վետերաններ թերահավատորեն են մոտենում Բլեյքի մտորումներին եւ գտնում են, որ Բլեյքը հավաքագրվեց խորհրդային հետախույզների կողմից կորեական ռազմագերիների ճամբարում ոչ թե գաղափարական հիմքերի վրա, այլ վարկաբեկիչ նյութերով (վարկաբեկիչ նյութերը հաճախ են օգտագործվում հավաքագրման գործընթացներում): Ջորջ Բլեյքին վարկաբեկող հիմնական փաստը այն էր, որ նա ուներ հոմոսեքսուալ հակումներ, եւ այդ փաստի հրապարակումը մեծ պրոբլեմներ կառաջացներ նրա համար ռազմագերիների ճամբարում:
Ինչպիսին էլ որ լինեին Բլեյքի հավաքագրման դրդապատճառները, փաստն այն էր, որ Կորեայից Բրիտանիա Ջորջ Բլեյքը վերադարձավ որպես խորհրդային հետախուզության գաղտնի գործակալ:
(շարունակելի…)
Նկար 1. Շոն Քոներին` Ջեյմս Բոնդի դերում
Նկար 2. Ջորջ Բլեյք
Նկար 3. Ջորջ Բլեյք
Նկար 4. Ջորջ Բլեյքը մոր հետ
Նկար 5. Ջորջ Բլեյքը կնոջ հետ
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ